Մերի Մուսինյան
Մերի Մուսինյան

«Աչքերի մեջ նայող ֆիլմ. ԵՎԱ». ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆ

 

Ամերիկյան կինոակադեմիան արդեն հրապարակել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը՝ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմով:

Ֆիլմն արտադրվել է իրանական կողմի ֆինանսական ներդրմամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ: Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Վրեժ Քասունին, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Մարատ Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Էվելինա Ադամյանը, Սերգեյ Թովմասյանը,  Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը և ուրիշներ: Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին, պրոդյուսերը՝ Թաղի Ալի Ղոլիզադեհը։

Տորոնտոյի «Նուռ» փառատոնի փակման ֆիլմն այս տարի Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն էր:

Մի քանի օր արդեն անցել է ցուցադրությունից, բայց ես դեռ մտքումս շատ անգամներ նորից նայում-վերապրում եմ այն, զրուցում չգիտեմ, ինքս ինձ հե՞տ, թե՞ հերոսների, լսում եմ իմ երկրի ձայնը՝ տաք ու հարազատ, ուժեղ ու միաժամանակ խեղճացած, ցավեցնող ու միաժամանակ ապրեցնող....

«Եվա»-ն դիտելուց առաջ հատուկ ոչինչ չկարդացի ֆիլմի մասին, ոչ էլ հիմա եմ կարդացել՝ այն դիտելուց հետո: Իմ կարծիքով էկրան բերված ցանկացած պատմություն արդեն իսկ դառնում է առանձին մի երևույթ, ինքնուրույն ապրող մի մարմին, էություն՝ իր շնչառությամբ ու սրտով: Այդպիսի զարմանալի բան է ստեղծագործություն ասվածը: Երբ այն կա՝ համարյա այլևս կարևոր չէ, թե ինչո՞ւ է հեղինակը այն ստեղծել, ինչպե՞ս է ստեղծել, ինչպիսի՞ հանգամանքներում և կամ որտեղ: Այս հարցերը, մեր մեջ ասած,  հավանաբար հորինել է լրագրությունը՝ մարդկանց զբաղեցնելու համար:

Իրականում ստեղծագործությունն արդեն ամեն ինչից վեր է: Այն կա: Դու ես ու ինքը: Եվ երբ դու նրան հանդիպում ես, ինքը քո աչքերի մեջ է նայում, դու՝ իր: Քո աչքերի մեջ իր արտացոլանքն է, իր աչքերի մեջ՝ քո:

Էսպես, հայրենիքից հեռու, օվկիանոսից անդին, իրար աչքերի մեջ էինք նայում ես և «Եվա»-ն:

«Եվա»-ն ֆիլմ է Արցախյան պատերազմի մասին: Բուն պատերազմ նկարագրող որևէ պատկեր ու կադր այնտեղ կարծես չեմ մտաբերում, թեև հերոսները հաճախ հիշում են պատերազմի չմոռացվող դրվագները: Ու թեև չկան պատերազմի նատուրալիստական տեսարաններ, բայց ֆիլմի ամեն կադրում կա երկրիդ շնչառությունը Արցախյան պատերազմից հետո՝ երկրիդ հասարակ, սիրելի, հարազատ մարդկանց կերպարներով: Հասարակ՝ ամենագեղեցիկ իմաստով:

Գլխավոր հերոսուհու՝ Եվայի դրամատիկ ճակատագիրը որքան էլ գտնված սցենար է ֆիլմի համար, այնուամենայնիվ ինձ համար ամենակարևորը չէր ֆիլմում: Պատերազմ, կորցրած սիրելի մարդ, անհատնում կարոտ, փախուստ, ապրելով ցավի հաղթահարում... Iնչ խոսք, այս ամենը կարելի է հնարավորինս դրամատիկ ներկայացնել: Խոստովանենք, որ Արցախյան հերոսամարտից հետո նման պատմությունների պակաս չկա, շատ բան գրվել է, շատ բան դեռ կգրվի, շատ բան էլ էդպես լուռ կապրի մարդկանց հիշողություններում՝ որպես չբարձրաձայնվող անձնական վավերագրություն: 

Բայց մեր կինոյում հաստատ կա այս ամենի մասին այսպես՝ առանց ավելորդ ձևականության խոսելու պակաս: Արհեստականությունը, որքան էլ այն գեղեցիկ նկարահանվի, վանող է և ոչինչ ներսումդ չթողնող:

Ֆիլմը նայելու ընթացքում զգացողություն ունեի, որ ասես ֆիլմ չեմ նայում, այլ ուղղակի մտել եմ էկրանից ներս, էնտեղ եմ՝ իրենց՝ ֆիլմի կերպարների հետ: Գուցե դա նրանից էր, որ ինձ՝ արմատներով շամշադինեցուս, հարազատ ու հասկանալի՞ էր Արցախի բարբառը և կամ գուցե Քարվաճառ գյուղը նման էր իմ Գրիգոր պապի Վերին Կարմիրաղբյուր գյուղի՞ն՝ իր նիստ ու կացով, ապրելու, արարելու իր հանդարտ, հումորով, անշտապ կենցաղո՞վ, ստեղծարար, բնության պես զուլալ իր մարդկանց նկարագրո՞վ: Ես չեմ կարող ասել ինչու: Ես գիտեմ միայն, որ «Եվա»-ն այնպես է նկարահանված, այնպիսի մարմին ու հոգի ունի, որ ես ոչ թե ֆիլմ էի նայում, այլ՝ կարոտով վայելում էի իմ երկրի իրական մարդկանց ու մոռացել էի, որ նրանք դերասաններ են: Ես տպավորություն ունեմ, որ ֆիլմի ընթացքում դերասաններն իրենք էլ այդ մասին մոռացել էին:

Արդյո՞ք այդպես է, ինչպե՞ս է իրականում հաջողվել ռեժիսորին ստեղծել այդ չափազանց բնական միջավայրը, ինչպե՞ս է նա պեղել-գտել այդպիսի կերպարներ, որոնք մեր երկրի դեմքն են ու ինքնությունը, ինչպե՞ս է նա կարողացել մարդկային հարաբերությունները ֆիլմ դարձնել այնպես, որ երևա մեր երկրի մարդկանց լայն ու գեղեցիկ հոգին, որ մեր երկրի էությունն է, իրարով ապրելու մեր ֆանտաստիկ ունակությունը՝ ցավը հաղթահարելու այս անվերջ շրջապտույտի մեջ:

Սրանք իմ՝ Մերի Մուսինյան լրագրողիս հարցերն են, որ մի օր հավանաբար կուղղվեն ռեժիսորին:

Բայց հեռավոր Տորոնտոյում «Եվա»-ն ամեն ինչ արեց, որ ես մոռանամ, որ լրագրող եմ, մոռանամ լրագրողական նոթատետրերում ստանդարտ դարձած այս հարցերի շարանը և պարզապես ֆիլմն ապրեմ: Ու, արդեն բթացած ցավի նման, ուղղակի չկարողանամ մոռանալ այս ամբողջ պատմության ամենակարևոր մարդուն՝ այն լուսավոր փոքրիկ գյուղացի տղուկին, որ ինչպես ֆիլմում, այս պահին էլ երևի վազում է մեր երկրի դաշտերով: Մինչ ես նրա մասին եմ գրում ու հիշում նրան հեռավոր մի երկրում, մեր՝ մեծերիս պատճառով նա դեմ հանդիման կանգնած է անվերջանալիորեն ձգվող, երկիրը հյուծող ու քայքայող, ուղիղ մեր աչքերի մեջ նայող պատերազմի առաջ...

 

Մերի Մուսինյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ