Արթուր Աթանեսյան
Արթուր Աթանեսյան

 

Արթուրը

քաղաքական

գիտությունների

դոկտոր է,

պրոֆեսոր,

Երևանի

պետական

համալասարանի

կիրառական

սոցիոլոգիայի

ամբիոնի

վարիչն է:

 

Սովորել է

Երևանի

պետական

համալսանի

փիլիսոփայության,

սոցիոլոգիայի

և հոգեբանության

ֆակուլտետի

փիլիսոփայության

բաժնում,

Գիտությունների

ազգային

ակադեմիայի

փիլիսոփայության

և իրավունքի

ինստիտուտում,

ԱՄՆ Հյուսիսային

Կարոլինայի

համալսարանի

Ուոլքերի

անվան

Միջազգային

հարաբերությունների

ինստիտուտում,

Միջազգային

իրավունքի և

դիվանագիտության

Ֆլեթչերի

դպրոցում,

(Թավթս

համալսարան):

 

Սովորում է

կյանքում ու

սովորում է

ամեն օր...

«Բանակից մինչև ... փողոցային շներ՝ պատճառները հասարակության մեջ են». ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Հայաստանյան հեռուստաալիքներից մեկով դիտում էի շաբաթվա լրատվահոսը, որն իր հիմնական թեմաներով, բնականաբար, նույն էր, ինչ մյուս ալիքներինը և, համապատասխանաբար, որոշակիորեն արտացոլում էր մեր հասարակությանը հուզող հիմնախնդիրները։

Միմյանց հետևից երկու իրադարձություն քննարկվեց, երկուսն էլ՝ բացասական և ցավալի (ինչպես լրատվական հաղորդումների օրակարգային սյուժեների մեծ մասը): Մեկուկես ամսվա ընթացքում մեր 13 զինծառայողների մահը զորանոցային պայմաններում, ապա՝ Երևանի համայնքներից մեկում շների կողմից երեխաներին կծելն ու շներին վերացնելու կոչը։

Ակամա այդ երկու թեմաները միմյանց կապեցի, չնայած՝ արդեն իսկ կապված էին: Փոքր երկրում ամեն ինչ այս կամ այն առումով փոխկապված է, փոխպայմանավորված։

Ավելին, որպես սոցիոլոգ՝ բոլոր հիմնախնդիրների պատճառները հասարակության մեջ եմ փնտրում, կապում տվյալ հասարակության մեջ ապրող մարդկանց մտածելակերպի, արժեհամակարգի, մոտեցումների, վարքային նորմերի, ցանկությունների ու վախերի հետ։

Հակառակ դեպքում պետության ու հասարակության մեջ առկա խնդիրների պատճառը տվյալ հասարակությունից դուրս պետք է փնտրել, ինչը այս երկու իրադարձությունների դեպքում սխալ կլիներ: Մեր զինծառայողների մահվան, փողոցային շների, մեր հասարակության արժեհամակարգի և վերաբերմունքի համար արտաքին ուժերին մեղադրելը, իհարկե, տեսականորեն ու ավանդաբար հնարավոր կլիներ, ու անգամ՝ հարմարավետ, բայց ինքս չկարողացա ու չցանկացա։ Բոլոր սեփական խնդիրների ու դժվարությունների մեջ սովոր եմ մեղադրել ինքս ինձ, գտնել սխալներս ու շտկել դրանք։ Ցավոք, հայրենակիցներիս վարքում նման մոտեցում հազվադեպ եմ տեսնում։

Բացի այդ, մասնագիտական մոտեցումներս ու կենսափորձս կրկին անգամ հուշում են, որ այս ամենի բացատրությունը մեր հասարակության մեջ է։ Եվ չնայած մեր հասարակության մեջ միմյանց լսելու կարողության ցածր մակարդակին, կամ, միգուցե, միտումնավոր ստեղծվող տեղեկատվական նման աղմուկին, որ միասնաբար մտածելն ու գործելն անհնարին դառնա, այնուամենայնիվ, քաղաքացիական ու մասնագիտական պարտքս եմ համարում ցուցանել առկա հիմնահարցերի պատճառներն ու առաջարկել լուծումներ։

Դժբախտ պատահարները, որոնցով պաշտոնապես բացատրվում է խաղաղ պայմաններում զինծառայողների մահը, կրկնվող բնույթ են ստացել, ուստի և այլևս պատահար չեն, օրինաչափություն են։ Իսկ օրինաչափությունն ունի համակարգային բնույթ և պատճառաբանում, վկայում է այն մասին, որ առկա են մշտապես կամ պարբերաբար ազդող գործոններ, որոնք չեն շտկվում և որոնց հետևանքով պարբերաբար տեղի է ունենում նույնը։

Սա նաև զորակոչային տարիքի երիտասարդների և նրանց ծնողների ակամա մտավախությունն է. եթե բանակում ռազմական մեքենաներն են պարբերաբար գլորվում ու ձորն ընկնում, կամ եթե եղանակային պայմանների հետևանքով մի քանի զինծառայող միանգամից զոհվում է, ապա սա նշանակում է, որ այս և նման երևույթները չեն կանխատեսվել, ուրեմն՝ չեն կարևորվել ու վատ են կառավարվել։

Մեր պատմության, այդ թվում՝ ժամանակակից փուլում բազմիցս (և կարծես` ապարդյուն), քննարկվել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սխալներից մեկը՝ մեր քաղաքականությունն արձագանքող է, և ոչ՝ կանխորոշող, ռեակտիվ է, և ոչ՝ պրոակտիվ։

Սպասում ենք այս կամ այն երևույթի առաջացմանը, թույլ ենք տալիս, որ զարգանա և խորանա, ու երբ արդեն հասնում է մեր տան շեմին՝ նոր սկսում ենք արձագանքել, հաճախ՝ ուշացումով։

Նմանատիպ մտածողության հետևանքով է, որ մշտապես եղել ենք ու շարունակում ենք լինել միջազգային և տարածաշրջանային քաղաքականության օբյեկտը, և ոչ թե՝ գործողը, նախաձեռնողը, հեղինակը։ Անգամ առանձին քաղաքական երկխոսությունների դեպքում է, որ չենք նկատում, թե ինչպես ենք գովերգում կամ քննադատում մեր քաղաքական ղեկավարներին, թե բա «լավ» կամ «վատ» պատասխանեց մեր հակառակորդին...

Փաստորեն,  ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ ենք զուտ արձագանքում առաջ եկող խնդիրներին, ցուցադրում կենդանական աշխարհում պարզունակ համարվող՝ ռեակտիվ վարք, արձագանքում ենք, և ոչ նախաձեռնում ու գործում, այն էլ՝ ուշացումով։

Սրա հետևանքն է, մասնավորապես, այն, որ զինծառայության ընթացքում տարիներ շարունակ մահվան կրկնվող դեպքերի՝ այսպես կոչված «դժբախտ պատահարների», պատճառները նույնն էին՝ ավտովթարներ, եղանակային պայմաններ, անզգուշություն...

Թե ինչպիսի՞ քանակի ու հաճախականության պետք է հասնեն այդ երևույթների հետևանքները, որպեսզի համակարգը սկսի նախապես կանխատեսել նման վտանգների հավանականությունն ու կանխարգելել բոլոր հնարավոր ռիսկերը։

Հենց սա է մասնագիտական մոտեցումը, որը մեր հասարակության մեջ՝ ազգային մեծամտության պատճառով, մշտապես թերագնահատվում, անգամ մերժվում է, սակայն առնվազն առօրյա մակարդակում ծանոթ է Չերչիլի՝ հայտնի ասացվածքը՝ «քաղաքականությունն այն է, երբ կարողանում ես կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, և անել ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։

Փաստորեն, կրկնվող մահվան դեպքերը բանակում վկայում են այն մասին, որ զինված մարդկանց համակեցությունը բանակային պայմաններում կազմակերպվում է՝ առանց կանխատեսելու հնարավոր վտանգներն ու դրանք նախապես չեզոքացնելու։ Նույնը վերաբերում է մշտապես քննարկվող այլ ոլորտներին՝ մեր քաղաքականությանն ու հանրային քաղաքական մտածողությանն առհասարակ։ Ցավոք, մեր քաղաքական ղեկավարությունը նույնպես հենց հանրային, և ոչ թե մասնագիտական քաղաքական մտածողության ներկայացուցիչներն են։

Այսպես՝ շարունակում ենք սպասել, թե կիսաքանդված հանրային տրանսպորտի շահագործման ու կիսամաշված վարորդների աշխատանքի հետևանքով ե՞րբ կսկսեն երթուղային տաքսիներ շուռ գալ, ու մարդիկ զոհվել, որպեսզի դարձյալ արձագանքող մեր մտածելակերպին համաձայն սկսենք բողոքել, լացել, անպատվել, մեղավորներ փնտրել, մի քանի հոգու պաշտոնից հանել ու նույն մտածելապերպով այլ անձանց նշանակել...

Եզրակացություն թիվ 1.

Նախօրոք հաշվարկեք պետական համակարգի գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերն ու նախապես շտկեք դրանք։ Մասնագիտական մոտեցումների, գիտելիքների ու փորձի առկայությամբ միայն համալրեք կարևոր պաշտոնները, և նշանակված պաշտոնյաներից պահանջեք նախապես հաշվարկել ու կանխորոշել հնարավոր բացասական գործոններն ու ռիսկերը։

Իհարկե, մասնագիտական գիտելիքների ու փորձի առկայությամբ միայն պաշտոնների համալրումը բախվում է կոռուպցիոն մշակույթին, ու այստեղ իսկ կանգ առնում։ Իսկ ի՞նչ անել, եթե անպայման պետք է ծանոթ-բարեկամներին այս կամ այն պատասխանատու պաշտոններին նշանակել (ցածր ու անկարևոր պաշտոններին «մերոնց» հո չե՞ս նշանակի՝ ամոթ է, թուլության ու անկարողության նշան, մարդիկ չեն հարգի...)։

Այնպես որ, ցանկացած երկրում նման դժբախտ պատահարների ռիսկերն առկա են, սակայն մեզանում դրանք կանխատեսելու ու կանխարգելելու անկարողությունը մեր հասարակության մեջ գերակայող ու անփոփոխ՝ չխրատվող, անպատիժ, անհեռատես, եսակենտրոն, զուտ արձագանքող, անձնական պատասխանատվությունից խուսափող, կոռուպցիոն մտածելակերպի հետևանք է։

Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների սպանության և ինքնասպանության դրդելու պատճառները նույնպես հասարակության մեջ են, ունեն համակարգային ու սոցիալ-մշակութային բնույթ։ Մեզանում տարիներ շարունակ քննարկվում են երկու տեսակետներ.

Առաջին. բանակը հասարակության արտացոլումն է և ունի նույն արատավոր երևույթները, ինչ հասարակությունը, և երկրորդ. բանակը չպետք է այդպիսին լինի ու պետք է ունենա հասարակության մեջ առկա արատավոր բարքերը կանխարգելելու մեխանիզմներ:

Կարելի է նկատել, որ տվյալ վիճաբանությունը երկու դեպքերում էլ հաստատում է նույն իրողությունը՝ հասարակությունից բանակ եկող մարդկային զանգվածը ոչ միայն քանակական, այլև որակական առումով այն չէ, ինչ պետք է բանակին։ Փաստորեն, արատավոր բարքերը ոչ թե բանակինն են, այլ հասարակությանը, և բանակը կա՛մ պետք է կարողանա դրանք զանգվածաբար շտկել, այսինքն՝ իր բարդ անվտանգային գործառույթները կատարելուց բացի նաև վերածվել ուղղիչ հաստատության, կամ էլ լինել այդ բարքերն արտացոլող ու դրանք կրող մարմիններից մեկը։

Իսկ հասարակությունը բանակից երկու դեպքերում էլ դժգոհելու է։

Մինչև զորակոչվելն է, որ երիտասարդներն արդեն իսկ որոշում են, թե ինչպես են ծառայելու կամ չեն ծառայելու, որն է «լավ» ու «վատ» տղան, ինչ անել ու ինչ չանել բանակում, և սա ամրագրում են՝ իրենց ընկերական միջավայրում տարաբնույթ քննարկումների, փողոցային խոսակցությունների,  մեդիայի, իրենց համար մինչև կյանքի վերջը հոգ տանող և իրենց փոխարեն անգամ ամուսնական որոշումներ ընդունող հայ հոգատար ծնողների ազդեցությամբ։

Դիտելով հարցին նվիրված հեռուստատեսային հարցազրույցներից մեկը՝ լիովին համաձայն էի ՊՆ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի պետի հետ. մեզանում տղա երեխաներին «դաստիարակելու» մեթոդներից գլխավորը «եթե քեզ բան ասեն՝ քարը վերցրու տուր գլխին» մոտեցումն է։ Եվ ահա այդպիսի «տղայական դաստիարակություն» ստացած հայ երիտասարդները, որ իրենց տարիքում առավելապես ակտիվ ու բաց լինելու փոխարեն իրենց կաղապարել են այսինչն ու այնինչը չանելու, սրան-նրան անուն դնելու, ձեռք առնելու, ճնշելու, միմյանց հաշվին ինքնահաստատվելու, թայֆայական կյանքով ապրելու ու «տղայական ռազբորկեքով» միայն հարցեր լուծելու սև-սպիտակ ենթամշակույթով, հիմնականում ոչ սեփական ցանկությամբ հայտնվում են բանակում։

Միաժամանակ շարունակում են թերագնահատվել դպրոցներում խմբային մարզաձևերը, հաղորդակցական մշակույթի դասավանդումը, աշխատանքի, ֆիզիկական դաստիարակության, նախնական զինվորական պատրաստության դասընթացները (զինղեկներն իրենք են իրենց փոքր ուսուցչական աշխատավարձով իրենց զինվորական համազգեստը գնում, ու իրենց սահմանափակ հնարավորություններով են դպրոցականների մոտ ստեղծում առաջնային պատկերացումը բանակի մասին։ Դարձյալ՝ համակարգային մոտեցումների բացակայություն):

Եվ, առհասարակ, թերագնահատվում է դաստիարակությունը։

Վերջին տարիներին Հայաստանը մշտապես դասվում է Եվրոպայում այն պետությունների շարքին, որտեղ դպրոցական բռնությունը (դպրոցականների կողմից միմյանց հանդեպ կիրառվող ծաղրանքը, նվաստացումը, ծեծը, հալածանքը՝ Bullying) բարձր տոկոս է կազմում և շարունակում է աճել։

Հասուն կյանքին անսովոր, ծնողների գերհոգատար և ամենաթող վիճակում մեծացած այդ ջահելությունը բանակում պարզապես շարունակում է կիրառել սեփական «արժեհամակարգից» բխող նույն մետեցումները, ինչ նախկինում, սակայն՝ արդեն զինված տղամարդու հնարավորություններից ելնելով։

Ի դեպ, այստեղ է, որ դիտելով հեռուստատեսային այն սյուժեն, թե փողոցային շները կծել են խեղճ երեխաներին և թե դրանում մեղավորն այդ շներին կերակրողներն են, ու թե բա այդ շներին պետք է ոչնչացնել, առաջինը, ինչ մտածեցի՝ մեղավորը ոչ թե բոլոր քաղաքակիրթ երկրներում կենդանի կերակրող ու բարի մարդ համարվողներն են, այլ Հայաստանի Հանրապետության նման երեխաները, որոնք և՛ միմյանց են դպրոցում ու բակում հալածում, և՛, բնականաբար, իրենցից թույլ ցանկացած մեկին, նաև՝ փողոցային սոված կենդանիներին։

Իհարկե, հալածանքների ենթարկված շունը մի օր իրեն հալածողներին կամ նման մեկին կկծի, շունը չի տարբերում։ Բնական է նաև, որ մշտապես հալածանքների ենթարկվող զինվորը մի օր կկրակի իրեն հալածողների, մյուսների վրա, նաև՝ ինքն իրեն կսպանի, որ էլ չհալածեն։

Եզրակացություն թիվ 2.

Քանի դեռ շատ ուշ չէ՝ սովորեք ու ձեր երեխաներին սովորեցրեք ոչ թե այստեղ-այնտեղ բղավել, սրա-նրա հետ վիճաբանել («բազառ անել»), միմյանց հանդեպ ինքնահաստատվել ու բռի-մեծամիտ մեծանալ՝ առաջնորդվելով խմբային գիտակցությամբ ու փողոցային վարքականոններով՝ ունակ չլինելով անգամ սովորական հարց կարգավորել առանց մամա-պապայի ու «ախպերության», այլև լինել ուժեղ, խելացի, բարի ու մեծահոգի։

Սա զգացմունքային քարոզ չէ, այլ մասնագիտական խորհուրդ։

Հակառակ դեպքում այլևս չհամեմատվեք Իսրայելի հետ, չասեք, թե պետականաշինության գործում նման մոտեցումներ եք կիրառում։ Իսրայելի պաշտպանության բանակում հայտնվելով՝ նորակոչիկ տղաներն ու աղջիկներն առաջինը, ինչ լսում են արդեն ծառայող, «հին» զինվորներից, թե «ինչո՞վ քեզ օգնեմ, անպայման դիմիր»-ն է։

Մեր բանակում առաջինը, ինչ լսում է նորակոչիկը, թե «որտեղացի՞ ես»։ Եվ սա ոչ այնքան մեր բանակների, որքան մեր հասարակությունների տարբերություններից է։

 

Արթուր Աթանեսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ