ՎԱՐՔԱԿԱՆՈՆ
ԿԱՄՈՎԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ այս վարքականոնի շուրջ ՄԵՆՔ ՄԵԶ հրապարակայնորեն ներկայացնում ենք պահանջներ եւ պարտավորվում ենք հստակորեն կատարել դրանք:
ՄԵՐ ԸՆԴՈՒՆԱԾ վարքականոնում ամփոփված են պրոֆեսիոնալ, մասնագիտական, էթիկական կանոններ, վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմեր, Սոցիալական Մեդիայի հետ հարաբերվելու դրույթներ, որոնք ԻՆՔՆԵՐՍ ՈՐՊԵՍ ԹԻՄ պարտադիր ենք համարում ՄԵԶ ՀԱՄԱՐ:
Մենք ցանկանում ենք նաև մեր ընթերցողներին ծանոթացնել աշխատանքի, փոխհարաբերությունների մեր թիմի սկզբունքների հետ, որովհետև մենք կարևորում ենք այդ հարաբերությունները:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում նյութ հեղինակող օգտատերերի համար մենք առանձին մշակել ենք ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, որոնք բխում են մեր թիմի մոտեցումներից:
Պրոֆեսիոնալ, մասնագիտական, էթիկական կանոններ
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում մենք հրապարակելու ենք բացառապես ստուգված, հավաստի, նվազագույնը երկու կողմերի հետ ճշգրտած տեղեկություններ, փաստարկված, պրոֆեսիոնալ կարծիք և տեսակետ, խորքային վերլուծություն՝շարադրված հարգալից, բարեկիրթ տոնով, չաղարտված լեզվով:
Մեր բոլոր նյութերը՝ լուր, խրոնիկա, ակնարկ, էսքիզ, էսսե, տեսություն,հարցազրույց, հրապարակախոսություն, ռեպորտաժ և այլն խստորեն համապատասխանելու են տվյալ ժուռնալիստական ժանրերի և որակյալ բովանդակության պահանջներին:
Եթե անձանց կամ կազմակերպությունների մասին մեր նյութերում լինեն փաստեր, որոնք տվյալ անձինք կամ կազմակերպությունները կհամարեն բացասական տեղեկատվություն իրենց մասին, նրանք իրավունք կունենան պարզաբանում կամ պատասխան տալ նույն սկզբունքով՝ փաստերով հերքելով մեր նյութերում ներկայացվածը:
Մենք չենք արտահայտում որեւէ քաղաքական խմբի, որևէ տիպի տնտեսական, կրոնական, այլ խմբավորման, միավորման կամ կառույցի տեսակետը կամ շահը:
Մենք բաց ենք բոլոր քաղաքական, տնտեսական, կրոնական այլ հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք և համապատասխանում են մեր ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ, ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ ստորագրությամբ նյութերը չեն արտահայտում խմբագրության միասնական տեսակետը եւ որեւէ ձեւով չեն ազդում այլ նյութերի ուղղվածության վրա: «ՀԱՅԵՐ» մեդիահարթակ ստորագրությամբ նյութերի համար մենք կրում ենք նույնպիսի պատասխանատվություն, ինչպես «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի մյուս բովանդակությունների համար:
Մենք հակված ենք կորպորատիվ պատասխանատվության մեդիայի դաշտում, բայց սա չի նշանակում, որ այլոց կողմից կորպորատիվ պատասխանատվությունը խախտելու պարագայում մեզ զրկում ենք արձագանքի իրավունքից:
Մենք պատրաստ ենք հարգել զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, ազգանունը, տրամադրած տեղեկատվության աղբյուրը, չհրապարակել off-the-record ձևաչափի զրույցներում հայտնած տեղեկությունները:
Վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմեր, Սոցիալական Մեդիայի հետ հարաբերվելու դրույթներ
Նկատի առնելով, որ Սոցիալական Մեդիան այսօր մեծ տեղ և կարևորություն է ձեռք բերել մեր առօրյա կյանքում, և մենք մեր ժամանակի մի զգալի մասն անցկացնում ենք սոցիալական ցանցերում, իսկ մեր ժամանակը բաղկացած է նաև մեր աշխատանքային օրը սահմանող ժամանակահատվածից, որի ընթացքում էլ իրականացնում ենք մեր պրոֆեսիոնալ գործունեությունը, մենք կամովին համախմբվել ենք նաև Վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերի, Սոցիալական Մեդիայի հետ հարաբերվելու դրույթների շուրջ:
Մենք համաձայն ենք, որ Սոցիալական Մեդիայում ընդգրկված լինելու հանգամանքը, նաև պրոֆեսիոնալ գործունեության տեսակետից, օգնում է արագ և անմիջական կապ հաստատել գործընկերների հետ, խորացնել համագործակցությունը ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև, ստանալ հետաքրքրող տեղեկատվություն, ընդլայնել ծանոթությունների, հետևողների լսարանը և այլն:
Սակայն ընդունում ենք նաև, որ Սոցիալական Մեդիան անտեսանելիորեն ջնջում է անձնականի և պրոֆեսիոնալի սահմանները, որը կարող է վտանգավոր լինել Մեր, Մեր աշխատանքային գործընկերների և Մեր գործատու կազմակերպության հեղինակության, անվան, գործարար համբավի խաթարման տեսակետից և պարունակել ռեպուտացիոն ռիսկեր և ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ նրա համար է, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից:
ԿԱՆՈՆՆԵՐԸ վերաբերվում են մեր թիմի բոլոր անդամներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որոնք գործում են Սոցիալական Մեդիայում և ունեն բովանդակություն ստեղծելու, տեղեկատվություն տարածելու, հրապարակում անելու, այս կամ այն տեղեկատվությունը, նյութը, հրապարակումը, լուսանկարը կամ աուդիո-վիզուալ այլ բովանդակություն հավանելու, տարածելու, մեկնաբանելու (այսուհետ՝ գործողություն) հնարավորություն՝ լինի դա Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում, Instagram-ում, Google+-ում, Reddit-ում, Pinterest-ում և այլ Սոցիալական Մեդիայում:
Մենք որևէ կերպ չենք խրախուսում Սոցիալական Մեդիայի օգտագործումը անձնական պահանջմունքների համար, որն առաջին հայացքից չի առնչվում մեր պրոֆեսիոնալ գործունեության հետ, բայց կարող է պարունակել գործողություններ՝ որը կարող է խաթարել մեր պրոֆեսիոնալ գործունեության հեղինակությունը:
Այն հանգամանքը, որ Սոցիալական Մեդիան անձնական տվյալների դաշտում թույլ է տալիս զետեղել մեր մասին որոշակի տեղեկատվություն՝ այդ թվում և աշխատանքի տեղի, պաշտոնի մասին նշում, և որը մենք անում եք որպես ազնիվ օգտատեր, մեր ակտիվությունը Սոցիալական Մեդիայում որոշակի առումով դարձնում է մեր պրոֆեսիոնալ գործունեության մաս:
Ելնելով այս հանգամանքից, մեր հիմնական պահանջն է՝ չանել ոչ մի չկշռադատված քայլ՝ տրվելով զգացմունքայնությանը, որոշակի պահերի թելադրանքներին, հանրային կամ սոցիալական ակտիվությունների առաջացրած տրամադրություններին: Չնայած, որ մենք կարող եք կարծել, որ մեր գործողությունը Սոցիալական Մեդիայում սահմանափակել ենք և այն հասանելի է որոշակի շրջապատի միայն՝ ելնելով կարգավորումների թույլ տված հնարավորություններից, կամ դա դիտարկում ենք որպես զուտ անձնական գրառում, այնուամենայնիվ, մեր գործողությունները՝ թեկուզ միջնորդավորված, կարող են հասանելի լինել յուրաքանչյուր մարդու: Մենք պետք է հիշենք, որ ունենք պրոֆեսիոնալ գործունեություն և գործնեք ըստ այդմ:
Անկախ թիմում զբաղեցրած պաշտոնից, մենք չենք տարբերվում միմյանցից և սա պարտավորեցնում է, որպեսզի մեր գործողություններն անելիս չստեղծեք տպավորություն, որ մենք գործում ենք մեր պրոֆեսիոնալ գործունեության անունից: Ցանկացած էական գործողության դեպքում պետք է հստակորեն մատնանշենք, որ դա մեր անձնական կարծիքն է և որևէ կապ չունի մեր պրոֆեսիոնալ տեսակետի, կարծիքի, դիրքորոշման հետ:
Հոդվածներով, նյութերով, այլ բովանդակությամբ կիսվելը սոցիալական Մեդիայի անբաժանելի մասն է: Մենք հաշվի ենք առնելու, որ դա կարող է տպավորություն ստեղծել, որ տվյալ նյութի բովանադակությունը հավանության ենք արժանացրել մեր պրոֆեսիոնալ գործունեության տեսակետից:
Մենք պարտավորվում ենք որևէ կերպ չարտահայտել մեր քաղաքական նախապատվությունները կամ անել որևէ գործողություն, որը կհուշի մտածել, որ մենք ներկայացնելով Մեդիա, այն չեք դիտարկում որևէ քաղաքական ուղղվածությունից կամ որևէ մեկի քաղաքական շահից վեր երևույթ, հակված ենք մեր քաղաքական կողմնորոշումները, համակրանքները և հակակրանքները, տրամադրությունները տարածել այս կամ այն երևույթի վրա:
Սոցիալական Մեդիայի ոչ ֆորմալ բնույթը որևէ կերպ մեզ՝ որպես օգտատիրոջ, թույլ չի տալիս իրականացնել նաև զարտուղի գործողություններ, քանի որ այդ գործողությունները նույնպես կարող են դիպչել մեր պրոֆեսիոնալ գործունեության վարկին:
Մենք պարտավորվում ենք նաև Սոցիալական Մեդիայում չգործել որպես անանուն օգտատեր և կատարել գործողություններ անանուն օգտատիրոջ կողմից, էջով կամ պրոֆայլով:
Մենք պարտավորվում ենք որևէ կերպ չհրապարակել այն տեղեկատվությունը, որը մեզ հայտնի է դարձել մեր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելու բերումով, և այդ տեղեկատվության հրապարակումը, տարածումը չի հանդիսանում մեր պրոֆեսիոնալ գործունեության մաս:
Մենք չենք քննադատելու մեր թիմի գործընկերներին: Առավել ևս, չենք վիճարկելու մեր թիմի այն գործընկերների գործողությունները, որոնք նրանք իրականացրել են իրենց պրոֆեսիոնալ գործունեության իրականացման թելադրանքով:
Մենք զգուշությամբ ենք վերաբերվելու այն տեղեկատվությանը, որը կարող է վնասել մեր գործընկերներին, մեր գործատուին:
Մենք ուշադիր ենք լինելու մեր գտնվելու վայրը կամ մեր տեղաշարժը արձանագրող հնարավորությունների կիրառումից Սոցիալական Մեդիայում: Դրանք նույնպես կարող են վնասել մեր գործընկերներին, մեր գործատուին:
Ընդունում ենք, որ եթե ունենք անձնական օնլայն հարթակներ, օրինակ՝ բլոգ և այլն, և զգում ենք, որ մեր հետաքրքրությունների առումով կարող է հասունանալ կոնֆլիկտային իրավիճակ մեր աշխատանքային պրոֆեսիոնալ գործունեության իրականացման հետ, քննարկենք դա մեր գործատու ընկերության պատասխանատների հետ:
Ընդունում ենք նաև, որ Սոցիալական Մեդիայում որևէ գործողություն անելուց առաջ անպայման օգտվենք Սոցիալական Մեդիայի «ոսկե» կանոնից՝ «աչքերի երկրորդ զույգի» դիտարկումից՝ բացառությամբ այնպիսի հրատապ դեպքերի, որտեղ հապաղելը կարող է էական վնաս հասցնել:
Համաձայն ենք, որ եթե մեզ հայտնի է դարձել որևէ անհետաձգելի, հրատապ նորություն, որը մենք կարծում եք, որ նպատակահարմար է տարածել սոցիալական Մեդիայում՝ ելնելով մեր պրոֆեսիոնալ գործունեության շահերից, մեր միջոցով դա անելուց առաջ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական բոլոր միջոցները, անհապաղ այդ մասին տեղեկացնենք նաև մեր գործատու ընկերության համապատասխան ղեկավարներին և մեր գործողությունները շարունակենք համաձայնեցված:
Անշուշտ, հնարավոր չէ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՈՒՄ ներառել անխտիր բոլոր ռիսկերը, իրավիճակները, պրոֆեսիոնալ, մասնագիտական, վարքագծային վարվեցողության բոլոր հնարավոր դեպքերը և այլն: Այդ նպատակով հորդորում ենք որևէ խնդիր առաջանալու, կամ որևէ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար անպայման խորհրդակցել «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի ղեկավարների հետ:
Հրապարակված տեքստը «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի սեփականությունն է: Տեքստը Հեղինակային իրավունքի առարկա է և տեքստի ամբողջական կամ մոդիֆիկացված տարբերակի պատճենումը, կրկնօրինակումը, օգտագործումը, տարածումը այլ մոդուլների միջոցով կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության: