Ամենքիս բաժին ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայերս սիրում ենք ամեն առիթով դարակազմիկ դատողություններ անել Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական և այլ իրականությունների շուրջ, բողոքել երկրից, իրավիճակից, բոլորից, Հայաստանը համեմատել այլ՝ հիմնականում գերզարգացած երկրների հետ, սակայն չենք սիրում նկատել, որ այդ համեմատությունների եզրերը հիմնականում տանում ենք այդ գերզարգացած երկրների այսօրվա նվաճումների, տնտեսական և քաղաքական այսօրվա արդյունքների պատկերով միայն:
Այս մոտեցումը Հայաստանում գրեթե ամենուր է։ Ես, անշուշտ, չեմ ցանկանում արդարացնել կամ մեղադրել որևէ մեկին դատողության, առավել ևս՝ երկրի ներկայիս պատկերի առումով, սակայն համեմատելուց առաջ հարկավոր է նկատի ունենալ և պատմական և փաստացի իրողությունները, որոնց միջով անցել և անցնում են այն գերզարգացած երկրները, որոնց հետ մենք սիրում ենք համեմատել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։
Երբ իմ զրուցակիցներն իմանում են, որ ես ապրում եմ Գերմանիայում, անմիջապես ասում են. այդպես էլ չենք կարողանում հայերս ունենալ Գերմանիայի նման լավ պետություն։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում. ավելի պայքարող է՞ գերմանացի ժողովուրդը հայ ժողովրդից, ավելի դիմացկուն է՞, թե՞ կա մեկ այլ հատկանիշ, որը մենք չունենք մեր մեջ որպես ժողովուրդ և ունի գերմանացի ժողովուրդը, որը մենք վերագրում ենք գերմանական իշխանություններին և ոչ՝ գերմանացի ժողովրդին:
Այո՛, անշուշտ ունի այդ հատկանիշը գերմանացի ժողովուրդը և դա նրա բացառիկ կամքն է՝ ունենալ լավ պետություն։ Եթե հայոց պետության նորագույն փուլը սկսվում է 1918 թվականից և շուտով կլրանա առաջին հանրապետության հարյուրամյակը, ապա այս տարի նշվում է Գերմանական պետության հինգհարյուր ամյակը։ Եվ ի՞նչ է ասում այդ պատմությունը:
1517 թվականին գերմանացի գյուղացին պատերազմ սկսեց ընդդեմ իր կեղեքողների և չնայած հերոսական պայքարին, գյուղացիական պատերազմը պարտություն կրեց: Այդ պատերազմի արդյունքում գերմանական հասարակությունը բաժանվեց կաթոլիկների և բողոքականների միջև։
Մոտ հարյուր տարվա տնտեսական և քաղաքական խայտառակ արդյունքներով 1618 թվականին Գերմանիան մտավ անհեռանկարային մի պատերազմի մեջ ու պարտվեց: 1648 թվականին կնքվեց Վեստֆալյան հաշտությունը և Գերմանիան բաժանվեց մասերի։ Գերմանացի իշխանները փնտրտուքների մեջ էին մինչև 1806 թվականը։ 1806 թվականին Նապոլեոնի հովանավորությամբ Գերմանիայի արևմտյան մասում կազմվեց Հռենոսյան միությունը։
1815 թվականի Վիեննայի կոնգրեսը գերմանական հանրությանն ազատեց պետություն ստեղծելու փնտրտուքներից և որոշեց ստեղծվել Գերմանիայի միությունը (39 պետություններից) Ավստրիայի առաջնորդությամբ։
Այսպիսով 1517 թվականից մինչև 1815 թվականի Վիեննայի կոնգրեսի որոշումը և ներառյալ 1834 թվակաները, մոտ երեք հարյուր տարուց ավելի, Գերմանիան գտնվում էր քաղաքական և տնտեսական լուրջ ճգնաժամերի մեջ և միայն 1834 թվականից է սկսվում գերմանական ազգի և պետության վերելքը։ 1844 թվականին իրենց իրավունքների պաշտպանության համար ապստամբեցին սիլեզյան ջուլհակները, սակայն 1849 թվականին ֆեոդալամիապետական վարչակարգը պարտության մատնեց հեղափոխականներին ու նորից Գերմանիան հայտնվեց անկախության և աղքատության մեջ։
1862 թվականին Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը կառավարության ղեկավար նշանակեց Բիսմարկին, որը Գերմանիան կարգի բերեց և միավորեց գերմանացիներին՝ զենքով ու կարգապահությամբ։ 1867 թվականին ձևավորվեց հյուսիս- գերմանական միությունը, իսկ 1871 թվականի հունվարի 18-ին Վերսալում Գերմանիան հռչակվեց կայսրություն՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ։
19-րդ դարի վերջին Գերմանիան թևակոխեց մոնոպոլիստ մեծահարուստների իշխանության փուլը և տնտեսական զարգացմամբ առաջ անցավ Անգլիայից, բայց՝ մտավ առաջին համաշխարհային պատերազմ։
1918 թվականին Գերմանական Քիլ քաղաքում գերմանացի ծովայինները ապստամբեցին, ապստամբություն բռնկվեց նաև Բեռլինում և միապետությունը տապալվեց: 1919 թվականի հուլիսի 13-ի Վայմարյան սահմանադրությամբ Գերմանիան դարձավ պառլամենտական հանրապետություն՝ կազմված 15 հողերից և 3 ազատ քաղաքներից։ 1923 թվականի հունվարին սկսվեց, այսպես կոչված, Ռուրի ճգնաժամը և այն ավարտվեց, ըստ էության՝ 1923 թվականի հունվարի 30-ին, երբ Հիտլերը նշանակվեց ռայխսկանցլեր։
1936-1945 թվականները Գերմանիան սկսեց մի պատերազմ, որը պատմության մեջ կոչվեց երկրորդ համաշխարհային պատերազմ, Գերմանիան նորից պարտվեց և բաժանվեց չորս գոտիների՝ խորհրդային, անգլիական, ամերիկյան, ֆրանսիական։
Հետպատերազմյան Գերմանիայի բաժանումը ավարտվեց 1949 թվականին ու ստեղծվեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ) և Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ)։ 1990 թվականի հոկտեմբերի-3-ին Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը վերամիավորվեցին։
Ինչո՞ւ արեցի այս պատմական էքսկուրսը: Ինչպես նկատեցինք, ուղիղ հինգհարյուր տարի գերմանացի ազգը կռվել է այսօր այսպես ապրելու համար և փաստացիորեն հինգհարյուր տարի անհատը կրել է քաղաքացու իր պատասխանատվությունը, անկախ նրանից, թե քաղաքական, թե տնտեսական ինչ վիճակում է եղել Գերմանիան։
Գերմանացին արարել է, ապստամբել է, կռվել է, պարտվել է, պարսավանքի է ենթարկվել, բայց՝ չի նահանջել, վերականգնել է արդարությունն իր երկրում և նորից արարել է։ Գերմանացին այսօրվա արդյունքներին հասել է մեծ կամք ցուցաբերելով, որն ամրագրված է գերմանական ժողովրդի և պետության պատմության մեջ, և իրենք այդ ճանապարհն անվանում են Ռեֆորմացիա։ Իհարկե, հոռետեսների հետ շատ դժվար է բանավիճել, սակայն փաստ է, որ այսօրվա Գերմանիան անցել է դաժան կայացման հինգհարյուրամյա ճանապարհ՝ շնորհիվ իր մեծ կամք ունեցող քաղաքացու, որի տեսանելի արդյունքը քաղաքացու բարեկեցությունն է և... հայերիս սիրելի «Մերսեդես Բենցը»։
Կարիք կա՞ արդյոք տարիներով բողոքել, դժգոհել, տառապել, թե՞ պետք է սովորել աշխարհից, նաև գերմանացիներից, թե ինչպես հաղթահարել աղետալի սխալների ազդեցությունները պետություն կերտելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին և մասնավորապես հայը պարտավոր են կենսագործել իրենց բաժին քաղաքացիական պատասխանատվությունը ոչ թե դեպքից դեպք, առիթից առիթ, կամ ելնելով նպատակահարմարությունից, սեփական շահից, այլ՝ մշտապես, առանց նահանջի, առանց տրվելու։ Վերջին հաշվով քաղաքացին է կամ պատասխանատվության, կամ՝ անպատասխանատվության կրողը: Պատասխանատվությունը գիտակցելով և իր իրավունքները կենսագործելով է հնարավոր փոխել ինչ-որ բան, առավել ևս՝ ունենալ լավ պետություն:
Արամ Մկրտչյան