Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

«Հաց ու զվարճալիք…Համեցեք, կերեք…կամ՝ ձև և բովանդակություն». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Ամեն ինչ շատ ավելի պարզ է, և բնավ կարիք չկա փիլիսոփայական բառարաններ թերթել կամ փորձել վերհիշել համալսարաններում սերտած նյութը ձևի և բովանդակության եզրերի և դրանց փոխհարաբերությունների մասին: Չէ՞ որ իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան մեծ մտածողների եզրահանգումներն ու դրանց մեկնաբանությունը փիլիսոփայության դասախոսների կողմից:

Շատերիս համար փիլիսոփայությունը և նրա անկյունաքարային դրույթները, թերևս, զուտ վերացականություն են: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում դրանք ոչ ոք չի չեղարկել: Փորձեր արվել ու արվում են, սակայն լույսն առանց ստվերի չի լինում, իսկ ձմռանը միշտ էլ գարունն է հաջորդում:

Տեսե՛ք, որևէ հատուկ տերմիններ ու եզրույթներ չեմ օգտագործում, որ ինձ չմեղադրեն վերացականության և գրագողության մեջ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան նշմարվում է առաջին հայացքից:

Անգամ չգիտեմ, թե երբ այս ախտը սողոսկեց մեր մեջ. առաջնությունը տալ ձևին՝ մոռանալով կամ, համենայն դեպս, երկրորդելով բովանդակությունը: Մինչդեռ այս երկու հասկացությունները պետք է հանդես գան համահունչ և ներդաշնակ միասնության մեջ: Մեկն առանց մյուսի թերի է:

Միգուցե իմաստ ունի սովորել մայր-բնությունից, ուր ամեն ինչ, որին դեռ չի դիպել մարդու ձեռքը, կատարյալ է ու ներդաշնակ՝ ձևի ու բովանդակության միասնականության իմաստով:

Առաջին զարմանքս այս թեմայով ապրեցի դպրոցական տարիներին:

Սեպտեմբերյան մի օր, երբ բոլորս սպասում էինք պատմության հերթական ուսուցչուհուն, ներս մտավ բավականին տարիքով մի տղամարդ՝ Մոսիկյան ազգանունով: Ներկայացավ: Ասաց, որ ժորղկրթբաժնից է (Սովետի ժամանակ դպրոցական ուսուցումը համակարգող այդպիսի պետական հաստատություն կար): Հետո ասաց, որ եկել է մեր դպրոց ոչ թե պարզապես դասավանդելու, այլ մի հետաքրքիր փորձ (իր իսկ բառերով՝ էքսպերիմենտ) անցկացնելու համար:

Փորձի իմաստը մեկն էր՝ սովորեցնել մեզ մտածել: Պարզապես մեջբերեմ նրա բառերը՝

- Երբ վերցնում եք գիրքը՝ մի շտապեք միանգամից կարդալ: Նախ շոշափեք այն ու անգամ հոտ քաշեք: Զգացե՛ք գիրքը: Հետո կարդացեք հեղինակի անուն-ազգանունը: Բացատրե՛ք դա: Հետո՝ վերնագիրը: Հիմա բացատրե՛ք վերնագիրը: Ամեն բառն առանձին, հետո՝ միասին: Չ՞է որ, եթե հեղինակն այլ միտք ցանկանար հայտնել, ապա հաստատ այլ բառ կօգտագործեր: Հասկացա՞նք վերնագիրը: Լա՜վ…Անցանք առաջին նախադասությանը: Կարդացե՛ք: Մի՛ շտապեք երկրորդին անցնել: Եկեք հասկանանք ու վերլուծենք առաջին նախադասությունը…

Հիշում եմ՝ այդ դասի ընթացքում մենք հազիվ հասցրեցինք վերլուծել առաջին նախադասությունը: Հետո, կամաց-կամաց, քայլ առ քայլ ընկեր Մոսիկյանը մեզ սովորեցրեց մտածել՝ նախապես քանդելով մինչ այդ սահմանված սովորական դասավանդման հիմքերը: Քանդեց հինը ու կառուցեց նորը՝ հաստատ ավելի լավը ու ճշմարիտը: Մեկ-երկու տարի շարունակեց իր «էքսպերիմենտն» ու գնաց: Չգիտեմ էլ՝ թոշակի, թե՞ հետ՝ ժողկրթբաժին: Բայց մեզ նրանից մնաց բովանդակությունը տեսնելու, հասկանալու, ճանաչելու ունակությունը և ամեն ինչին լրջությամբ վերաբերվելու մշակույթը:

Հաջորդ փորձությունս երգահան Կարո Չալիկյանի հետ էր:

Մի առիթով, երբ դիտում էինք կանանց երգչախմբի համերգը՝ նկատեց, որ կանայք, թեև լավ են երգում, բայց արտաքին բարետեսություն բնավ չունեն: Ես զարմացա՝ միթե տվյալ դեպքում ձայնային հատկանիշները չե՞ն գերակա:

«Ոչ, - պատասխանեց Կարոն, - բեմի մարդու համար կարևոր են թե ձայնը (իմա՝ բովանդակությունը), և թե արտաքինը (իմա՝ ձևը)»:

Հիրավի, ինչպե՞ս կարող է իր բալիկին Կանաչյանի օրորոցայինը երգող մայրիկը գեղեցկուհի չլինել: Կամ ինչպե՞ս կարող է Թլկատենցու և Պերպերյանի «Անորը» («Սիրտըս կը թռի ջաղջի քարին պես…») երգող սիրահարված աղջիկը չփայլել իր գաղտնի սիրուց…

Սա իմ երկրորդ և կարևոր դասն էր այս թեմայի շուրջ:

Ամենակարևորը՝ ձևն ու բովանդակությունը, որպես երկու, առաջին մոտեցմամբ՝ առանձին եզրույթներ, իրականում փոխկապակցված են և հանդես են գալիս միասին: Եվ հենց այդ միասնականության շնորհիվ է ստեղծվում նոր, բարձր արժեքը: Ընդ որում, ինչպես և խոհանոցում, այնպես էլ որևէ այլ ասպարեզում, անչափ կարևոր է դրանց համամասնական չափաբաժինների պահպանումը: Ոչ աղի ճաշն է ուտվում, ոչ էլ՝ անալի: Աղը պետք է չափի մեջ լինի:

Եթե մի այլմոլորակային իջնի Երևանում ու ինձ հարցնի, թե ինչպես կարող եմ բնութագրել մարդկության բարքը վերջին ժամանակներում, ապա ես միգուցե կասեմ. «Ձևի հաղթանակ բովանդակության հանդեպ»:

Արդեն չեմ էլ ուզում խոսել դրանց ներքին անքակտելի կապի մասին: Ցավս «բովանդակություն» տեսակի մահն է «ձև» տեսակի կողմից:

Զարմանում եք, որ նոր սերունդն աջուձախ սելֆի՞ է անում: Մի՛ զարմացեք՝ դա ձևի հաղթանակն է: Զարմանում եք, որ մարդիկ գրախանութում գիրք ընտրելիս նախապատվությունը տալիս են իրենց իմացած հեղինակների՞ն: Մի՛ զարմացեք, բովանդակության նոր փնտրումների ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ՝ հավես: Եվ մի՛ փորձեք ընկեր Մոսիկյանի սկզբունքով նոր սերունդներին սովորեցնել գիրք կարդալ: Դա շատ քչերին է տրված:

Կարևորը ծառ տնկելն ու դա սոցիալական ցանցերում գովազդելն է: Ծառի հետագա ճակատագիրը երկրորդական է՝ հասարակական և քաղաքա-իրավաբանական անհասկանալի ու դատարկ խոսքերի հորձանոտում անէացող:

Կարևորը շենք կանգնացնելն է: Իսկ թե վարպետ-շինարարը հոգի դրե՞լ է այդ շենքի մեջ՝ երկրորդական է:

Կարևորը ասֆալտ փռելն է և դա ցուցադրելը լուրերով, իսկ որ այդ ասֆալտը մինչև հաջորդ գարուն չի ապրելու, երկրորդական է: Հետո մի բան կանենք:

Ես վախենամ, որ մի օր Երևանի կենտրոնում այլևս տեղ չի մնալու հուշարձանների համար:

Միայն Աբովյան փողոցի մի փոքրիկ հատվածում արդեն չգիտես հայացքդ որ կողմ թեքես, որ դիտես սունկի պես աճող արձանները (անձամբ ես չգիտեմ՝ որ կողմ նայեմ, որ չտեսնեմ դրանք):

Ալեքսանդր Մանթաշյան… Շիրվանզադեի բառերով ասած՝ նրա աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը… Որքա՜ն գաղտնի բարերարություն է արել այդ մեծ հայորդին: Բայց ի՞նչ է մեզ պատմում նրա բրոնզագույն արձանը՝ ասես անշուք մայթից ու իր ճակատագրից ամաչող… Չկա բովանդակություն, դե իսկ ձևն էլ շատ համահունչ է մեր իրականությանը: Օլիգարխ-ախպերության նվերն իրենց ավագ օլիգարխ-ախպոր հիշատակին…

Դուդուկչիները… Պարզապես բառեր չեմ գտնում:

Քիչ այն կողմ գրեթե միշտ երեք փողոցային երաժիշտներ համերգ են կազմակերպում՝ զուռնա-դհոլ-ակորդեոն… Չգիտես, թե ուր փախչես… Բայց ես ցավով նկատեցի, թե ի՜նչ նման են արձաններն ու այդ կենդանի վայ-երաժիշտները…

Իսկ ցուցանակնե՞րը՝ թե այս տանն այսինչ թվին ապրել ու աշխատել է (նույնիսկ՝ ապրել ու ծառայել է: Պարզվում է՝ տանն է ծառայել) հայ մեծանուն այսինչ-այսինչյանը՝ նվիրյալը, մեծը, անմնացորդ հայը…

Թող ինձ ներեն մեր «մեծերը»՝ շատերի անունն անգամ չենք լսել: Բայց ի՞նչ ենք անելու մի քանի տասնամյակ անց, երբ շենքերի շքամուտքերի կողքին այլևս ազատ տեղ չմնա: Թեև մեր քաղաքապետարանը կարծես թե լուծումը գտել է՝ հուշասյուներն արդեն մայթերին է դնում: Եվ տպավորություն է, թե քայլում ես քաղաք-գերեզմանատնով:

Եվ ամենը՝ փոքր կենտրոնում, իրար կողքի, նորակառույց շենքերի պես, որ երեխաները ոչ միայն խաղալու ու զբոսնելու, այլ անգամ մտածելու ու մտածել սովորելու փորձ չանեն: Բակում ֆուտբոլ և յոթ քար խաղալու փոխարեն ստիպված փող վճարեն «Ժիմ» այցելելու համար, որպեսզի իրենց մարմնի արտաքին ձևը մոտեցնեն հոլիվուդյան իդեալներին: Դատարկ ու անուժ մկաններ՝ սելֆի անելու և մեծամտանալու համար: Այդ մկաններում ուժ հաստատ չկա: Հայրիկներ և մայրիկներ, բարի եղեք վճարել: Ցուցաբերե՛ք ձեր ծնողական սերը: Ձեր զավակները հո ուրիշներից վատը չե՞ն:

Բայց փոխարենը՝ որդիական սիրո ինչպիսի՜ անգերազանցելի օրինակներ են մեր գերեզմանատները: Եվ եթե ձեզ հաջողվի աղբից ու շինանյութից զերծ արահետ գտնել ու քայլել մեր գերեզմանատներով, ապա ձևի ինչպիսի կատարելություն կտեսնեք… Բովանդակությունը թաղված է շա՜տ խորը. իզուր մի՛ փնտրեք… Անգամ Պանթեոնում է ձևը հաղթել իր անիծյալ եղբորը՝ բովանդակությանը…

Լսում եմ հակաճառողների ձայնը՝ սա գլոբալ երևույթ է, աշխարհն է գնում այս ճանապարհով, եկեք չկենտրոնանաք մեր փոքրիկ երկրի ու ժողովրդի վրա:

Միանգամից ասեմ, որ համաձայն չեմ:

Այո, Գերմանիայում էլ են մարդիկ սելֆի անում, բայց այդ նույն մարդիկ հետո նաև «Մերսեդես» ու «Աերոբուս», «ավտոբան» ու «ռոբոտներ» են սարքում՝ ձևի ու բովանդակության կատարյալ արարումներ: Իսկ ուսանողներն ու շատ դասախոսներ համալսարան հեծանիվով են գնում: Բացի այդ, եթե գերմանացին իրեն կարող է խաղեր թույլ տալ, ապա մենք դրա իրավունքը չունենք: Մենք կարևոր հարցեր ունենք լուծելու՝ ժողովրդից ազգ ու պետություն դառնալու տատասկոտ ճանապարհին: Թե չէ՝ կշարունակենք նույնիսկ «Երազ» մակնիշի մեքենա չարտադրելով երազել «Մերսեդեսի» մասին:

Առաջին կարգի հիվանդանոցներ ենք բացում, բայց նախընտրում ենք բուժվել արտերկրներում:

Խոսում ենք հայրենասիրությունից ու Նժդեհից, բայց երազում ենք ռուսական անձնագրի ու «Շենգեն» վիզայի մասին: Էլ չեմ ասում՝ Ամերիկայի՜…

Սա արդեն հիվանդություն է: Մեզ լավ բժիշկ է պետք…

Եվ քանի որ խոսվեց գերմանացիների մասին, մի այլ մեծ գերմանացու (որի անունն ընդունված չէ արտասանել) մեծ գործերից մի օրինակ բերեմ: Իշխանության գալով՝ նա զարգացրեց ֆիզկուլտուրան և ետին պլան ուղարկեց մեծ սպորտը, քանի որ մատաղ սերնդի համար կարևորը մարմնամարզությունն ու առողջությունն են, այլ ոչ թե մեծագույն ձև-շոուի վերածված և ներքին բովանդակությունից իսպառ զուրկ սպորտը:

Հետո այդ մարդուն մեղադրեցին բոլոր հնարավոր մեղքերի մեջ, բայց հիմա դա չէ էականը: Նա գտնում էր, որ առողջ մարդ լինելու համար պետք է մանկուց մարմնամարզությամբ զբաղվել: Որ առողջ հոգին միայն առողջ մարմնում է լինում: Եվ որ շատ կարևոր է՝ նա իր խոսքը գործի վերածեց: Այդ գործը Գերմանիայում այսօր էլ կա և բարգավաճում է:

Ո՞ր հայը չի երազում սեփական փոքրիկ հողատարածք ունենալ՝ մի քանի ծառերով ու ծաղիկներով: Իսկ ո՞ր հայ հայրիկը չի ցանկանում այդ գողտրիկ հողակտորի վրա մի մանղալ ունենալ ու իր սիրելիներին իր ձեռքով պատրաստած անուշ խորովածը հյուրասիրել… Դե հիմա փորձեք մանղալ գնել: Մանղալ, որը ֆունկցիոնալ առումով համապատասխանի իր անվանը: Երևի թե չեք գտնի: Իհարկե, իհարկե՝ համացանցը լիքն է դրանցով: Իսկ եթե անցնեք Երևան-Սևան մայրուղով, ապա տասնյակ արհեստանոցներ կտեսնեք՝ հարյուրավոր մանղալներով: Բայց չշտապեք ձեր փողերը վատնել այդ կոփածո ռոկոկո ոճի մանղալների ձեռքբերման վրա: Ֆունկցիոնալ առումով դրանք պիտանի չեն… Ձևը հաղթել է բովանդակությանը:

Ամեն ժամանակ իր խորհրդանշաններն է բերում, օրինակ՝ քանդակների տեսքով:

Սովետի ժամանակ Լենինն էր ու՝ Բանվորը, Արա Հարությունյանի հանճարեղ գործը:

Հետո Բանվորի արձանը տապալեցին, ու… բանվոր դասակարգը վերացավ: Կամ՝ հակառակը:

Փոխարենը Երևանում դրվեց Կարաբալայի արձանը՝ իր բոլոր մետաստազներով ու գերեզմաններից ծաղիկ գողացողները շատացան:

Հետո «Արարատ-73» ֆուտբոլիստների արձանախումբը հայտնվեց՝ կենդանի ու մեռած մարդկանց արձաններով ու հայտնվեցին դուդուկչիները…Եվ նման սին արժեքների կողքին՝ կեղծ Մանթաշով և կեղծ Նժդեհ… Բովանդակություն արդեն չկա: Բովանդակություն կրող Հայկ Նահապետն ու Վիշապաքաղի երեք արձաններն Երևանի արվարձանների ծակուռներում են պատսպարվել:

Եվ մեր թատրոններն էլ 2018 թ. բովանդակություն են փնտրում՝ դարձյալ ու դարձյալ «Պեպո» բեմադրելով… Երևի բեմադրիչները նոր թատերգության մեջ բովանդակություն չեն գտնում, այլ միայն ձև:

Դե ինչ, հիմա ձևի դարն է: Մարդիկ, ինչպես և հին Հռոմում, հաց ու զվարճալիք են սիրում: Համեցեք, կերեք…

Ձևի տիրապետությունը կատարյալ է և անսասան:

Առաջին հանրապետության ու Սարդարապատի 100-ամյակի առթիվ նախատեսվում էր «Հանրապետության» հրապարակում մի նոր կոթող տեղադրել: Բայց կարծես թե չի ստացվում: Մեր սուրբ հողը երևի նոր կեղծիք չի ցանկանում ընդունել: Թեման, փառք Աստծո, մնաց բաց…

Երևի ժամանակն է, որ Երևանի փոքր կենտրոնում, «Հանրապետության» հրապարակում կամ գոնե Աբովյան փողոցում մի նոր արձան դրվի՝ Հաղթանակած Ձևի արձանը՝ նրա ոտքերի տակ գալարվող Բովանդակությամբ: Բրոնզագույն: Էժան: Որևէ միջակության կողմից կերտված:

Խիստ արդիական կլինի ու ժամանակին համահունչ:

Այդ ընթացքում Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանը վերջնականապես կքայքայվի, շուռ կգա կողքի:

Բայց, բնավ, պետք չէ ամաչել նրանից, ինչ կերտել ենք մեր իսկ ձեռքերով: Դրանք էլ են մեր զավակները: Ավա՜ղ, անառակ, բայց երբեք ոչ մեղանչող ու հոր գիրկը ծնկաչոք վերադարձող:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ