Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Թե ինչպես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Հիմա են մասնագետները սևեռված, այսպես կոչված, գլոբալիզմի խնդրի վրա: Մինչդեռ այդ անիծյալ գլոբալիզմը իրականում առկա էր 30-35 տարի առաջ, խորհրդային գիտության ասպարեզում, երբ քո երկրի, քո ժողովրդի հետ կապ չունեցող երևույթները ստիպողաբար դարձնում էին գիտական թեմա և փաթաթում համալսարանական ամբիոնների և գիտական լաբորատորիաների վզին:

Նույնը տեղի ունեցավ 1985-ից սկսած, գորբաչովյան տխրահռչակ հակաալկոհոլային քաղաքականության արդյունքում, երբ աշխարհում ամենաչհարբող, ալկոհոլիզմի ամենացածր ցուցանիշն ունեցող և սթափարաններ չունեցող Հայաստանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնին ստիպեցին մյուս բոլոր թեմաները կողմ դնել և կենտրոնանալ ալկոհոլամոլության համակողմանի քննության վրա:

Արդեն հետո, շատ տարիներ անց, մեզ պատուհասած բնական և քաղաքակրթական աղետների հետևանքով ալկոհոլիզմը չարիք դարձավ նաև հայության համար, սակայն 80-ականների կեսերին նման սպառնալի խնդիր չկար Հայաստանում, ի տարբերություն ռուսաստանյան միջավայրի:

Ես, որ իմ առաջին գիտական քայլերն էի սկսել հոգեբուժության ամբիոնում, ինձ համար թեմա ընտրեցի այն, թե ինչպես են հայերը պատմականորեն պայքարել գինեմոլության դեմ, այսինքն՝ փորձել պատասխանել այն հարցին, թե այդ ինչպես է, որ լինելով խաղողի և գինու հայրենիք, Հայաստանում, այնուամենայնիվ, չեն տրվել զանգվածային հարբեցողության:

Ահա և գիտական ուսումնասիրության լայն ասպարեզ:

Դրա համար ինձ պետք էր ուսումնասիրել հայ ժողովրդի պատմության, հայ գրականության, մշակույթի, իրավունքի վերաբերյալ անհրաժեշտ սկզբնաղբյուրներ:

Իմ մեջ միշտ տպավորված էր Նար-Դոսի նախշքար Դավթի կերպարը («Հոգուն վրա հասավ»), որն ալկոհոլիկի կլինիկական կատարելատիպ է:

Այդ շրջանում Մոսկվայում լույս էր տեսել հայտնի պրոֆեսոր, բժշկության պատմության և սոցիալական հիգիենայի խոշոր մասնագետ Յուրի Լիսիցինի  «ժշկագիտության և արվեստի դաշինքը» վերնագրով մենագրությունը, որտեղ հեղինակը վկայակոչում էր նաև Գրիգոր Մագիստրոսի, Մխիթար Հերացու, Հովհաննես Երզնկացու ասույթները արվեստի բուժիչ դերի մասին:

Ես որոշեցի դիմել պրոֆեսոր Լիսիցինին, խնդրանքով, որ լինի իմ դիսերտացիայի գիտական ղեկավարը:

- Իսկ Դուք գիտե՞ք, որ դասականներից բացի պարտավոր եք իմանալ նաև հայ նոր գրականության հեղինակներին, - ժպտալով գլուխը բարձրացրեց Յուրի Պավլովիչը, երբ Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի իր կաբինետում ներկայացրի իմ աշխատանքի նախնական թեզերը:

- Ժամանակակից սովետահայ գրողների՞ն,- մի քիչ զարմացած հարցրի ես, կարծելով, թե կատակում է:

- Այո, անպայման, հակառակ դեպքում ինչպե՞ս եք իմանալու ավանդույթի զարգացման միտումները. կարող եք գնալ միջնադար և լռվել-մնալ միջնադարում,- լրջորեն ասաց Լիսիցինը, ապա տեղից ելավ (կարճահասակ, շարժուն մարդ էր ) և պահարանից մի հաստափոր գիրք վերցրեց, թերթեց, ինչ-որ էջ գտավ ու դարձավ ինձ.

- Դուք ծանո՞թ եք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը, ահա, թե ինչ է գրում հոգեթերապևտ Ալեքսեյչիկը.  գտնում է, որ ընթերցաբուժության նպատակի համար հանձնարարելի է նաև Հրանտ Մաթևոսյանի  «Оранжевый табун» ստեղծագործությունը: Դուք գիտե՞ք այն:

Ես ինքնաբերաբար գլխով արի, թեև չգիտեի նույնիսկ այդ գործի հայերեն ճշգրիտ վերնագիրը:

Պրոֆեսոր Լիսիցինը սիրով համաձայնվեց ղեկավարել իմ գիտական աշխատանքը, խորհուրդ տալով ընդդիմախոս ընտրել անպայման հայ մասնագետի, ապա մի երկտող գրեց Մոսկվայի բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բժշկագիտության դոկտոր Նորա Գրիգորյանի անունով, նամակը մեկնեց ինձ և ճանապարհ դրեց:

- Անպայման կարդացեք Հրանտ Մաթևոսյանի գործերը,- մի քիչ խորամանկ ժպիտով ասաց նա արդեն դռների մոտ ...

Դեպի Երևան ճանապարհին ամբողջ ժամանակ մտաբերում էի Յուրի Պավլովիչի խոսքերը, մի քիչ էլ՝ ամոթախառն ափսոսանքով, որ չգիտեի հայ հեղինակի ստեղծագործության վերնագիրն անգամ: Իսկ վերնագիրն իմացա մի շաբաթ անց, հենց տաղանդավոր հեղինակի՝ Հրանտ Մաթևոսյանի շուրթերից :

- Այո,- «Նարինջ զամբիկը», - ասաց Մաթևոսյանը՝ հանդարտ խոսելով (նա կարծես չէր ժպտում, երբ ուրախալի բան էր լսում, դեմքին հանդարտություն էր գալիս, լարվածությունն անցնում էր ու հանդարտ խոսում):

Իմ այցելության համար պարտական էի իմ դասախոսուհուն՝ դոցենտ Լիլյա Մարգարյանին, որը բնակվում էր նույն մուտքում, որտեղ և մեր մեծ գրողը՝ ժուռնալիստների տան բարձրահարկ շենքում:

Մեր զրույցը տևեց մի քանի ժամ: Ես որևէ հարց էի բարձրացնում գրականության և բժշկագիտության եզրերի մասին, իսկ Հրանտ Մաթևոսյանը մեկնաբանում էր հարցը: Յուրահատուկ բանավոր խոսք ուներ: Կարող էր թվալ, թե մի պահ նա շեղվեց թեմայից և խոսում է հարակից բաների մասին, մեկ էլ նորից վերադառնում էր նույն հարցին, արդեն ամփոփիչ եզրակացությամբ: Դա մտածողության և հիշողության շատ հետաքրքիր տեսակ է:

Որոշ հարցերի մասին ասում էր. Ես դրա մասին հիմա խոսել չեմ կարող, այդ մասին պետք է գրեմ. եթե բանավոր խոսեմ, հիմնական գաղափարը կարող է վիժվել անժամանակ:

Մաթևոսյանը փիլիսոփայական-գիտական տերմիններով կամ կատեգորիաներով չէր խոսում, սակայն նրա մտածողության կառուցվածքը և մտքի ընթացքը ավելի շատ անալիտիկ էր, քան պատկերային-համադրական:

Մեր այդ առաջին հանդիպումը հզոր խթան դարձավ, որ ես խորապես ընթերցեմ մեր մեծ արձակագրի գործերը: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ նա որպես մտածող, որպես կյանքի և գրականության մարգարե ավելի բարձր էր, առավել առեղծվածային, քան իր գրությունները:

Ես սրանում ավելի եմ համոզվում տարիների հեռավորությունից : Բարդ հոգի ուներ Հրանտ Մաթևոսյանը:

Հ.Գ. 

Հրանտ Մաթևոսյանի այդ գործը կարող եք կարդալ և ընթերցաբուժությամբ զբաղվել այս հղումով...

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ