Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Ինչպես ջահելանալ. հոգեթերապևտիկ զրույցներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Մաս 2)

 

thearmenians.am` «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը շարունակում է հրապարակել ամերիկահայ ճանաչված հոգեբույժ Վարդգես Դավթյանի «Ինչպես ջահելանալ. հոգեթերապևտիկ զրույցներ...» շարքը: Շարքի առաջին «զրույցին» կարող եք ծանոթանալ այս հղումով:

 

Ջահելանալու կամ վաղաժամ ծերացումը կանխելու վերաբերյալ ուսմունքները պայմանականորեն բաժանում են երկու խմբի՝ հոռետեսական և լավատեսական:

Առաջին խմբին են պատկանում վատ (բարդացած) ժառանգականության, էկոլոգիական աղետների, մարդ-բնություն հարաբերության հարաճող օտարացման, մարդու էլեկտրոնային դիմազրկման և այլ նեգատիվ երևույթների վերաբերյալ հայացքները:

Ինձ ավելի հոգեհարազատ են երկրորդ խմբի (օպտիմիստական) մոտեցումները, որոնց կառավարումը միանգամայն հնարավոր է անհատ մարդու կողմից:

Ամենամեծ մոլորությունն այս հարցում այն տեսակետն է, թե իբր սթրեսի առկայությունը 100 տոկոսով կրճատում է մարդու կյանքը: Սթրեսն, ինքնին, օրգանիզմի պաշտպանական-հարմարողական ռեակցիան է օրգանիզմին սպառնացող վտանգների հանդեպ: Պատահական չէ, որ այս ուսմունքի հիմնադիր Հանս Սելյեն ասում էր, թե սթրեսի լիակատար բացակայությունն արտահայտվում է մի բառով՝ Մահ: Այլ հարց է, որ այդ ռեակցիան «չարաշահելը», կամ դրան տրվելը բերում են օրգանիզմի հյուծման և ռեզերվների սպառման:

Սելյեն համոզված էր, որ սթրես-ռեակցիան միանգամայն կառավարելի է անհատի կողմից: Նույն կարծիքին էր նաև նեոթոմիստ-փիլիսոփա, աստվածաբան Ժակ Մարիտենը, գտնելով, որ «տառապանքի մենեջմենթը» ուժեղացնում է մարդուն (այստեղ ոնց չհիշես Եզնիկ Կողբացուն. նրա միտքը տես մեր նախորդ զրույցում):

20-րդ դարի խոշոր հոգեթերապևտներից մեկը՝ Վիկտոր Ֆրանկլը, որն անցել էր նացիստական ճամբարներով, կարողացավ իդեալական ձևով բանաձևել այս երևույթը՝ ցանկացած սթրես, ցանկացած տառապանք ավարտվում է անձի հաղթանակով, եթե պարզում ես տառապանքի բարոյական արժեքը, թե հանուն ինչի է մարդը տառապում:

Սա ես համարում եմ շատ կարևոր ելակետ մեր հետագա զրույցի համար:

Ես միշտ զարմանքով եմ վերաբերվել այն մարդկանց, որոնք վաղ տարիքում ականատեսն ու մասնակիցը լինելով Մեծ եղեռնի արհավիրքին, շատերն էլ ստալինյան բռնաճնշումներին և այլն, այնուամենայնիվ ապրել են մինչև խորը ծերություն, ոմանք էլ հասել զառամյալ տարիքի:

Միայն գենետիկայով բացատրելը բավարար չէ: Այս տեսակ մարդկանց մոտ, անշուշտ, տեղի է ունեցել տառապանքի վերաիմաստավորում, որից ուժեղացել է միայն ապրելու կամքը, ինչպես ֆիզիոլոգ Պավլովը կանվաներ՝  նպատակին հասնելու ռեֆլեքսը: Կարճ ասած, խնդիրը ոչ այնքան սթրեսներից խուսափելն է, որը միշտ չէ, որ կարող է հաջողվել, որքան այն կառավարելի և իմաստալից դարձնելը մարդու գիտակցական և զգացմունքային աշխարհում:

Մի պարզ օրինակ. հաճախ են հանդիպում միջին տարիքի ծնողներ (և տղամարդիկ և կանայք), որոնք շարունակ ընկճված են իրենց զավակների համար, անվերջ մտահոգվում, անվերջ միջամտում են նրանց անձնական կյանքին (լավ չսովորեցին, չլսեցին, հաջող ընտրություն չարին և այլ թեմաներով): Մանավանդ, եթե զավակները հասուն մարդիկ են արդեն, ծնողների անհարկի միջամտությունները երկուստեք տառապանքից բացի ոչինչ չեն տալիս: Մինչդեռ, փոխադարձ հարգանքի, մեկմեկու աղտոտ սպիտակեղենը քչփորելուց հրաժարվելու շնորհիվ շատ ավելի հավասարակշիռ ու արժանապատիվ կյանք կարելի է ապահովել թե որդիների և թե ծնողների համար:

Հաճախ ենք լսում՝ տղաս կնոջ հետ հաշտ չէ... Ձեզ ինչ. դուք ձեր անելիքն արդեն արել եք:

Կամ՝ աղջկաս ամուսինը խմելու հետ սեր ունի, տանջվում եմ… Շատ իզուր, որ տանջվում եք. մի խառնվեք, մի միջամտեք, ապրեք ձեր կյանքով:

Սրանք կենցաղային դրվագներ են, բայց որքան մարդկային կյանքեր են թունավորվում սխալ մոտեցումների, անպատեհ խորհուրդների պատճառով: Ընդհանրապես, սթրեսը կառավարելու (այն վերահսկելի դարձնելու) առաջին քայլը սկսվում է հոգեցունց միջավայրից  «շերտազատվելով», սթրեսի աղբյուրից «մեկուսանալով», ինչպես հրշեջներն են մեկուսացնում հրդեհի աղբյուրը: ( Զգացմունքային տարանջատում՝ այսպես են բնորոշում արևմտյան հոգեբանները. հաջորդ քայլերի մասին կխոսենք ավելի ուշ):

Վաղաժամ ծերացման ժամանակակից հայեցակարգերից մեկն էլ, այսպես կոչված, անոթային տեսությունն է, որի համաձայն՝ մարդու տարիքն այնքան է, ինչպիսին, որ նրա արյունատար անոթների վիճակն է: Իհարկե, ճկուն, էլաստիկ, արյան հոսքը, հյուսվածքների բավարար սնուցումն ապահովող անոթային ցանցը մեծ կարևորություն ունի օրգանիզմը ջահել և կենսունակ պահելու գործում: Բայց, արի ու տես, որ այս տեսությամբ չես կարող բացատրել, թե ինչու են շատ երիտասարդներ իրենց ծերունիների նման պահում:

Օրինակ, հայության շրջանում շատ հաճախ են հանդիպում 25-30 տարեկան «ձյաձյաներ» (որովայնային տիպի ճարպակալումով, դժվարաշարժ, փնչոցով ու փսսոցով խոսող, հնոցապանի պես հազացող), ինչպես նաև նույն տարիքի երիտասարդուհի- մոքիրներ (ճարպակալած, սև շորերով, անխնամ, չհարդարված, բամբասկոտ և այլն):

Ուրեմն օրգանիզմի կենսաբանական վիճակից բացի մի շատ ավելի կարևոր ոլորտ կա, որը պայմանավորում և վերահսկում է անհատի տարիքային ինքնագիտակցությունը և հետևապես՝ օրգանիզմի ժամանակացույցը: Իբրև հոգեբույժ և հոգեթերապևտ, ինձ ավելի համակրելի է թվում այն տեսակետը, որի համաձայն մարդն այնքան տարեկան է, ինչ տարիք, որ ինքը վերագրում է իրեն: Սա ավելի դինամիկ և գործուն հայացք է ծերության, վաղաժամ ծերանալը կանխելու և երկարակեցության հարցերի վերաբերյալ:

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ