«ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ. կարանտինային խոհեր…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Լուրջ լսարանի համար լուրջ թեմայի շուրջ կանխատեսումներ անելը, հիրավի, անշնորհակալ և ունայն գործ է, ուստի կխուսափեմ մասնագիտական խոր վերլուծություններից, անգամ՝ տերմինաբանությունից: Պարզապես կկիսեմ իմ խոհերն ու որոշ դիտարկումներ՝ կապված համաշխարային վերջին զարգացումների հետ:
Եվ այսպես՝ թագաժահր (կորոնավիրուս) և աշխարհավարակ:
Մի բան հաստատ է՝ որոշ ժամանակ անց օգտագործելու ենք «դրանից առաջ» և «դրանից հետո» եզրույթները՝ նկատի ունենալով հենց այսօրվա անցքերն ու զարգացումները:
Իսկ ի՞նչ էր թագաժահրից (կորոնավիրուսից) առաջ:
Խելագար մի աշխարհ, որի ողջ էությունը կարելի է տեղավորել ընդամենը մի քանի բառերի մեջ՝ աշխատել (հանուն փողի, իհարկե), կուտակել ու ծախսել աշխատածը առօրյա հոգսերի ու, որ առավել ցանկալի է, հաճույքների վրա: Եվ այդպես՝ օրեցօր, տարեցտարի:
Նմանատիպ հասարկարգը կոչվում է «սպառողական հասարակարգ»:
Անգամ արվեստն, իր բոլոր դրսևորումներով, հիմնականում տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Երբ փորդ կուշտ է՝ կարելի է նաև թատրոն գնալ կամ համերգ: Իսկ եթե ուզում ես արվեստով զբաղվել՝ բարի եղիր աշխատել: Բացառություններն, իհարկե, այսօրվա քննարկման նյութ չեն:
Բայց, այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև վերջ: Այս մրցավազքը մի օր պիտի կտրվեր:
Տնտեսական բնագավառում դա պարբերաբար է տեղի ունենում: Սակայն այսպիսի համընդգրկուն ձևով, թերևս, առաջին անգամ էր փոքրիշատե հիշվող ժամանակահատվածի համար:
Ի՞նչ էր կատարվում աշխարհում մինչև թագաժահրը (կորոնավիրուսը):
Անձամբ ես առանձնապես հակված չեմ տուրք տալ դավադրության տեսություններին՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ աշխարհն իրականում միաբևեռ չէ, և որևէ, անգամ շատ մեծ իշխանությամբ օժտված գաղտնի ակումբներ կամ խորհուրդներ չեն կարող տնօրինել համայն աշխարհի ճակատագիրը:
Կա Չինաստան, և կա Հնդկաստան, որոնք միասին երեք միլիարդ բնակչություն ունեն: Երկու հզոր փղեր, որոնց հետ անգամ առյուծների ընտանիքը (չքաղաքականացնել) ստիպված է հաշվի նստել: Եվ, հավատացեք, նույնիսկ էական չէ, թե որտեղից և ինչպես սկսեց այս ամենը: Այս պահին դա լոկ քաղքենիական հետաքրքրության շրջանակներում է: Առավել կարևոր է, թե ով՝ ինչ հետևություններ կանի և ինչ պտուղներ ու դասեր կքաղի ստեղծված իրավիճակից:
Շահարկումներ, իհարկե, կան և դեռ կլինեն, բայց իրական տեղեկատվությունը, անգամ այս գերտեղեկացված դարում, մնում է շատ փոքր մարդկանց խմբի սեփականությունը: Հազարավոր գրքեր կգրվեն, տասնյակ հազարավոր հոդվածներ ու վերլուծություններ կարվեն (էլ չեմ խոսում՝ պարզ մահկանացուների գոյության հիմնական տիրույթի՝ սոցիալական ցանցերի մասին), սակայն գաղտնիքը երբեք էլ չի բացահայտվի: Միգուցե այն պարզ պատճառով, որ այն չափից դուրս ակնհայտ է: Ամեն դեպքում միշտ էլ կարելի է «պտուղներից ճանաչել ծառը»: Իսկ պտուղները, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում երևան են գալու:
Սպառողական հասարակարգի դրույթներից մեկն էլ իրական անտարբերությունն է իրենից դուրս կատարվող երևույթների հանդեպ, քանի դեռ դրանք ուղղակիորեն չեն ազդում հենց քո կյանքի ու կենցաղի վրա:
«Միայն թե պատերազմ չլինի»՝ սնանկ երազանքը վաղուց է սպառել իրեն:
Պատերազմը երբեք չի ընդհատվում, քանի որ դա մարդկային այս ձևի գոյության անկյունաքարերից մեկն է: Երկրորդ աշխարհամարտից հետո տեղային մեծ ու փոքր պատերազմների պակաս, հաստատ, չի եղել՝ սկսած Վիետնամից ու Կորեայից՝ վերջացրած (ավաղ՝ տակավին չվերջացած) Արցախով ու Սիրիայով:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Երրորդ աշխարհամարտի դրսևորման ծպտված դրսևորում:
Պատերազմ չէին տեսել, ըստ էության, միայն Միացյալ Նահանգներն ու Արևմտյան Եվրոպան: Փաստորեն աշխարհի մի մասը պատերազմների մեջ է, մինչդեռ մյուս մասն ապրում է «ուղտի ականջում քնած», քանի դեռ այդ ամենն անձամբ իրեն չի հասել: Այո, իհարկե, փող աշխատենք, ծախսենք, քանի որ «կյանք» կոչվող հրաշալի պարգևը մի անգամ է տրվում: Ավելացած գումարներից կարելի է մի քիչ օգնություն ուղարկել Սիրիա կամ Թունիս… Աչքից հեռու՝ սրտից հեռու:
Տնտեսությունն էլ գերլարված մրցավազքի մեջ էր:
Փող տպող մեքենաներն աշխատում էին օրական 24 ժամ, տարին 365 օր: Եվ կապիտալն ինքն էլ էր խոր հակասության մեջ: Խոսքս արտադրական (բարիք արարող) և ֆինանսական (սպեկույլատիվ-վաշխառուական) կապիտալների առճակատման մասին է:
Մյուս կարևոր կետը էներգակիրների խնդիրն էր: Հզոր ցնցում էր պետք, որ վերջապես նավթա-գազային կապիտալը զիջի իր դիրքերը վերականգնվող կամ այլընտրանքային աղբյուրներին: Բացի այդ, շուտով գրեթե կանէանա նավթային և գազային երկրների անհարկի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Սա հետևանք է, թե ընդամենը հարակից երևույթ, պարզ կդառնա ավելի ուշ: Ամեն դեպքում ազդեցության կենտրոնները կտեղաբաշխվեն:
Հավատի հարցերն էլ, ըստ էության, հիմնականում սպառողական հասարակարգի տրամաբանության մեջ էին:
Աշխատիր, ստացիր ռոճիկդ, ծախսիր հաճույքներիդ համար, իսկ կիրակի օրերը կարող ես եկեղեցի գնալ՝ աղոթքի կամ պատարագի: Դրանից հետո կարելի էր նաև թատրոն այցելել կամ մի բաժակ գինու շուրջ զրուցել Վան Գոգի կամ Կանդինսկու արվեստի մասին:
Հավատն ավելի շուտ ծիսակարգային բնույթ ուներ: Իրական հավատի դրսևորումները սակավաթիվ էին ու հիմնականում՝ ծպտված: Խոսքս քրիստոնեական եկեղեցու մասին է: Իսլամն ու մյուս դավանանքներն առավել կենսունակ են արդի աշխարհում:
Նույնը և բնություն-մարդ փոխհարաբերությունների մասին:
Գեղեցիկ Ամերիկա ու բարեկեցիկ Եվրոպա ունենալու համար գրեթե անհրաժեշտ է, որ Հայաստանի պես «բանանային» երկրներում ծաղկի հանքարդյունաբերությունը, իսկ Սիրիայի կամ Սիերա Լիոնեի պես երկրներում, որոնց տեղը քարտեզի վրա միջին ամերիկացին անգամ չգիտի, երբեք չվերջանան պատերազմները:
Սակայն անգամ միացյալ թվացող Եվրոպայում ամեն ինչ այնքան էլ միասնական չէ: Խոսքը կյանքի փիլիսոփայության մասին է:
Կարելի է հստակ նշմարվող երկու մոդել նկատել:
Առաջինը «թալանչիականն» է՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի: «Թալանել» ամբողջ աշխարհը և այդ ամբողջ հարստությունը բերել մետրոպոլիա: Հաջորդ քայլը՝ այդ մոդելի պարտադրումն է բոլոր հնարավոր երկրներում՝ «թալանեք», բերեք ձեր «թալանը» Լոնդոն ու կարող եք փոքրիշատե հանգիստ վայելել ձեր կյանքի մնացած օրերը մշուշոտ Ալբիոնում: Օրինակները բազմաթիվ են:
Մյուս մոդելը գերմանականն է, որի հիմքում համընդհանուր պատասխանատվությունն է ու բիզնեսի ստեղծարար մոտեցումը: (Երևի Գերմանիայի բախտից էր Երկրորդ աշխարհամարտում պարտություն կրելը):
Կենսակերպի ու փիլիսոփայական այս երկու մոդելների արտաքուստ չերևացող, բայց իրականում իրարամերժ գոյապայքարը բարեկեցիկ Եվրոպային տանում էր խորագույն ճգնաժամի: Ի դեպ, այս տեսակետից միանգամայն հասկանալի է Մեծ Բրիտանայի և Եվրոպայի «ապահարզանը»: Ամեն դեպքում ակնհայտ է, որ քաղաքական կառավարման ներկա մոդելները գրեթե սպառել են իրենց:
Իսկ ի՞նչ ակնկալենք «դրանից հետո»: Ի՞նչ է փոխվելու աշխարում:
Տնտեսությունը, միանշանակորեն, աննախադեպ անկում է ապրելու: Դա կասկածից դուրս է: Թե ինչ չափով՝ կախված է աշխարհավարակի վերացման ժամանակացույցից: Եվ քանի որ մարդկության ամբողջ ապրելակերպն աղերսված է հենց տնտեսությանը, ապա պարզ է, որ անկումն ու դեպրեսիան ընդգրկելու են բոլոր ոլորտները:
Չինաստանն աստիճանաբար կդառնա թիվ մեկ տերությունը: Աշխարհում գրեթե կվերանա կանխիկ դրամը, և կփոքրանա ստվերային տնտեսությունը: Ի դեպ, տնտեսագիտությունը խոսելով ստվերի մասին, նշում է նաև դրա դրական կողմերը: Այսօր շատ մարդիկ գոյատևում են հենց բարձի տակ սև օրվա համար պահած միջոցներով: Առավել խեղճանում են հարյուր տոկոսով «մաքուր» աշխատողները, քանի որ նրանց գոյությունը կախված է կառավարությունների ու բանկերի բարեհաճությունից: Հաջորդ ճգնաժամի ժամանակ ոչ մեկի մոտ «հոգեպահուստ» մնացած չի լինի:
Այն պահին, երբ համաշխարհային տնտեսությունը սկսի վերականգնվել, մարդկությունը ոտք կդնի աննախադեպ մրցավազքի ճանապարհին: Այսինքն՝ աշխատել առավել մեծ եռանդով փող ստեղծելու ու այդ փողը ծախսելու համար:
Սին են այն ենթադրությունները, թե մարդկությունը և աշխարհը կփոխվեն: Ոչինչ չի փոխվի: Հակասությունների թափանիվն է՛լ ավելի մեծ էներգիայով կսկսի պտտվել, ու մարդկությունը պարզապես կարոտով կվերադառնա սպառողական հասարակարգի՝ իր համար կոմֆորտային ու սիրելի բարքերին՝ աշխատանք-փող-սպառում-աշխատանք: Ազատ րոպեներին, իհարկե, կարելի է կրկին թատրոն գնալ ու գեղեցիկ զրույցներ տանել արվեստի ու բարոյականության մասին:
Քաղաքական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի, քանի որ, ամեն դեպքում, քաղաքականությունը մեծամասամբ տնտեսական կյանքի հայելային պատկերն է մնալու:
Կառավարման հին մոդելներն, իհարկե, սպառել են իրենց, սակայն նոր մոդելներ այս պահի դրությամբ գոյություն չունեն՝ չհաշված տեսական ու բանաստեղծական տարբերակները:
Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի պես երկրները շահում են այն պարզ պատճառով, որ տնտեսական շարժառիթներն ամբողջապես չեն գրավել մարդկանց ուղեղները:
Սպառողական կենսաձևին զուգահեռ հսկայական նշանակություն ունի նաև հասարակության կառավարման փիլիսոփայական ենթաշերտը: Մենք, ավաղ, մատների արանքով ենք նայում Կոնֆուցիոսի ուսմունքի հետնորդներին, Ծաղկած բալենին մտքով ու մտքով պաշտողներին և Վարանասիում աղբի հարևանությամբ մեդիտացիա անող բրահմաններին: Դրանք, թերևս, միայն մեր զբոսաշրջային կամ էկզոտիկ հետաքրքրությունների դաշտում են:
Կփոխվի՞ արդյոք մարդկանց վերաբերմունքը կրոնի ու հավատի հարցում: Երևի թե չի փոխվի, քանի որ դրա համար որևէ նախապայման չկա: Հավատը կմնա դարձյալ ծիսակարգերի ու ձևականության շրջանակներում: Աշխատանքից և առօրյա հոգսերից ազատ ժամերին դարձյալ կարելի է եկեղեցի գնալ ու աղոթել: Իսկ ամբողջ ապրելակերպը կրկին տեղավորվելու է հին ու բարի «հաց և զվարճալիք» (Panem et circenses) սկզբունքի շրջանակներում:
Ֆուտբոլիստը, երգիչն ու ֆոտոմոդելը շարունակելու են մարդկանց կուռքերը մնալ, բժշկից, մանկավարժից ու գիտնականից հազարապատիկ բարձր աշխատավարձեր ու հոնորարներ ստանալ ու փառքի դափնիների միակ տերը լինել: Դեռևս տարիներ առաջ Ֆրանցիսկոս Պապը խոսում էր սպառողական հասարակության կործանարար էության մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Հիրավի, «աչքը չի կշտանում տեսնելուց, և ականջը չի լցվում լսելուց»:
Ինքնըստինքյան պարզ է, թե ինչու են թագաժահրից (կորոնավիրուսից) ամենաշատը տուժում Միացյալ Նահանգերն ու Եվրոպան:
Այն պարզ պատճառով, որ այդ երկրների մարդկանց իմունային համակարգն ամենաթույլն է: Յոթանասունհինգ տարվա անհոգ ու բարեկեցիկ կյանքը սպանել է դիմադրողականությունը: Իսկ ցանկացած համաճարակի դեմ ամենահզոր զենքն, անկասկած, միասնական հասարակական իմունիտետն է:
Տեղային պատերազմները կշարունակվեն: Դա մեծերի հիմնական զենքն է աշխարհը հպատակության մեջ պահելու նպատակով:
Մարդկային զանգվածային սպանության բարիքները տեսած ո՞ր երկիրն է երբևէ մերժել պատերազմ կոչվող շահութաբեր բիզնեսը: Բացի այդ, հանրահայտ փաստ է, որ ստրուկը երազում է ոչ թե ազատութան, այլ սեփական ստրուկների մասին: Ուստի թույլերը դարձյալ կձգտեն ուժեղանալ՝ հնարավոր պատերազմներում հաղթելու համար:
Այնպես որ, ամեն ինչ կվերադառնա հին մոդելին, բայց առավել ագրեսիվ ու բարոյական նորմերից գրեթե զերծ տարբերակին:
Այս օրերին տպվող թղթադրամներն ու «վարկային ու հարկային արտոնությունները» մարդկանց է՛լ ավելի մեծ կախվածության մեջ կդնեն ֆինանսական կապիտալից: Դրա տակից դուրս գալու միակ ձևը դարձյալ մնալու է ստրկական աշխատանքը՝ ի շահ մեծ ու փոքր բանկերի ու բանկային կազմակերպությունների: Սակայն փոքր առևտրային բանկերի ապագան էլ է մշուշոտ, քանի որ շատ շուտով ի հայտ են գալու անթիվ-անհամար անվճարունակ վարկային պարտամուրհակները:
Եթե այսօր խոսում ենք բնության ինքնամաքրման մասին, ապա դա էլ շուտով կմոռանանք:
Ոչինչ, բնությունը դեռ կմաքրվի: Հիմա պետք է աշխատել ու փող ստեղծել: Հետո մի բան կանենք: Առողջապահությունը ավելի շատ փող կստանա, բայց դրան զուգահեռ անհասանելիորեն կաճի դեղագործական բիզնեսի ազդեցությունը հասարակական մտածողության ու կյանքի վրա:
Խոսելով դավադրության տեսության մասին՝ անպայման հիշատակվում են ամեն մարդու կցվող միկրոտվիչները:
Սա առանձին քննության թեմա է, բայց, ըստ էության, շատ վաղուց արդեն գործում է: Ցանկացած խելացի հեռախոս ինքնին արդեն ամեն ինչ պատմում է իր տիրոջ մասին: Նույնը և սոցիալական ցանցերը: Նույնը և ողջ համացանցը, որի դերն առաջիկայում կտասնապատկվի ու կհարյուրապատկվի:
Գաղտնի ծառայությունների համար, ըստ էության, որևէ գաղտնիք այս առումով չկա: Ոչ միայն մարդկանց դիրքն ու տեղաշարժը, այլ նաև հեռախոսազանգերի և նամակների բովանդակությունը վաղուց ամենամանրակրկիտ հետազոտության առարկա են: Դրա համար պարտադիր չէ մարդու մաշկի տակ կամ ճակատին միկրոտվիչ ներդնել:
Կվերադառնա՞ մարդկությունը դեպի մաքրակենցաղություն (պուրիտանիզմ):
Երևի թե ոչ, քանի որ դրա սոցիալական ու բարոյական հիմքերը չկան: Վախենամ, որ տրամագծորեն հակառակ պատկերը լինի: Խոսքն, իհարկե, ձեռքերը լվանալու կամ ներքնաշորերը հաճախ փոխելու մասին չէ, այլ կենսափիլիսոփայության ու հասարակական ձևերի: Վստահությունը գալիս է այն համոզումից, որ այլընտրանք պարզապես գոյություն չունի: Խանութներում այլաբանորեն շարունակվելու է հիմնականում երկու բան վաճառվել՝ աղբ ու տոպրակներ այդ աղբի համար:
Եվ վերջում՝ երկու բառ մեր Հայաստանի մասին:
Ուզենք, թե չուզենք՝ մենք աշխարհի մի մասն ենք ու այն ամենն, ինչ կատարվում ու կատարվելու է աշխարհում, կատարվելու է նաև մեզ մոտ ու մեզ հետ՝ միգուցե ավելի փոքր մասշտաբով:
Հուսադրող է այն հանգամանքը միայն, որ մենք, դժբախտաբար, թե՝ բարեբախտաբար, շատ փորձություններ տեսած ենք ու իմունային առումով՝ կոփված: Կասկած չունեմ, որ այս մի փորձությունն էլ կհաղթահարենք ու կշարունակենք ապրել:
Շատ կցանկանայի, որ գոնե մենք՝ հայերս, այս ամենի արդյունքում գոնե մի քիչ խելք հավաքենք, բայց դա, երևի թե, երազանքների շարքից է: Որեմն՝ կսկսենք առավել մեծ եռանդով աշխատել ու հետո մեծագույն եռանդով էլ ծախսել մեր աշխատանքի արդյունքները ուտելիքի, ճամփորդությունների ու երբեմն՝ թատրոնի ու գեղեցիկի մասին խոսակցությունների շուրջ՝ մի գավաթ հայկական բուրավետ սուրճի հետ:
Իսկ Սուրբ Հարության տոնը մեզ համար, ավաղ, կաղերսվի միայն հեռավար պատարագի, հեռավար հավատի, բայց իրական ու համեղ տոնական սեղանի հետ: Եվ ամեն ինչ կվերադառնա իր ակունքներին:
Պատմությունը միայն մի բան է սովորեցնում. այն, որ ոչ ոք պատմությունից դասեր չի քաղում:
Հ.Գ.
«Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո, որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ»: Նախկինների հիշատակը չկայ, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում եկողների մեջ»:
Ժողովող, Ա, 9-11
Դավիթ Խաչիյան