Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

Չտեսներ, չլսեր ԹԱՄԱՆՅԱՆԸ

 

Շարունակեմ ճամփորդական զուգահեռներս՝ (նախորդը՝ այստեղ) այս անգամ հարցնելով. «բա ասում եք քարերի երկիր Հայաստա՞նս»: Չնայած, չգիտեմ ում եմ հարցնում:

Ֆլորենցիայում ամենահետաքրքիր դետալներից մեկն ինձ համար փողոցների և մայթերի սալահատակն էր`իտալական բազալտ քարից, յուրաքանչյուրի վրա հատիչով սեպագիր հիշեցնող նախշերով: Դա նախ շատ գեղեցիկ է, հետո`ապահով, քանի որ մեծացնում է շփումը: Անձրևից հետո էլ այդ փոսիկները լցվում են ջրով ու ավելի գրավիչ պատկերներ ստեղծում: Իսկ անձրևաջուրը երկրաչափական ճշգրտությամբ հոսում-լցվում է փողոցի կենտրոնի հատուկ ճաղապատ փոսերի մեջ ու հասնում Առնո գետ: Որևէ տեղ ջուր չի կուտակվում: Ասում են, ճաշակն ու որակը մանրուքներում են, թեպետ սա դժվար է մանրուք համարել: Սա ճարտարագիտություն է:

Տարիներ առաջ մեր Հյուսիսային պողոտայի մի հատվածում բետոնե սալահատակ էին արել՝ (քարերի երկիր ենք) նմանօրինակ փոսիկով, բայց քանի որ խնդիրը ոչ թե ճարտարապետությունն էր, այլ...ճարտար-ա-գողությունը, փոսիկների կենտրոնի ջուրն ուղղակի ցայտում էր մարդկանց դեմքին:

Սալաքարերից իննսուն աստիճանի տակ վեր են խոյանում Իտալական քարե շենքերը` ասես հավերժի համար կերտված: Մի շենքի առաջին հարկերում աշխարհահռչակ թանգարան է՝ արդեն վեց հարյուր տարվա պատմություն ունի: Այդ տոհմի շառավիղներն այսօր էլ կան: Ապրում են, աշխատում, վայելում վեց հարյուր տարի առաջ իրենց նախնիների կերտած արժեքներն ու պահպանում այն գալիք սերունդների համար: Ու սերնդե-սերունդ բազմապատկում են իրենց նյութական և հոգևոր հարստությունը: Ոչ մի համաշխարհային ճգնաժամ էլ չի սպառնում նրանց:

Ֆլորենցիան տարեկան 13 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում: Այնպես որ` մի զարմացեք, երբ հինավուրց այս տոհմի ներկայացուցիչը «Լամբորգինի» է քշում այդ գեղեցիկ փողոցներով: Նա վայելում է իր նախնիների աշխատանքի արդյունքերը:

Բեռլինում ավելի շատ կհանդիպեք սալահահատակի: Թե փողոցները, թե՝ մայթերը: Ընդ որում, մայթերի սալաքարերն ավելի մանր են` մուգ և սպիտակավուն քարերից կազմված հետաքրքիր խճանկարներով: Կանգնել ու զմայլվել եմ, թե ինչպես են վարպետները շարում այդ քարերը`նախ ավազը փռելով, ապա մուրճիկով թխկթխկացնելով մեկը մյուսի հետևից: Այս մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ են իսպառ կործանված Բեռլինն ու Դրեզդենը հառնել պատերազմի ավերակներից: Եթե չիմանաս դրա մասին`երբեք գլխի չես ընկնի: Թվում է`այս քարակերտ շենքերն ու մայթերը միշտ եղել են ու հարյուրամյակների հնություն ունեն:

Ես սիրում եմ վերադառնալ Երևան: Ես սիրում եմ իմ քաղաքը: Բայց մի տխուր միտք է վերջերս ջլատում ոգևորությունս. Ի՞նչ ենք թողնելու մենք սերունդներին: Թե՞ կրկին ամեն ինչ փոշիանալու է այնպես, ինչպես եղել է արդեն հարյուր անգամ մեր պատմության ընթացքում:

Հին շենքերը քանդվում են (քանդելու ձևերից մեկն էլ չնորոգելն է, թողնելը, որ ոչնչանան):

Բոլոր նորակառույցները հիմնականում կերտված են բետոնից ու ընդամենը երեսապատված քարե սալիկներով`ինչպես մեր լոգարաններում: Քարից գրեթե այլևս ոչինչ չի կառուցվում:  Քարն ընդամենը շպար է: Վստահ եմ, որ այդպես երեսապատված շենքերն ամենաշատը հիսուն տարի կդիմանան: Հերթական անգամ ամեն ինչ կփոշիանա-կգնա… Եվ կսկսենք նորից ու նորից:

Ի հիասթափություն այսօրվա ճարտարապետների և շինարարների պիտի ասեմ` 100 տարի հետո ոչ ոք չի ասելու, թե այս շենքը իմ ապուպապն է սարքել: Այդ շենքերն այդքան չեն ապրելու: Տա աստված, որ գոնե ձեզնից երկար ապրեն… Բետոնն ու «կաֆել-մետլախի» պես շարված քարե սալիկներն ապագա չունեն: Դրանք զուգարան-բաղնիքի համար են, այլ ոչ թե պատմության ու դարերի:

Մայթերը… Անճաշակ բետոնով պատված ու զատիկի ձվերի պես ներկված`կանաչ-կապույտ-դեղին… Երբ ժամանակին հարցնում էի աշխղեկներից մեկին, թե ինչո՞ւ են այդպես անում, փոխանակ քարից շարեն, բացատրեց, որ տնտեսապես ավելի ձեռնտու է: Չգիտեմ, թե ում և ինչին է ձեռնտու, բայց հաստատ՝ ոչ սերունդներին…:

Երևանը ստորգետնյա հատված չունի, որով կանցնեին բոլոր լարերը, խողովակները, անհրաժեշտության դեպքում`բանվորները: Ի դեպ, այդպիսի ստորգետնյա քաղաք եղել է Շուշիում: Եվ ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են մի լար փոխելու համար կրկին քանդում կարմիր-կապույտ բետոնե սալիկները: Երևի գերմանացիներն այդքան չեն հասկանում…

«Երևան» հյուրանոցի կողքի քարե աստիճանները հնդիկ մի բանվոր էր սարքում: Ի զարմանս ինձ, նրա հայ ղեկավարը բացատրեց.

-Շատ լավ ա աշխատում մեր Ռաջը: Պերերիվին չի խմում: Մերոնցից էլ չորս անգամ քիչ փող ա ուզում: Ասենք հիմա ստեղ կարգին քարտաշ չես էլ ճարի: Սաղ թողել-գնացել են ռուսաստաններ…

Այսօր մենք, մյուս արժեքների հետ մեկտեղ, նաև քարի ու քարարվեստի մշակույթն ենք կորցնում: Եվ «Քարերի երկիր Հայաստանում» բետոն ու սվաղ ենք անում: Իսկ հրաշագեղ տուֆը լավագույն դեպքում միկրոֆեոդալական տնտեսությունների միջև անանցանելի պարիսպ է դառնում` էլ ավելի ընդգծելով համատարած անճաշակությունն ու անորակությունը: Եվ թող ոչ ոք ինձ հիմա չպատմի Ս. Սոֆիայի գմբեթը կառուցող Տրդատի մասին: Ես այսօրվա Տրդատին եմ փնտրում՝ այսօրվա Երևանում:

Եթե 600 տարի առաջ իտալացի ու գերմանացի վարպետներն էլ բետոններից ու «կաֆել-մետլախից» սարքեին իրենց շենքերը, Պոնտե Վեկկիոն «եվրոռեմոնտ» անեին, իսկ Միքելանջելոյի Դավիթի փոխարեն կլոնավորված ֆուտբոլիստներ «սվաղեին», ապա այսօր ոչ «Ուֆիցի», ոչ «Պիտտի» չէին ունենա, և տարեկան 13 միլիոն զբոսաշրջիկ հաստատ չէր այցելի Ֆլորենցիա:

Ուրեմն շարունակենք զուգարան-բաղնիքային հոգեբանությամբ շենքեր սարքել, մայթերը ներկել եռագույնի ու իսլամի գույների համադրությամբ (ի՜նչ կրեաԾիվ ենք), «Եվրոռեմոնտ» անել Գառնու կամուրջն ու Հաղարծինը, Արամ Մանուկյանի տունը «օբյեկտ» սարքել ու... որպես մեծագույն ձեռքբերում մի 30 տարվա օգտագործված «Լամբորգինի» քշել՝ թքելով պատուհանից դուրս ուղիղ մեր քաղաքի երեսին: Բայց չմոռանանք, որ թքելը նույնպես ենթարկվում է բումերանգի օրենքին, որը թույլ չի տալու անգամ 50 տարի հետո օրհնել հայ շինարարին ու նրա պատվիրատուին, այնպես, ինչպես սիրում ենք օրհնել մեր նախնի շինարարներին ու նրանց պատվիրատուներին՝ արքաներից մինչև սովորական իշախաններ:

Թամանյանի ականջն էլ խուլ: Չտեսներ, չլսեր էդ մարդը...

 

 

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ