Արշալույս Բարսեղյան
Արշալույս Բարսեղյան

«ՀԱՅԵՐ»

լրագրող

 

Արշալույսը

լրագրող է:

Բնույթով՝

մաքսիմալիստ:

 

Համոզված է,

որ լավ

գիտելիքից, 

ձևավորված

արժեքային

համակարգից 

և որակյալ 

մասնագետ

լինելուց բացի, 

կարևոր են

նաև

միջավայրերը:

 

Այդտեղ է,

որ մարդն

անընդհատ 

ձևավորվում և

ձևավորվում է:

 

Առավել չի

հանդուրժում

անարդարությունը:

Նաև՝ 

մեծամտությունը:

Անհաշտ է

բոլոր

տեսակի

կարծատիպերի

հետ:

«Ուզում եմ սովորածս բերել Հայաստան». ՕՖԵԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Վերջին շրջանում բազմիցս ենք լսել «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի մասին, բայց դեռ չենք տեսել: Այն մեզ ծանոթ և շատերիս համար դեռևս ընդունելի «կարմիր խնձոր»-ի ավանդույթի և դրա բերած խնդիրների շղթայի պատմությունն է՝ մարդկային փոխհարաբերությունների և ճակատագրերի պատմություն մեկ զույգի օրինակով: Այն ներկայացվել և հաջողություններ է գրանցել մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոններում՝ Տորոնտո, Սան Ֆրանցիսկո, Ֆլորիդա, Ինտերֆիլմ Բեռլին, Կլերմոն Ֆերան և այլն:

Ֆիլմի սցենարի հեղինակը և պրոդյուսերը հայ է՝ Օֆելյա Հարությունյանը:

Օֆելյան հայաստանցի է: Նախ իրավաբանական կրթություն է ստացել, հետո ավարտել է Կոլումբիայի համալսարանի արվեստի դպրոցը՝ ստեղծարար պրոդյուսերության ծրագրով: Այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:

Իրավաբանությունից կինո կամ արվեստը կարող է միայն հոբբի չլինել

Օֆելյայի մանկության տարիները 90-ականներն են: Սիրել է արվեստը՝ չգիտես դրա մեջ լինելու, թե այն իր մեջ ունենալու շնորհիվ: Հաճախ է հետևել մոր պարի փորձերին, տանը լսել հոր նվագելը: Ինքն էլ սիրել է երգել, պարել, բայց մտածել է, որ արվեստով զբաղվելը կարող է միայն հոբբի լինել և ոչ մասնագիտություն:

Այսպես մտածել են նաև ծնողները՝ ոլորտում առկա բարդությունների պատճառով և դստերը հորդորել են ընտրել ավելի պրակտիկ մասնագիտություն: Օֆելյան, հետևելով նրանց հորդորին, և տեսնելով առկա դժվարությունները, որոշել է իրավաբան դառնալ: Ծնողներն այս մասնագիտական ընտրության հետ էլ առանձնապես համերաշխ չեն եղել:

Կրթությունը սկսում է Երևանի պետական համալսարնի իրավաբանության ֆակուլտետում, իսկ մագիստրոսական կրթություն է ստանում Ստոկհոլմի համալսարանում՝ մասնագիտանալով Եվրոպական իրավունքի ոլորտում: Բացի մասնագիտական լավ կրթությունից՝ Շվեդիայում սովորելու տարիները մեկ այլ բանի խթան են դառնում. «Շվեդիայում ունեի համակուրսեցիներ, որոնք 30-40 տարեկանում փոխել էին իրենց մասնագիտությունը: Ես այդ ժաամանակ 20 տարեկան էի ու որոշեցի, որ իրականում դա այնքան էլ վախանալու չէ»:

Օֆելյան սկսում է հետաքրքրվել ֆիլմերով, իսկ Հայաստան վերադառնալուց հետո որպես կամավոր աշխատում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում: Մասնագիտական աշխատանք գտնելու հարցում դժվարություններ է ունենում, իսկ երբ որպես արտադրության կազմակերպիչ և կոորդինատոր աշխատանքի է անցնում «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստատեսությունում, մի քանի օր անց մասնագիտական ոլորտի աշխատանքի առաջարկներ է ստանում, բայց որոշումն արդեն կայացված էր:

Նյու Յորք vs. Կոլումբիա կամ «Լույս»-ի կրթաթոշակի խնդիրը

Աշխատելու ընթացքում Օֆելյան կինոյի ոլորտում փորձառության, կրթության բացը լրացնելու համար որոշում է շարունակել կրթությունը, ավելի ճիշտ՝ սկսել, այս անգամ նոր ոլորտում: Դիմում և ընդունվում է Նյու Յորքի (NYU) և Կոլումբիայի համալսարաններ (Univercity of Columbia):

Նյու Յորքի համալսարանում կրթությունը ստանալու ցանկությունը մեծ էր, քանի որ այն երկար պատմություն ունեցող, իր վարկանիշով ավելի բարձր ֆիլմի դպրոց էր, բացի այդ համալսարանը մեծ կրթաթոշակ է առաջրկում, սակայն դա բավարար չէր: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ կարող էր ստանալ Կոլումբիայի համալսարան ընդունվելու դեպքում միայն: Վերջինս իր ընդհանուր վարկանիշով ներառված էր լավագույն տասը համալսարանների ցանկում. ««Լույս»-ի խնդիրն այն է, որ ոչ թե ամեն մասնագիտության լավագույն տասը համալսարանների համար են կրթաթոշակ տալիս, այլ ընդհանուր համալսարանի վարկանիշով միայն: Եթե կրթաթոշակ տրամադրվեր ըստ լավագույն տասը իրավաբանական, կինո, տնտեսագիտական համալսարանների, լրիվ ուրիշ պատկեր կունենայինք»:

Արդյունքում ընտրում է Կոլումբիայի համալսարանը: Մտածելով, որ իրավաբանական կրթությունը կարող է կապել պրոդյուսերության հետ և ավելի մեծ շանսեր ունենալ ընդունվելու՝ դիմում է հենց պրոդյուսերության ծրագրին: Հետագայում հասկանում է, որ կինոկրթություն ունենալը պարտադիր չէր. ծրագիրը հենց դրա համար է ստեղծված: 3-5 տարի տևող կուրսն իր մեջ ներառում է կինոյի հետ կապված  ամեն ինչ. «Հիմա շատ գոհ եմ, որ Կոլումբիայի համալսարանն եմ ընտրել: Արագ տեմպերով է առաջ գնում, Ամերիկայի մյուս կինոդպրոցներից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ շատ մեծ ուշադրություն են դարձնում սցենարին: Կոլումբիան ասում են Story School (պատմությունների դպրոց) է, ինչն իմ կարծիքով շատ կարևոր է»:

Լավ կինոդպրոցի բաղադրիչները

Որպես օրինակ ունենալով Կոլումբիայի համալսարանը՝ Օֆելյան առանձնացնում է բաղադրիչներ, որ լավ կինոդպրոցի համար անհրաժեշտ են: Առաջինը՝ կինո ինդուստրիայում կայացած, մի քանի ֆիլմ նկարահանած դասախոսական կազմ, որոնք կարող են իրենց գիտելիքները փոխանցել: Բավարար տեխնիկական միջոցներ՝ պրակտիկ աշխատանք անելու համար: Լավ սցենարական կրթություն. հակառակ դեպքում դրա բացակայությունը միշտ կզգան: Կարևոր է նաև հովանավորումը, որը Կոլումբիայի համալսարանը տրամադրում է ուսանողներին՝ ֆիլմերը նկարահանելու համար: Այս ամենից զատ Կոլումբիայի կինոդպրոցը թույլ է տվել ձեռք բերել թիմ և կապեր:

Օֆելյան ասում է, որ հնարավոր է կինո սովորել գրքերով, տեսանյութերի օգնությամբ, տարբեր վարպետության դասերի մասնակցելով, բայց դրա արդյունքում ձեռք չես բերի մարդկային կապերը. «Կինոդպրոցը մոտ 70 հոգու դնում է մի լսարանում և 3 տարի իրար հետ ապրում ենք, ստեղծագործում, քնում մոնտաժի սենյակում, արթնանում, գնում դասի: Այդ ամեն ինչից հետո ինչ-որ խումբ ես ձևավորում, որի հետ մինչև կյանքիդ վերջը աշխատելու ես»:

Ֆիլմը որպես գործիք և նոր ժամանակները

Օֆելյայի համար ֆիլմն արվեստի տեսակ է, զվարճանքի ձև, նաև գործիք՝ ինչ-որ բանի մասին պատմելու, խնդիրներ բարձրացնելու համար: Նկատում է, որ կինոյի ազդեցության շրջանակը մեծանում է վիզուալիզացիայի ժամանակաշրջանով պայմանավորված. «Եթե առաջ ուզում էիր տորթ պատրաստել, վերցնում էիր տեքստը, իսկ հիմա նայում ես վիդեոն, թե ոնց է ինչ-որ մեկը տորթ պատրաստում: Մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում պատկերներին, քան տեքստին: Սա նշանակում է, որ դու մարդկանց ինչ-որ բան բացատրելու, նրանց հայացքներում կարևոր փոփոխություններ անելու հնարավորույթուն ունես պատկերների միջոցով»:

Օֆելյան միշտ հետաքրքրված է եղել իրական պատմություններով: Իր սցենարներում առանցքային են մեր օրերում առկա խնդիրները, որոնք ազդում են ներկայում ապրող մարդու վրա: Օրինակ է բերում կանանց իրավունքների թեման: Աբսուրդային է համարում, որ մարդկանց հայացքներն այսօր շատ հարցերում նույնն են, ինչ տարիներ առաջ էին:

Ծնված լինելով 1980-ականների վերջում՝ շատ լավ հիշում է դրան հաջորդած բարդ տարիները: Այդ շրջանում տեղի ունեցած շատ պատմություններ մնացել են հիշողության մեջ և տեղ են գտնում իր սցենարներում: Ասում է, Հայաստանում շատ հետաքրքիր պատմություններ կան, իսկ արևմուտքում հոգնել են նույն պատմությունը տեսնելուց: Նոր և անծանոթ պատմությունները, ավանդույթները հետաքրքրում են նրանց: Որպես օրինակ բերում է իր ավարտական աշխատանքը՝ «Կարմիր խնձորներ»-ը:

Ֆիլմը Austin Film Festival-ում հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել, այն դեպքում, երբ ֆիլմը պատմում է ամերիկայի մշակույթի համար անծանոթ երևույթի մասին. «Ցուցադրությունից հետո ինձ մոտենում էին ամերիկացիներ ու ասում, թե ինչքան են հաղորդակից եղել ֆիլմի հետ: Զարմանում էի, որովհետև այն լրիվ ուրիշ իրականության մասին է՝ Հայաստանում, մի հարսի մասին պատմություն, որն ամուսնությանը հաջորդող առավոտյան ինչ-որ խնդիրների միջով է անցնում: Կանանցից մեկն ասաց, գիտե՞ս, ես նոր եմ ամուսնացել, շատ ուրախ օր էր ու չէի ուզի նման բանի միջով անցնել հարսանիքից հետո»:

Փոքր գումարով, բայց լավ գաղափարով լավ ֆիլմ հնարավոր է նկարահանել, եթե շատ ես ուզում և կան մարդիկ, որ պատրաստ են օգնել: Խնդիրն այն է, որ մեծ փառատոններն ուզում են տեսնել լուրջ տեխնիկայով նկարահանած լավ ֆիլմեր: Օրինակ է բերում Կաննի կինոփառատոնը, որ տաղանդներ է գտել փոքր ֆիլմերի միջոցով, սակայն այսօր իր ուղղվածությունը մի քիչ փոխել է: Սրա համար ափսոսում է, բայց նաև նկատում է, որ հաջողության հասնելու համար այլ ճանապարհներ կան. «Կարող ես, իհարկե, դիմել դրամաշնորհների, նստել ու սպասել: Բայց այդպես տարիները կարող են անցնել: Փոխարենն այդ ընթացում ամբողջ ուժդ, տաղանդդ ներդնելով կարող ես նկարահանել մի փոքր ֆիլմ ու տեղադրել օնլայն որևէ հարթակում ու փորձել տարածել այն: Եթե ֆիլմդ լավն է, մարդիկ կտարածեն ու հաստատ ինչ-որ ձևով քո մասին կլսեն, որից հետո երկրորդ ֆիլմդ ավելի հեշտ կլինի նկարահանել ու ավելի շատ գումար կունենաս»:

Ներկա  vs. ապագա

Որպես պրոդյուսեր Օֆելյան մոտ տասը ֆիլմի վրա է աշխատել՝ հիմնականում կարճամետրաժներ: Այժմ աշխատում է Jigsaw Productions Company-ում, օսկարակիր ռեժիսոր Ալեքս Գիբնեյի օգնականն է: Պլանավորում է առաջիկայում ընկերության ֆիլմերից մեկի վրա աշխատել կամ դուրս գալ ու անձնական ֆիլմերով զբաղվել: Դեռևս հստակ չէ, որ մասնագիտությունը կընտրի՝ պրոդյուսե՞ր, սցենարի՞ստ, թե՞ ռեժիսոր:  Հետագայում կերևա ինչ կստացվի, իսկ պլաններ զարգացնելիս այժմ չի ցանկանում սահմանափակել իրեն:

Օֆելյան հաճախ է լինում Հայաստանում՝ ընտանիքի անդամներին, ընկերներին տեսենլու համար: Բացի այդ, ասում է, որ իր ծրագրերը Հայաստանի հետ են կապված. «Ես ոչ մի ձևով կապված չեմ Ամերիկային: Ուզում եմ այստեղի հնարավորություններն օգտագործել՝ ինձ ավելի լավ մասնագետ դարձնելու համար: Հայաստանում ավելի լիմիտավորված եմ ինձ զգում, բայց գիտեմ, որ ինչ-որ պահի ուզում եմ լինել այդտեղ ու իմ սովորած ամեն ինչը բերել Հայաստան: Ամբողջ իմաստը դրանում է»:

 

Արշալույս Բարսեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ