Կարինե Աշուղյան
Կարինե Աշուղյան

 

Մշեցի հորս

շիտակությունը

և լոռեցի

մորս

միամտությունը,

երևի, իմ ներսի

այն երկու

Ձկներն են,

որոնց աստղի

տակ ծնվել

և ապրում եմ,

ահա,

խաղաղության

և պատերազմի,

սիրո և խռովքի,

ցնորքի և ցասումի

իմ բաժին

ժամանակը :

 

Որովհետև

նույնիսկ

իր խռով ու

համր օրերին

ու ամիսներին

Բանաստեղծությունը

շրջանառվում է

արյանդ մեջ

և  հանկարծ

ծիկրակելով

ժպտում

արձակի,

հոդվածի

ու  երկտողի

ժլատ տողերից,

քո սիրո և

ատելության

վայրկյաններին,

աղոթքի

ներսից և

նույնիսկ

առտնին

գործերի

ամեն

անկյունից:

 

Սիրում եմ

որդուս՝

որպես

իմ

ամենա

գերազանց

Բան-ա-

-ստեղծության,

զվարթությամբ

ապրեցնող

ճակատագիրս՝

Amor fati:     

 

ԱՆԵՐԲ ՍԵՐ

 

ԱՆԵՐԲ ՍԵՐ

 

Աներբ սեր

 

Տեր իմ, ի՞նչ անեմ ինձ հավատարիմ, 
սիրտս չլքող քնքշանքներիս հետ,
Տեր, ես ո՞նց ստիպեմ-սովորեցնեմ ինձ՝
փառաբանության իմ աղոթքներով
ոչ թե տաճարը՝ անգմբեթ-ավեր՝
այլ շիրմածաղկի տունկը ողողել, 
Տեր, օգնիր՝ կուլ տամ հեծկլտանք ու ճիչ, 
երբ քո պատկերով, սակայն ոչ նման՝
մարդիկ, ում կյանքը եղծ/վ/ելն է միայն, 
ծաղրում են Սերը՝ իրենց չտրված. 
կաղը ծաղրում է քայլքը սիգաճեմ, 
կույրը՝ գույները, խուլը՝ մեղեդին, 
օձը՝ թևերն ու ճախրանքը թռչնի- 
Տեր, փրկիր նրանց՝ հոգի նվիրիր
այդ՝ միայն մարմին, այդ չնչիններին:

Տեր իմ, ի՞նչ անեմ ինձ հավատարիմ, 
սիրտս չլքող քնքշանքներիս հետ,
Տեր, ինչպե՞ս պահեմ իմ մի բուռ սրտում՝ 
գգվող-համբուրող, բայց և ծվատող՝ 
տարաժամ-անժամ իմ քնքշանքների՝ 
այս ահեղ ու հեզ օվկիանոսները:

Թե կարողանայի բացել իմ սիրտը, 
Կհասներ երկնին ամենավերին 
անապատների ծաղկաժպիտը:

 

ԱՍՏՂԻԿԻ ԵՐԱԶՆԵՐ

 

Ինձանից առաջ իմ երազները 
աստվածներն էին տեսնում երևի, 
հրաբորբ գիշեր ու ցերեկներին, 
երբ մենք գիտեինք, որ Արարատի 
հայացքն է գծում եզրը դրախտի.

Տեսնես հիմա ո՞ւմ, ո՞ր երջանիկի 
Սերն է անրջում Աստղիկը աննինջ:

 

ՀԱՄԲՈՒՅՐԻ ՀՈՒՇ
 

«Ես ճաշակեցի արևի համը. 
լցվեցի լույսի անուշաբույրով,
թող քաղեմ անվերջ քո շրթունքներից, 
ըմպեմ արևը ու բույրը լույսի»՝

 
երբ ասում էիր մեր սիրո ծեսին, 
խոտերի միջից ծիկրակում էին 
կարմիր կրակե փոթորիկներից 
խելքամաղ-արբուն ալ խաշխաշները

Հետո, երբ որ դու չկայիր հանկարծ, 
շուրթերիս վրա մնաց դրոշմը 
արև ու լույսի մարմրող հուշի:

Եվ ....խաշխաշների հայացքն աղեխարշ:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Սանրվածքս փոխելուց,
կտրել-ներկելուց 
հազար անգամ հետո էլ
մազերս նորից ձգվում են վեր՝ 
թաքուն ճերմակող ժպիտով 
հիշում են փաղաքշանքներդ
թել
առ
թել:

 

ՀՈՒՇԿԱՊԱՐԻԿ

 

Մի օր պիտի լքես դղյակը սիրո, 
մի օր՝ եղանակների զվարթ լույսը ջնջող,

երբ սիրելիդ մեկնում է հանկարծ

քեզ թողնելով  մենակ 
դուռը  զգույշ թակող 
առաջին մեղմանուշ հուշկապարիկի հետ, 
հետո՝ նորանոր հուշկապարիկներ, 
թովիչ հուշեր երգող,

ցնծուն հուշեր պարող       
հուշկապարիկներ՝ արդեն մշտաբնակ:

Իսկ գուցե ի՞նքս դարձել եմ վաղուց  
հուշկապարիկը ամենամոլոր և հուշակորույս:

 

ՄԻԱՄԻ՞Տ ԵՄ

 

Ո՛նց ես հավատում 
դեռ հրաշքների՝ 
զարմանում էիր:

Դու՝ գիշեր ու տիվ՝ 
քնած-արթմնի 
երազներում իմ. 
հրաշքն էլ ուրիշ 
ինչպե՞ս է լինում:

 

ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿ 

 

Տարվա չորս

և  կամ միջանկյալ

Անվերջ  եղանակներին՝

Անձրևից    անձրև,

ձյունից մինչև  ձյուն,

քամուց մինչ  քամի,

տոթից մինչև տոթ,

երկրի քարտեզի չորս

եւ  կամ միջանկյալ

բոլոր կողմերին

նշված-աննշմար

կետերի միջև-

Մենակությունն  էր:

 

Եվ թեև

 

Եվ թեև որերրորդ  աշունն է,

այս այգում ամեն ինչ դեռ նույնն է.

ծառերի ճյուղերին գրկաբաց ՝

մեր սերը վայելած-ունկ դրած

այն թռչնի ձագերն են նորանոր 

թևածում, երգում, ճռվողում՝

արևի  սիրուց   խելքամաղ:

Ես գիտեմ թռչնային այդ լեզուն.

մեր կորած բառերն են՝ թարգմանված:   

 

Ծաղիկներն ու կինը 

 

Կինը, ում տոնի առթիվ ծաղիկ չէին նվիրել,
անհամբեր սպասում էր վաղվան. 
երջանիկներին նվեր չդարձած,
էժանացած-կիսաթոշնած-սպասումից հոգնած
և բույրը կորցնելու վախից գունատված՝
ծաղիկները հիմա ծաղկի կրպակներում
նույն կերպ սպասում են վաղվան...

Ծաղիկներն ու կինը 
վաղն իրար գրկում 
մի կուշտ կարտասվեն
և կուշաթափվեն: 
Եր-ջան-կու-թյու-նից:

 

Այն աներազ գիշեր 

 

Երազում ես հաճախ 
սառուցյալ ծովն ընկած՝
խեղդվում էի անհույս, 
սակայն սառցաջուրը 
ջերմանում էր հանկարծ, 
քնքուշ հանում ինձ ափ:

Պատմում էիր հետո, 
որ նույն գիշերն ևեթ, 
հրդեհ-երազիդ մեջ,
մոխրանալու շեմին, 
քեզ հանկարծ զով ու խենթ 
անձրևներն են ցողել:

Այն աներազ գիշեր 
չփրկեցինք իրար:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարինե Աշուղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ