Անգելինան՝ ԲԱՐԻ «Արագիլ»-ից
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը սկսում է իր հինգերորդ հատուկ նախագիծը՝ «Բարի ԱՐԱԳԻԼ»-ը, որի նյութը...ԵՐԱԶԱՆՔՆ Է: Այն երազանքը, որ տուն է բերում...ԱՐԱԳԻԼԸ:
Մենք պատմելու ենք այն ընտանիքների մասին, որոնց երազանքն իրականություն է դարձել «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ջանքերով: Մենք պատմելու ենք սիրո բերկրանքը վերապրած մարդկանց, մայրանալու հրաշքն ապրած կանանց ու հայրանալու երջանկությունը զգացած տղամարդկանց մասին: Մենք պատմելու ենք այն մանկանց մասին, որոնց սպասել են օրերով, ամիսներով, տարիներով ու նրանք սեր են բերել իրենց անիրական թվացող գալուստով: Նրանք ընտանիք են ստեղծել:
«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ջանքերով ավելի քան 300 երեխա է լույս աշխարհ եկել, իսկ նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Ընտանիքների պատմություններ, որտեղ միախառնված են տառապանքը, սպասումը, հուզումը, հրաշքը, սերը...
6-ամսյա Անգելինայի պատմությունը և ծնունդը գրեթե բոլորն են հրաշք համարում: Ծնողները 17 տարի շարունակ պայքարել են իրենց սեփական զավակն ունենալու համար, սակայն ապարդյուն. ոչ մի բժիշկ և ոչ մի բուժում նրանց երեխա չէր պարգևում: Արդեն հուսահատ մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, որոշել էր «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամին դիմել որպես վերջին շանս:
Մարինեն հույսն անգամ կտրել էր «Արագիլ» հիմնադրամից՝ մտածելով, որ իր հերթը երբեք չի հասնի: Իր հերթագրումից շուրջ 2 տարի անց, սակայն, նա զանգ ստացավ հիմնադրամից ու որոշեց օգտագործել այն՝ իբրև վերջին հնարավորություն: «Ես շոկի մեջ էի, իսկապես: Կարծես հեքիաթ լիներ: Եվ դա այն շրջանն էր, երբ արդեն ամեն ինչից էինք հույսը կտրել ու մտածում էինք, որ կյանքն էդպես է, թող էդպես էլ գնա: Այնքան հուզված էի, որ ես միայնակ գնացի հիմնադրամ: Այնտեղ ասում են՝ բա ամուսի՞նդ ուր է: Ես էլ իրար խառնված ասեցի «Ամուսինս գործի է: Պե՞տք է» (հեղ. – ծիծաղում է)»,- հիշում է Մարինեն: -«Ես մտածում էի, որ ոչինչ չի ստացվի, քանի որ մենք արդեն մեծ էինք. ես՝ 39 տարեկան, ամուսինս՝ 50: Բացի այդ՝ առողջական որոշ խնդիրներ կային: Մենք անգամ չհասկացանք, թե ոնց այդպես արագ ամեն ինչ ստացվեց. 2 ամիս անց ես արդեն հղի էի: Դա մի երազ էր մեզ համար»:
Մարինեն փոքրիկ Անգելինայի մասին պատմությունը պատմում էր՝ անընդհատ շեշտելով, որ դա իրենց կյանքի մեծագույն հրաշքն է: Ամբողջ հարցազրույցի ընթացքում նա չէր կարողանում նաև զսպել արցունքները՝ ամեն անգամ, երբ խոսք էր գնում ամուսնու մասին: Բանն այն է, որ ամուսինն ընդամենը 1 ամիս հասցրեց վայելել այդքան երկար տարիներ սպասված փոքրիկին. թոքերի արագ զարգացող քաղցկեղը 8 օրում խլեց նրանից կյանքը:
Թեպետ դժվարություններին՝ Մարինեն վստահ է, որ իր փոքրիկի համար կապահովի ուրախ ու երջանիկ մանկություն, քանի որ իր կողքին կանգնած են թե՛ իր և թե՛ ամուսնու բոլոր բարեկամներն ու ընկերները. «Սովորաբար միշտ սկեսուրներն են չէ՞, որ երեխա չունենալու պատճառով ընտանիքում կռիվ են հրահրում, բայց ես միշտ ասում եմ, որ մեզ մոտ չկար նման բան: Իհարկե, շատ անհանգստանում էր մեզ համար, բայց միայն աջակցում էր, ինչպես և մեր բոլոր մյուս հարազատները»:
Անգելինան արդեն երրորդ օրն էր, ինչ ծնվել էր, սակայն ծնողներն անունը դեռ չէին մտածել. «Դե ամուսինս հայկական տարբերակով մի քանի օր շարունակ տոնում ու նշում էր: Նախօրոք ոչինչ չէինք մտածել, որոշել էինք, որ երեխայի ծնունդից հետո մենք կնայեինք նրան ու կհասկանայինք՝ ինչ անուն ենք դնելու: Քանի որ մեր բալիկը հրեշտակի էր նման, որոշեցինք, որ նա պետք է մեր Անգելինան լինի»:
Մարինեն ոչ մի կերպ չի կարողանում ընդունել երեխայի սեռով պայմանավորված աբորտները և երեխաներին մանկատուն հանձնելը.«Նորմալ մարդը, որ ունի գիտակցություն և զգացմունքներ, ո՞նց կարող է նման բան անել: Կամ որ սեռի հետ կապված աբորտ են անում: Մեզ համար բացարձակ տարբերություն չկար երեխայի սեռը ինչ կլիներ, իսկապես»: Մանկատնից երեխա որդեգրելու մասին ամուսինները երբևէ չեն մտածել: Մարինեն կարծում է, որ գենետիկան մեծ դեր ունի, և նշանակություն չունի, թե երեխան ինչ դաստիարակություն կստանա. իր գեները, միևնույն է, չեն փոխվի:
Հույսը չկորցնելն ու հավատալը Մարինեն համարում է իր և իր ամուսնու երազանքին հասնելու ճանապարհներից մեկը: Նույնը խորհուրդ է տալիս այն զույգերին, որոնք տարիներ շարունակ պայքրում են ծնող դառնալու համար: Նա կարծում է, որ շարունակ լավ ավարտի մասին մտածելը միանշանակ կօգնի, թեպետ շատ կարևոր է նաև ունենալ աջակցող կողակից, հարազատներ և, իհարկե, լավ բժիշկ. «Արագիլ հիմնադրամից այնքան շնորհակալ եմ. արհեստական բեղմնավորումը բավական մեծ ծախսերի հետ է կապված, իսկ նրանք մեզ օգնեցին: Իսկ եթե չլիներ իմ բժիշկը՝ Էդուարդ Մարտինիչը՝ Պտղաբերության կենտրոնից, գուցե այսօր ես այլ կյանք ունենայի»:
Մարինեն, ի դեպ, աշխատում է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ որպես Ցուցանմուշների պահապան: Հիմա ֆիզարձակուրդում է, որի համար ստանում է 18.000 դրամ: Մարինեն համարում է, որ Հայաստանում երեխա մեծացնելը հեշտ չէ. «Չգիտեմ, գուցե ի՞մ դեպքում է այսպես, որովհետև մենակ եմ հիմա: Ուղղակի ամեն ինչի գները բարձր են՝ երեխայի սնունդը, հագուստը, տակդիրը, իսկ աշխատավարձը, էլ չեմ ասում ֆիզարձակուրդի գումարը՝ ոչ բավարար: Ես հիմա շատ պատասխանատու գործ ունեմ. երկուսիս տեղը մենակ եմ մեծացնում մեր բալիկին, ու ձգտում եմ, որ Անգելինան հնարավորինս ապահով ապրի: Նա արդեն կյանքում մեծ դժվարություն է տեսել՝ հոր կորուստը մեկ ամսեկանում: Ուզում եմ, որ գոնե մնացած հարցերում երջանիկ լինի»:
Մարինեն գիտակցումէ, որ երեխային պահելն ու դաստիարակելը հեշտ չէ, և իրեն շատ դժվարություններ կարող են սպասել՝փոքրիկին միայնակ մեծացնելիս: Սակայն նա վստահ է, որ չի կոտրվի և ամեն ինչի կհասնի Անգելինայի հետ. «Երեխայից հետո ես լրիվ ուրիշ մարդ եմ, ուրիշ Մարինե եմ: Հիմա իմ աշխարհը, իմ կյանքը ինքն է: Անգելինայիս Արագիլը բերեց՝ բառիս բուն իմաստով, ինչի համար խոսքեր չեմ գտնում ասելու, թե ինչքան երջանիկ ու շնորհակալ եմ»:
Աննա Խաչատրյան