«Դու հյուսեցիր քո ՈՍԿԵ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ․․․»․ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Գեղանկարիչ, մոնումենտալիստ
Վլադիմիր Աթանյանի
85-ամյակի առթիվ
«Մենք արվեստագետների ցեղ ենք», - ասում է մեծն Արշիլ Գորկին:
«Երբեք չմոռացա, որ ես արվեստագետ եմ», - հավաստում է Վլադիմիր Աթանյանը:
2015 թվականին նրան շնորհվում է Արշիլ Գորկու անվան ոսկե մեդալ:
Ծնվել է 1940-ին, համեստ ու աշխատասեր Գուրգեն Աթանյան-Ադամյանի և Գոհար Սարոյանի ընտանիքում: Մանկուց սիրել է նկարչություն, հաճախել է Պիոներ պալատի նկարչական խումբ:
9-րդ դասարանում ուսանել Հակոբ Կոջոյանին: Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որից հետո աշխատել է որպես դիզայներ:
Նրա մի շարք նախագծեր մտել են արտադրություն: Ստեղծագործել սկսել է 1960 թվականից: 1964 թվականին նրա «Սայաթ Նովա» խճանկարը արժանացել է ոսկե մեդալի:
1969 թվականին հրավիրվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտ դասախոսելու՝ ստանձնելով դիզայնի ամբիոնի վարիչի պարտականությունները:
1982-ին ստացել է դոցենտի, իսկ 1992-ին՝ պրոֆեսորի կոչում: Մասնակցել է համաշխարհային բազմաթիվ բիենալիեների, արժանանալով պատվավոր դիպլոմների:
Իր երկփեղկված ստեղծագործական կյանքի տարիներին մասնակցել է 300-ից ավելի անհատական և խմբակային ցուցահանդեսների: Կազմակերպել և ուղեկցել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ:
Իմ գրասեղանին է Վլադիմիր Աթանյանի կենսագրության հակիրճ շարադրանքը, ինչպես նաև նրա կնոջ՝ Իրինա Սրապիոնյան-Աթանյանի ուղարկած բազմաթիվ հոդվածների, հարցազրույցների պատճեները, նաև ԱՄՆ-ում լույս տեսած կատալոգներ, որոնք նրա արխիվի մի մասն են կազմում:
Դժվար է գտնել կերպարվեստի մի բնագավառ, որում կայացած չլինի այս արվեստագետը: Գեղանկար, մոնումենտալ արվեստ, գրաֆիկա, վիտրաժ, խճանկար նաև ներքին և արտաքին դիզայն:
«Գույնը համարում եմ գեղարվեստական ստեղծագործության հիմնական գործոն, իսկ լույսը՝ զգացմունքների և մտքերի երկնային արտացոլում: Ինձ անվանում են տրամադրության և զգացմունքների նկարիչ և դա ճշմարիտ բնորոշում է, քանի որ դա է մեծ չափով ազդում իմ գործերի վրա: Այդ իսկ պատճառով մշտապես փնտրում եմ գեղարվեստական նորանոր արտահայտչամիջոցներ:
Իմ նկարները ծնվում են մանկության երևակայությունից: Մշտապես հիշում եմ իմ սկիզբը, իմ արմատները»:
Որքան էլ բազմազան և բազմակերպ լինեն նրա աշխատանքները, դրանք նախ և առաջ աչքի են ընկնում իրենց դրամատիկ շերտերի խտացումով և պայմանականությամբ:
Բնությունը, մարդը, կյանքը – ահա այն հիմնական թեմաները, որոնց նախաստեղծ ամբողջականության և բախումների վրա է կառուցված նրա արվեստը:
90-ականները դժվարին տարիներ էին արվեստագետների, նամանավանդ մոնումենտալիստների համար: Շատերը մեկնեցին երկրից ապրուստ հայթայթելու:
1992-ին Վլադիմիր Աթանյանը հաստատվում է ԱՄՆ-ում, իր «Երկիր հայրենի» և «Վերք Հայաստանի» ցուցահանդեսներով, որոնք ընդունվեցին ամերիկահայ արվեստասերի կողմից՝ լրացնելով կոլեկցիոներների հավաքածուները:
ԱՄՆ մեկնելուց առաջ նա 30 գործ ժառանգեց Հայաստանին:
Կատարել է մի շարք նշանակալից մոնումենտալ գործեր՝ «Գորանի» բարձրաքանդակը «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում, «Առողջությունը կյանք է» հարթաքանդակը Բժիշկների վերապատրաստման ինստիտուտում:
Հատկապես նկարչի կերտած շատրվանները Նոր Նորքում («Վարդ») և Շառլ Ազնավուրի հրապարակում:
«Հայկական կենդանակերպ նշաններ» բրոնզե քանդակներով շատրվանը սիրելի վայր է դարձել երևանցիների համար ամռան տապին: Անցորդները անտարբեր չեն անցնում Մաշտոցի պողոտայում գտնվող «Էրեբունի-Երևան» հարթաքանդակի կողքով, որը նվիրված է Երևանի 2750 ամյակին:
«Զեյթունցիներ» տուֆե հարթաքանդակները՝ Զեյթունի հանգստյան գոտում մեղմ ասած գտնվում են անմխիթար վիճակում:
Նկարչի այրին՝ Իրինան այցելելով Երևան, ապշեց տեսնելով հարթաքանդակներից մեկը «բեսեդկայով» և փայտե վանդակաշարով պարսպապատված:
Դիմել է քաղաքապետարան և անձամբ քաղաքապետին, բայց մնացել է անպատասխան:
Մշակութային արժեքների պահպանման կառույցները, քաղաքապետարանը, որի պաշտպանության տակ է «Զեյթունցիներ» հարթաքանդակը, հուսանք մի օր կվերականգնի իր նախկին տեսքը:
«Անի» հյուրանոցի ներքին հարդարանքը Աթանյանի լավագույն աշխատանքներից է, որից մնաց միայն մասնատված մեծադիր գոբելենը, որն այսօր զարդարում է «Անի Գրանդ հոթել» հյուրանոցի նախասրահը:
Եվ վերջապես «Դվին» հյուրանոցի առաջին հարկի նախասրահի համար արված «Հավերժություն» կոմպոզիցիան, յուրօրինակ ջահերը, ինտերիերը, խճապատ ջրավազանը, որի համար ստեղծագործական խմբի հետ 1979 թվականին Վլադիմիր Աթանյանը արժանացավ ՀՍՍՀ պետական մրցանակի: Այս հյուրանոցն արդեն պատմություն է դարձել:
Վլադիմիր Աթանյանի մոնումենտալ արվեստը տակավին ուսումնասիրված չէ:
«Ռոսլին» արվեստի հանդեսի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանի առաջարկով արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը Վ. Աթանյանի ծննդյան 85-ամյակի առթիվ հրաշալի մեկնաբանությամբ վերլուծել է արվեստագետի մոնումենտալ արվեստի մի շարք կոթողներ:
ԱՄՆ-ում՝ վարդագույն երազանքի երկրում քչերն են կայանում:
ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը ամեն ինչ սկսեց զրոյից: 1993 թվականին որդու՝ Գոռ Աթանյանի հետ հիմնադրում է «Աթանյան» արվեստի կենտրոնը, որը սկզբում ունենալով ընդամենը 6 աշակերտ, տասնամյակների ընթացքում վերածվել է Լոս Անջելեսի հեղինակավոր և ամենամեծ դպրոցի:
32-ամյա գործունեության ընթացքում գեղագիտական, նաև հայեցի կրթություն են ստացել 5000-ից ավել հայ երեխաներ: Շատերն իրենց ուսումը շարունակել են հավատարիմ մնալով արվեստի իրենց ընտրած ուղղությանը: Շատերն էլ արդեն իրենց երեխաներին և թոռներին են բերում այս կենտրոն:
«Աթանյան» արվեստի կենտրոնը դպրոցի սաների 80-ից ավելի ցուցահանդեսներ է կազմակերպել Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Կենտրոնի աշակերտները արժանացել են 300-ից ավելի մրցանակների:
«Նկարելու կիրքը ինձ հետ է ապրում», - խոստովանել է նկարիչը: Նրա ամերիկյան շրջանի նկարները նոր ձև և բովանդակություն են ստանում:
1998 թվականին Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ, նրա անհատական ցուցահանդեսը իրադարձային էր: Այն ոչ միայն համբավ ունեցավ, այլև բազում անդրադարձներ մամուլում և հեռուստատեսությամբ ու իր վրա սևեռեց ամերիկյան քննադատների ուշադրությունը:
Արվեստաբան և հրատարակիչ Ռիչարդ Նաթանն իր «Այցելող լույսի անդրադարձները» հոդվածում նշում է - «Վ. Աթանյանի ամերիկյան շրջանի գործերում գերիշխողը քնարականությունն է և լավատեսությունը, որոնք իրականացված են ազգային արվեստի հրաշալի ավանդույթների հիմքով: Նա հայ նկարիչ է, որի գործերում միահյուսվում են անցյալը, ներկան և ապագան՝ սկսած միջնադարից մինչև ապագայի երևակայական պատկերացումները:
Եվ այդ փաստը շեշտել են նրա արվեստը մեկնաբանող արվեստաբանները: Նա մի արվեստագետ է, որի ստեղծագործական թռիչքը կարելի է համեմատել գերիրապաշտ այնպիսի խոշոր գրողների երևակայության հետ, ինչպիսիք են Մարկեսը և Բուլգակովը: Ես նրա արվեստը կկոչեի նաև մոգական ռեալիզմ:
Աթանյանը ողջ կյանքը նվիրում է գեղարվեստին: Նա ծառայում է բարուն՝ ներկայանալով որպես այցելող լույսի անդրադարձ»:
Վլադիմիր Աթանյանին բազմաթիվ կոմերցիոն առաջարկներ են արել ամերիկյան պատկերասրահները՝ նկարել իրենց պատվերով:
«Ես չեմ ընդունում կոմերցիան արվեստում, ես արարում եմ ինչ ուզում եմ և ինչպես ուզում եմ»:
Այսօր նրա աշխատանքները տեղ են գտել Ամերիկայի մի շարք պատկերասրահների մշտական ցուցադրությունում: Լոս Անջելեսի Ազգային թանգարանում, Սոհո պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսներին հաջորդել են Լաս Վեգասում Սիրկ դե Սոլեյի մասնաշենքում, Նորթրիջի համալսարանում, Ըրվայն քաղաքի Բիստանգո պատկերասրահներում և այլուր բացված գեղանկարի և քանդակի գործերի ցուցահանդեսները:
Արվեստաբան Փոլլա Լաջին հեղինակավոր “Elegant” ամսագրում գրում է՝ «Վլադիմիրը անհասանելի մեծություն է նրանց համար, ովքեր արարում են ամերիկյան արվեստը: Նա հիմնարար վարպետ է և մշտանորոգ նորարար արվեստի աշխարհում»:
ԱՄՆ-ում նա հաջողեց նաև կատարել մոնումենտալ ձևավորումներ՝ «Կոլորամա» ծավալատարածական հորինվածքը Գլենդելի Պասիֆիկ համայնքային կենտրոնի ինտերիերում, «Մուսա» խեցեգործական հարթաքանդակը Բրբենքի Արտիստների միավորման շենքի ֆասադին:
«Այս երկիրն ինձ շատ բան տվեց, բայց մեջս զրնգացող մի բան կա, որ կանչում է հայրենիք: Հպարտ եմ, որ նկարիչ եմ ու հայ, ու հայաստանցի նկարիչ եմ, իմ հզոր արմատներով»:
Երկնային ծնունդդ շնորհավոր եղբայր:
Հ.Գ. Երկրորդ տարեդարձդ է առանց քեզ, թանկագին Աթանյան: Մեր կարոտը անսահման է: Քո դեռևս վերջին ծոռը՝ Վարդանը, ամեն օր աղոթում է Աստված պապիկին և խնդրում, որ քեզ լավ նայի: Քրոջն էլ է ասում «դու էլ աղոթիր»:
Եթե աղոթքներդ տեղ չեն հասնում, – ասում էր Աթանյանը կնոջը, - մի բարկացիր Աստծո վրա:
Անահիտ Ադամյան