«12, թե՞ 7. Հայոց մայրաքաղաքները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
էսսե պատմագիտական
Հաճախ եմ տեղի-անտեղի լսում այն կարծրատիպային միտքը, թե Հայաստանը թափառող մայրաքաղաքների երկիր է եղել:
Այս միտքը ինչ-որ անհասկանալի հպարտությամբ ու անգամ պաթոսով սիրում են հայտնել հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանն ու Երևանը ներկայացնող զբոսավարները:
Տարբեր ամբիոններից դրան հետևում է մեկ այլ «փայլուն» դրույթ՝ «Պետք է նոր մայրաքաղաք կառուցել և տեղափոխվել այստեղից»:
Ընդ որում, այս բառերն ավելի հաճախ լսում եմ զարգացած քաղքենուց:
Այս կատեգորիայի հետ բանավեճի մեջ մտնելն անիմաստ ժամավաճառություն է: Բայց պատասխանել պետք է, և պատասխանդ այնքան հզոր պետք է լինի, որ մեկընդմիշտ լռեցնի դրանց: Թեև, անկեղծ ասած, կասկածում եմ, որ այդ մարդիկ երբևէ կկարդան այս ուսումնասիրությունը, քանի որ, որպես օրենք, կարդում են միայն այն մարդիկ, որոնք, ըստ էության, կարդալու կարիք չունեն: Իսկ թույն բարբաջող քաղքենին ո՛չ կարդացել է, ո՛չ էլ կարդալու է:
Ինչևէ, թող այս ուսումնասիրությունը զենք դառնա բոլոր նրանց համար, որոնք իրոք հպարտ են իրենց հայկական ծագումով և, հայոց լեզվի կրողը լինելով, պատրաստ են խրոխտաբար հակահարված տալ բոլոր չարակամներին:
Ըստ սահմանման, մայրաքաղաքը պետության (կամ վարչական միավորի) այն քաղաքն է, որտեղ տեղակայված են համապետական կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: Ընդ որում, կարող են լինել նաև բացառություններ, որոնց կանդրադառնանք ստորև: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր երկրներում պետական և կրոնական իշխանությունները տարանջատված են, ուստի կրոնական կենտրոնը կարող է բնավ չհամընկնել պետական-քաղաքական մայրաքաղաքի հետ:
Եվ այսպես, մայրաքաղաքի կարգավիճակին հավակնող բնակավայրը պետք է լինի կայացած երկրի վարչական, քաղաքական, ռազմական, մշակութային կենտրոնը: Իհարկե, ինչպես նկատեցինք, բացառություններ հնարավոր են, սակայն այս օրինաչափությունը հիմնականում պետք է պահպանվի:
Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքներին, ապա կրկին նույն միտքը պիտի շեշտենք. մայրաքաղաքը պետք է վերը նշված իմաստներով առանձնանա մյուս քաղաքներից և չի կարող պարզապես թագավորանիստ բնակավայր լինել:
Երկարաձիգ պատմություն ունեցող պետությունները որպես կանոն ունեցել են մի քանի մայրաքաղաք, և այդ տեսակետից Հայաստանը ոչնչով չի առանձնանում դրանցից: Օրինակ՝ 2.500 տարվա ընթացքում Իրան-Պարսկաստանն ունեցել է մի քանի մայրաքաղաք՝ Էկբատան (Էկբատանա), Պարսուա (Պերսեպոլիս), Սպահան, Ղազվին (Կազվին), Համադան (Հանգմատանա), Շիրազ, Թեհրան…
Նմանատիպ պատկեր է եղել նաև Չինաստանում, Հնդկաստանում և այլուր: Ուստի ճիշտ չէ այս շարքից հանել Հայաստանը և դասել Ե-Է դարերից իրենց պատմությունը սկսած երկրների շարքը՝ Ֆրանսիա, Անգլիա (Մեծ Բրիտանիա), Իտալիա, Իսպանիա… Չնայած, սրանք էլ են համարվում մի քանի մայրաքաղաք ունեցած երկրներ՝ թե՛ Ֆրանսիան, թե՛ Իսպանիան, թե՛ Իտալիան:
Ինչ-ինչ մասնագետներ, ինչ-ինչ անհասկանալի բաներից ելնելով, հայտարարել և առ այսօր հայտարարում են, որ Հայաստանն, իբրև թե, ունեցել է տասներկու մայրաքաղաք, և այդ առումով Հայաստանը «քոչվոր» մայրաքաղաքների երկիր է:
Շատ ցավալի է, որ պատմականորեն անհիմն նման մտքերն անգամ նյութականանում են և տեղ գտնում ոչ միայն ակադեմիական և սիրողական գրքերում, այլ նաև ճարտարապետական կոթողների բովանադակության մեջ: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի նոր շենքը, որի վրա արձանագրված են Հայաստանի տասներերկու մայրաքաղաքները…
Առարկաները լավ տեսնելու համար պետք է հեռվից նայել: Եթե պատկերասրահում ուզում եք նկարն իր ամբողջության մեջ ընկալել, ապա պետք է հեռանալ և հեռվից նայել: Այսպես է նաև պատմագիտության մեջ. եթե ուզում եք ճիշտ գնահատել պատմական անցքերը, ապա պետք է դրանց հեռվից նայել:
Ո՞րն է հայ ժողովրդի՝ գրավոր աղբյուրներում հավաստագրված պատմությունը՝ 2800 տարի (28 դար) կամ մոտ 100 սերունդ:
Ահա գոնե այսպիսի բարձրությունից է պետք նայել մեր անցյալին, թեև, իհարկե, առավել հավաստի կլիներ հայ ժողովրդի ծագումնաբանությունը սկսել հենց Հայկից: Այս 2800 տարիներից գոնե 2300-ը պետականության կամ իշխանապետության շրջաններ են եղել՝ բացարձակ կամ հարաբերական անկախությամբ (մասնավորապես, 428 թ. Արշակունիների թագավորական տան անկումից հետո ընդհուպ մինչև 885 թ. Բագրատունիների թագավորության հաստատումը Հայաստանն իր մարզպանության կամ ոստիկանապետության կարգավիճակով շատ ավելի անկախ է եղել, քան 20-րդ դարի սովետական կարգերի օրոք):
Եվ այսպես, հավաստի աղբյուրների համաձայն Հայաստանի մայրաքաղաքներն են եղել՝
1. ՎԱՆ (նաև՝ Տուր-ուշպա, Տուշպա, Տոսպ, Շամիրամի քաղաք, Ամարատանի քաղաք, Ա-մար-ստան ՝ Վիշապի քաղաք (զուգահեռ տեսնու՞մ եք Յասոնի պատմության հետ)): Հիմնադրել է Ուրարտու-Վանի թագավոր Սարդուրի Ա-ն մոտ 830 թ. Ն.Ք.: Եղել է Վանի (Ուրարտու<Արարատ) թագավորության մայրաքաղաքը 830-635 թթ. Ն.Ք.: Ըստ Հերոդոտոսի հենց այդ ժամանակ (մոտավորապես 635 թ. Ն.Ք.) սկսում է «սկյութերի» արշավանքը դեպի Մերձավոր Արևելք, ինչի հետևանքով ամբողջ երկրամասում մոտ 28 տարի հաստատվում է «սկյութերի» իշխանությունը, որն աչքի ընկավ իր աներևակայելի բարբարոսությամբ և դաժանությամբ: Այդ ժամանակաշրջանը նշանավորվում է Մեդական կայսրության (Մարաստան) ծնունդով:
Պատմահայր Խորենացին շատ պատկերավոր է նկարագրել այս պատմական շրջանը: Ոչ պակաս հետաքրքիր է այդ դեպքերի նկարագրությունը Հին կտակարանում (Երեմիա, ԾԱ, երգ 27-28)՝ «Դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, նորա դեմ պատրաստեցեք ազգերին, հրավիրեցեք նորա դեմ Արարատի, Միննիի և Ասքանասի թագավորությունները…»: Հիշեցնենք, որ խոսքը մ է Բաբելոնի դեմ միասնական պայքարի կոչերի մասին է:
2. ԱՐՄԱՎԻՐ: Ըստ ավանդապատումների (Խորենացի, Սեբեոս)՝ Արմավիրը հիմնադրել է Հայկ Նահապետի թոռ Արամայիսը մոտ 1950 -1900 թ. Ն.Ք.: Երվանդ Բ թագավորը մայրաքաղաքը Վանից տեղափոխել է Արմավիր: Հայաստանի մայրաքաղաքի կարգավիճակ Արմավիրն ունեցել է մոտ 160 տարի (350 – 190 թթ.):
Հին Արմավիրը ուրարտական շրջանի Արգիշտիխինիլի քաղաքի հետ առանձնակի կապ չի ունեցել: Ըստ ժամանակակից հետազոտողների՝ Արմավիրը գտնվել է Դավթի բլրաշարի վրա՝ Արգիշտիխինիլիի հարևանությամբ: Արմավիում են գտնվել Արևի և Լուսնի մեհյանները: Ըստ ավանդապատմության, Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված է եղել սրբազան սոսիների անտառակով, որտեղ Անահիտի քրմերը, տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ էին անում (ի դեպ, «սոսափյուն» բառի արմատը հենց «սոսն» է, իսկ դրանից առաջացած հատուկ անունը՝ Սոսը): Դեռևս ուսումնասիրություն ու բացատրություններ է պահանջում Արմավիրի և Մեծամորի կապը: Բացառված չէ, որ խոսքը նույն բնակավայրի մասին է, քանի որ «Մեծամորը» պայմանական անվանում է: Այս ենթադրությունն, իհարկե, խիստ պատմագիտական հետազոտություն է ենթադրում:
3. ԱՐՏԱՇԱՏ: Հայաստանի հռչակավոր մայրաքաղաքը հիմնադրել է Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա Տիեզերակալը մոտ 190 թ. Ն.Ք. (ըստ այլ աղբյուրների՝ 190 թ.) Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում: Համաձայն Պլուտարքոսի՝ հռոմեացիներից հալածված և Հայաստան փախած զորավար Հաննիբալին Արտաշեսը հանձնարարում է հարմար տեղ գտնել ապագա մայրաքաղաքի համար: Հաննիբալը շրջում է տեղանքով և նկատում է Արարատին ակնդետ այդ բացառիկ աշխարհագրական վայրը, որի մասին զեկուցում է հայոց արքային: Արտաշեսին դուր է գալիս կարթագենցու առաջարկը, ուստի հենց նրան էլ արքան հանձնարարում է նախագծել և կառուցել ապագա մայրաքաղաքը:
Ըստ Խորենացու՝ աշխատանքներն սկսվում են 197 թ. և ավարտվում երեսուն տարում: Հռոմեացիներն ու հույները Արտաշատն անվանում էին Հայկական Կարթագեն՝ հաշվի առնելով Հաննիբալի ներդրումը: (Ի դեպ, այլ աղբյուրների համաձայն՝ նույն վայրում ուրարտական կամ անգամ ավելի հին ամրոց-բնակավայր է եղել նախքան Արտաշատը):
Այսօրվա դրությամբ երբեմնի հզորագույն մայրաքաղաքից պահպանվել է միայն Խոր Վիրապը, որը կամ միջնաբերդի կամ էլ արտաքին պարսպի մի հատվածն է եղել: Ավելի հավանական է վերջին տարբերակը, քանի որ քիչ հավանական է, որ բանտի դեր կատարող վիրապը այդ հզորագույն քաղաքի միջնաբերդում գտնվեր, որտեղ պետք է որ արքայի պալատը, գանձատունը և այլ կարևոր հաստատություններ լինեին: Թեև այսօրվա պարիսպներն ակնհայտորեն ավելի ուշ են կառուցվել: Քիչ անդին գտնվել է Արաքսի վրա գցված Տափերական կամուրջը:
Ք.Ա. 66 թ. Արտաշատում է կնքվել հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը: Անգամ Տիգրան Մեծի կողմից Տիգրիսի ափին Տիգրանակերտ մայրաքաղաքը հիմնելուց հետո Արտաշատը մնում է որպես Հայոց աշխարհի թագավորանիստ «Ոստան հայոցը»: Մոտ 600 տարի Արտաշատը եղել է Մեծ Հայքի գլխավոր մայրաքաղաքը`Արտաշեսյան և Արշակունի արքաների հիմնական նստավայրը։ Ք.Ա. 59-58 թթ. Արտաշատը գրավեց, ավերեց ու հրդեհեց հռոմեացի զորավար Գնեոս Կորբուլոնը։ 63 թ. Հռանդեայում հայ-պարթևական զորքերից հռոմեացիների կրած ծանր պարտությունից հետո Ներոն կայսեր հրավերով Տրդատ արքան իր երեք հազարանոց շքախմբով ժամանեց Հռոմ և արժանացավ ամենաբարձր ընդունելության (տես, մասնավորապես, Սվետոնիոս, «12 Կեսարների կյանքը»):
Ներոնն անձամբ թագադրեց Արշակունյաց դինաստիայի հիմնադիր Տրդատին: 66 թ. Հռոմից վերադառնալուց հետո Տրդատը վերականգնեց Արտաշատը՝ Ներոնի նվիրած գումարով և Հռոմից ուղարկված արհեստավորների ուժերով։ 114 թ. Տրայանոս կայսրը ներխուժեց Հայաստան և գրավեց Արտաշատը։ Քաղաքն ավերվել է նաև 163 թ., երբ Հռոմի դեմ ապստամբած Հայաստանը նվաճվեց Ստատիոս Պրիսկոսի կողմից։ Դրանից հետո էլ Արտաշատը շարունակեց մնալ երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը մինչև Շապուհ 2-րդի կողմից քաղաքի ավերումը և բնակչության գերեվարումը 364-369թթ.։ Այսինքն՝ Արտաշատը մայրաքաղաք է եղել շուրջ 530 տարի:
4. ԴՎԻՆ: Հիմնադրել է Մեծ Հայքի թագավոր Խոսրով Կոտակը մոտավորապես 335 թ. Ք.Հ.: Երբ փոխվում է Երասխի հունը, և ջրերը հեռանում են Արտաշատից, շրջակայքը սկսում է ճահճանալ և վատ հոտ ու հիվանդություններ տարածել: Այդ պատճառով Խոսրովը մի հարմար տեղ է գտնում Արտաշատից հյուսիս-արևմուտք ընկած լանջին և թագավորական ապարանքներ կառուցում: Նա նույնն է հրամայում անել նաև նախարարական տներին: Միաժամանակ Կոտակը զբաղվում է նոր մայրաքաղաքի շրջակայքի բարեկարգմամբ և զարգացմամբ: Ստեղծվում են ձիարշավարաններ, որսատեղեր, խաղատներ, տղամարդկանց համար հաստատություններ և այլն: Հիմնավորված չէ այն պնդումը, թե Խոսրովի անտառն էլ է այդ ժամանակ տնկվել: Ամենայն հավանականությամբ՝ նախկինում այն եղել է, իսկ Խոսրովն այն պարզապես «իրենով է արել»:
Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ ներքին կառուցվածք։ Կենտրոնում՝ 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով միջնաբերդը՝ ամեհի պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մետր հաստություն և 18-20 մետր բարձրություն։ Միջնաբերդի կենտրոնում Արշակունիների պալատն էր, իսկ ավելի ցածրում բնակվում էին պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել ջրափոսով պաշտպանված կրկնակի պարսպաշերտով, որն արտաքին կողմից ուներ 30-70 մետր լայնություն և 5-6 մետր խորություն։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունով։
Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով (երկուսի մնացորդները պահպանվել են)։ Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված Մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։ Հատկանշական է, որ Դվինի բոլոր թաղերին շրջակա լեռներից կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել։ Կոյուղաջրերը ևս հեռացվել են հատուկ խողովակներով:
428 թ. պարսիկների ջանքերով ընդհատվեց Արշակունիների թագավորական տոհմը, բայց Դվինը մնաց իբրև մայրաքաղաք: Վաղարշապատում հռոմեական կայազորն էր տեղակայված: Հռոմը փորձ արեց Վաղարշապատը դարձնել մայրաքաղաք, անգամ այն վերանվանեցին Կայնեպոլիս (Նոր քաղաք) և մեծ ներդրումներ արեցին, սակայն՝ ապարդյուն: Հռոմն արդեն չուներ իր նախկին հզորությունը և հայերի շրջանում անգամ ծաղրանքի էր արժանանում (հիշենք «Հոռոմ» հեգնական մակդիրը, որը նշանակում էր՝ փնթի, զազրախոս, մեծամիտ, շատակեր, և այլն): Շուտով Կաթողիկոսի նստավայն էլ Էջմիածնից տեղափողվեց Դվին: Արաբական տիրապետության ժամանակ Դվինը եղել է նաև ամբողջ հարավային Կովկասի «Արմենիա» կուսակալության կենտրոնը: Այս կարգավիճակով Դվինը Հայաստանի մայրաքաղաք է շուրջ 550 տարի (335 – 885 թթ.), այսինքն՝ ավելի, քան Վանը և Արտաշատը:
5. ԱՆԻ: Անիի մասին առաջին հիշատակումներն արվել են դեռևս 5-րդ դարում, սակայն Բագրատունիների դինաստիայի մայրաքաղաքի կարգավիճակ ունեցել է 961-1045 թթ.՝ շուրջ 90 տարի: 1045-ին Անին անցել է Բյուզանդիայի ենթակայությանը, բայց Զաքարյանների ժամանակաշրջանում քաղաքը երկրորդ վերելքն է ապրում ու դառնում արքայանիստ քաղաք՝ արդեն «վրացա-հայ» կարգավիճակով: 1236 թ. Անին հիմնահատակ ավերվեց մոնղոլ-թաթարների կողմից:
Հազար ու մի եկեղեցիներով հրաշագեղ Անին եղել է դարաշրջանի աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը: Բյուզանդական և սելջուկ-թուրքերի միջև կայացած Մանազկերտի ճակատամարտի ժամանակ (1071 թ.) Անիի բնակչությունն իր ծայրամասերով շուրջ մեկ միլիոն էր, իսկ Ախուրյան գետի զառիթափն ամբողջությամբ բնակեցված է եղել: Այսօր մենք զարմանքով ու հիացմունքով ենք դիտում ժայռափոր Գեղարդավանքը, բայց քչերս գիտենք, որ «ստորգետնյա» Անին ունեցել է 5-7 գետնափոր հարկ՝ բնակարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, արհեստանոցներ, որտեղ ապրել և աշխատել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ հիմնականում հայեր: Անին շրջապատել են ահարկու ամրոցներ՝ Տիգնիս, Մաղասբերդ, Բագարան: Անհաշիվ էին եկեղեցիներն ու վանքային համալիրները՝ Մայր տաճար, Մրենի, Հոռոմոս, Տեկոր, Արգինա, Երերույք, Մարմաշեն… Ո՞ր մեկը թվես…
Առանձնահատուկ էին Անիի քաղաքացիները: 1236 թ. հետո հաղթական անեցիները հիմնավորվում են Լեհաստանում, Հունգարիայում, Տրանսիլվանիայում, Վենետիկում և այլուր: Եվ ամենուր այս հայերը, լինելով վաճառականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, գրողներ, դերասաններ, նկարիչներ, արվեստի և արհեստի անխոնջ նվիրյալներ, զորավարներ և քաջամարտիկներ, ազդու հետք են թողնում: Այդ ալիքը հասավ մինչև Մարտիրոս Սարյան, Այվազովսկի, Տուպոլև… Հզոր ու հորահատուկ էր անեցիների արյունը: Այնքան հզոր, որ նրանց մի մասը կարողացավ սրով ու խաչով Կիլիկիայում նոր հայկական պետություն ստեղծել և հասցնել այն հզորագույն թագավորության կարգավիճակի:
6. ՍԻՍ (նախկինում՝ Իսսոս, Փլավիպոլիս), Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը: Հայոց մայրաքաղաք է եղել 1173-1375 թթ: Իսսոսի մոտ Ք.Ա. 333 թ. տեղի է ունեցել Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհի միջև առաջին ճակատամարտը: Սիս մայրաքաղաքի մասին գրավոր պատումներն անհամեմատ առատ են, ուստի մենք միայն մի քանիսի վրա կանգ կառնենք:
Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործ Ռուբինյանը, որը Բագրատունիների ճյուղերից էր։ Դեռևս ԺԳ դարում Սիսում գործել է Զապել թագուհու հիմնադրած բարեգործական հիվանդանոցը, որի մասին պահպանվել է մարմարե քարի վրա թագուհու արձանագրությունը: Սիսը և ընդհանրապես Կիլիկյան Հայաստանի մշակույթն ու բարքերն իրենցից ներկայացնում էին հայկական և եվրոպական արժեքների մի հետաքրքիր համադրություն: Հայ ժողովրդի ամբողջ հանճարն իր աննախադեպ զարգացմանը հասավ Կիլիկիայի հողի վրա: Հայկական ռազմական նավատորմը դարձավ ծովահենների մղձավանջը Միջերկրական ծովում:
Սիս մայրաքաղաքի կործանումը դարձավ հայոց պետականության ավարտը: Կործանումից հետո էլ ընդհուպ մինչև 1921-1923 թթ. Կիլիկիայում հայերը համեմատական մեծամասնություն էին կազմում: Սևրի պայմանագրով Կիլկիան պետք է անցներ Ֆրանսիային, սակայն ֆրանսիացի ծախու գեներալների թեթև ձեռքով ի վերջո գրեթե ամբողջ հայ բնակչությունը կոտորվեց թուրքերի կողմից, իսկ 21 թ. Անկարայի պայմանագրով Կիլիկիան ամբողջապես անցավ Թուրքիային: Միայն մի փոքրիկ հատված՝ Քեսաբ գյուղն անցավ Սիրիային և ցայսօր մնում է հայաբնակ, սակայն կործանման եզրին:
7. ԵՐԵՎԱՆ: Համաձայն ավանդության՝ հիմնադրել է Վանի թագավոր Արգիշտի Ա-ն Ն.Ք. 782 թ.: 2018-ին նշվեց Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք» հիշատակվում է ԺԵ դարի կեսերից: 1639 թ.դարձել է Պարսկական կայսրության՝ Երևանի խանության կենտրոնը: 1840 թ. Ռուսական կայսրության կազմում հաստատվել է որպես Հայկական մարզկենտրոն, 1918-1921 թթ.՝ Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք, 1921-1991 թթ.՝ Հայաստանի երկրորդ հանրապետության մայրաքաղաք, 1991թ.-ից՝ Հայաստանի երրոդ հանրապետության մայրաքաղաք:
Պատմության ընթացքում Հայաստանում եղել են նաև կարճակյաց արքայանիստ քաղաքներ, բայց դրանք մայրաքաղաքների շարքին դասելը պատեհ չէ: Թվենք այդ քաղաքները՝
Երվանդաշատ (15-20 տարի):
Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Հիմնադրման հիմնական շարժառիթը Արտաշես Ա-ի կողմից հալածված լինելն էր: Դրանից տասը տարի առաջ Արտաշեսը սկսել էր Արտաշատի շինարարությունը, այնպես որ Երվանդաշատն ի սկզբանե դատապարտված էր:
Տիգրանակերտ (մոտ 20 տարի):
Տիգրան Բ Մեծի հիմնած արքայանիստ քաղաք 75-55 թթ. Ն.Ք.: Արտաշատի պայմանգրի կնքումից հետո այս քաղաքը շատ մոտ էր Հայոց սահմանին, ուստի չէր կարող մայրաքաղաք մնալ, թեև Տիգրանի ծրագրով այն պետք է երկրի աշխարհագրական կենտրոնում լիներ:
Վաղարշապատ (մոտ 30 տարի, նաև՝ Կայնեպոլիս կամ Նոր քաղաք):
Հռոմեացիները 163 թ. Կայնեպոլիսը «մայրաքաղաք» հռչակեցին՝ հաշվի առնելով Արտաշատի ավերվածությունը: Սակայն իրականում Վաղարշապատ-Կայնեպոլիսն ընդամենը «փոխ-մայրաքաղաք» է եղել մինչև 428 թ.:
Մծուռն (նաև՝ Մծուրք, ըստ Խորենացու՝ Մծբին, մոտ 30 տարի):
Հիմնադրել է Մեծ Հայքի թագավոր Սանատրուկը և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը (78-110 թթ.):
Բագարան (15 տարի՝ 885-900 թթ.):
Բագրատունիների առաջին արքայանիստ քաղաք-ամրոցն է եղել, իսկ հետագայում դարձել է նրանց տոհմական դամբարանը:
Երազգավորս – Շիրակավան (մոտ 29 տարի՝ 900-929 թթ.):
Եղել է Բագրատունիների թագավորանիստ և արքունի կալված:
Կարս (մոտ 32 տարի, 929 – 961 թթ.):
Աբաս Բագրատունին այս քաղաքը դարձրեց թագավորանիստ 929 թ., իսկ Աշոտ Ողորմածը 961 թ. արքունիքը տեղափոխեց Անի:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանն ունեցել է ընդամենը 7 մայրաքաղաք: Այս թիվը թե՛ գեղեցիկ է, թե՛ խորհրդանշական, և մեր սիրելի Երևանը յոթերորդն է: Իհարկե, որոշ պատմաբանների ու այլ մասնագետների հաճոյանալու համար կարելի է թվել նաև վերը նշված յոթը, սակայն դրանով մեղանչած կլինենք մեր և պատմության առջև:
Աղյուսակի ձևով ստացվում է այսպես՝
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ |
ԹՎԱԿԱՆՆԵՐ |
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ |
ՆՇՈՒՄՆԵՐ |
ՎԱՆ (ՏՈՍՊ) |
830 – 350 թթ. ն.Ք. |
Շուրջ 520 տարի |
|
ԱՐՄԱՎԻՐ |
350 – 190 թթ. ն.Ք. |
Շուրջ 160 տարի |
|
ԱՐՏԱՇԱՏ |
190 թ. ն.Ք. – 335 թ. Ք.հ. |
Շուրջ 525 տարի |
|
ԴՎԻՆ |
335 – 428 թթ. Ք.հ. |
Շուրջ 100 տարի |
Ընդմիջում 500 տարի |
ԱՆԻ |
961 – 1045 թթ. Ք.հ. |
Շուրջ 90 տարի |
Ընդմիջում 120 տարի |
ՍԻՍ |
1173 – 1375 թթ. Ք.հ. |
Շուրջ 200 տարի |
Ընդմիջում 550 տարի |
ԵՐԵՎԱՆ |
1918 թ. - ցայսօր |
Արդեն 100 տարի |
|
- 428 – 885 թթ. Հայոց անկախ պետություն չի եղել: 428 – 650 թթ. Հայաստանը տրոհված է եղել մի քանի մասերի՝ բուն Հայք, Արևմտյան Հայաստան՝ Բյուզանդիայի կազմում, Հայոց արևելից կողմանց աշխարհ (Աղվանք), Վրաստան… Եվ բոլորն էլ՝ մարզպանության կարգավիճակով: 630 թ. սկսած (Թեոդորոս Ռշտունի և Մժեժ Գնունի) ամբողջ Հայաստանը, Վրաստանը, Դաղփտան-Ալբանիան մեկ միասնական «ԱՐՄԵՆԻԱ» անվան ներքո կազմում էին Ոստիկանապետություն Արաբական Խալիֆաթի կազմում: Միայն 885 թ. արաբները ճանաչեցին հայերի անկախությունը:
- 1045 – 1070 թթ. Հայոց անկախ պետություն չի եղել:
- 1375 – 1918 թթ. Հայոց պետություն չի եղել: Դավիթ Բեկը հասավ իշխանության կարգավիճակի և անգամ սեփական դրամ հատեց, սակայն Խնձորեսկ մայրաքաղաքով Հայոց թագավորություն մասին, որը գոյատևեց շուրջ 8 տարի, կարելի է խոսել վերապահումով միայն:
Հ.Գ. Այս պատմագիտական էսսեն ստեղծվել է լուսահոգի ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ մասնակցությամբ, որը տարիներ առաջ ինժեներ-կիբեռնետիկի հայացքով ու սառնասրտությամբ կատարեց այն ուսումնասիրությունը, որն էլ դարձավ այս էսսեի հիմքը:
Դավիթ Խաչիյան