Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

Չէ՞ որ իրենք էԼԻՏԱՐ ԵՆ…

 

Թե ամերիկաներում, թե եվրոպաներում, արևմուտքներում ընդհանրապես, թե Հեռավոր Արևելքի զարգացած երկրներում միջին խավն է եղանակ ստեղծողն ու հասարակական կարծիք ձևավորողը: Գաղտնիք չէ, որ ուժեղ ու կայուն է այն հասարակությունը, որում գերակշռում է հենց միջին խավը:

Իհարկե, հարուստներ կան ամերիկաներում ու եվրոպաներում, նույնիսկ՝ շատ հարուստներ կան: Կան նաև աղքատներ` բառիս համեմատական մեկնաբանությամբ: Սակայն հասարակության գերակշիռ մասը միջին խավն է, որը տրամադրությունների և կենսակերպի ձևավորման հիմնական զարկերակն է, գաղափարների գեներացումն ապահովող անոթը, երկրի դեմքը: Այն դեմքը, որը մենք տեսնում ենք այդ երկրի տեսքով:

Որքան ավելի ստվար ու կայացած է միջին խավը, այնքան ավելի ուժեղ է երկիրը, ու պատրաստ՝ ընդունելու ցանկացած մարտահրավեր`լինի թագաժառանգի ամուսնությունը, պատերազմի հայտարարությունը, ատոմակայանը բացելու կամ փակելու վճիռը, թե մեկ այլ բան:

Ճիշտ հակառակն է մեզանում: Վիճակագրական տվյալներով միջին խավը տաս-տասնհինգ տոկոսին մոտ մի թիվ է կազմում ու այս իրավիճակում էլ դեռ զարմանալիորեն գնում ենք հասարակությունը մասերի տրոհելու և «կաստաների» բաժանելու:  «Բուրժուական« այս երևույթը Հայաստան ներթափանցեց անկախացումից հետո, չնայած, որ այլ ուղիով էր պետք գնալ և ահագնացող տեմպերով շարունակվում է: Էլիտար բնակելի թաղամասեր, էլիտար տներ, էլիտար խանութներ, էլիտար դպրոցներ, էլիտար ֆակուլտետներ բուհերում, էլիտար ավտոմեքենաներ, էլիտար ամսագրեր, էլիտար բժշկություն, էլիտար վերանորոգում, էլիտար զինվորական մասեր բանակում ու էլիտար խցեր գաղութներում, էլիտար տուրիզմ,  անգամ՝ էլիտար ավտոլվացում, զուգարանի էլիտար թուղթ… Նույնիսկ մարդու սիրտ է խառնում:

Եվրոպական մի շարք երկրներում օրենքի ուժով արգելված է նման կլաստերների ստեղծումը և հասարակությունը տրոհելու փորձերը: Սա պատահական չի արվում: Թե «լավ», թե «վատ» երեխաները միասին հաճախում են նույն դպրոցը (իհարկե կան  համբավավոր մասնավոր դպրոցներ, բայց նրանք ոչ թէ «էլիտար» են, որովհետև այնտեղ սովորում են «լավ պապաների լավ երեխաները», այլ, որ նրանք ունեն ավանդույթներ, ցուցանիշներ, որակական նշաձողեր, շրջանավարտների պատմություն և այլն), գնում-գալիս են նույն ավտոբուսով՝առանց իրենց հայրիկների թիկնապահների, որոնք, ի դեպ գրեթե բոլոր երկրներում նույն կերպն ունեն, երեկոյան ուսանողները միասին նույն սրճարանում նույն պիցցան կամ համբուրգերն են ուտում և այլն: Ու մի օր էլ «լավ» և «վատ» տղան ու աղջիկն ամուսնանում են ու երեխաներ ունենում՝ անկախ գույնից, ի դեպ: Արդյունքում` հասարակությունը չի տրոհվում սեկտորների ու կայանում է այն միջին խավը, որն էլ դառնում է երկրի ու երկրաշինության հիմքը:

Մեզանում…Ինքը զինքն էլիտար դասակարգին դասողներն իրենց երեխաներին ունենում են էլիտար ծննդատներում (ցանկալի է Լոնդոնում կամ Վաշինգտոնում, գոնե՝ Լոսում), իրենց սիրասուններին ուղարկում են էլիտար մանկապարտեզներ, հետո` էլիտար դպրոց, (նույնիսկ նախարարի կարգավիճակովներն են այսպես վարվում), ապա` էլիտար բուհ (ու նորից ցանկալի է Լոնդոն, Վաշինգտոն, կամ գոնե՝ Լոս), ապա դասավորում են էլիտար աշխատանքի, հետո էլիտար մեքենաներով էլիտար ռեստորանում էլիտար հարսանիք են անում ու էլիտար թոռներ ունենում՝ երբեմն միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ էլիտարության ցուցադրման համար:

Դե, իսկ կյանքին հրաժեշտ տալուց էլ էլիտար լիմուզին, էլիտար տերտեր ու այսպես մինչև էլիտար գերեզմանոց...:

Իսկ սովորական՝«խալխի» մանկապարտեզներ, դպրոցներ ու բուհեր թող «խալխի» էրեխեքը գնան: Հայոց բանակում էլ թող «խալխի լակոտները» ծառայեն...: Իրենք ավելի կարևոր բաներ ունեն անելու գիշերային ակումբներում, «յաշիկների« ղեկին, կալիֆորնիաների մոլերում, փարիզների ու ամստերդամների վարդագույն փողոցներում… Չէ՞ որ իրենք էլիտար են…

Ես արհեստական համահավասարեցման ջատագովը չեմ, բայց արհեստական կաստայացումն ու էլիտարացումը պիտի վերացվեն: Մենք դրա իրավունքը չունենք, եթե ցանկանում ենք լավ երկիր դառնալ, այլ ոչ թե մեր պատմությունը տրոհել «էլիտար» (Տիգրան Մեծ) և ոչ-էլիտար («արա, էս չե՞նք») մասերի:

Այդպես մեր երկիրն էլ կտրոհվի, մենք էլ, մեր ապագան էլ:

Հետո չասենք Աստված էլ բեթարից ազատի:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ