Հասմիկը
բանասեր է:
Ուսումնա
սիրում է
համաշխար
հային
գրակա
նություն,
գրակա
նության
տեսու
թյուն:
Եվ՝ ոչ միայն...
«Աշխարհը, կորոնավիրուսը, գարունն ու...ՄԵՆՔ». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գարնան գալուստն ունի լավի, դրականի, թարմության ակնկալիքների և սպասելիքների խորհուրդ:
Դեռ նախօրեին համացանցը ողողված էր գարնանային առաջին օրվա անհամբեր սպասելիքներից ոգեշնչված գրառումներով:
Եկավ սպասված գարունը՝ իր հետ բերելով հայերիս երկամսյա վախի ու սարսափի մեջ պահած հայտնի վիրուսը:
Մի կողմից աշխարհի տարբեր ծայրերից եկող խուճապային լուրերը վիրուսի տարածման և վտանգավորության մասին, մյուս կողմից՝ այդ վիրուսի տեղային դրսևորումներ ունենալու հավանականության վախն այնքան էր շիկացրել ու լարել մթնոլորտը հայերիս շրջանում, որ վիրուսային վարակի գրանցման առաջին իսկ դեպքը արձակեց պրկված նյարդերի գերլարված կծիկը:
Ամեն ինչ փլվեց ագրեսիվ հայտարարությունների, առողջապահության նախարարի հրաժարականի, դպրոցներն ու մանկապարտեզները փակելու և այլազան կոչերի տեսքով:
Նայենք աշխարհին:
Մեռնելու հավանական հեռանկարը շատերի մոտ նյարդային պոռթկումների, ապրելու բնազդային պայքարի ենթագիտակցական շերտը բացելու առիթ է դարձել:
Համացանցը ողողվել է կատեգորիկ վերաբերմունքի դրսևորումներով. հիվա՞նդ ես՝ մեղավո՛ր ես:
Մարդասիրական կամ հանդուրժողության կոչերը հիմնականում հակադրաձվում են անձնական վիրավորանքներով: Այս համատեքստում համացանցում պատկերավոր կերպով ուրվագծվում է տարբեր ժողովուրդների ազգային դիմագիծն ու մտածելակերպը:
Ուկրաինացիները քարերով դիմավորեցին Չինաստանից վերադարձող իրենց հայրենակիցներին:
Իրանցիները փորձեցին հրկիզել քաղաքային հիվանդանոցը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված անձիք:
Վրացիներն աչքի ընկան սուպերմարկետներից մթերքի ահռելի պաշար գնելով և մեծ հերթեր գոյացնելով:
Չինացիները գործի են դրել տեխնիկական բոլոր միջոցները վարակի դեմ պայքարելու համար՝ նվազագույնի հասցնելով մարդկային շփումները: Նրանք պարբերաբար ուղղորդիչ հոլովակներ են նկարահանում՝ վիրուսից պաշտպանվելու տարբերակները նշելով: Բացի այս, չինացիները, կարծես թե, որոշել են նաև հումորային «պարային» համարներով դիմակայել վիրուսին. համացանցը ողողված է համապատասխան համազգեստով բժիշկների պարային տեսագրություններով:
Իսկ ինչպիսի՞ն է մեր՝ հայերիս արձագանքը:
Մենք ամեն ինչում մեղադրում ենք առողջապահության նախարարին: Ծաղրի ու քննադատության է ենթարկվում պետության՝ վարակված լինելու մեջ կասկածվող քաղաքացիների արժանապատիվ մեկուսացումը ապահովելու ջանքերը:
Մենք անհատասեր, անհատապաշտ ու նաև անհատամերժ, անհատահալած հասարակություն ենք, սիրում ենք ամեն ինչ կապել անհատների հետ, բոլոր հարցերին քաղաքական աստառ ու ենթատեքստ տալ: Ամեն ինչի դեմ պայքարում ենք քաղաքական հարթությունից՝ փորձելով գտնել տեսանելի և անտեսանելի, հիմնավոր ու անհիմն կապեր. այդպես երևույթն ավելի խորն ու ինտրիգն ավելի սուր է ստացվում:
Պայքարի հիմնական հարթակը համացանցն է՝ գունավոր, թարթող էկրանը, որը շատ բան է թույլ տալիս մեզ. այն մեզ մեր երազանքների աշխարհը կառուցելու հնարավորություն է տալիս, թեկուզ վիրտուալ, բայց տալիս է:
Ժամանակակից կյանքը կամաց-կամաց փոխադրելով ֆեյսբուք՝ մենք այնտեղ բավականին հարմար ենք տեղավորվել: Այնքան հարմարավետ է այստեղ, որ ցանկացած միջանձնային կամ ներանձնային կոնֆլիկտի, արատավոր երևույթի հետ առնչվելիս այլևս կարիք չունենք մարդկանց աչքերի մեջ նայել ու այդ մասին խոսել կամ լռել:
Մենք անմիջապես շտապում ենք ֆեյսբուք ու լավագույն դեպքում մեր, չլինելու դեպքում այլոց «ջախջախիչ» մտքերը շաղ տալիս մեր էջում ու մտովի հաղթական մտորումների մեջ սուզվում՝ պատկերացնելով, թե մեր ասելիքն ինչ ազդեցություն, ներգործություն է հիմա ունենում նշանակետի ներաշխարհում:
Այստեղից այնքան հեշտ ու գայթակղիչ է կարևոր ստորաբաժանումներ զբաղեցնող նախարարներին անգրագետ, տգետ անվանելը, նախագահին և վարչապետին ծաղրող կամ վիրավորող գրառումներ ուղղելը, պետական կարևորության հարցերի շուրջ անտեղյակ, բայց մեր կարծիքով այնքան կարևոր ու զարմանալիորեն անտեսված տեսակետը հայտնելը:
Մի խոսքով՝ սա մի հարթակ է, որտեղից յուրաքանչյուրս ամենագետ կառավարիչ ենք, հոգատար ազգասեր և իմաստուն խորհրդատու, չնայած հաճախ մեր ծավալուն և խիստ քննադատական խորհուրդները շաղ ենք տալիս անհասկանալի տառերի շարանով՝ լատինատառ անվան տակ վարագուրելով մայրենի լեզվի չիմացությունը:
Ամեն դեպքում, Ֆեյսբուքում ավելի լավ է. այնտեղ արմատի նշանի տակ ենք, երբ դուրս ենք գալիս, կրկնակի կրճատվում ենք. √ 4=2
Հասմիկ Հակոբյան