Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 

 

Վեց թե յոթ

տարեկանից,

ինձ հետ

մեծացած

եղնիկի հետ

մեր անտառների

փեշերին

զբոսնելիս,

երջանիկ

ավարտներով

հեքիաթներ

էի հորինում։

 

Տասը

տարեկանում

թատրոնով

հրապուրվեցի

և ռեժիսոր

էի ուզում

դառնալ՝

առանց

իմանալու

ոչ Բրեխտին

և ոչ էլ

Ստանիս-

լավսկուն։

 

Տասներկու

տարեկանում,

առաջին

անգամ մեծ

թատրոնում

ներկայացման

վարագույրը

բացվելուն

պես,

ճանաչեցի

և Բրեխտին,

և  Ստանիս-

լավսկուն ու

լաց եղա։

Երբ մեծ

եղբայրս

ինձ

դահլիճից

դուրս  բերեց,

արդեն

ռեժիսոր

դառնալու

մտքից

հրաժարվել էի։

 

Դպրոցն

ավարտելուց

հետո

մերոնց

կամքով

պետք էր

տնտեսագետ

դառնայի։

Լավ էր, որ

համալսարանից

ինձ դուրս

արեցին։

 

Զինվորական

ծառայու-

թյունից

հետո

որոշեցի

նկարիչ

դառնալ։

Ավարտեցի

Երևանի

գեղարվեստա-

թատերական

ինստիտուտը։

Ավարտելուց

հետո

մտածում

էի՝ նկարեմ

թե՞ գրեմ։

Մտքիս մեջ

գրում էի

վերջացնում,

մտքիս

մեջ էլ

պահում,

թղթին

չէի հանձնում,

իսկ կտավի

վրա

նկարում էի։

 

Առաջինի

դեպքում

դադարեցի

երջանիկ

ավարտով

հեքիաթներ

հորինելը,

երբ մեր

եղնիկը

14 տարի

մեզ հետ

ապրելուց

հետո մի

առավոտ

սովորականի

պես գնաց

անտառ ու

այլևս

չվերադարձավ։

Գյուղի

որսորդների

բաժին

դարձավ։

Մեծ ողբերգու-

թյուն ինձ

համար։

 

Ճանաչելով

Բրեխտին

ու Ստանիս-

լավսկուն՝

հասկացա,

ընդունեցի

իմ անգրա-

գիտությունը

և հետ

կանգնեցի

ռեժիսոր

դառնալու

մտքից։

Թեպետ

հաշիվներս

դեռ չեմ

մաքրել

թատրոնի

հետ։

 

Այժմ

փորձում եմ

ժամանակին

մտքիս մեջ

գրածները

թղթին

հանձնել։

 

Ծննդյանս օրն իսկի պետքս էլ չի

 

Իմ սիրած եղանակն ամառն է: Չգիտեմ՝ նրանից է, որ ես հենց ամառվա ամսին եմ ծնվել, թե՞  նրանից, որ ես շատ եմ սիրում տաքը։ Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե տխրեմ, որ ծննդյանս օրը մոտենում է։ Փոքրուց էլ չեմ իմացել կամ բանի տեղ չեմ դրել և ծննդյան տարեդարձի իմաստն էլ չեմ կարևորել։ Այժմ էլ նույնը։

Փոքր տարիքում մի քիչ այլ էր։ Գարնանից դիտում էի, թե ինչպես են բողբոջում, ծաղկում ու պտղակալում իմ ձեռքով տնկածս ծառերը։ Եվ երբ ժամանակը եկավ, առաջին անգամ, ես իմ տնկած ծառերից՝ խնձորենուց, սալորենուց, դեղձենուց, ծիրանենուց պտուղ քաղեցի, ծոցս լցրի ու վազեցի տուն՝ մորս ցույց տալու։

Դա իսկական ծննդյան տոն էր ինձ համար։ Ճիշտ է, որ ես չգիտեի, թե ինչի համար եմ այսքան շատ ուրախ. նրա համար, որ իմ ծննդյան օ՞րն է, թե՞ որ առաջին անգամ իմ ձեռքով տնկածս ծառերի պտուղներն էի քաղել։         

Ամեն ինչից զատ, ամենակարևոր ծառը ինձ համար, որ պտղակալել էր, դա սպիտակ թզենին էր, որ անհիշելի ժամանակներից ինքն իրեն բուսնել էր հենց մեր տնամերձ հողամասի կենտրոնում։

Երբ սկսել էի այգի գցել, ծառ ու խաղողի վազ տնկել, հայրս ու մայրս մտավախություն ունեին, որ այգու կենտրոնում աճած այս սպիտակ թզենին այնքան կմեծանա, որ հողամասի մեծ մասը կառնի իր ստվերի տակ։

Ես իմ հասակակից տղաների հետ մի քանի անգամ փորձ արեցինք քոքահան անել արմատները, բայց ամեն գարնան նա նորից ծիլ էր քշում, վեր բարձրանում։ Վերջը այդ մտքից ձեռ քաշեցինք։ Նա՝ սպիտակ թզենու արմատը, հաղթեց, ծառ դարձավ։ Եվ ահա, նա արդեն պտղակալել էր, և ես առավել անհամբերությամբ էի սպասում, թե ինչ համի կլինեն դրա պտուղները, քան՝ իմ ծննդյան օրվա գալուն։ Եվ ի՜նչ պտուղներ տվեց՝ խոշոր, սպիտակ ու անմահական քաղցր։      

Իմ տնկած այգին արդեն չկա։ Քառորդ դար առաջ պատերազմը քշեց տարավ, տունն էլ հետը։ Հիմա էլ, երբ պտղակալած ծառ եմ տեսնում, ցանկություն է առաջանում պտուղները քաղել, լցնել ծոցս ու վազել դեպի մայրս՝ քաղածս ցույց տալու համար։

Իսկ ծննդյանս օրը՝ իսկի պետքս էլ չի։

Օրերը կաքավ դառան, թռան, ես մնացի ձորում։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ