Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Սոցապ պատասխանատուի դեպքը...»․ ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

 

Պատմեմ ձեզ մի այսպիսի դեպք, մանավանդ, որ բավական զավեշտալի և իրական դեպք է՝ նաև իմ մասնակցությամբ, կարելի է ասել նաև՝ իմ բեմադրությամբ։

Ուրեմն, կառավարության շենք եմ մտնում՝ աշխատանքի։ Անցակետում ոստիկանը, համբերությունը գրեթե կորցրած, մի կնոջ բացատրում է, որ առանց անձնագրի, անձը հաստատող փաստաթղթի՝ նախարարություն մուտքն արգելվում է, իսկ կինը, այդ ամենից անտեղյակ, փորձում է համոզել ոստիկանին՝ իրեն թույլատրել, քանի որ Վանաձորից է Երևան հասել, և ոչ մի փաստաթուղթ էլ  մոտը չկա։

Մոտենում եմ, ոստիկանը մի կողմ է քաշվում՝ տեղ տալիս, որ ես անցնեմ։ 

Անցնում եմ, մեկ էլ կինը իմ հետևից․

- Ախպեր ջան, ո՞ր հարկ ես բարձրանում։

- Ութերորդ,- ասում եմ։

- Որ խնդրեմ, սոցապ կմտնե՞ս։

- Կմտնեմ, ասե՛ք։

- Ես իմ ինվալիդ երեխայի թոշակի համար եմ եկել, Վանաձորի գյուղերից եմ, պասպորտ չունեմ մոտս, սրանք էլ ներս չեն թողնում, էդ թոշակի մարդուն ասես՝ մի քանի րոպեով իջնի, բան ունեմ ասելու։

- Լավ,- ասացի,- կփորձեմ։

Սոցապում գտա համապատասխան պատասխանատու անձին, որը մի քանի թղթապանակ թևատակին՝ տեղ էր պատրաստվում գնալ։ Առաջին հայացքից հասկացա, որ տվյալ պատասխանատուն ոտից գլուխ՝ ալիմենտ վճարող է։

Ներկայացա, բացատրեցի ինչն ինչոց է և խնդրեցի իջնել ու լսել կնոջ բողոքը։

Անմիջապես բռնկվեց։

- Ես էդ կնոջը կարծեմ պատասխանել եմ, ինչո՞ւ է նորից եկել, չգիտեմ։

- Միգուցե մեկ ուրիշի՞ն եք պատասխանել․․․

- Լավ, - ասաց, - մի քսան րոպեից կիջնեմ, ի՞նչ արած։

Ես իջա առաջին հարկ, որ կնոջն իրազեկեմ։

Կինը հետուառաջ քայլելով մենախոսում էր՝ մի ձեռքը գոտկատեղին։ Շատ արտիստիկ էր նրա մենախոսությունը, շարժուձևը, անտարբեր անցուդարձողներին ուղղված հայացքը։ Հեռվից չէր լսվում, թե ինչի մասին կամ ում է ուղղված իր խոսքը։

Մի պահ կանգնեցի ու սկսեցի հետևել տիկնոջը։ Կինը հայացքը շրջեց դեպի մուտքի դռները, որտեղից այդ պահին ներսուդուրս անողների մեջ ինչ-որ մի երիտասարդ տիկին, ոտքից գլուխ խնամված, երեխայի ձեռքը բռնած ներս մտավ ու առանց վարանելու գնաց դեպի անցակետը։ Կինը մի կրունկի վրա պտտվելով, հայացքով ուղեկցեց տիկնոջը, իսկ ոստիկանը մի կողմ քաշվեց, ճանապարհ տվեց տիկնոջը՝ մի տեսակ հարգալից ժպտալով։

Լոռեցի կինը ձեռքը զարկեց ազդրին ու գլուխը տարուբերեց։ Քիչ հեռվից դիմեց անցակետի ոստիկանին։

- Ընկե՛ր միլիցիա, - ասաց, - էն որ գնում եմ հողը մշակելու, որ դու ուտես, պասպորտս ծոցս դրած եմ գնո՞ւմ, հա՞։ Ես իմ գեղի միջումը նստած՝ ի՞նչ իմանամ, որ իմ հաշվին ապրողի մոտ պիտի պասպորտով ու դեռ մի բան էլ խնդրելով, աղաչելով գամ․․․

Անմիջապես հասկացա, որ կինը բնածին տաղանդով է օժտված։ Նա ինձ տեսնելով լռեց ու համակ ուշադրությամբ աչքերով սկսեց ուղեկցել ինձ, թե ինչպես եմ մոտենում անցակետին։ Ոստիկանին խնդրեցի, որ կնոջը թույլ տա հարթակ բարձրանալ։

- Մի տասնհինգ րոպեից կիջնի, - ասացի։

- Հողերս դրանց գլխին, - ասես իր արտիստիկ մենախոսությունը շարունակելով ասաց կինը,-  կյանքս կերան դրանք, իբր հոգսս քիչ ա, նազուտուզով են խոսում մարդկանց հետ։ Սաղ սութ ա, մարդ պըտի բախտ ունենա, ախպեր ջան։ - Ասա տեսնամ։

- Քիչ հետո կգա, - ասացի տիկնոջը՝ վայրկյան առաջ հանդարտեցնելու համար, ու մտերմաբար անցա դու-ի։

- Հիմա որ էդ պաշտոնյան իջնի, հարձակվողական կեցվածքո՞վ ես հետը խոսելու, թե՞ հաշտվողական, - հարցրի՝ տեսնեմ թե ինչ կպատասխանի։

- Ինչի՞ ես հարցնում, իմ ախպեր։

-Նախարարություններում կարգ կա որոշված, թե շահառուները ինչ կեցվածքով պիտի իրենց հարցերն ուղղեն պատասխանատուներին։

- Օրինակ ո՞նց։

- Եթե հարցերդ պարզաբանելու համար հարձակվողական մտքով պիտի դիմավորես պաշտոնյային, ապա ձախ ոտքդ փոքր-ինչ առաջ պետք է գցես, ձեռքերդ կոնքատեղիդ պահած, գլուխդ բարձր, հոնքիդ մեկը բարձր, արհամարհական ծուռ ժպիտը շրթունքներիդ անկյունում ու հանդիպելուց մի լավ ոտքից գլուխ դանդաղ, աչքերով պիտի չափես պաշտոնյային՝ հագուստի, իր կեցվածքի, տեսքի, արտահայտության մեջ անպայման թերություն հայտնաբերելու մտադրությամբ։

- Քա ինչի՞։

- Քեզ օգնելու համար եմ ասում, որ գործդ գլուխ գա։ Հիմա ուշադիր լսի, թե ինչ եմ ասում։ Սկզբից պետք է բյուրոկրատին խեղճացնել ու նոր անցնել քեզ հետաքրքրող հարցին, եղա՞վ։ Ուրեմն, հենց մի բան նկատում ես թե չէ, էդտեղից էլ սկսում ես։ Մի լավ քննադատելուց հետո նոր՝ բողոքդ ես ներկայացնում։ Իսկ եթե հաշտվողական է տրամադրությունդ, որ պատասխանատուն ինքն է իր ոտքով իջել քեզ մոտ, ապա նույն կեցվածքն ես ընդունում, միայն այս անգամ աջ ոտքդ ես առաջ դնում, ձեռքերդ ու մարմնիդ կեցվածքը նույնը պահելով, իսկ արհամարհական ժպիտը փոխարինում ես բարեկամականի։ Հասկացա՞ր։

Կինը, քիչ թեքված դեպի ինձ, մի ձեռքը կոնքին, մյուսը կիսաբաց բերանին, հարցականով հարցրեց։

- Ախպերս, դու էստեղ ի՞նչ ես աշխատում։

- Ես այս նախարարությունների պատասխանատուների և շահառուների հանդիպումները կազմակերպելու արարողակարգի գլխավոր փորձագետն եմ, - ասացի։

- Հաա՞։

- Հաստատ։

Հենց այդ պահին վերելակի դռները բացվեցին, դուրս եկավ պատասխանատուն ու քայլերն ուղղեց դեպի մեզ։ Աչքով-ունքով հասկացրի, որ օբյեկտը մոտենում է, պահն է համապատասխան կեցվածք ընդունելու։

Ես մի քիչ կողմ քաշվեցի, պատասխանատուին էլ գլխի շարժումով ցույց տվեցի, թե ում հետ պիտի գործ ունենա։

Ասում են, որ կանանց համար տհաճ է տղամարդկանց փնթի ու կեղտոտ հագուստներին նայելը։ Դա նրանց պատվին դիպչում է մի տեսակ։

Տիկինն անմիջապես մտավ իր դերի մեջ՝ ինչպես խորհուրդ էի տվել։ Դեռ հեռվից սկսեց տնտղել պատասխանատուին։ Երբ արդեն դեմ դիմաց էին կանգնած, տիկինը սկսեց։

- Էս ինչ ա, գյաջի գորձարանից ես դուրս էկե՞լ, որ կոշիկներիդ վրա մի մատ թոզ կա նստած, հը՞։ Բա շալվարը՜դ, մի շալվարին նայեք, այ մարդի՛կ, - ցուցամատը վեր տնկեց ու աչքի պոչով ինձ նայեց, իսկ ես հավանության նշան արեցի, - էդ խանութից որ առել ու վրադ ես քաշել, քանի՞ տարի կլինի, որ ոչ լվացվել է, ոչ էլ արդուկի երես տեսել, կասե՞ս իմանամ, իմ պահած-շահած ախպեր։ Կամ էդ գալըստուկդ, որ վզիդ ես փաթաթել ու ինտելիգենտավարի գալիս էս շենքն ես մտնում, կարող ա՞ քանդելն ու նորից կապելը չգիտես կամ արդեն մոռացել ես, բա ասա՝ սովորացնե՜նք։ Էլ սառոչկիդ վարատնիկի սևությունից չխոսամ։ Հան շորերդ, հա՛ն, տանեմ ձեռքիս հետ լվանամ, արդուկեմ, բերեմ հագցնեմ, բա աշխատում ենք ձեզ պահում, մի շոր լվանալն ի՞նչ ա, որ չլվանամ։

Պատասխանատուն շփոթվել, կարկամած կանգնել մնացել էր։ Վերջապես ձայն հանեց՝ թուքը մի կերպ կուլ տալով։

- Ի՞նչ ա ուզածդ, այ կնիկ։

- Ուզածս էն ա, որ իմ երեխան ծննդատնից ինվալիդ ա դուրս եկել, թոշակ էին նշանակել, հիմի էս քանի ամիս ա չեք տալիս։

- Կարգն ա էդպես, պիտի բերեք կամիսիա անցնի։

- Էրեխու ոտքերն ու ձեռքերը, ինչպես ծնվել ա, թույլ են, տասնհինգ տարին հերիք չեղա՞վ, որ համոզվեք։

- Ի՞նչ ասեմ, - ուսերը վեր քաշելով ասաց պատասխանատուն - օրենք ա։

- Ուժս չի հերիքում շալակեմ բերեմ, բալքի նախարարիդ հետ մեր տո՛ւն գաք, կարտոշկա կխաշեմ՝ կհյուրասիրեմ, տան քաշած արաղից էլ կտամ։

- Լավ, - ասաց պատասխանատուն, - արի բարձրանանք վերև, տեսնենք ինչ կասեն։

Կինն ինձ աչքով արեց ու պատասխանատուի հետ գնացին դեպի վերելակը։

 

2008 թ․

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ