Անահիտ Ադամյան
Անահիտ Ադամյան

«Աղմուկի մեջ ձայնի կարիք չկա...». ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

 

Հրանտ Մաթևոսյանին՝ առաջին ու վերջին անգամ «դու»-ով

Այսօր քո ծննդյան օրն է, բայց ես առավոտից ու արդեն մի քանի օր է՝ հիշում եմ քո մահվան, հոգեհանգստի ու հուղարկավորության օրերը:

Հիշում եմ քեզ՝ սառն ու անհաղորդ, կիսադատարկ ու զնգացող, լուռ եկեղեցում պառկած, և անկյունում նստած Վահագն Աթաբեկյանի չբացվող աչքերը, հիշում եմ դեկտեմբերյան կտրող քամին ու սառը ձյունը, որ տեղում էր ասեղների պես փաթիլներով ու չէր նստում քո դեմքին, թեև անհեթեթ սպիտակությամբ պատել էր հագուստներդ:

Այսօր քո ծննդյան օրն է, բայց ես առավոտից ու արդեն մի քանի օր է՝ հիշում եմ Վահան Տերյանին, որ ճչում էր «Իմ գերեզմանին դուք չմոտենաք»:

Ու՝ չգիտեմ ինչու՞:

Մենք մեղավոր ենք քո առաջ՝ մենք քեզ չէինք հասկանում, մենք քեզնից սպասում էինք բառեր, բառեր, բառեր, բանաձևեր ու բանաձևեր, որ դու չէիր գրում, որովհետև չէիր ուզում մեզ ցավ պատճառել, որովհետև չէիր ուզում եղած դառնությունն ավելացնել, չէիր ուզում ասել, որ երբ ճանապարհ չկա, մենք պիտի դառնանք ճանապարհ, իսկ դա ցավոտ է, երբեմն՝ մահացու:

Չէիր ուզում, որ մենք քո մեջ տեսնենք մեզ՝ շվար ու մոլոր, ինքն իր մեջ խրված, աշխարհի բոլոր ճշմարտություններից հոգնած ու կուշտ, բայց՝ քաղցած:

Մեզ, որ անկախություն էինք հռչակել, բայց չէինք անկախացել:

Մեզ, որ պատերազմում հաղթել ու չէինք գիտակցում հաղթանակը…

Չէիր ուզում, որ քո մեջ տեսնենք մեզ՝ ցավից ծռմռված ու դաժանացած, մեզ, որ կրակում էինք ինքներս մեզ ու մեր պետության վրա…

Դու չէիր գրում, բայց այն ամենը, ինչ դու չէիր գրում՝ խնայելով մեզ, դու ապրում էիր, ու քո կյանքը կաթիլ առ կաթիլ հեռանում էր քեզնից, իսկ մենք չէինք հասկանում, որովհետև խուլ ու կույր էին՝ ինքներս մեր ու քո առաջ: Եվ սերը դառնում էր պատյան, որի ներսում չկար ոչինչ:

22 տարի առաջ ու 22 տարի անց՝ մենք մնացել ենք նույնը:

Եվ այսօր քո խոսքը մնում է նոր խոսք, որովհետև մեր կյանքում չի փոխվել ոչինչ, որովհետև կյանքում չի փոխվել ոչինչ: Ոչինչ, որ դու չես գրել, ոչինչ, որ դու չես տեսել, ոչինչ, որի ցավը դու չես ապրել ու ահազանգը չես հնչեցրել:

Քեզ այս ամենը չի հետաքրքրում, դու վաղուց իրավունք ունեիր ոչինչ չասելու, որովհետև աղմուկի մեջ ձայնի կարիք չկա, կա լռության անհրաժեշտություն:

Ես նորից խրվեցի քաղաքականության մեջ, ես շարունակում եմ իմ արագագրությունն ու գեղեցկագրությունը, որի մեջ դու այնպես մեղադրում էիր ինձ՝ ատամներդ սեղմած ու աչքերդ քամահրանքով կկոցած՝ չցանկանալով նայել իմ լայն բացված աչքերին, որ նայում ու չէին տեսնում քո ցավը, քո սերը, քո լռությունը:

Ես նորից խրվեցի քաղաքականության մեջ ու հիմա գրում եմ բառեր, որոնք օտար են ինձ ու ես օտարում եմ այդ բառերը, որպեսզի չկպչեն ինձ ու ես չոռնամ այն բառի կարոտից, որ այդպես էլ չեմ գրում ու գուցե չեմ գրի երբևէ:

Բայց դա իմ բառն է:

Եվ Ահնիձորից՝ Մեծամոր Ծառերի միջով Կանաչ դաշտերում Մեր վազքի պես անցնում է միայն քամին ու քամին է հրամայում՝ ձիավորվիր, մի նվնվա, քո պարտություններն արդեն պարտվել ես, հիմա պիտի հաղթես, դու երկրի աղն ես…

Դու անսահման ես, դու դու ես…

Եվ Վահագն Աթաբեկյանի չբացվող աչքերում դեկտեմբերի սառը արևն էր, որ կար, բայց չկար, որովհետև մրսում էինք բոլորս ու դեռ չգիտեինք, որ որքան էլ տաք ու բարկ օրեր գան, մենք շարունակելու ենք մրսել, որովհետև աղմուկի մեջ մեռնում էր ձայնը, իսկ լույսը չէր բացվում, որովհետև ժամանակի մեջ սպառված՝ մեր ժամանակը մեզ մոռացել էր, ու մենք արդեն քայլում էինք՝ առանց ոտնահետքեր թողնելու, մենք ունեինք միայն պատասխաններ, իսկ մեզ ոչ ոք հարց չէր տալիս:

Հ.Գ.

Կներեք ինձ, որ առաջին ու վերջին անգամ դիմեցի «դու»-ով, ցավը, ցավն էր պատճառը: Գուցե նաև կարոտը:

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

1987 թ. Հրանտ Մաթևոսյանի տանը

 

Անահիտ Ադամյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ