Լևոն Գալստյան
Լևոն Գալստյան

«ՉԱՐԵՆՑ՝ խենթությունից առ Աստված...». ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հավանաբար, տաղանդավոր մարդը նա է, ով զգում ու տեսնում է այն, ինչն այլոց կազմախոսորեն (ֆիզիոլոգիապես) հասու չէ: Եվ շատ հաճախ, ի տարբերություն մյուսների, տաղանդը երևի տեսնում է Բնությունը, իսկ հանճարը՝ լսում Աստծո ձայնը: Սովորական մարդիկ նախանձում են նման բացառիկներին: Բայց նրանք չգիտեն՝ ինչ սոսկալի գին պետք է վճարի Հանճարը: Տառապանքի գինը: Խենթությա՜ն գինը:

Ժողովուրդն ասում է. «Գժի աղուն (ջրաղացը) Աստված է աղում»: Խենթությունը վաղնջական պատերացումներում ընկալվել է որպես աստվածային, սրբազան հատկություն. մարդկանց թվացել է, որ խենթը խոսում է վերերկրային, իմաստասիրական ըմբռնմամբ՝ բնազանցական (մետաֆիզիկական) ուժերի հետ և հետևաբար գիտե Ճշմարտությունը: Ճշմարտությունն իմացողից վախեցել են, ինչպես, օրինակ, Աստծո կողքը կանգնած Գրողի կերպարից, որ գրանցում էր մարդկանց արարքներն ու գիտեր նրանց Ճակատագիրը, բայց նաև լցվել նրա հանդեպ անբացատրելի երկյուղածությամբ: Չմոռանանք նաև, որ մեր ավանդավեպը կոչվում է «Սասնա ծռեր»…Չեմ զսպում հարցս՝ գուցե Աստծո զավակնե՞ր...          

Մարդը կտրվեց Բնությունից, հետո՝ Աստծուց, կորցրեց ոտքի տակի հողը, իրեն դրեց Բնության ու Աստծո տեղ ու ստեղծեց այսպես կոչված «քաղաքակրթություն» կամ «մարդկանց աշխարհը»: Այ հենց այդ կետից էլ մեկնարկեց այն խենթությունը, որը 20-րդ դարում պիտի ավելի ահագնանար և վերածվեր այսպես կոչված «հոգեկան խանգարման»: Մեջտեղ եկավ նաև  «անձի երկատման» գաղափարը՝ իբրև երբեմնի ամբողջական մարդու հոգևոր տրոհման ազդանշան կամ ավելի ճիշտ՝ հետևանք: Եթե «հոգեկան խանգարում» եզրը թարգմանենք ավելի հասկանալի բառի, կտեսնենք, որ խոսքը նաև կամ նախ և առաջ տաղանդի մասին է, որի բարձրակետ հանճարեղության մասին սույն մտորումս էլ Չարենցի ծնննդյան հոբելյանի առիթով եղավ:                                                                        

Ահա գրում է. «Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց, օտար մարդիկ հայհոյեցին ու անցան, Միայն պոռնիկը մշուշում համբուրեց, և խելագարը բարևեց կիսաձայն»: Փաստորեն, Չարենցին միայն Խելագարն է բարևել, միայն նա՜ է հասկացել իր լեզուն: Ինչո՞ւ, որովհետև Հանճարին միայն Խելագարը պիտի բարևի: Ըստ էության, «բարևել»-ը Չարենցի պոետիկայում  նշանակում է «ճանաչել»…Եվ քանի որ միայն սրբազան խենթությամբ է հնարավոր առնչվել Վերին ուժին, ուրեմն, Խելագարի «բարևի» խորքում փնտրենք Աստծու ողջույնը Հանճարին…

 

Լևոն Գալստյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90