Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

Նյու Յորք, Լոնդոն...ՀԱՄԶԱՉԻՄԱՆ

 

Հայտնի է՝ բիզնեսի հաջողության գրավականներից են սուր միտքն ու արագագործությունը: Այլ կերպ ասած՝ սրամիտ գաղափարը` դրված գործնական շրջանառության մեջ: Հայերս այս առումով միշտ առաջիններից ենք եղել (աշխարհում, իհարկե), երբ հնարավարություն է ընձեռվել առևտրային գործարարություն ծավալել: Հիշենք, որ նախքան 11-րդ «փառապանծ» Կարմիր բանակի ու բարքերի «փառապանծ» մուտքը Անդրկովկաս, ծավալվող բիզնեսի առյուծի բաժինը հայերի ձեռքին էր:

Փոքրիկ պատմական  էքսկուրս: 1930 թ. Նյու Յորքում սկիզբ է առնում «Էմփայր Սթեյթ Բիլդինգի» (Empire State Building) շինարարությունը և ավարտվում 14 ամիս անց: Այո, այո` տասնչորս ամիս: Շենքի բարձրությունը սրաձողի հետ միասին կազմում է 443.2  մետր, իսկ առանց սրաձողի՝ 381.3  մետր։ 41 տարի շարունակ եղել է Նյու Յորքի ամենաբարձր շենքը, իսկ 23 տարվա ընթացքում` աշխարհի ամենաբարձր կառույցը։ 1972 թ.տեղը զիջում է «Համաշխարհային Առևտրի կենտրոնին», իսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կրկին դառնում է Նյու Յորքի ամենաբարձր շենքը։ Համարվում է Մանհեթընի տասը ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Եթե առիթ լինի այցելել Նյու Յորք, ապա անպայման բարձրացեք այս հոյակերտ կառույցի դիտահրապարակ և զմայլվեք երբեք չքնող քաղաքի ու քարե ջունգլիների պատկերով: Սա Մեծ Խնձորն է` ամերիկյան երազանքի քաղաքը:

Նյու Յորքից գանք Լոնդոն (արագության այս դարում անհարկի ժամանակ չծախսենք նավային ճամփորդության վրա): Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն ինձ առավել սիրելի է իր բազմաթիվ զբոսայգիներով: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է անգլիացիներին (ի դեպ, կան այգու ճարտարապետության ու ճարտարագիտության մասնագետներ ու հատուկ դպրոցներ) հաջողվում այդքան ճիշտ նախագծել այգիների ճեմուղիները, որ որևէ մեկի մտքով չի անցնում տրորել կանաչ սիզամարգերը:

Գաղտնիքն ինձ բացեց մի հնաբնակ: Երբ նոր զբոսայգի է նախագծվում` ճեմուղիները դրանում պատկերված չեն լինում: Մեկ-երկու տարվա ընթացքում մարդիկ հենց իրենք են «գծում» ճեմուղիները` քայլելով բացառապես իրենց հարմար կորագծերով: Այնուհետև այգու ճարտարագետներն արդեն հենց այդ տրորված արահետները վերածում  են ճեմուղիների: Եվ, բնականաբար, որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հարմար ճեմուղու փոխարեն կանաչ սիզամարգի վրայով քայլել: Սիզամարգի վրա միայն ոտաբոբիկ են քայլում կամ պառկում՝ ընդմիջմանը հանգստանալու, կամ էլ շաբաթ-կիրակի օրերին, այսպես ասած՝ ուիքենդին: Նույնիսկ «բարբիքյու» են անում:

Ինձ մնում էր միայն հիացմունքս հայտնել այգու ճարտարագետների սուր մտքի առումով ու ոլոր-մոլոր ճամփեքով գալ Երևան` իմ ամենասիրելի քաղաքը:

1970 թ. Երևանում սկիզբ է առնում «Կասկադի» շինարարությունը: Չեմ ցանկանում քննարկել այս կառույցի նպատակահարմարության հարցը (նախկինում այստեղ համատարած անտառ էր): Այսօր ցավս ուրիշ է:

1975-ին առաջին դասարանի երեխա էի: Քեռուս հետ զբոսնում էինք «Կասկադի» տարածքում, ու նա ինձ պատմում էր, թե ինչ հոյակերտ կառույց է լինելու` հայկական դասական, հեթանոս և եվրոպական ճարտարապետական լուծումների մի հիասքանչ խառնուրդ: Տարիներ անց Հռոմում տեսա Իսպանական աստիճաններն ու մտածեցի, որ մի օր Երևանում էլ նման մի բան կունենանք: Տրավերտինե աստիճանների վրա կնստեն տղա ու աղջիկ, երևանցի ու զբոսաշրջիկ ու կվայելեն ջրերի խոխոջյունն ու Հայաստանի արևի ջերմությունը…:

Անցավ 46 տարի… ԱՅՆ «Կասկադի» շինարարությունն այդպես էլ չավարտվեց ու երևի թե չի ավարտվի այլևս, քանի որ նույն տարածքի վրա մի քանի սեփականատերեր են գրանցված, իսկ ենթադրյալ կանաչ տարածքներում «Մեծն» Նարեկի «հանճարեղ» մտքի ու մտահղացման արգասիքն է՝ Շառլ Ազնավուրի կեցավայր-տուն-թանգարանը, անբովանդակ ու անտաղանդ ճարտարապետությամբ, անճոռնի ու տձև այլ շինություններ:

Եղած տրավերտինե աստիճանների վրա էլ նստող տղաների ու աղջիկների, երևանցիների ու զբոսաշրջիկների անունից, թեկուզ այդ միջավայրում ջրի խոխոջյունն ու Հայաստանի արևի ջերմությունը վայելելու, մի քիչ կանաչ տեսնելու համար երևի պիտի աղոթենք Գաֆեսճյան այրի հոգու հանգստության համար:

46 տարում ամերիկացիները 40 «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» կկառուցեին… Եվ թող որևէ մեկը չասի` պա՜հ, համեմատեցի՜ր մեր ու Ամերիկայի հնարավորությունները… Չեմ համեմատում, քանի որ սա հնարավորությունների խնդիր չէ, այլ բիզնես մտածողության բացակայության ու ընդհանրապես` մտքի փնթիության:

Այսօր Հայաստանի տուրիզմի մասին խոսում են բոլորը: Երևի այն պարզ պատճառով, որ տնտեսության քիչ թե շատ աշխատող ճյուղերից մեկն է` լավ, թե՝ վատ: Բայց ցանկացած խոսակցություն սկսվում ու ավարտվում է զուգարանների հարցով: Ի՞նչ տուրիզմ, ի՞նչ բան, եթե անգամ հասարակական զուգարաններ չկան… Ու դրան հետևում են «փառապանծ» 11-րդ Կարմիր բանակից ժառանգություն մնացած «փառապանծ» լոզունգները` «Զարգացնե՛նք տուրիզմը Հայաստանում», «Ապահովե՛նք հասարակական զուգարանների առկայությունը», «Տուրիստների քանակը հասցնենք հարյուր միլիոնի» և այլ: Ու առաջարկվում են «հանճարեղ» լուծումներ` հատկապես զուգարանների մասով: Ասենք, ամեն տասը կիլոմետրը մեկ տեղադրել զուգարան, ամեն զուգարանի կողքին` մեկ ոստիկան, որ որևէ մեկը զուգարանը չփչացնի ու այսպես…:

Մասնագիտական գործունեության բնագավառից դուրս բոլորը պորֆեսորներ են: Ֆեյսբուքյան գերպրոֆեսորներն էլ՝ մի այլ պատմություն: Իսկ սա ընդամենը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է`բնորոշ հետամնաց երկրներին:

Դու՛րս գանք չարչիության ու փերեզակության ճիրաններից, եթե, իրոք, ուզում ենք համահունչ քայլել առաջադեմ մարդկության հետ: Նույն Ամերիկայում բոլոր բենզալցակայաններին կից կա զուգարան և փոքրիկ խանութ: Երկուսն էլ նախատեսված են հաճախորդների համար` լինի տեղացի, թե՝ տուրիստ: Պարզ և սրամիտ լուծում: Կարծեմ մեզանում էլ նմանատիպ մի որոշում ընդունվեց, որն, իհարկե, այդպես էլ չգործեց, քանի որ մեզանում բենզալցակայաններն էլիտար կառույցներ են` էլիտար տերերով: Փոխարենը արտասահմանից առասպելական գումարներով երկու բիոզուգարան ներկրվեց ու շատ արագ փոշիացվեց «ներդրումը», ինչպես և «պիտի լիներ»: Կարիք կա՞ ասելու, որ առ այսօր ոչ կառավարությունը, ոչ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել այս գործարքի հետքերը…  Միգուցե ծովափնյա երկրներից մեկում  ինչ-որ մի շքեղ առանձնատան նույնքան շքեղ զուգարանի է վերածվել…: Ներդրումային ռեինկարնացիաները Հայաստանում անասելի արդյունավետ են գործում:

Պետք է գլոբալ մտածել: 400.000 եվրո երկու բիո-զուգարանի համար: Իսկ Հայաստանի տուրիզմի մարկետինգային բյուջեն 2017 թ. համար 100 միլիոն դրամ է (200 հազար եվրո) կամ մեկ բիոզուգարան (չափման նոր միավոր է ներմուծվում):

Մեկնաբանությունների հավես ես ինքս արդեն չունեմ…

Իսկ զբոսայգիների ճեմուղիներում թող ոստիկաններ կանգնեն, որ որևէ երեխա հանկարծ չհամարձակվի տրորել կանաչ սիզամարգերը: Ինչ-ինչ, բայց ոստիկան մենք շա՜տ ունենք: Ավելի շատ, քան ճարտարապետներ, ճարտարագետներ ու պարզապես մտածող մարդիկ:

Չհասկացա, թե ինչո՞ւ նյութս վերնագրեցի Նյու Յորք, Լոնդոն...ՀԱՄԶԱՉԻՄԱՆ: Համզաչիմա՞նն ինչ կապ ուներ:

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ