Արթուր Աթանեսյան
Արթուր Աթանեսյան

 

Արթուրը

քաղաքական

գիտությունների

դոկտոր է,

պրոֆեսոր,

Երևանի

պետական

համալասարանի

կիրառական

սոցիոլոգիայի

ամբիոնի

վարիչն է:

 

Սովորել է

Երևանի

պետական

համալսանի

փիլիսոփայության,

սոցիոլոգիայի

և հոգեբանության

ֆակուլտետի

փիլիսոփայության

բաժնում,

Գիտությունների

ազգային

ակադեմիայի

փիլիսոփայության

և իրավունքի

ինստիտուտում,

ԱՄՆ Հյուսիսային

Կարոլինայի

համալսարանի

Ուոլքերի

անվան

Միջազգային

հարաբերությունների

ինստիտուտում,

Միջազգային

իրավունքի և

դիվանագիտության

Ֆլեթչերի

դպրոցում,

(Թավթս

համալսարան):

 

Սովորում է

կյանքում ու

սովորում է

ամեն օր...

«Ապրիլյան ընդվզման դասերը...». ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր տրամաբանությունը։

Հեղափոխական հաղթանակին և զանգվածային տոնախմբությանը սովորաբար հաջորդում է սթափ մտածելու անհրաժեշտությունը, որը պայմանավորված է ստեղծված անորոշության մեջ ճիշտ կողմնորոշվելու և գոյատևելու նախնադարյան բնազդով։ Սովորաբար նախօրոք հեռատես և հստակ հաշվարկված պլաններ չունենալը հատկանշական է շատ ցուցարարներին, և, ինչպես Սպարտակն էր իր ընկերների հետ ձերբազատվել ստրկությունից՝ հայտնվելով ազատության մեջ և հասկանալով, թե չգիտի ինչ անել այդ ազատության հետ, այնպես էլ շատ հեղափոխություններին հաջորդում է վախ. ի՞նչ անել, ո՞րն է հաջորդ քայլը։

Սկսենք նրանից, թե ինչ չանել։

Իհարկե, ցանկացած հաղթանակ ենթադրում է նաև նրանց պարտությունը, ում հաղթել են։ Եթե խոսքը ոչ թե երկու պետությունների միջև պատերազմի, այլ հեղափոխության, քաղաքացիական ընդվզման մասին է, ապա սովորաբար մեծ ջանքերի շնորհիվ հաղթում է միևնույն պետության բնակչության մի մասը, պարտվում՝ մյուսը։

Միևնույն ժամանակ, ամենամեծ սխալներից է դրան հաջորդող միմյանց հետ հաշիվ մաքրելը. այդ դու չէի՞ր, որ պաշտպանում էիր Սերժ Սարգսյանին։ Այդ դու չէի՞ր, որ հանրապետական էիր։ Այդ դու չէի՞ր, որ ուսանողական խորհրդում էիր, և այլն։

Նման իրավիճակ արդեն իսկ գրանցվել է ս.թ. ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած օրը, որը սգո և ոչ աշխատանքային էր, սակայն դրանով հանդերձ սոցցանցերում անմիջապես սկսվեց «մեղավորներին» փնտրելու, հիշելու, մատնացույց անելու և թշնամանք տարածելու անհատական նախաձեռնությունների շարքը։

Այս գործընթացը կարող է երկար տևել։

Սկզբից մատնացույց կարվեն նախորդ իշխանության ուղղակի ներկայացուցիչները, ապա իրենց հետ այս կամ այն կերպով կապվածները, ապա, ըստ տարբեր ստուգելի և անստուգելի տվյալների, իրենց շնորհիվ օգուտներ քաղածները։ Հատկանշական է, որ նման գործընթացում սրան-նրան մատնացույց անողների շարքում կարող են լինել հենց նրանք, ովքեր առավել քան մեղավոր են երկրում ստեղծված իրավիճակում, սակայն «մաքրվելու» և սեփական անձի բացահայտումը կանխելու համար այլոց մասին են «բացահայտումներ» անում։

Հասարակության անդամների հետագա տիպաբանումը կշարունակվի ըստ նրա, թե ով էր հեղափոխությանը մասնակցել հենց առաջին օրերից, այսինքն՝ ով է «իսկական հայրենասերը», իսկ ովքեր դրան միացան հետագայում, առավելևս՝ միայն վերջին օրը՝ Հանրապետության հրապարակում լուսանկարվելու և սոցցանցերում սեփական «արիությանն» ի ապացույց այդ լուսանկարները տեղադրելու նպատակով։ Այս գործընթացն անվերջ է տևելու, սպանելու է հասարակության միավորման և առկա հիմնահարցերը միասնաբար լուծելու ընձեռնված պատմական բացառիկ հնարավորությունը։

Հավատացեք, չկան «առաջին», «երկրորդ», «երրորդ» օրվա հեղափոխականներ. կան իրենց երկիրը սիրող և դրան ծառայողներ, և նրանք, ովքեր ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, անգամ ամենաշատը սիգնալ տալով և սոցցանցերում «հաղթանակած» լուսանկարներ տեղադրելով, շարունակելու են մտածել, ինչպես մտածում էին՝ ղեկավարվելով անձնական և ընտանեկան նեղ շահերով, առաջնորդվելով «քավոր-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, իրենց գործունեությամբ և կենսակերպով վնասելով ամբողջին։ Այդպիսի մարդիկ կան ցանկացած հասարակությունում, սակայն պետության արդյունավետությունը պայմանավորված է այն մեխանիզմների առկայությամբ, որոնք կանխում են նման մարդկանց մուտքը դեպի պետական կառավարման մարմիններ։

Ուստի պետք է փոխել ոչ թե անձանց, այլ խաղի կանոնները։

ՀՀ արդի պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած հեղափոխական, ինչպիսին էր ժամանակին նաև Սերժ Սարգսյանը, հետագայում շրջապատվում է ազգատյաց կլանային համակարգով, որի ճյուղավորումները գնում են դեպի հասարակության խորքերն ու ներառում դրանից օգտվող և՛ պետական չինովնիկներին, և՛ տնտեսվարող անհատներին, և՛ քաղաքականացված երիտասարդ կարիերիստներին, և՛սերտաճած պաշտոնյաների ու մեծահարուստների անձնական թիկնապահներին և վարորդներին, և՛ վերջիններիս սեփական թիկնապահ-վարորդներին...

Ուրեմն, խնդիրը չի կրում միայն անհատական բնույթ, այլ արմատացած է հասարակության հոգեբանության, մարդկանց միջև պատմականորեն ձևավոված հարաբերություններում, էթիկայում, ավանդույթներում, «լավի» և «վատի» մասին հանրային պատկերացումներում։ Ինչպես ասել է «Խաղալիքը» հայտնի ֆրանսիական կատակերգության հերոս պաշտոնյան իր  ենթակային՝ «Հարցն այն է, թե մեզանից ով է իսկապես հրեշը. ե՞ս, որ հրամայում եմ քեզ հանել շալվարդ, թե՞ դու, որ պատրաստ ես մերկացնել հետույքդ»։

Իհարկե, իշխանությունն այլասերում է, փչացնում։

Սա առավելևս վերաբերում է նրանց, ովքեր ի սկզբանե այլասերված էին։ Բացի այն, որ իշխանությունը փչացնում է իշխանավորին, այդ իշխանավորը ժամանակի ընթացքում այլասերում է ամբողջ իշխանական համակարգը՝ այն հարմարեցնելով սեփական անվտանգությանն ու քաղաքական ասպարեզում իր տևականությանը։

Սակայն, երբ, օրինակ, նման քաղաքական գործիչներին քննադատում է տաքսու վարորդը, որը միևնույն ժամանակ չի միացնում մեքենայի հաշվիչն ու վերջում չի վերադարձնում դրամի մանրը, կամ ուսուցիչը, որի ամեն երկրորդ խոսքն է «երկիրը երկիր չի», բայց հանգիստ անցնում է դպրոցի միջանցքում միմյանց ծեծող և մեծավարի հայհոյող դպրոցականների կողքով, ապա հարցը համակարգային ճգնաժամի մասին է։

Մենք շատ ենք ուզում, որ մեզ սիրի և անգամ պաշտի ամբողջ աշխարհը։

Արտասահմանցի որևէ հյուրի օդանավակայանում դիմավորելուց՝ իրեն անգամ լավ չճանաչելով սկսում ենք պատմել, թե որքան մեծ, կարևոր, արժեքավոր ազգ ենք պատմության, քաղաքակրթության, համաշխարհային զարգացման համար։

Հպարտանում ենք մեր՝ քրիստոնյա լինելով և առաջին քրիստոնեական պետությունը ստեղծելով։ Միևնույն ժամանակ, ափսոսում ենք, որ այսքան փոքրացանք, դարձանք թշնամիներով շրջապատված երկիր, ցեղասպանվեցինք, արտագաղթեցինք։

Սակայն, շատ քչերն են իրենք իրենց հարցնում. ինչու՞ այդպես եղավ։

Միգուցե սեփական սխալները չընդունելու, սեփական հողն ու ջուրը զուտ խոսակցական մակարդակում սիրելու, սակայն փողոցներում գետնին անընդհատ թքելու, խմելու ջուրը տոննաներով ավտոմեքենաների լվացակայաններում թափելու և այն սրան-նրան վաճառելու, քրիստոնեությունը լոկ որպես ծես, կամ եկեղեցու գործառույթ ընկալելու, դրանում ավելի շուտ խաչման և տառապանքի, քան համբարձման և վերածնման՝ բարու հաղթանակի գաղափարն ընկալելու, մեկ այլ անծանոթ հայրենակցին տեսնելով միայն արտասահմանում ուրախանալու, իսկ Հայաստանում որպես թշնամի ընկալելու հետևա՞նքն է սա։

Միգուցե շարունակում ենք ապրել այնպես, ինչպես նախկինում չհաջողվեց, սակայն ազգային պատվախնդրության և փոքր-ինչ ուռճացված հպարտության պատճառով պատրաստ չենք ընդունելու այն պարզ ճշմարտությունը, որ մեր ամենամեծ դաշնակիցը մեր կողքին կանգնած մեր հայրենակիցն է՝ անկախ սեռից, տարիքից, ֆինանսական կարողություններից, պաշտոնից և փոխադարձ ակնկալիքներից։

Ի՞նչ անել՝ հավերժական մի հարց։

Հաշվի առնելով մեր ազգային բնավորությունը, որի տարրերից են ոչ միայն ազգային հպարտությունը, ստեղծագործական տաղանդը, համարձակությունն ու մտքի ճկունությունը, այլ նաև ընտանեկան շահերը հանրային շահից վեր դասելը, որոշ հարցերում չտեսությունն ու անկշտությունը, սեփական սխալները չնկատելու և դրանք ուրիշներին վերագրելու սովորությունը, այլոց հանդեպ ավելի մեծ պահանջկոտությունը, քան սեփական անձի և գործելակերպի հանդեպ, և այլն, հարկավոր է ստեղծել այնպիսի պետական համակարգ, որը կարողանա ոչ թե հենվել նշված բացասական դրսևորումների վրա, այլ շրջանցել դրանք։

Անհրաժեշտ է խուսափել որևէ քաղաքական պաշտոնում անձի՝ խմբային կամ կուսակցական ցուցակներից «ընտրելու»՝ նշանակելու ձևաչափից։

Հայաստանում ցանկացած կուսակցություն ոչ այլ ինչ է, քան ընտանեկան ընդլայնված բիզնես, որն իր նպատակներով նեղ է ազգային շահերից, իսկ ժամանակի ընթացքում իր ներկայացուցչությամբ միտում կունենա հասարակությունը բաժանելու «յուրայինների» և «ուրիշների»։ Ուստի կուսակցական ցուցակներից նախագահի, պատգամավորների, իսկ նրանց կազմից՝ վարչապետի և կառավարության ընտրությունը Հայաստանի և հայաստանցիների համար հակացուցված է և անխուսափելիորեն բերել է և կբերի այն իրավիճակի, որին այս անգամ դեռ կարողացավ և հասցրեց հակադրվել սակավացող հայաստանյան հասարակության առողջ մասը։

Բացի ՀՀ Սահմանադրության և ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխումից՝ այս փուլում անհրաժեշտ է ամրագրել պետական գործչի վարքականոնները՝ այն սկզբունքները, որոնցով ղեկավարվելով՝ քաղաքական գործիչն իրեն չի օտարի հասարակությունից, չի կարողանա իրեն դիմող հայրենակցին ասել «եկել ես մեր տոնը խանգարես, որ ի՞նչ անես», կամ հայհոյի իր հետ խոսող լրագրողներին։ Քաղաքական պաշտոնում անձի ընտրվելն ու դրանից հեռացումը պետք է կախված լինի ոչ միայն ընտրություններից, այլ այդ անձի գործելակերպից և հստակ ժամանակացույցով նախատեսվող գործունեության արդյունավետության գնահատման հանրային մեխանիզմներից։

5 և ավելի տարի ժամկետով Հայաստանում քաղաքական գործիչ ընտրելը նույնպես հակացուցված է և կարող է ստեղծել պաշտոնում հավերժ և անպատժելի լինելու կեղծ ընկալում, ինչպես նաև տվյալ անձին, անկախ իր բարոյական կերպարից, թույլ տա ստեղծել սեփական իշխանությունը պաշտպանող չինովնիկական ապարատ։

Պետք է սահմանել հանրային գործչի գնահատման համակարգ, և իր աշխատանքային փորձին շնորհել գնահատական՝ բալային միասնական համակարգով։ Սա նշանակում է, որ նախկինում սխալներ թույլ տրված, անարդյունավետ աշխատող և բացասական հանրային կարծիք ունեցողը (bad record) պետք է ցանկության դեպքում մասնակցի հետագա ընտրություններին՝ այդ բացասական վարկանիշի հրապարակմամբ միայն։

Բացի այդ, Հայաստանում քաղաքական գործիչները պետք է չկարողանան իրենց «վերնախավ» համարել և դառնան ծառայողներ՝ զինծառայողների նման։

Քաղաքական գործիչը ծառայում է իր երկրին, ստանում հասարակության կողմից ներկայացվող պահանջներն ու աջակցությունը, և պետք է զբաղվի ոչ այլ ինչով, քան հասարակության հիմնախնդիրները վաղաժամ լուծելով և այլ հնարավոր խնդիրների կանխատեսմամբ ու կանխարգելմամբ։ Հանրային գործիչը պետք է ոչ թե խոսի հայրենասիրության մասին, այլ իր ամենօրյա աշխատանքում ապացուցի այն։

Բացի այն, որ քաղաքականության իրականացումը մասնագիտություն է և ոչ թե Աստծո կողմից շնորհված ու «ընտրյալների» մենաշնորհ, այն ենթադրում է հասարակության հետ մշտական և ուղղակի առնչություն։

Տեղեկատվական դարաշրջանի պայմաններում քաղաքական գործիչների՝ հասարակության հետ զուտ հեռուստաէկրանից կամ կայքէջերով շփվելը իրենց կողմից ժամանակակից տեխնոլոգիաների չարաշահում է. հայաստանյան հասարակությունը փոքր է, և դրանում իշխանություն-հասարակություն հարաբերությունների արհեստական և մշտական միջնորդավորումը պառակտում է ազգը, նվազեցնում իշխանության հանրային պատասխանատվությունը։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական գործիչ պարտավոր է պարբերաբար և ուղղակիորեն շփվել հասարակության (և ոչ զուտ իր ընտրողների) հետ՝ հրապարակում, փողոցում, հանրային տրանսպորտում։ Քաղաքական գործչի՝ Ազատության հրապարակի բեմից հանդես գալը չպետք է միայն հեղափոխության կամ ցույցերի գործիք լինի, այն պետք է դառնա Հայաստանում քաղաքական մշակույթի անհրաժեշտ բաղադրիչը։

Հանրային մտածելակերպի անհրաժեշտ փոփոխություններից մեկը պետք է լինի Հայաստանում պաշտոնյայի՝ մուգ ապակիներով մեքենաներով և թիկնազորով շրջագայելելու ֆեոդալական սովորույթի բոլոր դրսևորումների բացառումը։

Հասարակությունից սեփական անձի հեռացումն ու սոցիալական հեռավորության արհեստական մեծացումը չի կարող նպաստել այդ անձի՝ հանրային շահին միտված գործունեության արդյունավետությանը։

Բացի այդ, հանրային գործիչների ինչպես դրական, այնպես էլ բացասական անձնական օրինակը խիստ վարակիչ է, և հասարակության մեջ առկա բացասական երևույթների մեջ պետական գործիչներին մեղադրելը դրանով իսկ, գոնե մասամբ, արդարացված է։

Ապրիլյան հանրային ընդվզումը կրկին անգամ ցույց տվեց, որ հայաստանյան հասարակությունը կարող է միասնական լինել, միասնաբար գործել, որ փոխադարձ հարգանքն ու փոխօգնությունը հայի դրական հատկություններից են։

Ապա թե ինչու՞ այդ որակներից բխող վարքը սակավաթիվ դրսևորումներ ունի սովորական պայմաններում, առօրյայում։  Ուրեմն, պետք է սովորել դրական օրինակներից. այն, թե ո՞ր արժեքներն են հասարակության մակարդակում գերակա դառնալու, կախված է ոչ միայն սովորեցնողից («Ձուկը գլխից է հոտում»), այլ նաև՝ սովորողներից, մեզանից։

Մեր մտածելակերպի կարևոր փոփոխություններից պետք է լինի շնորհակալ լինելու, լավը գնահատելու կարողությունը։

Անգլոսաքսոնական համակարգում «Շնորհակալության օրվա» («Thanksgiving») նշելը ոչ միայն երկիր ունենալու, սոված և ծարավ չլինելու համար, այլ նաև միմյանց շնորհակալ լինելու կարևոր իմաստության արտահայտում է։

Մենք նույնպես պետք է սովորենք յուրաքանչյուր նորով չբնաջնջել հինը, չմոռանալ յուրաքանչյուրիս կարևոր ներդրումն ամբողջին, եթե այդպիսին կար։ ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն իրենց կարևոր ներդրումն են ունեցել ՀՀ պետականության կայացման գործում, ինչը չի նշանակում, որ իրենք պետք է ունենային այս երկրում բացարձակ իշխանություն, սակայն ենթադրում է իրենց կարողությունների և ընկալումների սահմաններում կատարված մեծ աշխատանք և մեծ ռիսկեր, որոնք իրենց քննադատողների մեծ մասը չգիտի, չի գիտակցում, և չի զգում։

Մենք պետք է դասեր քաղենք սեփական սխալներից։

Սովորենք նոր շենք կառուցելու համար չքանդել հինը, սեփական երեխային սիրելու համար չսահմանափակենք այլ երեխաների իրավունքները, ռեստորանում ուտելիք պատվիրելուց հիշենք, որ մեր հասարակությունում կան բազում ընչազուրկներ, և որ մեր ուտելիքի անիմաստ մնացորդին ծախսված գումարը կարող էինք իրենց տալ։

Քննադատելով վատը՝ պետք է շնորհակալ լինենք լավի համար։

Սովորելով տեղում արձագանքել վատին և չսպասել դրա խորացմանն ու արմատավորմանը՝ նաև սովորենք անմիջապես, չսպասելով մարդու մահվանը կամ մեզանից մեկնելուն, շնորհակալություն հայտնել մեզ սովորեցնելու, օգնելու, ուժեղացնելու, կերակրելու, բուժելու, պաշտպանելու համար։

Պետք է հիշել բժիշկների մասին՝ առողջ լինելու ժամանակ, շնորհակալ լինել զինվորներին՝ խաղաղության ժամանակ և խաղաղության համար, ուսուցիչներին՝ մեր գիտելիքների և արժեքների համար։

Շնորհակալ լինելու առումով պետք է գնահատել ոչ միայն մեր բանակը, այլ նաև այն ստեղծողներին և բանակաշինության գործում անգամ ամենափոքր ներդրում ունեցողներին։ Հայկական բանակը գտնվում է հայաստանյան հասարակության վստահության ամենաբարձր շեմում՝ մրցելով Հայ Առաքելական եկեղեցու հետ, և դրանում մեծագույն ավանդն ունեն ինչպես պաշտպանության նախկին, այնպես էլ ներկայիս նախարարները։

Ուստի, շտապելով քննադատել և փնովել բոլորին, այդ թվում՝ մեզ համար կարևոր գործառույթներ կատարող զինծառայողներին, ոստիկաններին, բժիշկներին և այլ մասնագետներին՝ եկեք սկզբից յուրաքանչյուրս հարցնի ինքն իրեն. իսկ ի՞նչ ես դու արել քո պետության համար։ Որքանո՞վ է քո արածն արդյունավետ, օգտակար, տեղին, որքանո՞վ է նպաստել հանրային շահին։

Ինքնաքննադատությունը պետք է վերաբերի ոչ միայն ընդհանրական մի հայի անեկդոտիկ կերպարին, այլ դառնա սեփական կենսակերպի և խոսելաոճի, գործունեության և հանրային շահի առումով արդյունավետության  գնահատման սկզբունքը։

Այս բոլորը նորություն չէ, սակայն մեզանում լավ մոռացված պարզ ճշմարտություններն են, մոռացված տարբեր պատճառներով՝ մյուսներին նայելու, մեզ ղեկավարողների վարքն ընդօրինակելու, անգրագիտության և պարզապես անտարբերության։

Կրկնեմ. մեզ պետք է ոչ այնքան անձանց, որքան՝ խաղի կանոնների փոփոխություն։

Նախկին խաղի կանոնները կարտադրեն հին տիպի առաջնորդների, որոնք նոր պայմաններում ունակ չէն ապահովելու փոփոխված հասարակության պահանջները։

Իսկ հայաստանյան հասարակությունն իրոք փոփոխվել է, և դա վաղուց ժամանակն է ընդունել և հասկանալ։

Հայաստանցի երիտասարդներն ուզում են համբուրվել փողոցներում՝ պարզ ճշմարտություն և բնական ցանկություն, և դա չպետք է զարմացած, դժգոհ, քննադատող հայացքների պատճառ դառնա։

Մինչդեռ մեր ժամանակի փաստերից է այն, որ փողոցում համբուրվելու համար երիտասարդներից ոմանք ստիպված էին սպասել հեղափոխության, մասնակցել հանրային բողոքի։

Հայաստանցի երիտասարդն ունի մեծ պահանջներ և չիրացված շատ ցանկություններ, որոնց իրականացման հնարավորություններից է կախված իր վերաբերմունքն այն պետությանը, որում ապրում է կամ կցանկանա ապրել։

Պետականության բացակայության պայմաններում դարերով սպանվել է հայ մարդու՝ ցանկություններ ունենալու կարողությունը. մի կողմից, դա անիմաստ էր, մյուս կողմից՝ վտանգավոր և պատժելի։ Ուստի սեփական պետություն ունենալը մեզ համար սեփական Ես-ի մասին վերջապես հիշելու, սեփական ցանկությունները հասկանալու և դրանցով առաջնորդվելու կարևորագույն նախապայմանն է, որից մինչ այժմ շատ քիչ ենք օգտվել։

Հայաստանցին ցանկանում է ապրել իր երկրում, լինել պաշտպանված, երջանիկ և ապահով։ Եվ նրանք, ովքեր դա չեն հասկանում կամ գիտակցաբար խոչընդոտում հայաստանցու գիտակցված և արդարացի ցանկություններին, պետք է հասկանան, որ չարաշահում են հայի բնատուր համբերատարությունն ու վերջիվերջո դառնալու են հանրային ատելության թիրախը։

Սրանք մեզ համար կարևորագույն ապրիլյան ընդվզման դասերից են, որոնցից բխող փոփոխությունները պետք է սկսել հենց այսօր։

 

Արթուր Աթանեսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ