Արամ Մկրտչյան
Արամ Մկրտչյան

«Ցեղասպանությունը ՉԻ ՀԱՄԵՄԱՏՎՈՒՄ...»

                                        

Օրեր առաջ Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան դահլիճում տեղի ունեցավ 2010 թ. գերմանական հանրային հեռուստատեսության կողմից նկարահանված «Աղետ»  վավերագրական ֆիլմի  հեղինակ, գերմանացի անվանի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերին (Eric Friedler) ՀՀ Նախագահի պետական պարգևով`«Բարեկամության» շքանշանով պարգևատրելու արարողությունը։ Էրիկ Ֆրիդլերն, իրավամբ, մեծ ավանդ ունի հայ-գերմանական բարեկամության ամրապնդման գործում:

Պատմական այդ սրահում ի թիվս այլոց ելույթ ունեցավ նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որի ելույթի հմնական մասը   Matthias Meisner-ի կողմից ներկայացված է «Der Tagesschpigel» կայքում:

Օզդեմիրն իր ելույթում Հայոց Ցեղասպանությունը համեմատում է Հալեպի դեպքերի հետ: Չհամաձայնվելով, անշուշտ պարոն  Ջեմ Օզդեմիրի ելույթի որոշ տեսակետների հետ, փորձեմ անդրադարձ կատարել։

Գերմանական մամուլում հաճախ են հայկական թեմաներով  հրապարակումները, սակայն կան հրապարակումներ և կոնկրետ կարծիքներ, որոնք սկզբունքորեն կարող են բացասական ուղենիշ հանդիսանալ որոշակի հարցերում, մասնավորապես  մարդասիրական խնդիրների շուրջ Հայոց Ցեղասպանության համատեքստում։

Գերմանիայի ինքնախոստովանանքը  Հայոց Ցեղասպանության խնդրում, նույնիսկ դեպքերից հարյուր տարի անց, կարող ենք համարել բացառիկ երևույթ։ Գերմանիան ճանաչեց  Հայոց Ցեղասպանությունը և իրեն հայտարարեց մեղսակից։ Հայտարարելով իրեն մեղսակից, կարծում ենք, Գերմանիան իր ապագա հարաբերությունները հայկական կառույցների հետ անպայման կառուցելու է նոր իրողությունների շրջանակներում, թեկուզ և ուշացումով։

Այս գործընթացի  տեսանելի առաջամարտիկը  հենց ազգությամբ թուրք՝ գերմանիայի քաղաքացի, Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն  է և ինչ խոսք նրա այս պատասխանատվությունը  մեծ հարգանքի է արժանի։

Անշուշտ, պետք է շնորհակալ լինենք պարոն  Օզդեմիրին՝ կոնստրուկտիվ  օգնության և հայ ժողովրդի քաղաքակրթական իրավունքների պաշտպանության համար, որոնք իրականացվում են նրա կողմից տարբեր ձեւաչափերով: Պետք է հասկանանք պարոն  Օզդեմիրի  գործունեությունը որպես առաջնորդի, որը նաև ներկայացնում է  Գերմանիայում ապրող առաջադեմ թուրք հասարակության դիրքորոշումները հայկական խնդիրների հետ կապված: Իրոք, պետք է բարձր գնահատենք և  հասկանանք պարոն  Օզդեմիրի անձնական զոհողությունը, բայց նաև խորը ցավով պետք է նշենք, որ անթույլատրելի է որևէ  համատեքստում Օսմանյան  Կայսրությունում 100 տարի առաջ տեղի ունեցած և իրենց մասշտաբներով անկրկնելի դաժանությունները համեմատել լոկալ խնդրի՝ Հալեպի դեպքերի հետ։

Վստահ չեմ և չեմ կարծում, որ Հալեպի այսօրվա իրավիճակն ինչ-որ մի ձեւով համեմատելի է Հայոց Ցեղասպանության հետ, որը տեղի է ունեցել Օսմանյան  Կայսրության ողջ տարածքների վրա և հայրենազրկել է մեզ՝հայերիս:

Փորձեմ ասել, թե ինչու՞ համեմատելի չեն այն դեպքերը, որոնք կատարվել են Հալեպում և հայ ազգի դեմ իրականացրած Ցեղասպանությունը, որը տեղի է  ունեցել  100 տարի առաջ Օսմանյան Կայսրության ողջ տարածքների վրա: 

Փաստը նրանում է, որ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիան փորձում էր աշխարհի վրայից ջնջել հայ ազգին, իսկ Սիրիա պետության շուրջ և ներսում տեղի ունեցող իրադարձությունները  ուղղված չեն որևէ էթնոսի դեմ: Օսմանյան Կայսրության տարածքների վրա 100 տարի առաջ ծավալված գործողությունները ուղղված էին մասնավորապես և ուղղակիորեն հայ ազգի դեմ։

Այն, ինչ կատարվում է Հալեպում, դա Սիրիական պետության ներսում կատարվող քաղաքացիական պատերազմի  արդյունք է, հովանավորված նաև տարբեր երկրների կողմից։ Ահբեկչական խմբավորումների հովանավորներից մեկն էլ Թուրքիայի Հանրապետությունն է և նրա  նախագահը։ Թուրքիայի Հանրապետության  նախագահը հայտարարեց, որ մտնում է Սիրիա, Բաշար Ալ Ասադին ոչնչացնելու համար, ում օրինական իրավունքները պաշտպանում են նաև Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիները՝ զենքով և իրենց կյանքի գնով։

Միթե  պարոն Օզդեմիրը կարծում է, որ Հալեպը Թուրքիայի մաս է կազում և դրա համար է Հալեպի դեպքերը անհարկի նույնականացնում 100 տարի առաջ կատարված Հայոց Ցեղասպանության հետ։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում և մասնավորապես Հալեպում, մարդկային և քաղաքակրթական  ողբերգություն է, որի հիմքերը  երրորդ կողմի շահերն են ու ոչ թե ամբողջ մի էթնոսի ոչնչացման ծրագիրը: 

Ամենայն հարգանք ունենալով պարոն Օզդեմիրի և նրա գործունեության հանդեպ, կարծում եմ, որ Գերմանիայում Հայաստանը ներկայացնող պաշտոնական շրջանակները, նաև Գերմանիայում Հայ դատի հանձնախումբը պետք է հակադարձեն նրան՝ մանավանդ, որ պարոն Օզդեմիրի ելույթը հնչեց այնպիսի մի իրադարձության ընթացքում, որին բայցի հայ համայնքային գործիչներից ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, հայտնի հեռուստաընկերությունների, մեդիայի ներկայացուցիչներ, դիվանագետներ տարբեր երկրներից:

Գերմանիա,Մայնց

 

 

Արամ Մկրտչյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ