«Ավետարան ըստ...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆԻ
Իսկ դուք գիտե՞ք, թե քրիստոնեական աշխարհում ամենատարբեր օրենսդիր մարմինների կողմից ընդունված քանի օրենք կա: Ավելի քան երեքուկես միլիոն՝ չհաշված ամենատարբեր կարգավորումներն ու կանոնները: Եվ զավեշտալին այն է, որ, ըստ էության, այդ երեքուկես միլիոն օրենքն ընդամենը աղոտ արտացոլումն են այն հիմնական օրենքի, որը քրիստոնյա աշխարհի հավատո հանգանակն է: Այո, խոսքը Նոր Կտակարանի մասին է:
Մեկնաբանություններն անսպառ են, բայց, եթե ցանկանում ես ըմբռնել Խոսքի բուն իմաստը, նպատակահարմար է կարդալ հենց բնօրինակը: Մեր ժամանակների խնդիրն ու ցավն այն է, որ հիմա բոլորը ձգտում են խոսել՝ ասես ինքնահաստատման համար: Ավա՜ղ, քիչ են լսողները:
Ժողովրդական իմաստությունն ասում է, որ ասողին լսող է պետք: Բայց, եթե դա այսօր խնդրահարույց է, ապա կարելի է խոսել՝ մեր ներսում, ինքներս մեզ հետ: Կարծում եմ՝ բոլորիս տանն էլ Ավետարան կա: Վերջիվերջո, առաջին քրիստոնյա ազգն ենք: Ուրեմն, մի պահ շունչ քաշենք, վերհիշենք 301 թիվը և դրան հաջորդող տասնյոթ դարերը և փորձենք միասին կարդալ Ավետարանի առաջին էջերը՝ Օրենքի ճշմարիտ ուսուցումը:
«Դուք եք երկրի աղը… և աշխարհի լույսը»:
Հայեր, այո՛, մենք ենք երկրի աղը և աշխարհի լույսը: Բայց Չմեծամտանա՛նք և ամբարտավանությանը Չտրվե՛նք: Աղ և լույս դառնանք, որ անաղի չլինենք և չխարխափենք մթան մեջ: Եթե ցանկանում ենք աշխարհին Կոմիտասով ու Նարեկացիով ներկայանալ, ապա նախ ինքներս Կոմիտաս լսենք ու Նարեկ կարդանք: Եկեղեցու մոտով անցնելիս «մարշրուտկայի» միջից խաչակնքվելով ոչինչ չենք ապացուցում:
«Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի»:
Եթե մեզանում ինչ-որ բանի պակաս չկա՝ դա հաստատ չարությունն է: Ու՞ր կհասնենք օրնիբուն չարություն ու մաղձ ստեղծելով…
«Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն»:
Ասում է՝ մի՛ գայթակղվեք: Չարը շատ մոտ է: Թույլ մի՛ տվեք նրան տիրանալ ձեր հոգուն: Ուրեմն՝ մաքուր պահենք մեր հոգիները: Միայն մաքուր հոգով կարելի է մաքուր գործեր անել:
«Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևին չերդվել… Այլ ձեր խոսքը լինի՝ «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ. որովհետև դրանից ավելին չարից է»:
Քանի՞ երդում է իրականություն դարձել: Քանի՜ իշխանավոր է ձեռքը դրել Սբ. Գրքի վրա և երդումներ տվել: Եվ այդ երդումներից քանի՞սն է իրականություն դարձել:
«Չարին հակառակ չկանգնե՛լ… Տու՛ր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել՝ երես մի՛ դարձրու նրանից»:
Լսում եմ ընդիմախոսներիս ցասումը՝ ինչպե՞ս թե հակառակ չկանգնել: Որեմն՝ մեզ գան կոտորեն, իսկ մենք չդիմադրե՞նք: Իհարկե դիմադրենք: Միասին և բոլոր ուժերով: Պարզապես Հիսուսի պատգամն արտաքին թշնամու մասին չէ, այլ ներքին: Կոնֆուցիոսն ասում էր, որ ինքը չի կարող երջանիկ լինել, քանի դեռ Չինաստանում թեկուզ մեկ դժբախտ մարդ կա: Ես չգիտեմ՝ Կոնֆուցիոսի «Չինական դասական տեքստերն» ընդգրկված են երեքուկես միլիոն օրենքների մեջ, թե՝ ոչ, բայց նրանից վեց դար անց Հիսուսը նույն բանն է ասել՝ Տուր նրան, ով քեզնից խնդրում է:
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում»:
Սպասում եմ՝ քարկոծե՛ք ինձ: Երբ հանդարտվեք՝ կավելացնեմ. խոսքն արտաքին թշնամու մասին չէ: Այո, օրհնե՛նք, բարությու՛ն անե՛նք և աղոթե՛նք, բայց Չհամակերպվե՛նք: Հիսուսի խոսքի նուրբ իմաստը շատ ավելի խորն է: Պողոսի ասած՝ ոչ թե պարտվեք չարին, այլ բարությամբ հաղթեք նրան: Չարին պարտվել չի կարելի, այլապես ամեն ինչ կվերջանա: Իսկ չարին չարությամբ պատասխանելը միայն բազմապատկում է նրա ուժերը: Կյանքը միշտ էլ դա է ապացուցում:
«Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք… Երբ ողորմություն անես, թող քո աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի»:
Զգուշանա՛նք կեղծավոր բարեպաշտներից:
«Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածու՛կ աղոթիր քո Հորը»:
Միայն թե չասեք, թե այո՛, մեզ քարակերտ եկեղեցիներ պետք չեն: Պետք են, քանի որ դարձյալ ասում է՝ «Երբ մի տեղ կհավաքվեք երկու-երեք հոգի իմ անունով՝ ես այնտեղ կլինեմ»:
Տերունական աղոթքը կարող ենք մեր բառերով ասել: Միայն թե ոչ թե «մի՛ տար մեզ փորձության», այլ՝ թույլ մի՛ տուր, որ չարը մեզ տանի փորձության: Տերը երբեք մարդուն փորձության չի տանում, բայց փորձության մեջ հայտնվածի հետագա վարքից է կախված նրա օրերի ընթացքը:
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման… Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը»:
Առանց մեկնաբանության:
Այ այս մեկը շա՜տ լավն է՝ «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա... այլ գանձեր դիզեցե՛ք երկնքում… քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»:
Խոսքն աղքատ կամ հարուստ լիենլու մասին չէ, այլ վերաբերմունքի: Այսօր մեզանում, անկարող բացառությունները չհաշված, գրեթե բոլորը զբաղված են երկրային գանձեր կուտակելով կամ էլ երազում են դրա մասին: Հայաստանում աղքատ մարդ չպետք է լինի: Բոլորը պետք է սպիտակ հաց և սերուցքային կարագ ուտեն: Մեր հողը կարող է դա ապահովել: Պարզապես մի մասը կարագի վրա ծիրանի ջեմ է ավելացնում, իսկ մյուսները՝ սև խավիար: Հավատացեք ինձ՝ ծիրանի ջեմը շա՜տ ավելի օգտակար է: Հարցը դա չէ, այլ վերաբերմունքը: Երբ ոսկի և դոլար դիզելը դառնում է նպատակ՝ մյուս արժեքները երկրորդանում են, քանի որ, դարձյալ մեջբերեմ, «ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել… չենք կարող ծառայել Աստծուն և մամոնային»:
«Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի»:
Եթե ցանկանում ենք ճանաչել մարդկանց՝ նայենք նրանց աչքերին: Եվ խուսափենք այն մարդկանցից, ովքեր վախենում են մեր աչքերին նայել: Անմեղ և ազնիվ մարդը ամաչելու բան չունի: Բայց որքա՜ն վտանգավոր են մեր աչքերի մեջ նայող և չարին ծառայող մարդիկ:
Ապավինում նախախնամությանը: «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք… Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Չե՞նք հավատում: Փորձենք… Բայց հեռու պահենք մեզ պարզունակ մոտեցումից, թե ո՞վ է կերակրելու իմ զավակներին վաղը: Աստված է կերակրելու՝ մեր ձեռքով: Եվ ծույլերին էլ չի սիրում Տերը: Աշխատենք և արժանապատիվ կյանքով ապրենք՝ ապավինելով Աստծուն:
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու… Ինչու՞ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում»:
Բայց ո՜նց ենք մենք սիրում դատել… Ես գիտեի, որ Հայաստանում երեք միլիոն նախագահ, վարչապետ և նույնքան էլ բժիշկ-համավարակաբան ու պաշտպանության նախարար կա: Բայց պարզվում է, որ դատավորներն էլ քիչ չեն: Երանի թե ամեն մի դատավոր առավոտյան կանգներ հայելու առջև և մեկ րոպե ինքն իր աչքերի մեջ նայեր…
«Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»:
Երբ իր հողն ու տունը չսիրող ու աղբանոցի վերածող հայը խոսում է կորցրած սուրբ հողերի մասին՝ ես տարակուսում եմ: Եղբայր, դու թողել ես քո տունը, երբ այն պետք էր պաշտպանել, գնացել ես չգիտեմ ուր, որ չգիտեմ ինչ անես, և դեռ զարմանո՞ւմ ես, որ քո հողն ու տունը քեզանից տարա՞ն: Իսկ հիմա, երբ անծայրածիր հյուսիսային երկրի ծայրամասերից մեկում քո պատից Արարատի նկարն ես կախում և քրտինքով աշխատած կոպեկներդ ժողովելով նոր հայկական քարակերտ եկեղեցի ես կառուցում, որ կիրակի օրը գնաս և մոմ դնես, չե՞ս մտածում, թե ու՞մ ես թողնելու այդ ամենը:
Աշխատենք բառիս բուն իմաստով նմանվել այն «իմաստուն մարդուն, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդացին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված»: Վա՜յ նրան, ով իր տունն ավազի վրա է կառուցում: Եվ առավել վայ նրանց, որոնք իրենց երկիրն են ավազների վրա կառուցում:
Մի՞թե իրոք հաճույք ենք ստանում բարբարոսներին Արարատի, Ազնավուրի մասին պատմելուց և նրանց հայկական կոնյակ հյուրասիրելուց: Զգուշանա՛նք, որովհետև, երբ մեր մարգարիտները խոզերին ենք հրամցնում, մի օր նրանք «հետ են դառնալու և պատառոտելու են մեզ»: Եվ այդ պահին չփորձե՛նք մեղադրել Տեր Աստծուն: Նա վաղու՜ց զգուշացրել էր մեզ:
«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ»:
Ես մի մարդու գիտեմ, որը պրոֆեսիոնալ գող է: Եվ ամեն անգամ «գործի» գնալուց առաջ մտնում է եկեղեցի, աղոթում ու մոմ վառում «վասն հաջողության»: Եվ, երբ հաջողում է, վերադառնում է ու դարձյալ մոմ վառում՝ «վասն շնորհակալության»: Ինչ է ասածս՝ Չնմանվե՛նք այդ մարդուն: Իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե ինչ ենք խնդրում Աստծուց:
Ոսկե օրենքը՝ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դու՛ք արեք նրանց»:
Երանի թե Հայաստանում ամենուր խաղադրույքների գովազդի և սրտխառնոց առաջացնող ամենատարբեր թեկնածուների նկարների փոխարեն հենց այս բառերը դրոշմված լինեին… Ու մարդիկ կարդալ իմանային: Ավա՜ղ, տառաճանաչությունը դեռևս կարդալ իմանալ չէ:
Այս մեկը լրիվ պիտի գրեմ՝ «Մտեք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն»:
Սիրելի հայեր, մի քիչ մեր քթից հեռուն նայենք: Այսօր աշխարհի վերջին օրը չէ: Վաղը կյանքը շարունակվելու է: Եթե ցանակնում ենք, որ մեր երեխաներն ու թոռները մաքուր օդ շնչեն ու չտառապեն տոթից՝ այսօր մեզ մի քիչ նեղություն տանք: Ծառեր տնկենք և խնամենք: Տարիներ անց մեզ կօրհնեն մեր սերունդներն ու ոչ միայն նրանք: Արարատի տեսարանով էլ հիանալուց առաջ մի հայացք նետենք Արարատյան դաշտին, որը վերածվել է անջրդի անապատի, ուր, հիրավի, միայն դևերին է վայել բնակվելը: Ուրեմն՝ մտնենք նե՛ղ դռնով, դուրս գանք հարմարավետության գոտուց ու ծառեր տնկենք, տներ ու ճանապարհներ կառուցենք, շենացնենք մեզ և մեր երկիրը: Եթե այսօր զլանում ենք ամուսնանալ ու երեխաներ ունենալ, վաղը մեզ և մերը պահող չի լինելու:
«Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են»:
Երևի թե թողնեմ առանց մեկնաբանության: Վերջիվերջո՝ «Պտուղներից ճանաչեք ծառը, քանի որ չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, և չկա չար ծառ, որ բարի պտուղ տա»: Զգույշ լինե՛նք, հայեր: Ականջ դնենք ու լսենք: Լսենք ու հասկանանք: Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում, այլև՝ թե ով է ասում և ինչու է ասում:
Թվում է, թե ամեն ինչ պարզ է: Բայց դարձյալ լսում եմ ընդդիմախոսներիս՝ «Եղբայր, լավ ես ասում, բայց շուտ արա, ոչխարը սարն անց կացավ»:
Լավ, եղբայր, արագ կապեմ:
Ուրեմն՝ Սուրբ հոգին բոլորիս է քառասուն օրով անապատ տանում՝ փորձության: Աշխատենք այդ փորձությունից պատվով դուրս գալ:
Մեզ համար հիմա օդ ու ջրից ավելի կարևոր է, Կոստան Զարյանի բառերով ասած, անձնապես խաչվել և անցնել մեր ներքին բարոյական Գողգոթան: Պատվով կանցնենք՝ լավ, չենք անցնի՝ Աստված մեզ պահապան: Կարելի է ապրել և բույսի պես, եթե մարդու արժանապատիվ կյանքով ապելու անկարող ենք:
Եվ կարևորը կուռքին տապալելը չէ, այլ քո մեջ կռապաշտին սպանելը: Սա էլ ոչ թե ես, այլ մի մեծ մտածող է ասում: Տասնյոթ երկար ու ձիգ դարերի ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր մեջ սպանել կռապաշտին: Իսկ կռապաշտին սնուցողը հենց մենք ենք՝ մեր կեղծավորությամբ:
Հավատը ոչ Ղալթախչի գնալով ու մոմ վառելով է, ոչ էլ Հիսուսի արձան կանգնեցնելով կամ բարձունքի վրա խաչ դնելով: Հավատը Աստծո խոսքով և պապերից մեզ ժառանգություն թողած սուրբ հողի վրա արժանապատիվ ապրելն է:
Եթե դժվար է Հիսուսի բոլոր պատգամները պահելը՝ բավարարվենք միայն մեկով՝ երբեք սուտ չխոսենք: Ինքներս էլ զարմանքով կնկատենք, թե ինչպես կփոխվի մեր կյանքը և կծաղկեն մեր հոգու ծառերը:
Եկեղեցին հենց մենք ենք, երբ մեզ միավորում են բարձր և վեհ գաղափարները, իսկ դրանք այնքան էլ շատ չեն՝ Հայրենիք, ընտանիք, ժառանգություն, մենք: Կարող ենք շարունակել շարքը:
Եվ մի բան էլ: Ասում է՝ «երբ թշնամուդ հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, ու դու բանտ նետվես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը»: Ու, քանի որ կանխավ իրավախոհ չենք եղել ու արդեն հայտնվել ենք բանտում, եկեք վճարենք վերջին դրամը, ազատվենք պարտքերից, որ կարողանանք գլուխներս բարձր առաջ գնալ՝ նեղ ու դժվար ճանապարհով:
21.01.2022 թ.
Երևան
Դավիթ Խաչիյան