ՄԵՆՔ

 

 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի հիմնադիրն է.

Հակիրճ կենսագրություն

Ծնվել է 1964 թվականի մարտի 31-ին, Երևանում:

Լրագրողական առաջին քայլերն արել է 80-ական թվականների սկզբներին՝ թղթակցելով hայկական ռադիոյի մանկապատանեկան և երիտասարդական հաղորդումների խմբագրություններին: Առաջին հոդվածները հրապարակվել են «Գյուղատնտես» բազմատպաքանակ և «Ավանգարդ» երիտասարդական թերթերում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Երեկոյան Երևան» թերթի մշակույթի բաժնում:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադիրներից է, եղել է թերթի ինֆորմացիայի բաժնի վարիչը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կոլեգիայի անդամ, հեռուստատեսության լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրենը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրենը, «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալը, «90 րոպե» և «Կապիտալ» բիզնես շաբաթաթերթերի հիմնադիրներից,  միացյալ խմբագրական խորհրդի գլխավոր խմբագիրը:

2001-2019 թվականներին աշխատել է հանրային կապերի (PR), մարքետինգի, թվային մարքետինգի ոլորտներում:

2016 թվականից իր կողմից հիմնադրված «Հայեր» համահայկական մեդիահարթակի՝ thearmenians.am-ի գլխավոր խմբագիրն է:

2017 թվականի նոյեմբերից համատեղությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդականն է, 2020 թվականի հունվարից՝ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրենը:

2019 թվականին որպես «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» խորհրդատու և փորձագետ մասնակցել է «Կինոարվեստի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը՝ լինելով Եվրոպական միության աջակցությամբ «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» կողմից օրենքի նախագծի մշակման փորձագիտական խմբի համակարգողը:

Հիմնադրել է առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքը, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ հիմնադրել է «Web Ծիրան» առաջին համահայկական առցանց կինոփառատոնը:

Ուսումնառություն

Սովորել է Երևանի Կռիլովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցում (այսօր՝ Վրեժ Համբարձումյանի անվան հիմնական դպրոց), Հայաստանի ժուռնալիստների միության Ֆուչիկի անվան ժուռնալիստի դպրոցում, Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում՝ (այսօր՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան), ստանալով ֆրանսերեն և անգլերեն լեզուների մասնագետի որակավորում:

Աշխատանքային գործունեության մանրամասներ

1983 թվականից՝ որպես արտահաստիքային թղթակից, սկսել է աշխատակցել «Երեկոյան Երևան» թերթին՝ զուգահեռելով այն ուսման հետ: 1986-1990 թվականներին՝ չթողնելով աշխատանքը «Երեկոյան Երևան» թերթում, որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ է աշխատել Արարատի մարզի Շաղափ գյուղի միջնակարգ դպրոցում: 1989-1990 թվականներին եղել է «Երեկոյան Երևան» թերթի մշակույթի բաժնի խմբագիրը:

«Երեկոյան Երևան» թերթում աշխատանքի ավելի քան 7 տարիների ընթացքում լուսաբանել է հայաստանյան մշակութային կյանքը, մասնավորապես անդրադառնալով կինոյի, թատրոնի, կերպարվեստի խնդիրներին: Միայն «Երեկոյան Երևան» թերթում ունի կինոյի, թատրոնի, կերպարվեստի խնդիրներին նվիրված ավելի քան 850 հրապարակում:

1990 թվականի հոկտեմբերին նշանակվել է նորանկախ Հայաստանի ՀՀ Գերագույն Խորհրդի պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ինֆորմացիայի բաժնի ղեկավար: Զբաղվել է քաղաքական լրագրությամբ: Արտաքին և ներքին քաղաքական խնդիրների մասին ունի մի քանի տասնյակ հրապարակումներ:

1992-1995 թվականներին նշանակվել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության հեռուստատեսային լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրեն՝ ընդգրկվելով ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի կազմում:

1995-1998 թվականներին եղել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրենը`ղեկավարելով  գործակալության բոլոր բաժինների և թղթակցական ցանցի աշխատանքը տեղեկատվության հավաքման, մշակման և թողարկման ուղղությամբ:

1998 թվականի մարտից մինչև սեպտեմբեր եղել է «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:

2000 թ. հունվարին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ  կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ: Այդ պաշտոնում համակարգել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության, Հայաստանի Ազգային ռադիոյի, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի, «Հայմամուլ» գործակալության աշխատանքները, ի պաշտոնե լինելով այդ ընկերությունների խորհուրդների նախագահը:

Հանրային կապերի (PR) ոլորտում գործունեությունը

2001 թվականին թողնելով ժուռնալիստական գործունեությունը, շարունակել է աշխատանքը հանրային կապերի (PR), մարքետինգի, թվային մարքետինգի ոլորտներում, ծրագրել և իրագործել է հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նախագծեր:

Եղել է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահի խորհրդականը հանրային կապերի և գովազդի գծով՝ մշակել և իրականացրել է «Սիլ» կոնցեռնի ընկերությունների գովազդային քաղաքականությունը:

2004-2007 թվականներին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշանակվելով մամուլի քարտուղարի պաշտոնում: Ոլորտը ընդունելով որպես նոր մարտահրավեր, հիմնադրել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, հանրային կապերի և մարքետինգի համակարգը:

2007 թվականին հանրային կապերի գծով խորհրդականի պաշտոն է զբաղեցրել «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ նախագծելով և իրականացնելով մի շարք սոցիալական, առողջապահական քարոզարշավներ:

2007-2010 թվականներին նշանակվել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» վարչության նախագահի և գործադիր տնօրենի խորհրդական՝ հանրային կապերի գծով: Նախագծել և իրականացրել է բանկի ռեսթայլինգի ծրագիրը, գովազդային, մարքետինգային քաղաքականությունը:

2007 թվականին մասնակցել է USAID-ի կողմից անցկացվող «Բանկային հանրային կապեր» և «Ճգնաժամային հաղորդակցության» ծրագրերով վերապատրաստումներին:

2010-2013 թվականներին հիմնադրել է «ԷՅ.ԷՄ. ՄԵԴԻԱ ՊՐՈԴԱԿՇԸՆ» ընկերությունը՝ թվային մարքետինգի ոլորտում, հիմնադրելով  առաջին հայկական մշակութային webtv.am youtube-յան հեռուստաալիքը:

2011 թվականին մտահղացել է Հայաստանում առաջին առցանց կինոփառատոնը և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ հիմնադրել է «Web Ծիրան» առաջին համահայկական առցանց կինոփառատոնը, որը հարթակ է դարձել աշխարհի հայ երիտասարդ ստեղծագործողների համար:

2011-2016 թվականներին կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և որպես նախագահի խորհրդական հանրային կապերի և մարքետինգի գծով,  համակարգել է մամուլի քարտուղարության աշխատանքը: Ծրագրել և իրականացրել է ֆեդերացիայի նոր պաշտոնական մուլտիմեդիոն կայքի և ՀՖՖ TV-ի նախագիծը: 2012 թ. նախագծել և իրականացրել է մարքետինգային նախագիծ, որն արժանացել է ՈՒԵՖԱ-ի «Կրեատիվ և ինովացիոն մարքետինգի» առաջին մրցանակին 35 երկրների շարքում: 2012 թվականին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի «Մարքետինգի և գովազդային քաղաքականության» ծրագիր և ՈՒԵՖԱ-ի «Մարքետինգի և հանրային կապերի» ծրագիր վերապատրաստումներին:

Նույն թվականներին եղել է նաև «Զարգացման հայկական բանկի» վարչության նախագահի և գործադիր տնօրենի խորհրդականը հանրային կապերի և մարքետինգի գծով:

Հեռուստատեսային գործունեությունը

1992-1995 թվականներին Հայաստանի պետական հեռուստատեսությունում (հետագայում՝ Հանրային հեռուստաընկերություն), ստեղծել և վարել է «Կիրակնօրյա Լրաբեր» լրատվական-վերլուծական հաղորդաշարը, «Այցեքարտ», «Անկեղծության պահ» հասարակական-քաղաքական հաղորդաշարերը, լուսաբանել է Հայաստանի Հանրապետության նախագահի պետական, պաշտոնական, աշխատանքային այցերը, վարել է մի շարք հարցազրույցներ:

2010 թվականին «Հայ TV» հեռուստաընկերությունում հիմնել և վարել է «Ինչպես եղել է. Պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» հաղորդաշարը՝ ստեղծելով հեռուստատեսային տեսաֆիլմերի 10 մասանոց շարք՝ անցյալում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, մշակութային այնպիսի իրադարձությունների մասին, որոնք անհայտ են եղել հասարակության մեծ մասին:

webtv.am առաջին հայկական մշակութային youtube-յան հեռուստաալիքում ստեղծել է հասարակական, մշակութային ուղղվածության մի շարք հեռուստատեսային շարքեր՝ մասնավորապես «40 տարի Վազգեն Վեհափառի հետ»», «Հովհաննես Թումանյան. «Լայն նայեք կյանքին»» եռամաս շարքերը և այլն:

Որպես հեղինակ, գաղափարի և սցենարի հեղինակ ստեղծել է ավելի քան տասը հեռուստատեսային ֆիլմեր:

Վերադարձ ժուռնալիստիկային

Թողնելով հանրային կապերի (PR) ոլորտը, վերադառնում է ակտիվ ժուռնալիստական գործունեությանը, թեպետ այն միշտ շաղկապված է եղել կենսագրական բոլոր հանգրվաններին: 2013-2015 թվականներին նախաձեռնել և «Առավոտ» օրաթերթում հրապարակել է հրապարակախոսական հոդվածների շարք: Հոդվածներ է հրապարակել նաև մի շարք այլ առաջատար մեդիաներում:

2014 թվականին կազմել և իր առաջաբանով հրատարակել է «Կար չկար մի Փարաջանով» գիրքը: Թեպետ այն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի հուշերն է, սակայն գիրքը հարստացվել է բացառիկ լուսանկարների շարքով և մի հետաքրքրական նովելով, որի հեղինակն է ուկրաինացի հանրահայտ կինոօպերատոր, Փարաջանովի բացառիկ լուսանկարների հեղինակ  Յուրի Գարմաշը:

Ակտիվ հրապարակախոսական գործունեություն է ծավալել նաև facebook սոցիալական ցանցում:

2016 թվականի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանում հանրային դրամահավաքով հիմնադրել է «Հայեր» համահայկական մեդիահարթակը՝ thearmenians.am-ը, որտեղ էլ շարունակել է ժուռնալիստական գործունեությունը:

Ներկայում

«Հայեր» համահայկական մեդիահարթակի՝ thearmenians.am-ի գլխավոր խմբագիրն է, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդականը, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրենը:

Նախնիները, ծնողները

Նախնիները՝ հայրական կողմից, Նոր Բայազետից են, Գանձակ (նախկինում՝ Բատիկյան) գյուղից: Սերելով Ջանիկյան տոհմից, հայտնի են եղել «Ջանգի» տոհմանվամբ: Տոհմի շարունակությունը սակայն ճյուղավորվել է Օհանյան և Մանուկյան ազգանուններով: Հայրը՝ Աքիլլես (Ֆռունզ) Մանուկյանը, ծնվել է 1938 թվականին, Գանձակ գյուղում, պատմության և հայոց լեզվի ուսուցիչներ Գվիդոն Օհանյանի և Վիկտորյա Սահակյանի ընտանիքում: Երևան է տեղափոխվել 50-ական թվականների սկզբներին:

Մայրը՝ Ռիմա (Գրետա) Ռոստոմյանը, ծնվել է 1937 թվականին, Երևանում, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ծնված Հովհաննես Բաղդասարի Ռոստոմյանի ընտանիքում: Հովհաննես Ռոստոմյանը Երևան է տեղափոխվել 30-ական թվականների սկզբներին, ամուսանցել է ամերիկյան որբանոցում մեծացած, ըստ անձնագրի՝ Ղարսում ծնված Վարսենիկ (Կլարա) Պետրոսյանի հետ: 

Ամուսնացած է: Կինը՝ Անժելա Հովհաննիսյան: Ունի մեկ որդի, մեկ դուստր, երկու թոռնիկ: Որդին՝ Նարեկ Արայիկի Մանուկյան, դուստրը՝ Լիլիթ Արայիկի Մանուկյան: Թոռնիկները՝ Դավիթ և Լևոն:

Անկուսակցական է: Երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ:

Կոնտակտային տեղեկություններ

[email protected]

Հեռ. 091 27 07 76, 094 27 07 68       

 

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ