Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Թուրք կինը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Երեխաներս, նրանց՝ թուրքի ով լինելը, որտեղից լինելը չգիտեինք։ Նրանք իրենց գյուղից մեր գյուղ էին գալիս էշերով։ Որը՝ բարձած, որին՝ իրենք նստած։ Նրանք իրենց գյուղերից մեր գյուղ էին բերում մեծամասամբ կարտոֆիլ, միրգ, որ իրենց մոտ ավելի վաղ էին հասունանում։ Բերում էին ցորենի հետ փոխանակելու։ Իրենց երեխաներից էլ էին իրենց հետ բերում, մեկ կամ երկու երեխաներով գալիս էին՝ էշերի հետևից գցած։ Երբ նրանց տեսում էինք, ասում էինք՝ թուրքերը եկան։

Գալիս, թաղերում մի հարմար տեղ էին ընտրում, որտեղ մի քանի տուն իրար մոտ լինեին, էշերին բարձածը շարում էին չափարների տակ ու սպասում։

Մեծերը բակում եղած երեխաներիս ասում էին.

- Գնացեք տեսեք էդ թուրքերը ի՞նչ են բերել։

Մենք դրանց լեզուն չգիտեինք ու չէինք հասկանում։ Գնում նայում էինք, թե էշերին ինչ կա բարձած, կամ արդեն չափարների տակ շարած։ Կոկորդով մեկ գոռում էինք, ասում՝ ինչ են բերել։

Երբ նա եկավ, գարնան մի տաք, խոտի ու ծաղկի բուրմունքով լցված անուշ օր էր։

Ես երկրորդ թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Դպրոցից տուն էի եկել, պայուսակս մի կողմ նետել, գարնան այդ տաք ու անուշ օրը կանգնել էի թթի ծառի տակ ու չգիտեի անելիքս։ Կարծես ոչինչ չէի տեսնում։ Կարծես արթուն չլինեի, որովհետև աչքերս փակ էին, թվում էր քնած եմ ու երազի մեջ։ Հայացքս  արևին տված՝ աչքերս փակ մտածում ու երազում էի։ Ես շատ ուրախ էի այն ամենի համար, ինչի համար որ այդ օրը ապրել էի։ Երազում էի տեսնել այնպիսի բաներ, որ երբեք տեսած չկայի։ Շուրջս լուռ ու խաղաղ էր, իսկ աղունիկներից մեկը եկել թառել էր գլխիս ու քջուջ էր անում։

- Էլի դու էս ղուշը դրիր գլխիդ ու մոլորված կանգնեցիր, - ասաց մայրս կողքիս կանգնելով։

- Ես ի՞նչ անեմ, ինքն է գալիս կանգնում։ Քշե՞մ, - ասացի աչքերս փակ։

- Չէ, մի՛ քշի, սպասի՝ մինչև բուն դնի, ձու ածի, ճտեր հանի։

- Թող մազերիս մեջ քջուջ անի, ո՞ւմ է խանգարում, կարող է մի բան մտքովս անցնի։

- Առանց ղուշի մտքովդ խելքը գլխին մի բան չի անցնո՞ւմ։

- Ի՞նչ բան պիտի անցնի։

- Մարդ պիտի միշտ մի հոգս ունենա, - ասաց մայրս, գոգնոցի գրպանում եղած ցորենից մի բուռ դուրս բերեց, ցանելու պես շաղ տվեց գետնին։ Բակում եղած հավն ու կտուրին եղած աղունիկնեը թռան եկան հավաքվեցին իրար գլխի։

- Չի լինի՞, որ մարդ հոգս չունենա։

- Չէ, չի լինի։ Մարդը ծնվում է հոգս ունենալու համար։ Առանց հոգս՝ ի՞նչ մարդ։ Առանց հոգսի մարդը չի էլ ապրի, կամ կապրի, բայց քիչ կապրի, ասում են։

- Ինչի՞, հոգսը կախարդական խնձո՞րն է, որ պիտի ուտես, որ երկար ապրես։

- Նման մի բան։ Հաճելի հոգս էլ է լինում։ Արդեն դպրոցական ես։ Ամեն օր մի կարգին գործ պիտի երեխան անի, տան համար ինչ-որ բան անի, նայի, տեսնի, թե ինչ կարելի է անել, մի բան սարքի, օրինակ՝ կարո՞ղ ես, չէ՞, մի  հասարակ նստարան սարքես, ա՛յ էն ցանկապատի տակ։ Հոգնած ժամանակս նստեմ, շունչներս տեղը բերելու համար, հարևանների հետ կնստենք կզրուցենք։ Վերջապես մի բան կարո՞ղ ես գլուխ բերել, թե չէ։

Էն գերանը տեսնում ե՞ս, չափարի տակինը, վերցրու սղոցը, երկու հավասար կես արա, թոնրի վրա դրված ամենաերկար տախտակն էլ վերցրու ու էն ցանկապատի տակ մի նստարան սարքի։ Քեզ լավ միտք ու մի փոքր հոգս։ Ես էլ գնամ մի քիչ քաղհան անեմ, - ասաց մայրս, ապա նախասրահի պատի կողքից թեքվելով՝ մտավ այգի։

- Շատ լավ, - ասացի ես, - ձեռքիցս եկածը կանեմ, մի նստարանը ինչ է, որ չսարքեմ։ Դե, իմ փիլիսոփայական մտքերիս ու երազանքիս վերջը եկավ, մտածեցի ես։ Մերս էլ միշտ մի հրաշալի միտք ու մի փոքրիկ հոգս ունի մտքի մեջ ինձ համար պահած, որ չլինի, թե պարապ մնամ,- մտածեցի ես։

Նստարան սարքելու գաղափարը գլուխս մտավ, և հետո, չէի կարող մորս խոսքը կոտրել։ Գերանը, որ ձմեռվա վառելիքից էր մնացել և լավ էլ պինդ փայտից էր, մի կերպ քոռ սղոցով երկու մասի բաժանեցի։ Երբ սկսեցի փոս փորել գերանները թաղելու համար, հավերն ու աղունիկներս հավաքվեցին գլխիս, ինչպես միշտ, երբ մի գործ անելուց ենք լինում։ Նրանք ինչ-որ բան սկսեցին փնտրել խոնավ հողի մեջ։ Մի քանիսը թառեցին ուսերիս, մեկը՝ գլխիս։ Էն, որ գլխիս էր թառել, իմ խռիվ մազերի մեջ կտցահարելով իր հերթին սկսեց բան փնտրել մազերիս մեջ, ինչպես մյուսները՝ հողի մեջ։ Մի քանիսն էլ ոտքի տակ էին ընկնում ու ջանասիրաբար խանգարում ինձ։

Վերջապես երկու փոս փորեցի ու գերանների կտորները ամուր թաղեցի հողիմեջ, հետո թոնրի վրա դրված ամենաերկար տախտակը մեխեցի գերանների վրա։ Երբ ամեն ինչ վերջացրի, մի քանի քայլ հետ գնացի, հարմար տեղ ընտրեցի ու մի հայացք գցեցի իմ արածի վրա։ Մի աչքս խուփ, փորձված վարպետի պես նայեցի նստարանին՝ ստուգելու նրա հորիզոնական դիրքը։

Աղունիկները հենց դրան էլ սպասում էին։ Նորից թռան եկան ու շարվեցին նստարանին։ Եկածների մեջ նրանք, ում տեղ չմնաց, որը գլխիս, որը ուսերիս թառեցին, դեռ ձեռքերս էլ պարզեցի առաջ, որ մի քանիսին էլ տեղ լինի ու բարձունքից ինձ հետ միասին հիանանք իմ պատրաստած նստարանով ու իրենց թառած ընկերներով։

Առաջինը ամենափոքր քույրս նկատեց. – Նստարանը՜…, նստարանը՜…։

Նրանք էլ աղունիկների պես թռան եկան, չորսով մոտ վազեցին, աղունիկներին օդ թռցրին, իրենք տեղավորվեցին նստարանի վրա, մեկը մյուսին հրելով, տեղ բացելով իր համար։ Նստեցին ու սկսեցին ոտքերը ճոճել հետ ու առաջ։ Երբ վերջապես աղունիկներս ու քույրերս ինչպես եկել, այնպես էլ թռան ու գնացին, վերջապես ես էլ նստեցի իմ պատրաստած նստարանին։

Շատ ու շատ մտքեր սկսեցին գլխովս անցնել։ Մտածեցի, թե ինչ մեծ գործ արեցի։ Արածիս կարևորության մասին մտածեցի, հասկանալու համար մտածեցի, թե բակում նստարանի ավելանալով ի՞նչը փոխեց։ Այնքան կարևորեցի իմ սարքած նստարանը, որ պատկերացրեցի, թե աշխարհ տեսնելու գնացող եկողները, մի փոքր շունչ քաշելու համար, ճանապարհը կշեղեն, կմտնեն մեր բակ, կնստեն իմ պատրաստած նստարանին, իրենց տեսած- լսածներից կպատմեն մեկմեկու, հարցուփորձ կանեն, իրենց ով լինելը կպատմեն՝ որտեղից են գալիս և ուր են ուզում գնալ…։

Ես ինձնից շատ գոհ մնացի։ Գոհ մնացի, որ մայրս այս նստարան սարքելու գաղափարը տվեց։ Հետո էլ մտածեցի, թե հաջորդ անգամ կաղ լուսանկարիչ Սամսոնը երբ  գա մեզ նկարելու, հորս ու մորս կնստեցնի իմ այս նստարանին, մեզ՝ երեխաներիս, նրանց թիկունքում կշարի, ինձ՝ կենտրոնում, մի ձեռքս հորս ուսին, մյուսը՝ մորս, հետո մի քիչ հետ կգնա, սև շորը կգցի գլխին, կասի՝ երեք, չորս, հինգ, տասը… նկարեցի։ Իսկ մենք՝ երեխաներս, Սամսոնի՝ մեր բակ մտնելիս ուրախությունից բոլորովին ձեռքից գնում էինք։

Ահա այսպիսի հասարակ մտքերիս հետ էի, երբ նկատեցի կնոջը, որը ճանապարհից թեքվեց և մտավ մեր բակը։

Հա, ուրեմն էդ կինը, որ գալիս էր, մեկ մի ձեռքն էր տանում մի աչքին՝ էն որ աչքդ արցունքոտվում է ու ձեռքով սրբում ես, մեկ մյուս ձեռքը։  Ինձ թվաց, թե նա լաց է լինում, բայց չէ, լաց չէր լինում, ուղղակի աչքերն էր սրբում։ Երբ մոտեցավ ինձ, ես նայեցի նրա աչքերի մեջ՝ չոր էին։ Մինչև ինձ հասնելը, կես ճանապարհին նա կանգնեց, հետ շրջվեց, ձեռքով սաստելու շարժումով ինչ-որ մեկին բան հասկացրեց, ձեռքերը կանթեց կոնքերին ու քիչ սպասեց, ապա շրջվեց ու եկավ հասավ ինձ։ 

Բակում ես էի միայն, նստարանին աղունիկների շարքում նստած նայում էի մոտեցող այդ անծանոթ կնոջը։ Կինը երիտասարդ էր, քիչ գեր և կարճ բոյ ուներ։ Երբ մոտեցավ ինձ, աղունիկներս թռան գնացին։ Ոտքերին կոշիկներ չուներ, ոտաբոբիկ էր, հին ու քրքրված, անհայտ գույնի ու կեղտոտ մի շոր հագին, գլուխն էլ անփույթ մի շորով փաթաթած։ Նա ինձնից քիչ հեռու կանգ առավ և ինչ-որ բան ասաց, որից ես ոչինչ չհասկացա։ Նա երևի նորից կրկնեց իր ասածը, ինչ-որ ասել էր արդեն, նոր հասկացա, որ մեր լեզվով չի խոսում։

Մայրս արդեն նկատել էր կնոջը և մոտ էր գալիս։ Երբ մայրս մոտեցավ, կինը, առանց մորս երեսին նայելու, գլուխը կախեց  դասերը չսերտած աշակերտի պես, սկսեց ձեռքի երեսով սրբել արդեն խոնավացող աչքերը։ Նա կարծես նախօրոք որոշել էր, որ պետք է լաց լիներ և լացում էր։ Նա բերանը ծռեց ու ինչ-որ տզզոցով սկսեց լացել։ Մայրս թողեց, մինչև ինքը իր լացը կտրի։ Նա փեշը բարձրացրեց ու սրբեց  արցունքները, մնաց գլուխը կախ կանգնած։

- Ո՞ւմ աղջիկն ես, - հարցրեց մայրս։

Նա միայն գլուխը տարուբերեց ու ինչ-որ բան ասաց քթի տակ։

Մայրս հարցական նայեց ինձ՝ թե ես բան հասակացա՞։

- Թուրքերեն է խոսում, - ասացի։

- Հա՜։ Գնա Մարգարիտին ասա թող գա, նա սրանց լեզուն լավ գիտի, - ասաց մայրս։

Ես վազելով գնացի Մարգարիտենց տուն։ Մարգարիտը իր տան շեմին նստած գուլպա էր գործում։

- Արի մեր տուն, գործ կա։

- Ի՞նչ կա, բուրդ կա գզելո՞ւ։

- Չէ, մի թուրք կին է եկել, բան չենք հասկանում։ Չգիտենք ուզածն ինչ է։

- Բերածը ինչի՞հետ է փոխում։

- Բան էլ չի բերել։

- Դատարկ է եկե՞լ։

- Դատարկ։ Հագին կոշիկ էլ չունի։ Լացում է տզզալով։

- Հա՞, ուրեմն մի փորացավ ունի։ Գնա, գալիս եմ։ Ես հետ վազեցի տուն։

Մայրս նստել էր բակի իմ նոր սարքած նստարանին, իսկ թուրք կինը լուռ, գլուխը կախ դիմացը կանգնած՝ սպասում էր։ Կինը հարցական նայեց ինձ, երբ վերադարձա։ Երբ հարևանուհին իր կիսատ գուլպան գործելով մոտ եկավ, նա կարծես ինչ-որ բան գլխի ընկավ, դեմքը քիչ պայծառացավ և իրենց լեզվով սկսեց խոսել։ Մենք երեքով նայում էինք իրեն և լսում, իսկ նա երկար խոսեց։ Երբեմն դադար էր տալիս, որ ասածները թարգմանվի մեզ։

Երկար ու բարակ զրույցից պարզվեց, որ ինքը չորս երեխա ունի, մի տղա, երեք աղջիկ։ Ամուսինը հանկարծամահ է եղել, ամուսնու ծնողները կասկածել են, որ ինքն է սպանել ամուսնուն, և փորձել են հաշվեհարդար տեսնել իր հետ, և որ ինքն էլ մեր գյուղի դաշտերին սահմանակից թուքական Բորսուլլու գյուղից է։

- Մի հարցրու, տեսնենք ինչի՞ է մեր գյուղը եկել, իրենց գյուղերը թողած, - ասաց մայրս։

- Հորս ու մորս խորհրդով եմ եկել հայի գյուղ, - ասաց թուրք կին:

Նրանք՝ հայերը, քեզ չեն վնասի, արխային գնա, ասել էին հայրն ու մայրը։

Երբ սա դեռ իր կյանքի պատմությունն էր անում, մեկ էլ նկատեցի, որ ճանապարհի ու մեր բակի չափարի անկյունից երեխաներ են ստեպ-ստեպ ծիկրակում դեպի մեր տան կողմը։ Քիչ հետո, մեկ էլ էս ծիկրակողներից մեկը վազելով եկավ ու թուրք կնոջ մեկ ոտքը գրկեց ու ժպտալով նայեց մեզ։ Սա համարյա մերկ էր։ Ինչպես իր մերը, սա էլ մի անորոշ գույնի շոր ուներ հագին, որ ոտքերի արանքում բուլավկայով ամրացրված էր և միաժամանակ վարտիքի դեր էր կատարում։ Եվ հետո էլ, կարծես մարմինը ջրի երես չէր տեսել, այնքան որ կեղտոտ էր։

Քիչ հետո մյուս երկուսից մեկը ևս սրտապնդվեց, վազելով եկավ և մոր մյուս ոտքը գրկեց ու կպավ մորը։ Սա նրանից փոքր-ինչ ավելի տարիքով էր։ Անմիջապես սրա տեղ հասնելուց հետո մյուսը նույնպես վազելով եկավ և թիկունքից մոր մեջքը գրկեց։ Երեքից ամենամեծն էր։ Երեխաների հագուստներից ու նրանց տեսքից դժվար էր տղան ու աղջիկը իրարից ջոկելը։

Արդեն հարևան պարապ մնացած կանանցից և քույրերս էլ էին հավաքվել, ուշադիր զննում էինք նրանց և լսում կնոջ ասածները։ Մեկ էլ կինը դառնալով երեխաների կողմը, ինչ- որ բան ասաց, փոքրին՝ տղա երեխային դեպի ինձ, իսկ մյուս երկուսին դեպի քույրերս հրելով։

- Ասում է, սա էլ քեզ եղբայր թող լինի, տեսնում եմ եղբայրներից աղքատ ես, -կնոջ խոսքերը թարգմանեց Մարգարիտը ինձ նայելով։

- Լավ, - ասաց մայրս, - ամեն ինչ հասկացանք, մի հարցրու էս ինչի՞ է մեր դուռը եկել։

- Ես ձեր դուռը չէի գա։ Ասում են մարդուդ խոսքը անցնում է։ Եկել եմ խնդրեմ, որ բարեխոսես ինձ համար, ֆերմաներից մեկում կթվոր ընդունեն։ Խնդրածս մեծ բանչի, բաջի, - ասում էր կինը, - մի քանի անգամ արդեն եկել գնացել եմ։  Ասում է, - մարդդ փաստաթուղթ է ուզում՝ պասպորտ, թե ի՞նչ, ի՞նչ իմանամ։ Մեր գյուղի նախագահն էդ թղթերից գլուխ չի հանում։ Ասել է, դա ի՞նչ փաստաթուղթ է, գաղափար չունեմ։ Եկել եմ, որ բարեխոսես, ինձ աշխատանքի ընդունի, երեխեքս սոված չմնան, կարողանամ պահել նրանց, դեռ ամենամեծին էլ տանն եմ թողել։ Գյուղում վախենում եմ մնամ։ Մի օր ինձ դրանք կսպանեն։

Մայրս ոչինչ չասաց, լուռ վեր կացավ, գնաց մտավ տուն, քիչ հետո թևատակին մի քանի հաց, իսկ ձեռքին կարագի վրա քսած դոշաբով մի քանի կտոր հաց բերեց, տվեց երեխաներին, հացերն էլ՝ կնոջը։

- Լավ, - ասաց մայրս, - իրեն ասա, որ մարդուս հետ կխոսեմ։ Թող մի երկու-երեք օրից նորից գա։

- Սաղոլում, բաջի, - ասաց կինը, փեշը վեր քաշեց, հացը փաթաթեց փեշով, շրջվեց, դեմքը պայծառացած էլի ինչ-որ բան ասաց։

Մարգարիտը, առանց աչքը գործվող գուլպայից կտրելու, գլուխը վերուվար արեց, ասածը չթարգմանեց։ Նրանք գնացին։ Մենք՝ երեխաներս, ցրվեցինք, իսկ կանայք մնացին։ Դեռ կնոջ մասին էին խոսում։

- Սա տակից գլխից դուրս տվեց։ Սրա լեզուն մտքինը չի ասում, - ասաց ամենատարեց մեր հարևանուհին՝ Սոնա աքան, - մտքինը ուրիշ է։ Ղորթ բան չկա սրա ասածների մեջ, էն աստուծ։

Երեկոյան կողմ, երբ հայրս մի կարճ ժամանակով տուն էր գալիս, այդ օրը մայրս ոչինչ չասաց։ Խոսք ու զրույց չբացվեց թուրք կնոջ մասին, կարծես օրվա մեջ այդ անցուդարձը չէր էլ եղել, հենց նոր չէին գնացել։ Միայն հաջորդ օրը կեսօրին, երբ հայրս ընդմիջման եկավ, և ճաշում էինք, մայրս խոսք բացեց։

- Մի թուրք կին էր եկել երեկ, երեք երեխաներին առած։

- Ինչի՞ էր եկել, ես իրեն ասել բացատրել եմ, որ անձը հաստատող փաստաթղթով գա, դիմում պետք է գրի, հիմնավորի մեր կոլխոզում աշխատելը… մի խոսքով, մենք էլ վարչության նիստում դնենք, որոշում կայացնենք՝ համաձայնություն տանք, թե՞ մերժենք։

- Ասում է չորս երեխա ունեմ։ Երեքին հետը բերել էր, մեկին թողել տանը։ Ասում էր՝ մարդս մեռել է,  մարդուս հարազատները ինձ են կասկածում և ուզում են ինձ սպանեն։

- Գիտեմ։ Առաջի օրը չորսին էլ բերել էր։ Վախենում են, թող միլիցիա դիմեն։ Ես ի՞նչ իմանամ՝ ինքը մարդ ունեցել է, թե՞ չի ունեցել, որ երեխային ումի՞ց է ունեցել։ Երեխաներից ոչ մեկը մյուսին նման չէր։

- Հիմա, ի՞նչ ես ասում, որ գա՝ ի՞նչ ասեմ։ Հանկարծ մի բան չպատահի։ Երեխեքը մեղք են։

- Ես իրեն չեմ մերժել, օրենքն էլ թույլ է տալիս, թող հիմնավորումը բերի, օրենք կա, բան կա։

Մի օր էլ մորս հետ երեխաներով գնացել էինք մորական պապիկենց՝ թութ թափ տալուն օգնելու: Երբ տուն վերադարձանք, թուրք կինը ցախավելը ձեռքին մեր բակն էր ավլում։ Մի անգամ էլ դպրոցից վերադարձա, տեսնեմ կինն իր երկու աղջիկների հետ մեր այգում բանջարեղենի մարգերն էր քաղհան անում։ Նա երբեմն - երբեմն իր ներկայության մասին, իր գոյությունն էր հիշեցնում։ Եվ ամեն անգամ այդ կնոջ երևալուց մեր տանը մորս ու հորս միջև երկար ու բարակ ոչ ցանկալի խոսք ու զրույց էր բացվում։

Վեճի էին մտնում, մերթ քաղաքավարի ու հանգիստ, մերթ՝ բարձրաձայն, բայց շուտ իրենց հավաքում էին ու էլի հանդարտ խոսում իրար հետ։

- Մարգարիտը, որ դրանց մեջ է ապրել, նա էլ է ասում, որ էդ թուրք կինը մտքինը չի ասում, Սոնա աքան էլ չի հավատում,  Աստղիկն էլ, ես էլ դրանց հետ՝ ես էլ չեմ հավատում։ Իսկ եթե ճիշտ է ասո՞ւմ…

- Բոլ-հերիք, - մի օր ասաց հայրս, - ես դրանց փորացավը լավ գիտեմ, էլ չխոսենք էդ կնոջ մասին։ Ասա, թող էլ չգա, իրենց հարևան գյուղերում թող գնա աշխատանք ճարի։

- Աղջիկ երեխաների համար երեխոցը շորերից տվեցի, գնաց էն օրը, տղա երեխուն չգիտեմ…, փոքր է, երեխունը չի լինի հագին։

- Կտոր առ, կարի, - մի տեսակ ասաց հայրս՝ մորս խոսքը կտրելով։

- Կովի ֆերման դրանց գյուղին մոտ է, թող իրիկունները գա կով կթի, վերջացնելուց հետո գնա իրենց։

- Ես դրանց լավ գիտեմ։ Մի անգամ կգա կգնա, երկրորդ անգամ ծեծելով էլ դուրս չես հանի ֆերմայից։

Սրանով այդ օրվա զրույցը վերջացավ։

Մորս միամտությունն ու բարեգթությունը թուրք կնոջ ու երեխաների հանդեպ, թուրք կնոջ համառությունն ու հորս մտավախություններն ու օրենքով գործելու հանգամանքի ջրերը մի առվով չէին հոսում։

- Լավ, - ասաց մայրս, հերթական անգամ թուրք կնոջ գալ - գնալուց հետո, - ուղարկեք սարերը, թող ոչխար կթի։

- Չորս երեխայով սար ուղարկեմ, աշնանը տասը հոգով սարից կիջնեն, - ասաց հայրս, - ես դրանց գիտեմ չէ՞։ Մեկին մի օր պահես՝ հաջորդ օրը դրա հետևից մեկն էլ կգա, մյուս օրը երկուսը կգա…

- Տղա երեխային շորեր եմ կարել, երեկոյան գործից գալուց լինես, խանութից ամեն մեկին մի զույգ գալոշ առ հետդ բեր, - ասաց մայրս՝ մի կտոր թուղթ մեկնելով հորս, որտեղ նրանց ոտքի համարներն էին գրված։

Հայրս լուռ վերցրեց թղթի կտորն ու դրեց գրպանը։

Մի օր էլ թուրք կինը իր հոր հետ էր եկել։ Գնացել կոլխոզի գրասենյակ, հորս աշխատանքի տեղը, աղաչանք պաղատանք արել։

- Այ քիրվա, - ասել էր թուրքը, - թշնամություն կա մեր երկու ընտանիքների միջև։ Էլ ի՞նչ հարևաններ, որ նեղ տեղ իրար ձեռք չմեկնենք։ Աղջկաս ու երեխաներին խնդրում եմ սար ուղարկեք, կոլխոզի ոչխարներ պահողների մոտ, ձեր կթվորուհիների հետ թող ինքն էլ ոչխար կթի, միառժամանակ թշնամական կողմի աչքից հեռու մնան։

Դրանից հետո ճարահատյալ վարչության նիստով որոշում են կայացնում՝ մինչև ոչխարի սարից իջնելը, թուրք կնոջն իր չորս երեխաների հետ ժամանակավոր աշխատանքի ընդունել, ուղարկել սար, որպես ոչխար կթողի։

Մեկ ամսից ավելի կլիներ, որ թուրք կինը չէր երևացել մեր բակում։ Մի օր էլ, էշի կապը բռնած մտավ մեր բակ։ Մայրս բակում ինչ-որ գործի էր։ Սա էշը կապեց ծառի բնից, մոտ եկավ մորս ու ողջագուրվեց, գրկեց մորս, արցունքոտված աչքերը սրբեց իր փեշով ու ինչ-որ բան ասաց մորս։

- Գնա Մարգարիտին ասա գա, - ասաց մայրս, - տեսնենք հիմա ուզածն ինչ է։

Վազելով հարևանուհու տուն գնացի։ Մարգարիտը գուլպան ձեռքին եկավ։ Կինը նրա հետ էլ ողջագուրվեց։ Ես իմ խաղին էի, իսկ նրանք երեքով թթի ծառի տակ նստեցին։ Մայրս թեյ ու էլի ինչ-որ բան հյուրասիրեց։ Հետո մայրս մոտ կանչեց ինձ։ Կինը ալյուրի համար էր եկել։ Ասել էր.

- Բաջի, ման օլում (խնդրում եմ), մինչև իմ հացիս հասնելը մի պարկ ալյուր տուր, մինչև ինձ էլ աշխօրին ցորեն կտան։ Ուրիշից խնդրած հացով չենք կշտանում։ Ամաչում եմ։

Մորս տված մի պարկ ալյուրը ես և թուրք կինը բարձեցինք էշին, ամուր կապեցինք, մորս տված մի քանի հացի հետ թուրք կնկան սար ճամփեցինք։

Աշնան ամպամած օր էր, գնալով երկինքը մթնում ու ամպեր էին կուտակվում։ Նայեցի անտառի կողմը, որտեղից կարող էինք գուշակել՝ անձրևի գալն ու չգալը։ Անտառը դեռ պարզ երևում էր։ Օդը սառն էր ու տհաճ և կարծես վանում էր իրենից, բայց որոշեցի գնալ հանդամիջի մեր ֆուտբոլ խաղալու տեղը։ Արդեն մի քանի հոգի եկել և սպասում էին մյուսների գալուն, և հույս ունեինք, որ եկողներից միգուցե մեկնումեկն էլ գնդակով կգա։

- Անձրև կգա հիմա, - ասաց մեզնից մեկը։

- Ուրեմն եթե մեկն էլ գա գնդակով, խաղում ենք, անձրև գա-չգա՝ ես կխաղամ, - ասաց մեր միջի ամենամոլի խաղացողը։ Թաղի հավաքականի դարպասապահը գրպանից ինչ-որ գրքից պոկած մի թուղթ հանեց և սկսեց մեզ բացատրել, թե ինչ է տեսնում պատկերված նկարի մեջ և ինչ պետք է իրականում տեսնել՝ հասկանալու համար։ Պարզ էր, որ մեզ զբաղեցնում էր։ Մինչ մենք հետաքրքրությամբ նկարն էինք տնտղում, երկնակամարով մեկ կայծակը փայլեց, իսկ քիչ անց հեռվում դղրդոցի ձայնը լսվեց։

Մենք հետ շրջվեցինք, նայեցինք անտառի կողմը։ Տեսանք, թե ինչպես է ավազի պես ամպը հոսում դեպի ցած, անտառի վրա։ Անտառը համարյա չէր երևում արդեն։ Անձրևի մի քանի խոշոր կաթիլներ ընկան փխրուն հողի վրա՝ ձագարաձև փոսիկներ առաջացնելով։

- Ծլկեցի՜նք, - ասաց դարպասապահն ու նստած տեղից վեր ցատկելով վազեց իրենց տան կողմը։ Բոլորս վեր թռանք ու վազեցինք՝ ամեն մեկս մեր տան կողմը։

Ես, ինչքան էլ ոտքերիս զոռ տվեցի, բայց դեռ կես ճանապարհը չէի էլ կտրել, վարար անձրևը խշշոցով հասավ ինձ, սկզբում թիկունքս կարկտահարեց, ապա գլխիս վրայով անցավ ինձնից առաջ՝ կաթիլները աջ ու ձախ շաղ տալով։ Անձրևը գնաց ողջ գյուղի վրայով, իջավ ձորը, ապա բարձրացավ բլուրն ի վեր ու գնաց ավելի հեռու։ Մինչև տուն հասա, ոտից գլուխ, մինչև վերջին թելը թրջվել էի։

Հանդարտվելու փոխարեն անձրևը խփեց ավելի մեծ ուժով։

- Որտե՞ղ էիր, որ ջուր ես դառել, - հարցրեց մայրս։

- Ֆուտբոլ խաղալու տեղը։

- Խաղացի՞ք։

- Գնդակ չունեինք։

- Գնա շորերդ փոխի, - ասաց մայրս, սեղանի վրայից վերցրեց մոմլաթե սփռոցը, պահեց գլխին ու դուրս եկավ։ Գնաց դրսում մնացած հավ ու ճիվին տեր կանգնելու։

Ինչ եղել էր, էդ գիշերն էր եղել։

Ոչխարի հոտը սարից իջնելուց կանգ էին առել կես ճանապարհին գիշերելու համար, վրաններ էին խփել։ Հետո անձրևն էր սկսել։ Գյուղում էլ էր անձրևը շատ վնասներ տվել։ Ով, ինչ թողել էր դրսում՝ հավ ու ճիվ, սելավը բոլորը քշել, սրբել տարել էր։

Հաջորդ օրը, երբ հայրս կեսօրին տուն եկավ, սեղանի շուրջ նստած էինք, մայրս երևի ինչ-որ բան գիտեր կամ լսել էր՝ հարցրեց.

- Ինչի՞ չես ասում, ինչ է եղել։ Մարդիկ ճիշտ են ասո՞ւմ։

- Ինչ ասե՞մ, - ասաց հայրս, - Ճիշտ են ասում։ Մի երեսունից ավել ոչխարների հետ, նրանց էլ է սելավաջրերը  քշել տարել։ Վրանի տակ, չորս երեխաներով քնած են եղել։

- Դրանց հետևից գնացողներ եղա՞ն։

- Հա։ Չոբաններից մի քանի հոգի առավոտ ծեգին գնացել փնտրել են։

- Գտե՞լ են, - մայրս մեր ներկայությունից չշարունակեց խոսքը։ Բայց մենք հասկացանք, թե ինչ կարող էր պատահած լիներ։

- Չէ, էդ կողմի սելավաջրերը դեպի իրենց գյուղի կողմն են գնում։

Քույրերս, որ երկուսն էին էդ ժամին տանը և լսում էին այդ ամենը, չգիտեմ ինչ պատահեց, լաց եղան։ Ու մի լացուկոծ դրին, մի լացուկո՜ծ դրին։ Փոքր քույրս երևի լաց եղավ նրա համար, թե ինչո՞ւ պիտի այդքան վարար անձրև գար, որ ոչխարներին քշեր տաներ։ Երևի պատկերացրեց, որ իր ծննդյան օրվան նվիրած գառն էլ կարող էր քշվածների մեջ լինել։ Էն մյուս քույրս էլ լացը դրեց, երևի նրա համար, որ իր ձեռքով սարքած տիկնիկներ էր նվիրել թուրք աղջիկ երեխաներին և հիմա ողբում էր իր տիկնիկների ջրախեղդ լինելու համար։

Սկզբում ես ինձ զսպում էի։ Բայց էն, որ ինչ-որ բան ներս ես գցում ու քիչ է մնում, որ խեղդվես, վերջը չդիմացա, ես էլ լացս իսկականից դրի։ Ես էլ լաց եղա քույրերիս լաց լինելու համար, թեպետ, իսկականից, չգիտեի, թե իրականում քուրերս ինչի համար սկսեցին իրենց լացուկոծը դնել։

Գիշերը երազիս մեջ այլ բան էի տեսնում, լսածիս հետ կապ չուներ։ Մեր տան հետևի բլուրն էր խնջլոզի ծաղիկներով պատված։ Մայրս ինձ արթնացրեց՝ դպրոց գնալու ժամանակն էր։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ