Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«ԱՂԲԸ մեր հանապազօրյա...».ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Մինչև վերջերս Հայաստանը 2-3 հիմնական բրենդ ուներ, որոնցով ներկայանում էր աշխարհին` Ցեղասպանություն, Ազնավուր և, որոշ մե՜ծ վերապահումով, մեր կոնյակը: Խնդրում եմ, եկեք չխաբենք ինքներս մեզ. ոչ Արարատի, ոչ Տիգրան Մեծի և ոչ էլ 2.800 տարեկան Երևանի մասին միջին վիճակագրական եվրոպացին, ամերիկացին կամ ճապոնացին գաղափար անգամ չունի:

Բայց այսօր ցավս դա չէ: Այսօր մի ուրիշ ապրանքանիշ է ի հայտ գալիս` ԱՂԲԸ, որով մեզ սկսում են արդեն ճանաչել: Բառիս բուն իմաստով գետինն ես ուզում մտնել, երբ իտալացին կամ ֆրանսիացին հարցնում է, թե ինչու՞ է Հայաստանում ամենուր և համատարած ԱՂԲ: Սկսում ես արդարանալ, թե ձմեռվանից հետո դեռ չեն հասցրել մաքրել, թե քամին, թափառական շներն ու ագռավներն են ցիրուցան անում ԱՂԲԸ, սակայն ինքդ էլ չես ուզում հավատալ այդ հեքիաթներին…

Դուրս եկեք Երևանի փոքր կենտրոնից ու գնացեք ցանկացած ուղղությամբ` համատարած ԱՂԲ է ու անճաշակություն: Ես կավելացնեի նաև` անպատվություն ու ամոթ: Եվ թող ոչ ոք կրկին ինձ չպատմի, թե աղքատ ժողովրդի աչքին ոչինչ չի երևում, ու՜ր մնաց, թե ԱՂԲԸ: Գիտենք, որ 800-ից ավել համայնքներ չունեն աղբահանության պետականորեն մշակված հայեցակարգ: Հարցն այլ է` ինչու՞ է հայ մարդն այդքան անտարբեր իր մեծ տան` Հայաստանի հանդեպ: Այդ ի՞նչ անեծք է մեր այս սուրբ հողի վրա քոչվորի պես ապրելն ու շարունակ բողոքելն ու մուննաթ գալը:

Նստեք մեքենան ու քշեք ցանկացած ուղղությամբ, համատարած ԱՂԲԻ մեջ կնսեմանան անգամ մեր հնամյա տաճարներն ու սիրասուն բնությունը: Այդ ամենն արդեն մարդու աչքին չի երևում: Ամենուր` ԱՂԲ, ԱՂԲ, ԱՂԲ… Մի՞թե ուզում ենք, որ մեզ սկսեն անվանել ԱՂԲԻ երկիր Հայաստան… Անգամ կարիք չկա որևէ կոնկրետ տեղ կանգնելու և զննություն կատարելու` ԱՂԲԸը համատարած է: Ասես մի չար ձեռք միտումնավոր պլաստիկե տոպրակներ ու շշեր է շաղ տվել երկրով մեկ: Բայց այդ չար ձեռքը հենց մե՛ր ձեռքն է: Որևէ աղբյուրից զզվում ես ջուր խմել, քանի որ շուրջբոլորը կրկին ԱՂԲ է:

Դե լա՜վ, մի՛ քարկոծեք ինձ: Շուրջը չկա, սկսում է երկու մետրից: Շուտով տոպրակներին ու շշերին կավելանան նաև ձմերուկի ու սեխի մնացորդներն ու այլ «բարիքներ»: Ուստի մի՛ զարմացեք, որ շատանում են թախառական շները, առնետներն ու ագռավները: Հայաստանը, հիրավի, դրախտավայր է նրանց համար: Եվ մի՛ զարմացեք, թե որտեղից Երևանում հայտնվեցին ու բազմացան հավի չափսերի հասնող ագռավները: Իսկ որտեղ ագռավներ` այնտեղ արդեն բուն չեն դնի ծիծեռնակներն ու մեր սիրելի արտույտները: Չե՞ք նկատել, որ Երևանում տարեց տարի վերանում են այս սիրասուն տեսակները…

Աշխարհի շատ երկրներ են առնչվել ու առնչվում այս խնդրին, և ամեն տեղ էլ սրտացավ մարդիկ փորձում են լուծումներ գտնել: Եվ գտնու՛մ են: Երևի ընթերցողը չի հավատա, որ 25-30 տարի առաջ անգամ գեղատեսիլ Շվեյցարիան լուրջ խնդիր ուներ ԱՂԲԻ հետ, մինչև որ կառավարությունը շատ խիստ միջոցների դիմեց: Այսօր Շվեյցարիան ասոցացվում է մաքրության և գեղատեսիլ պատկերների հետ, իսկ Լեման լճի ջուրը համարվում է աշխարում ամենամաքուրներից մեկը: Մեքենայի պատուհանից ԱՂԲԸ դուրս նետած վարորդը տուգանվել է մոտ ութ հազար դոլարի չափով: Վստահ եմ` մյուս անգամ նա իրեն նման զանցանք թույլ չի տա:

Ինչու՞ մեր հայ մարդը, որը ճամփորդում է Շվեյցարիա կամ Գերմանիա (լեզուս անգամ չի պտտվում նշել Սինգապուրը), իրեն պահում է որպես օրինապահ զբոսաշրջիկ: Անտառում խորոված չի անում, իր հետևից ԱՂԲԻ սարեր չի թողնում ու մեքենայի միջից դուրս չի թքում կամ սիգարետն ու դատարկ տուփը շպրտում: Ուրեմն, ինչու՞ նույն հայն այդքան արհամարհանքով ու անգամ ատելությամբ է վերաբերվում իր սեփական հողին ու բնությանը: Սա ձեզ չի՞ հիշեցնում մեկ այլ պատկեր` սեփական դռան առջևը սալիկապատող ու ջուր ցայող, իսկ դրանից անդին կուտակված ԱՂԲԻՆ անտարբեր հայի կերպարը:

Մի քանի ցայտուն օրինակ.

Երբ Արցախի Դադիվանքից  հյուսիսային ճանապարհով մտնեք բուն Հայաստան, ապա առաջին մեծ բնակավայրը Վարդենիսն է: Միանգամից չնաշխարիկ բնության միջից հայտնվում ես ԱՂԲԻ թագավորության մեջ: Ասես հենց քաղաքի կենտրոնում Վարդենիսի աղբանոցն է: Ցելոֆանե հազարավոր գույնզգույն տոպրակները օդի մեջ մի կախարդական պար են բռնել: Հետո քամին դրանք հասցնում է դիմացի շենքերին ու ցրում քաղաքով մեկ… Հիասքանչ պատկեր է: Միայն ափսոսում ես, որ մեքենայիդ ապակիները 100 տոկոսանոց մթնեցված չեն:

Նորատուս: Գալիս ես, որ հյուրերիդ ցույց տաս մեր հնամենի ժառանգությունը: Եվ ո՞վ է մոգնել այդ այլանդակ սովորությունը` օղին հեղել գերեզմանաքարերի վրա և ապա ապակե շիշը փշրել մեր մոմիկների կերտած քարերի վրա… Ես մի այլ պատմություն էլ եմ լսել` սովետականացման տարիներին այս գյուղերի բնակիչները կոլխոզ ընդունվելու համար խաչքարերը նավակով տանում Սևանա լիճն էին գցում… Թող ինձ ներվի, բայց ես մեծ տարբերություն չեմ դնում այս երկու երևույթների միջև: Երկուսն էլ սատանայական են ու դժնի:

Խորովածի փառատոն Ախթալայում: Ես դեմ չեմ փառատոններին: Բայց ինչու՞ հենց սրբավայրում: Իսկ դուք գիտե՞ք, որ վրացիները դրանից հետո նկարահանում են աղբանոցի վերածված ողջ տարածքը ու ցուցադրում չգիտեմ որտեղ ու մեկնաբանում` տեսեք, թե ինչ աղբանոցի են վերածում հայերը «մեր սրբավայրերը»…

Ապրիլ 24… Առանց մեկնաբանությունների: Բայց ինձ համար պակաս ցեղասպանություն չէ Ծիծեռնակաբերդի բարձրունքում օրվա վերջում չրթած արևածաղկի սարեր և այլ աղբակույտեր տեսնելը: Պերճ Զեյթույցյանի ականջը կանչի… Ասում է` եթե ուզում ես թուրքից վրեժ լուծել` նրա հայացքի տակ մի հրաշալի, ուժեղ ու մաքուր երկիր կերտիր, որտեղ մարդիկ կերազեին ապրել:

Մեր կառավարությունը «հանկարծ» նկատեց ԱՂԲԸ ու վարչապետը խիստ հրահանգներ տվեց: Ես վատատես չեմ, բայց ինձ թվում է, որ աստիճանաբար այս ալիքն էլ կհանգչի, ինչպես շատ ուրիշ բարի ձեռնարկներ Հայաստանում:

Միանգամից ասեմ, որ դեմ եմ շաբաթօրյակների միջոցով մաքրություն կազմակերպելուն: Ես չեմ պատրաստվում գնալ, ասենք Չարենցի կամար ու տեղացիների հեգնոտ հայացքների ներքո իրենց իսկ թափած աղբը հավաքել: Շաբաթօրյակները միայն կարող են դիտարկվել որպես հավելյալ միջոց:

Եվ հեծանիվ հորինելու կարիք էլ չկա: Աշխարհի շատ երկրներ ունեն այդ դրական փորձը: Թեկուզ` մեր հարևան Վրաստանը:

Ուրեմն՝ նախևառաջ շատ արագ պետք է մշակել լուրջ տուգանքների համապարփակ համակարգ՝ դրա ընդգրկումը տարածելով տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակի մարմինների, տնտեսվարող բոլոր սուբյեկտների, անհատների վրա և այլն  և ԿԻՐԱՌԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:

Աստիճանաբար արգելել պլաստիկե տոպրակների վաճառքը և սպառումը Հայաստանում:  Մարդիկ պետք է անցնեն որոկյալ տոպրակների կամ էլ թղթե փաթեթների՝ ինչպես Ամերիկայում է: Հետագայում պետք է արգելվեն նաև`պլաստիկ շշերը: Կամ էլ` պետք է ապահովվի պլաստիկ շշերի պարտադիր ընդունումը: Շիշը պետք է փող դառնա:

Ի վերջո սկսել (կամ շարունակել ) մտածել աղբի վերամշակման մասին: Ճապոնացիների ականջը կանչի…

Հավատացեք ինձ, մի լավ բանը ուրիշ լավ բաներ է ծնում: Զբոսաշրջությունը այն հազվագյուտ ոլորտն է, որը կարող է մեծ եկամուտներ բերել Հայաստանին ու հայերին: Զբոսաշրջիկի բերած գումարից բոլորն են օգտվում` հյուրանոցից մինչև Վերնիսաժում հուշանվերներ վաճառողները: Բայց դրա համար գոնե պետք է ապրանքային տեսքն ապահովել: Եվ եկեք մի պարզ իմասատություն էլ չմոռանանք` մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ որտեղ չեն թափում:

Եվ վերջին հարցս` ՄԵՆՔ ուզու՞մ ենք, որ մեր երկիրը մաքրվի ԱՂԲԻՑ:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ