«Ձուկ բռնելու չգնա՞նք, կամ գաղութարարներ սեփական հայրենիքում...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Եթե հոգնել եք բետոնային ջունգլիներից, մարդկանց բազմություններից, ականջ ծակող խոսակցություններից և ասֆալտի տապից, մեքենաների աղմուկից ու աղբակույտերի գարշահոտությունից, ապա փախե՛ք քաղաքից:
Գնացեք ամենաբուժիչ ու հոգեպարար բնության գիրկը: Բարեբախտաբար, մենք ժառանգություն ենք ստացել հիրավի մի երկիր-դրախտավայր, բացառիկ մի կենսահամակարգ երկիր մոլորակի վրա, որտեղ կարելի է ընդամենը մեկ-երկու ժամ ճամփորդելով հասնել բնակլիմայական մի նոր վայր ու հիանալ շրջապատով՝ տուրք տալով բոլոր հինգ զգայարաններին: Երանելի մի վիճակ…
Կին ընթերցողներս հիմա տարակուսանքով ուսերը կթոթեն, իսկ տղամարդիկ կժպտան: Երևի կռահեցիք, որ խոսքս ձկնորսության մասին է:
Ժամանակակից հոգեբանները գտնում են, որ զբաղմունքի այս տեսակը հատուկ է միայն տղամարդկանց: Կանայք բացարձակապես անտարբեր են, եթե չասեմ՝ ագրեսիվ. ինչպե՞ս կարելի է ժամերով նստել ջրի ափին, ոչինչ չանել ու սպասել կորած-մոլորած ձկնիկին՝ հատկապես, որ այն ոսկուց չէ և ցանկություններ կատարել չի կարող:
Չգիտեմ, երևի տան ու համայնքի համար որսամիս հայթայթող արուի բնազդներն են պահպանվել մեր մեջ: Բարեբախտաբար: Չէ՞ որ նաև դրանով ենք մենք մարդ մնում: Նստել, սպասել, հուսալ… Ոչինչ չանել, անգամ չմտածել, ու երազել մեծ ձկան մասին:
Դե իհարկե, կրկին լսում եմ գեղեցիկ սեռի կշտամբանքը՝ մի կիրակի օր ենք ազատ ու, փոխանակ տանը տիտիկ անելու, գնում ես որդերդ լողացնելու…
Գնում ենք… գնում ենք ձուկ բռնելու ու մեր զգայարանները բթացնող առօրյայից գոնե մի քանի ժամով կտվելու:
Վերցնում ես կարթը, մի քանի այլ պարագաներ, թերմոսով սուրճ, արևային գլխարկը, ուսապարկը ու առավոտ լուսով Ճամփա ես ընկնում դեպի ջրերը, որ գոնե մի քանի ժամ քեզ Ռոբինզոն կամ գոնե Բիըր Գրիլլս զգաս…
Բայց ո՞ր կողմ գնանք:
Հարցերի հարցը բոլոր ձկնորսների համար: Եվ եթե տարիներ առաջ դրա պատասխանը համեմատաբար հեշտ էր, ապա այսօր բավականին բարդ է՝ խոհափիլիսոփայական դիլեմա լուծելու պես:
Մեր լեռնային գեղեցկուհի Սևանը կարծես թե արդեն դատարկ է: Մոռացեք անուշահամ իշխանն ու բախտակը: Դրանք, կարելի է ասել, արդեն չկան: Սիգ չկա: Հնարավոր է բռնել միայն ցանցով: Երևանի շուկաներում ու փողոցներում արդեն ափաչափ սիգերն են վաճառվում: Կողակն ու բեղլուն ևս անհետացման եզրին են: Մնում են միայն ցածրորակ ձկնատեսակները, սակայն դրանք էլ գրեթե չեն պատահում: Իսկ ցանցային ձկնորսությունը մեզ համար չէ: Մենք գնում ենք հաճույք ստանալու, այլ ոչ թե «ձուկ բերելու»: Այնպես որ՝ Սևանը մոռացանք:
Անգամ խեցգետին չի մնացել: Ոչ այն պատճառով, որ ջուրը մաքրվել է ու աղբը պակասել (ինչ ինչ, բայց աղբն անսպառ է Հայաստան աշխարհում): Պարզպես մեր համադամասերները «քոքահան» են արել Սևանի խեցգետինը: Իրավիճակն անգամ զավեշտի է հասնում:
Վերջերս արտասահմանյան մի խումբ ցանկություն հայտնեց ստորջրյա նկարահանումներ կատարել Սևանում: Տեղացի աջակցողները մեկ այլ վայրից խեցգետիններ գնեցին ու անմիջապես նկարահանումից առաջ բաց թողեցին Սևանի սառնորակ ջրերում՝ ստեղծելով հարուստ կենսաբազմազանության կեղծ տպավորություն:
Իսկ եթե Երևանի գարեջրատներում խեցգետին պատվիրեք, ապա կզարմանաք դրանց չափսերից՝ բառիս բուն իմաստով՝ մատնաչափիկներ: Շատերը՝ խավիարով: Իսկ լուցկու գլխիկի չափ այդ ամեն մի գնդիկը կարող էր խեցգետին դառնալ… Բայց ոչ, պետք է հիմնովին քամել Սևանի պաշարները մինչև զրո, իսկ դպրոցում զարմանքով լսել Աշոտ Երկաթի զորքի մասին, որն ամիսներ շարունակ կերակրվում էր Սևանի իշխանով ու բախտակով: Կամ էլ Մուրացանի Առաքյալին հիշել, որին վանականը զարմացնում էր իշխան ձուկ ուտելու իր շատակերությամբ: Կամ էլ՝ Վախթանգ Անանյանի «Սևանի ձկնորսներին», որոնք մեծաքանակ բանվորական բրիգադներ էին կերակրում:
Իսկ հիշու՞մ եք, որ տարիներ առաջ Սևանից ձկնորսներ էին գալիս, անցնում տնից տուն ու թարմ իշխան ու սիգ առաջարկում… Հիմնականում հրաժարվում էինք՝ հորթի միսն ավելի հարգի էր: Ինչևէ, այդ ամենը մնաց անցյալում:
Միամիտ հարց է առաջանում՝ միթե հնարավոր չէ՞ մի քանի տարով ընդհանրապես արգելել Սևանից որևէ բան որսալը:
Ըստ գիտնականների տվյալների՝ Սևանի ձկնային պաշարների արդյունաբերական նշանակությունը տարեկան մոտ 1.800 տոննա է: Նույնքան էլ Սևան լցվող գետերի և Հրազդանի տարեկան սպառողական ցուցանիշներն են, քանի որ շատ ձկներ բազմանում են լճամերձ գետային ջրերում միայն: Սակայն վերջին տարիներին գրեթե բոլոր այդ գետակների վրա մինի ՀԷԿ-եր են հայտնվել, որի պատճառով ձուկը գրեթե իսպառ վերացել է: Մինչդեռ ռեստորաններում և շուկաներում շարունակում են ափաչափ սիգ վաճառել…
Երկու-երեք տարի անց Սևանում ձուկ չի լինելու: Սա լա՛վ հիշեք: Նաև հիշեք, որ մեր պատերազմի տարիներին մեզ Սևանի սիգը պահեց: Աստված մի արասցե, կրկնվեն այդ տարիները: Սևանի հույսին այլևս չմնաք…
Ի դեպ, չմնաք նաև անտառների հույսին:
Շուտով Հայաստանում անտառներ չեն լինելու: Պետք է արագ ամեն ինչ կտրել ու վառել: Այդ կրակի վրա վերջին իշխանն ու սիգը խորովել ու լափել… Մնացորդներն էլ լցնել կանաչների վրա՝ տոպրակների ու շշերի հետ միասին: «Թող պետության գլուխը ցավա: Կարևորը այսօր էլ քեֆ արեցինք ու ուրախացանք»:
Դե լավ, եկեք գնանք արարատյան դաշտի կողմերը: Այնտեղ լիքը լճեր կան:
Գնացինք: Ազատ լճեր արդեն չկան: Ամեն ինչ սեփականաշնորհված է: Բայց դա դեռ մեդալի մի երեսն է: Արտեզյան ջրերի անխնա, եթե չասեմ՝ թալանչիական, օգտագործման պատճառով բոլոր լճակների ու ջրանցքների մակարդակը խիստ իջած է: Ձուկ բռնելու համար պետք է վճարել: Դե լավ, վճարենք, բայց ինչի՞ համար, եղբայր:
Ամենուրեք համատարած աղբ է և հակահիգիենիկ վիճակ: Հոսող ջրի ու արտաքնոցի մասին խոսք անգամ չկա: Աղբամաններ, իհարկե, չկան: Լավագույն դեպքում կուտակվող աղբը ժամանակ առ ժամանակ պարզապես այրում են, իսկ ապակե շշերը նետում եղեգների մեջ: Հանճարեղ լուծում…
Դե լավ, եկեք գնանք Ապարանի լճերը:
Գնացինք: Ամենամեծ ձուկը մատիս չափ է: Ասում են՝ մեծ ձուկը վերացել է:
Դիլիջա՞ն: Անիմաստ է: Ջերմու՞կ: Ձուկ չկա: Հոսանքով ու ցանցերով վերջը տվել են: Արցա՞խ: Մի քիչ հեռու է:
Հայաստանում բոլոր տղամարդիկ ձկնորս և որսորդ են: Այնպես որ ամենայն հավանականությամբ Արցախում էլ շուտով նույն պատկերը կունենանք: Փրկվում են միայն սահմանամերձ գետերը այն պարզ պատճառով, որ այցելությունները խիստ սահմանափակ են:
Երկու խոսք էլ որսորդության մասին: Ես ընդհանրապես զարմանում եմ՝ ի՞նչ որսորդության մասին կարող է խոսք գնալ Հայաստանում, որտեղ գրեթե բոլոր կենդանիները գրանցված են Կարմիր գրքում: Մասնավոր կենդանաբանական այգիներից դեռևս չձերբազատված, որսորդների հորդաները շարժվում են գրավելու նորանոր կենսատարածքներ: Եթե մի տեղ եղնիկ է երևացել, վաղը դրա հախից կգան:
Վարազների որսը՝ ուղղաթիռով ու ավտոմատ ինքնաձիգերով:
Լորի սեզոնը սկսեց՝ վերացնել բոլոր լորերին անխտիր: Վայրի աղավնինե՞ր: Լավն են խորովածի համար: Նապաստակնե՞ր: Վերցրեցինք գիշերային գերհզոր լապտերներն ու գնացինք: Տասը մարդով մի նապաստակի վրա: Անգամ սպիտակագլուխ անգղներն ու գայլերը փրկություն չունեն: Կրակե՛լ, սպանե՛լ, ոչնչացնե՛լ: Հետո նստել մի տեղ, լափել, պարծենալ սեփական հերոսությամբ ու հեռանալ՝ համատարած աղբ թողնելով չորս բոլորը:
- Սպորտային որս և ձկնորսությու՞ն: Չէ, չենք լսել:
- Բռնած ձուկը բաց թողնեմ ջու՞րը: Ախպեր, դու հո Թումանյանի հեքիաթների՞ց չես եկել:
- Թողնեմ խեցգետինը մեծանա՞: Ուրիշը կբռնի: Ես հո քո իմացած միամիտը չե՞մ…
Հնդկացիները մի լավ առած ունեն՝ հողն ու բնությունը այն գանձերն են, որոնք մենք պարտք ենք վերցնում մեր զավակներից: Հնդկացիները հաստատ մեզնից ավելի խելացի էին: Սպանում էին այնքան բիզոն, որքան պետք էր սնվելու համար: Հետո եկան գաղութարարներն ու վերացրեցին ատելի բիզոններին: Բայց դրանք գաղութարարներ էին: Իսկ մե՞նք: Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ հայերս մեր սեփական հողի վրա գաղութարար բարբարոսներ ենք:
Մեր ընդերքի թալանի օրինակով մսխում ենք նաև մեր ֆլորան ու ֆաունան: Հետո կտեսնեք: Կարևորը՝ այս պահին վայելենք կյանքը: Հետո՞: Հետո մի բան կանենք:
Աստված մեծ է: Մեռնեմ Աստծո զորությանը:
Դավիթ Խաչիյան