Կարինե Աշուղյան
Կարինե Աշուղյան

 

Մշեցի հորս

շիտակությունը

և լոռեցի

մորս

միամտությունը,

երևի, իմ ներսի

այն երկու

Ձկներն են,

որոնց աստղի

տակ ծնվել

և ապրում եմ,

ահա,

խաղաղության

և պատերազմի,

սիրո և խռովքի,

ցնորքի և ցասումի

իմ բաժին

ժամանակը :

 

Որովհետև

նույնիսկ

իր խռով ու

համր օրերին

ու ամիսներին

Բանաստեղծությունը

շրջանառվում է

արյանդ մեջ

և  հանկարծ

ծիկրակելով

ժպտում

արձակի,

հոդվածի

ու  երկտողի

ժլատ տողերից,

քո սիրո և

ատելության

վայրկյաններին,

աղոթքի

ներսից և

նույնիսկ

առտնին

գործերի

ամեն

անկյունից:

 

Սիրում եմ

որդուս՝

որպես

իմ

ամենա

գերազանց

Բան-ա-

-ստեղծության,

զվարթությամբ

ապրեցնող

ճակատագիրս՝

Amor fati:     

 

«Որովհետև նա եմ, ում վրա պիտի կրակեն....». ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

 

ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ,  ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ

 

Հացն ու Գինին, Տեր Կենդանին

Սովորական մի քանի հաց՝ 
թեկուզ կտրած իր զավակի 
պարտքով գնվող՝ ցամաք հացից, 
սովորական ջուր ծորակի, 
շտապ, անհամբեր շշալցված... 
նա չգիտեր, որ տարածը 
հաց ու ջուր չէր հանապազօր- 
ժամեր կան, երբ Մարդ մնալը
հերոսություն է անսակարկ՝ 
հացի, ջրի ու կրակի 
փորձություններն անցնել խոնարհ
մտածումով՝ ջուրն ու հացը 
ամենքինն են՝ Աստծուց տրված:

Նրա տարած Հացը, ահա,
ճաշակում ենք որպես նշխար,
ջրով՝ որպես անխառն Գինի, 
մենք լցվում ենք ոգով այն հին- 
Հացն ու Գինին, Տեր Կենդանին:

ԴԺՎԱՐ ԺԱՄԵՐ 

Ժամացույցը  տարուբերում է գլուխը 
վեր ու վար, հետո՝ աջ ու ձախ,
բացարձակ անհնազանդ,
ուղղակի կապելու գիժ՝ 
զսպաշապիկի արժանի, 
ժամանակի անվրդով ընթացքին 
սպառնացող խելագար՝
հրաժարվում է ցույց տալ այս օրը, 
ծամածռվելով ցատկոտում է կատաղի 
երկու տարեթվերի միջև՝ 
27. 10. 1999 և 01. 03.2008: 
Եվ թվացույցին գրված է, ահա.
Հենց կարողանաս, այսօրը որսա՝ 
Երրորդությունը լրումին հասնի:

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՄ ԿՐԱԿՈՒՄ. ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ԵՄ, ՈՒՄ ՎՐԱ ՊԻՏԻ ԿՐԱԿԵՆ

Գիտեր, որ ահեղ հեղեղումին 
մեկը մյուսից կատաղի 
աջի ու ձախի միջև
հենց իր մարմինը 
պիտի դառնար կամուրջ, 
վախենում էր միայն, 
որ աջից ու ձախից 
մեկը մյուսից նշանառու կրակոցները 

……………..

տկար մարմինը կդարձնեն ցանց. 
հետո ո՞նց կանցնեն:

Հա՜-հա՜

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ

Քրոնոսից հետո՝
ժամանակների ուրիշ հաշվանքում, 
երբ Եվրոպային Զևսն առևանգեց՝
հափռելով սերը ու հմայքները 
Միջերկրածովի ու Փյունիկեի- 
աստվածահայրն էր ու հայրը մարդկանց:

Հիմա՝ մտագար և հուշակորույս 
Քրոնիսի անժամ ու տարաժամին, 
երբ լուսինը միշտ կիսալուսին է, 
առևանգում են, լլկում թրքաբար՝
որպես պոռնիկի ամենավերջին՝
Դե՛ռ Եվրոպային:

ՍԱԼԱՄՇպենգլեր

Երբ  փիլիսոփան

քո մայրամուտը գուժեց, Եվրոպա,

դու տատամսեցիր՝

մտավարժանք  է սա  հոռետեսի,

թե՞ մի բան գիտի:

Չհասցրեցիր  մայրամուտն  ապրել.

 խորը գիշերը  վրա հասավ շուտ,

բայց  որովհետև  կանգ  չառար  մի  պահ,

այլ  պաշտպանվեցիր, համենայն  դեպս՝

փակելով ամեն դուռ ու լուսամուտ  

և  հնարավոր  ամեն  ծակուծուկ: 

Հեռվից թվում է՝ տունդ տեղում է,    

կահույքը,  սպասքը,  նկարներ, ջահեր,

նոր  ու նորանոր հարմարություններ, 

սակայն   քանդել են տանդ պատերը, 

տեղը  փակցրել  «ԱԼԼԱՀ  ԱԿԲԱՐ» պաստառ : 

Ընթացիկ...


Քաղաքական օդերևութաբանները 
կանխատեսում են անբարենպաստ եղանակներ՝ 
հարավարևմտյան ցիկլոններ են խուժում, 
պետք է  լինել առանձնակի զգոն ու զգույշ,
եղանակին հարմարվել ու տանից դուրս չգալ,
հետո նրանք հյուսիսարևմտյան փոթորիկ են գուժում. 
ցուցումները նույնն են: 
Ի լրումն՝ լուրեր են սողոսկում 
խոզի գրիպի մասին և դաբաղի, 
որոնք սուր են ու կատաղի 
քաղաքական հավաքներին ու ժողովներին:

Ես քաղաքական հին թերթերից 
շերտավարագույրներ են կախում
լուսամուտից և մի վարագույր թղթե՝ 
վրան դաջված նրանց նկարները, ովքեր երկնքին ճաղերի ետևից են նայում. 
որովհետև ուրիշ անուն չունեն, 
քան Ազատությունը: 
Բոլորիս:

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անկախության տարիքին ես հետևում էի
Արամ Մանուկյանին նայելով.
Անկախությունը հռչակող ձայնը
այլևս երբեք խանդավառ չեղավ, 
Անկախության առողջական վիճակին հետևում էի՝
նայելով զինվորներին, 
որ հանուն Անկախության տվեցին ամեն ինչ 
և հիմա չունեն ոչինչ: 
Անկախության տրամադրությանը հետևում էի՝ 
նայելով պետական մարմինների 
անմեռոն երեսներին: 
Անկախության տոնը նրանցն է, 
ովքեր չեն հասկանա երբեք, 
թե ինչու եմ տխրում 
Արամ Մանուկյանի ճերմակած մազերը տեսնելիս:

ՎԱՆԱ ԾԱՂԻԿ՝ ԽՌՈՎ ԿԱԿԱՉ

Սևսիրտ կակաչից 
ավելի սևսիրտ՝
կորուսյալ Երկրում 
բացվող ծաղիկն է՝ 
անսփոփ ցավի
հարյուր մեկ տարի 
գետնահայաց, մունջ-
Շրջված կակաչը:

Մի օր, երբ Վանը
խնդուն կարկաչի, 
արձագանքելով 
հաղթ Սասնականչին, 
խռով կակաչը 
Աստծո աչքերին 
ուղիղ նայելու 
սիրտը կունենա:

ծանոթ.- Շրջված կակաչը աճում է հիմնականում Արևմտյան Հայաստանում:

Թուրքերն այն անվանում են ters lale:
 

Կարինե Աշուղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ