«Այսօր դրամատուրգը ծնվում է թատրոնում...». ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
Թատերագետ, գրող, արվեստագիտության թեկնածու ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ գործունեությունը թե ստեղծագործական ընթացքի, թե թատերարվեստի տարբեր նախագծերում ընդգրկվածության մասով, մշտապես եղել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի ուշադրության կենտրոնում, և առաջարկը Անուշին՝ անդրադառնալ մեր թատերավեստի և դրամատուրգիական արվեստի խնդիրներին, ավարտվեց նրանով, որ Անուշը ևս միացավ մեր «theհայություն» թիմին և միասնաբար որոշեցինք Անուշի մասնակցությունը «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում սկսել անդրադարձով սեպտեմբերին Վարշավայում «Արդի հայ դրամա» խորագրով լույս տեսած հայ ժամանակակից դրամատուրգիայի լեհերեն անթոլոգիային:
Մենք ուրախ ենք,որ Անուշ Ասլիբեկյան Արծրունին միանում է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին և վստահ ենք, որ իր խիստ զբաղվածության մեջ ժամանակ կգտնի թատերարվեստին ու դրամատուրգիական խնդիրներին նվիրված հրապարակումների համար, որովհետև ժամանակակից հայ թատրոնին անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ և այդ հրապարակումները կարող են մեծապես նպաստել այդ բարեփոխումներին:
«Արդի հայ դրամա» հայ ժամանակակից դրամատուրգիայի լեհերեն անթոլոգիայի նախաբանը, որն Անուշն այսօր բացառիկ իրավունքով հրապարակում է՝ ընդամենը սկիզբն է մասնագիտորեն խոսելու շաև կարևոր մի ոլորտի մասին:
Անթոլոգիայում ընդգրկված են հինգ հայ հեղինակների՝ Անուշ Ասլիբեկյան, Էլֆիք Զոհրաբյան, Սամվել Խալաթյան, Սառա Նալբանդյան և Կարինե Խոդիկյան, թատերգությունները: Գիրքը խմբագրել և կազմել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերական քննադատ և թարգմանիչ Անդրեյ Մոսկվինը: Անթոլոգիան հրատարակել է «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոնը»: Կենտրոնի ղեկավարը պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Այս կենտրոնը հանդիսանում է Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասը:
Ստեղծագործությունները լեհերեն են թարգմանել Յակուբ Ադամովիչը, Օլիվիա Կասպրչիկը եւ Յուլյա Նեստերենկոն: Բոլոր հեղինակներն առաջին անգամ են թարգմանվում լեհերեն:
Ամեն բան սկսվեց Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում, «ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երկրորդ թատերական երիտասարդական ֆորումի» շրջանակներում, ուր ես մեկնել էի մասնակցելու՝ փաստացի առաջին անգամ, սակայն անուղղակի կերպով՝ երկրորդ անգամ, քանի որ իմ «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի՝ Նարինե Գրիգորյանի բեմադրությունը, մասնակցել էր 2012 թ. Ֆորումին Քիշնևում՝ արժանանալով երրորդ մրցանակին:
Մի տեսակ թվերի մասին շատ եղավ, սակայն խոսքս թվաբանության մասին չէ բնավ: Երրորդ ֆորումին 2015-ին ինձ տարել էր «Մերսեդես» պիեսս, որն ընդգրկված էր Ֆորումին մասնակից պիեսների ժողովածուում, և ահա այդ քննարկումների ընթացքում էլ դրամատուրգիական սեմինարների վարող, բանասիրական գիտությունների դոկտոր Անդրեյ Մոսկվինի առաջարկով ծնվեց հայ ժամանակակից հեղինակների պիեսների լեհերեն անթոլոգիան կազմելու գաղափարը:
Անթոլոգիայում ընդգրվելիք պիեսների ընտրության ժամանակ առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքներով՝ նախ ընդգրկված են այն հեղինակները, որոնց պիեսները վերջին տարիներին հայկական թատրոննների խաղացանկերում են: Երկրորդ առաջնորդող սկզբունքը տարիքային տարբեր շերտեր ներառելն էր՝ Խալաթյանը և Խոդիկյանը իբրև ավագ սերնդի, ամենաբեմադրվող և ամենափորձառու դրամատուրգներ, և մյուս երեքս՝ ավելի երիտասարդներ, թեև գրեթե տարեկիցներ ենք, սակայն դրամատուրգիական տարբեր փուլեր ենք ներկայացնում:
Մյուս հանգամանքը՝ դրսում թարգմանված, տպագրված, կամ փառատոներին տվյալ հեղինակների պիեսների հիման վրա արված բեմադրությունների մասնակցության փաստն է:
Անշուշտ, այս հինգ անունները չէ, որ բեմադրվում են (մեզ առաջարկվեց միայն հինգ հեղինակի ընդգրկել), էլի ժամանակակից անուններ կան, որոնք խաղացանկերում են և արժանի են լինելու այս և ցանկացած անթոլոգիայում, սակայն կարևորել ենք հատկապես ժանրային բազմազանությունը, որպեսզի ժողովածուի ընթերցողը մոտավորապես պատկերացում կազմի այսօր Հայաստանում ի՞նչ ոճերում և ժանրերում են գրվում ու բեմադրվում պիեսներ:
Այսպես օրինակ՝ Ս. Խալաթյանն իր պիեսի ժանրը բնութագրել է իբրև «տխուր կոմեդիա» (որն ավելի շուտ քաղաքական սատիրա է), Խոդիկյանն իր «Բանտախուց» ժանրը սահմանել է դեռեալիստական դրամա, Է. Զոհրաբյանի «Սմբակները» աբսուրդի դրամայի տիպական օրինակ է, տողերիս հեղինակի պիեսը՝ հայրենասիրական տրագիֆարս է, իսկ Սառա Նալբանդյանը գրել է դոկումենտալ դրամա:
Վերոնշյալ հեղինակները նորույթ են բերում ժամանակակից հայ թատրոն՝ ժանրային բազմազանությամբ, նոր ձևերով, չեն կարծրանում մեկ անգամ գտած ֆորմայում:
Խալաթյանի դրամատուրգիայում կարելի է տեսնել սատիրականից մինչև կենցաղային, գրոտեսկային պիեսներ, հոգեբանական ու քաղաքական ֆարսի օրինակներ («Թվացյալ երկրի բնիկները», «Սուիցիդ», «40 օր համբառնալուց առաջ»):
Խոդիկյանի դրամատուրգիան խորությամբ և լայնորեն շոշափում է կնոջ թեման՝ սեր, դավաճանություն, բռնություն՝ դոկումենտալից մինչև իրավիճակների դրամատուրգա, դասական պիեսների թեմատիկայի սեփական փոխակերպումներ և մոնոդրամաներ («Սիրային քառանկյունի», «Պենելոպե», «Տրակտատ թաշկինակի մասին»):
Տողերիս հեղինակի պիեսներում՝ պոետիկ-իմպրեսիոնիստականից, մինչև սոցիալական դրամայի ժանրը և հայրենասիրական թեմայի բնավ ոչ պատրիոտիկ, ինքնաքննադատական մեկնաբանություներ («Թռիչք քաղաքի վրայով», «Մերսեդես», «Մի լռիր, Ռեմի»):
Էլֆիք Զոհրաբյանը մանկական պիեսներից զատ հայտնի է նաև իբրև սատիրական կոմեդիաների և աբսուրդի դրամայի հեղինակ («Սմբակներ», «Սե՞ր, թե Քուանշ», «Սիրո ջերմաչափ»):
Սառան գալիս է տեսությունից մինչև բեմ, հանրությանը արդեն հայտնի նրա երկու պիեսները հայ բեմում դոկումենտալ դրամայի առաջին փորձերից են («Վախի գենեզիս», «Vիրտուալ@»):
Հայ ժամանակակից թատրոնում արդի դրաման իր տեղն ունի, սակայն փոքր տոկոս է կազմում խաղացանկերում: Քի՞չ են գրվում պիեսներ: Խնդիրները բազմազան են՝ սկսած այն փաստից, որ որևէ դրամատուրգիական ուսումնական կենտրոն, բուհ, թատրոն, լաբորատորիա չկա, վերջացրած հանրահռչակման խնդիրներով և տպագրվելու հարթակի սակավ լինելով: Ինչպես նաև հայ բեմադրիչներից շատ քչերն են, որ համարձակվում են ժամանակակից դրամատուրգների հետ համագործակցել, իհարկե առավել հեշտ է դասականներին բեմադրել ու վերաբեմադրել, մեկնաբանել ու վերամեկնաբանել, այնինչ դժվար է չտրորված կածան նորովի բացելը:
Այս առումով արժանի են հատուկ գնահատականի հենց այդ քիչ ռեժիսորները՝ Նարինե Գրիգորյանը, Հակոբ Ղազանչյանը, Զառա Անտոնյանը, Կարո Բալյանը, Դավիթ Հարությունյանը և էլի մի քանիսը՝ մեկ, երկու փորձերով:
Իսկ ինչպե՞ս են դրամատուրգներ դառնում Հայաստանում, կհարցնեք: Ըստ իս՝ երկու ճանապարհով. մի մասը հայտնի գրողներ են, որոնք գալով արձակից, կամ պոեզիայից, տարիների գրական փորձառությամբ, թատրոնի հանդեպ սիրուց, ներկայացումներ դիտելով՝ չեն դիմանում նաև թատրոնում ներկայացված լինելու գայթակղությանը:
Երկրորդ խումբը թատերական կրթություն ունեցողներն են (թատերագիտական, սցենարական, դերասանական, ռեժիսորական), որոնց օգնում է թատրոնի իմացությունը՝ ներսից ու դրսից: Նրանցից ոմանք կուլիսներից գիտեն թատրոնը, մյուսները դրամայի տեսությանն ու թատրոնի պատմությանն են ծանոթ նաև:
Դե, իսկ տպագրվելու միակ ու հիմնական հարթակը «Դրամատուրգիա» ամսագիրն է, հիմա արդեն նաև «թատրոն-դրամա կայքը», որոնց հիմնադիր խմբագիրը հայտնի դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է: Ամսագիրը լույս է տեսում 2000 թվականից ու որպես ժամանակի վավերագրություն ամենաարժեքավոր հարթակն է դրամատուրգիայի ոլորտում: Եթե սկզբից առանց ընտրության ամսագրում ներկայացվում էր ամեն ինչ՝ որպես վավերացումը եղածի, այսօր խմբագիրը համեմատաբար ավելի բծախնդիր է դարձել, թեև այստեղ կարելի է հանդիպել թե՛ հայտնի դրամատուրգների, թե՛ սկսնակների, թե՛ անգամ պոետների, որ միայն մեկ դրամատուրգիական փորձ են կատարել:
Ամսագրի էջերում են թե՛ հենց ամսագրի հեղինակ-խմբագրի պիեսները, թե՛ հայ բեմի այլ վետերանների՝ Գուրգեն Խանջյանի, Խաչիկ Չալիկյանի, Դավիթ Մուրադյանի, Ալեքսանդր Թոփչյանի, թե այնպիսի պիեսներ, որոնք բեմի երես չեն տեսել, այնպես որ բեմադրիչներին միայն ջանասիրություն է պակասում համարները թերթելու համար, հատկապես, որ առ այսօր ամսագրում տպագրվել է մոտ 400 պիես: Այլ հարց է, որ ներկայացված պիեսներից քչերն են բեմադրման արժանի, ու հաճախ ամսագիրը մնում է զուտ գրական անթոլոգիա, քան թատրոնին հուշող կամ օգնող ձեռնարկ:
Հետաքրքրիր օրինաչափություն է նկատվում այսօր հայ դրամատուրգիայում, 2000-ականներից ի հայտ եկած թատերագիրներից բոլորն ունեն թատերական կրթություն (օրինակ՝ դրամատուրգ Աստղիկ Սիմոնյանը սցենարադրամատուրգիական կուրս է ավարտել, ինքս ավարտել եմ թատերագիտական ֆակուլտետը, Զոհրաբյանը դերասանական կրթություն ունի, Հովհաննես Թեքգյոզյանը ռեժիսոր և դերասան է:
Ի տարբերություն նախորդ՝ 80-ից մինչև 2000-ականների սկզբի դրամատուրգիական սերնդի, որոնք հիմնականում դասական ձևերից են օգտվում (անշուշտ այս ժամանակահատվածում էլ կարելի է դրամատուգներին խմբավորել՝ ըստ ոճի և գեղագիտության)` Պերճ Զեյթունցյան, Աղասի Այվազյան, Անահիտ Աղասարյան, Աննա Պետրոսյան, Արմեն Վաթյան, Նորայր Ադալյան, Սամվել Կոսյան և այլն), 2000-ականներից հետո բեմահարթակում երևացող հեղինակներն ավելի խորքային են տիրապետում թատերական արվեստին (քանի որ մասնագետներ են), սակայն նախընտրում են չհետևել դրամայի ավանդական կառույցին, այլ գնում են դրանք կազմալուծելու ազատ նորարարական ձևերին:
Նրանց հետաքրքրում են արտաքին շարժումն ու դինամիկան, հրատապ ասելիքն ու նոր արտահայտչալեզվի որոնումները, այլ խոսքով՝ էքսպերիմենտն ու մոդեռնիստականը բեմում:
Ինչևէ, մեկ բան կարելի է հաստատ ասել՝ այսօր դրամատուրգը ծնվում է թատրոնում, սա փաստ է: Առավել ցայտուն օրինակներից է երիտասարդ բեմադրիչ, դերասանուհի Զառա Անտոնյանի օրինակը, ով սեփական սցենարի հիման վրա բեմադրեց «Ամպից պոկված հեքիաթ» մատների ներկայացումը (2009): Բեմադրությունն առ այսօր ներկայացվել է 13 միջազգային փառատոնի՝ ստանալով մի շարք մրցանակներ (2010-ին մասնակցել է Ռուսական «Ոսկե դիմակ» փառատոնի արտամրցութային «Դիմակ պլյուս» ծրագրին, ապա Վորոնեժում 2015-ին մասնակցել «Մարշակ» մանկական-թատերական փառատոնին: Բուլղարիայի տիկնիկային փառատոնին («Երեքը շատ է, երկուսը` քիչ» անվանումով), 2017-ին Սախալինում «Հրաշքների կղզում», 2010-ին Եկատերինբուրգում «Մեծն Պետրուշկա» տիկնիկային թատրոնների V միջազգային փառատոնին, մինչև Իզմիրի և այլ թատերական փառատոներ):
Վերջին տարիներին հայ երիտասարդ թատերական գործիչներին առավել հետաքրքրում է մի ժանր՝ դոկումենտալ դրամայի ժանրը, որը ծնվում է բեմադրիչի, դերասանների, երբեմն նաև հեղինակ-դրամատուրգի համատեղ աշխատանքի արդյունքում:
Դարձյալ գործ ունենք նույն իրողության հետ՝ դրամատուրգիա, որը ծնվում է թատրոնում, բեմում: Նմանօրինակ ներկայացում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի նորաբաց էքսպերիմենտալ փոքր բեմում ստեղծված բեմադրիչ Կարո Բալյանի, «Թատրոն 8» թատերախմբի և Սիրիայի պատերազմի օրերին Հայաստան ներգաղթած, պատերազմն իրենց աչքերով տեսած հայ երիտասարդների համատեղ աշխատանքը՝ «Մանանա» վերբատիմը՝ պատերազմի սարսափների ու հետևանքների մասին մարդկանց հետագա ճակատագրերի վրա:
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի «Ես կին եմ» բեմադրությունն էլ դոկումենտալ դրամա է ընտանեկան բռնության զոհ դարձած սոցիալական տարբեր խավերի պատկանող կանանց կյանքից, դարձյալ «Թատրոն 8» թատերախմբի և հեղինակ, ֆոտոլրագրող Անի Գևորգյանի հետ միասին:
Մեկ այլ թատերական գործիչ՝ գրող, բեմադրիչ, դերասանուհի Նանոր Պետրոսյանի և դերասանների ստեղծած «Վերապատմում» դոկոմենտալ դրաման է, որը Նանորը բեմադրել է իր «Թեք տեղ» թատերախմբի դերասանների հետ 2015-ին:
Իննսունականների սերունդ արտիստները, որոնք տարբեր քաղաքներից են, պատմում են հետսովետական Հայաստանի պատմությունը՝ տեղում դիմելով նաև իմպրովիզի սկզբունքին:
Վերջինը 2018-ին բեմադրված Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» դոկումենտալ մոնոդրաման է՝ համահեղինակ Սառա Նալբանդյանի հետ գրված (նշենք, որ այս սցենար-պիեսը Ս.Նալբանդյանի «Վախի գենեզիս» պիեսի մոնո տարբերակն է), որը մանկությունը Արցախում պատերազմի տարիներին անցկացրած Նարինե Գրիգորյանի կենսագրական նյութի վրա է հենված: «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացման պրեմիերան տեղի ունեցավ «Արմմոնո» փառատոնի շրջանակում 2017-ին, որտեղից և հրավեր ստացավ Լիտվայի «Atspindys» 12-րդ միջազգային թատերական փառատոնին: Նարինե Գրիգորյանն արժանացել է փառատոնի Գրան պրի մրցանակին: 2018-ի հունիսին ներկայացումը խաղացվեց Բեյրութի հայկական համայնքում: 2019-ին ցուցադրվեց մի շարք եվրոպական երկրներում՝ հայկական համայնքների հանդիսատեսի առջև:
Հայ թատրոնի զարգացման ամենակարևոր հանգամանքը դարձավ դրամատուրգի ու բեմադրիչի համագործակցությունը, նմանօրինակ առաջին փորձերից էր բեմադրիչ Նարինե Գրիգորյանի և բանաստեղծ Գևորգ Կարապետյանի համագործակցությունը, որի արդյունքում ծնվեց հայ բեմի ամենագեղագիտական բեմադրություններից մեկը՝ «Աչքերի որս»ը՝ մարմնի ու բանաստեղծության լեզվով պոետիկ թատրոնի օրինակ: Այն 2004-ին մասնակցեց «Կահիրեի Էքսպերիմենտալ թատրոնների միջազգային փառատոնին»:
Մեկ այլ օրինակ է տողերիս հեղինակի «Թռիչք քաղաքի վրայով»՝ դարձյալ Նարինե Գրիգորյանի բեմադրությունը:
Փորձը ցույց է տալիս, որ երբ հեղինակները կանխավ նկատի են ունենում այն թատրոնը, բեմը, որտեղ պետք է ներկայացումը բեմադրվի, այն դերասաններին, ովքեր պետք է խաղան, պիեսն ավելի բեմական է լինում: Այս մեթոդի արդյունավետության մասին են վկայում ներկայացումների մեծ հաջողությունները ոչ միայն մեր երկրում: «Թռիչք քաղաքի վրայով»ը բեմադրվելով 2010-ին մինչ օրս Տիկնիկային թատրոնի խաղացանկում է և հասցրել է իսկապես թռչել աշխարհի մի քանի տասնյակ քաղաքների վրայով՝ մի շարք մրցանակներ բերելով (պրեմիերան 2010-ին՝ Arm Mono մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակներում, ապա՝ High Fest (Երևան, 2010), 2011-ին ներկայացվեց Ռուսական «Ոսկե դիմակ» փառատոնի «Դիմակ պլյուս» ծրագրում, 2012թ.՝ Քիշնևում կայացած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների երկրորդ ֆորումին (երրորդ մրցանակ), 2013-ին Մոգիլյովի (Բելոռուս) Միջազգային երիտասարդական ֆորումին («Օրիգինալ բեմական լեզու» մրցանակ), 2013-ին Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում World Stage Design միջազգային փառատոնին, 2017թ Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 24-րդ միջազգային թատերական փառատոնին, 2018-ին Beirut Spring Festival և այլն):
2016 թ. բեմադրիչ Զառա Անտոնյանի առաջարկով բանաստեղծուհի Աննա Դավթյանը գրեց դրամատուրգիական տեքստ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության և Հրանտ Դինքի հիշատակին: Ռեժիսորի և գրողի համագործակցությունն այս անգամ իր արդյունքները տվեց Գերմանական Կրեֆելդ քաղաքի «Krefeld und Mönchengladbach» թատրոնում: Կարինե Խոդիկյանի պիեսներն էլ ընդգրկված են օտարերկրյա մի շարք թատրոնների խաղացանկերում (2016 թ. «Երկու պատմություն 5 պերսոնաժի համար»՝ «Վիճակախաղ» և «Պատերազմի կանայք» - Նյուրնբերգի ազգային թատրոն, Գերմանիա, 2017 թ. «Թոռնիկ պատվիրե՞լ եք» - Թեհրանի ազգային թատրոն, ԻԻՀ, 2017 թ. «Սիրային քառանկյունի» - Ուլյանովսկի ակադեմիական դրամատիկական թատրոն, ՌԴ և այլն): Ռուբեն Մարուխյանի «Չի կարելիի արկածները» և ալ հեքիաթ-պիեսներ ռուսաստանյան մի շարք քաղաքների թատրոններում են: Ցանկը կարելի է շարունակել:
2000-ականներին Հայաստանում շատացան միջազգային փառատոները, որոնք մեծապես նպաստեցին միջմշակութային երկխոսությանը թատրոնի ոլորտում: Հիմնվեցին Arm Mono մոնոներկայացումների, High Fest, Yengibaryan Mime interntional Festival, Մեկ քառակուսի մետր, Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոները: Դրանց շնորհիվ նորագույն թատերական հոսաքները հասանելի դարձան հայ հանդիսատեսին, նաև հայ թատերական գործիչներին բազմաթիվ հրավերներ եղան արտերկրյա փառատոների կողմից: Այսօր կարելի է ասել արձանագրել, պոստմոդեռնիստական թատերական երևույթները ներթափանցում են Հայաստան և դա անհետևանք չի մնացել:
Հայ բեմում քիչ չեն նորարարական բեմադրությունները, պարզապես խնդիրն այն է, որ ամեն նորություն մեկ տասնյակին չհասնող դրսևորումներ է ունենում, երբեմն անգամ՝ եզակի են մնում: Դրանք լայն հասարակական զանգվածներին հիմնականում չեն հասնում, մնում են ինտելեկտուալ ու ինտելիգենտ հասարակության հետաքրքրության կենտրոնում, նրանց քիմքին հարմար:
Սակայն մեր փոքր երկրի թատերական իրականության համար նշանակալի են և մրցունակ են դարձնում մեր թատրոնը միջազգային թատերական դաշտում: Նման նորարարական հարթակներից և թատերախմբերից են Երևանի պետական Տիկնիկային թատրոնի ազատ փորձարարական բեմը կամ մեծահասակների համար խաղացանկը, «Փոքր թատրոնը», «Ագորա» թատերախումը, «Միհր» պարային փորձարարական թատերախումբը, ՆՓԱԿ-ի (Նորարար փորձարարական արվեստի կենտրոն) թատերաբեմը և այլն: Այս թատերական միավորները հաջողությամբ կարողանում են գոյել և ստեղծագործել դասական, ավանդական հայկական թատրոններին զուգահեռ, որոնք գուցեև դեռևս մեծամասնություն են կազմում:
Հայ թատերական կյանքում իսկապես իրադարձություն էր 2010-ին Երևանում անցկացվող «Ժամանակակից դրամատուրգիայի I միջազգային բաց փառատոնը»՝ «Ներկայի վերականգնումը» խորագրով (ղեկավար Արա Խզմալյան). որին մասնակցում էին ԱՊՀ, Բալթյան և Վրաստանի առաջատար դրամատուրգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան հեղինակների պիեսների ընթերցումներ, քննարկումներ, ռոսերեն լեզվով տպագրվեց մասնակից երկրների պիեսների և քննադատական հոդվածների ծավալուն՝ «Ներկայի վերականգնումը» ժողովածուն (605 էջ), որը տարածաշրջանում նշանակալից ձեռնարկ է: Փառատոնը անցկացվեց նաև 2013-ին:
Սակայն ցավոք, Հայաստանում դրամատուրգիական սերնդափոխ տեղի չի ունեցել: Դրամատուրգների ամենավերջին սերունդը երեսունն անց քառասունին մոտ հեղինակներ են, իսկ ավելի երիտասարդների շրջանակում կան հատուկենտ դեռևս ոտքերի վրա պինդ չկանգնող փորձեր: Դեռևս որպես սերնդի մասին դժվար է խոսել, առավել ևս՝ ուղղության կամ ոճի դեռ չի առանձնանում, տարերային վիճակ է, փնտրտուքներ:
Ոլորտի մասին խոսելու շատ բան կա, սակայն ավելի շատ՝ անելու: Գաղտնիք չէ, որ թատրոնը կենդանի, ժամանակին համընթաց գնացող արվեստ է, հետևաբար ամեն բան նաև հարաբերական ու փոփոխական է այս ասպարեզում և ով գիտե, թե այս պահին գրվածը հենց վաղը պատմություն չի դառնա, իսկ երկու օր անց՝ թատրոնում բոլորովին նոր էջ չի բացվի: Սակայն այսքանը այսօրվա մասին…
Վստահ ենք, որ այս անթոլոգիան ևս մեկ ներդրում, խթան և ոգեշնչող հանգամանք կդառնա այս ժանրով զբաղվողների համար:
Անուշ Ասլիբեկյան Արծրունի