Արթուր Մելիքյան
Արթուր Մելիքյան

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ իրավական բնույթի որոշ հարցերի շուրջ...». ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական իրավահարաբերություններում մեծ տեղ են զբաղեցնում պարտավորական իրավահարաբերությունները (բանկային և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր, անձնական փոխառություններ և այլն), ինչպես նաև դրանց հետ անմիջական կապվածության մեջ գտնվող պարտավորության ապահովման միջոցների ու հետադարձ պահանջների առնչությամբ ծագող իրավահարաբերությունները:

Պարտավորությունների կատարումն ապահովվում է տարբեր եղանակներով՝ գրավով, տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք՝ հոդված 368):

Սույն հոդվածում (առանձին մասերով) կփորձեմ ներկայացնել դրանցից մեկի՝ երաշխավորության, իրավական բնույթին առնչվող որոշ հարցերի վերաբերյալ իմ մոտեցումները:        

Նախևառաջ պետք է պարզել՝ ինչ է երաշխավորությունը:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 375-րդ հոդվածի՝ Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար, ընդ որում՝ Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար: Հետևաբար՝ երաշխավորությունը որևէ անձի կողմից մեկ այլ անձի հանդեպ ունեցած կամ ապագայում ունենալիք պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն կրելու պարտավորության ստանձնում է:

Այստեղ արդեն մենք գործ ունենք օրենքի մեկնաբանման հետ,  որպեսզի հասկանանք՝ երաշխավորությամբ ապահովվում է կոնկրետ անձի կողմից իր պարտավորության կատարումը, թե առհասարակ տվյալ պարտավորության կատարումը: Այսինքն՝ երաշխավորության տրամադրման համար էական հանգամանք է հանդիսանում միայն պարտավորությու՞նը, որը երաշխավորվում է, թե՞ նաև պարտավորության սուբյեկտը:

Բերեմ օրինակ. անձը երաշխավորել է հասարակությունում հայտնի ինչ որ գործարարի, պարկեշտ մարդու համբավ ունեցող անձի, հանրահայտ անձի կամ իր ընկերոջ կողմից բանկից ստացած վարկի վերադարձը, թե՞ այդ վարկի վերադարձը նաև տվյալ անձի ժառանգների կողմից, որոնց մասին որևէ պատկերացում նույնիսկ չունի կամ ունի բացասական տեղեկատվություն:

Բնականաբար, այստեղ մենք գործ ենք ունենում Օրենսգրքի 375-րդ հոդվածի մեկնաբանության հետ, որը միանշանակ չի մեկնաբանվում՝ ելնելով տարբեր շահերից: Այսպես՝ պարտատիրոջ համար, բնականաբար, Երաշխավորի կողմից ստանձնած պատասխանատվություն կրելու պարտավորությունը պետք է վերաբերի ընդհանրապես պարտավորության կատարմանը և որևէ նշանակություն չունի, թե տվյալ պահին ով է այդ պարտավորության կրողը (բացառությամբ, իհարկե, գործարքով պարտավորության փոխանցման դեպքի, որը կարգավորվում է Օրենսգրքի 382-րդ հոդվածի 2-րդ կետով), իսկ երաշխավորի շահերից բխում է, որ այն մեկնաբանվի որպես կոնկրետ անձի կողմից կոնկրետ պարտավորության կատարման ապահովում: 

Ես հակված եմ այն կարծիքին, որ երաշխավորությամբ ապահովվում է կոնկրետ անձի կողմից կոնկրետ պարտավորության կատարումը և ահա թե ինչու.

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի՝ «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվիրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Ինչպես նշվեց վերևում՝ Օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն «Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար..», ընդգծված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը մեկնաբանելիս, ես հանգում եմ նրան, որ «պատասխանատվությունը ստանձնվում է որևէ անձի պարտատիրոջ հանդեպ հենց այդ, այլ ոչ թե որևէ ցանկացած այլ անձի կողմից, պարտավորությունների կատարման համար»:

Մինչև ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստի և տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքների մասին խոսելը՝ նախ մի փոքր անդրադառնամ նրան, թե երբ է հնարավոր պարտավորության մեջ անձանց փոփոխությունը: Դա հնարավոր է կամ գործարքի կամ օրենքի հիման վրա: Թողնելով գործարքի հիման վրա պարտավորության մեջ անձանց փոփոխությունը, քանի որ դրա հետ կապված երաշխավորության հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքի 382-րդ հոդվածի 2-րդ մասով՝  փորձեմ անդրադառնալ պարտավորության մեջ օրենքի հիման վրա անձանց փոփոխության որոշ հարցերին:

Օրենքի հիման վրա երաշխավորությամբ ապահովված պարտավորության մեջ պարտապանի փոփոխությունը կատարվում իրավահաջորդության եղանակով, ընդ որում՝ ֆիզիկական անձանց դեպքում դա ժառանգությունն է, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ տարբեր եղանակներով իրականացվող իրավահաջորդությունը (իրավաբանական անձնաց իրավահաջորդության հետ կապված հարաբերություններում երաշխավորի իրավունքների հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգումն առանձին թեմա է):

Օրենսգրքի 434-րդ հոդվածը սահմանում է, որ Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ: Նկատի ունենալով, որ պարտքային հարաբերություններն իրենց գերակշիռ մեծամասնությամբ կարող են տեղի ունենալ առանց կոնկրետ պարտապանի և անխզելիորեն կապված չեն պարտապանի անձի հետ, իսկ Օրենսգրքի1186-րդ հոդվածի համաձայն՝ Ժառանգության զանգվածի մեջ է մտնում նաև ժառանգության բացման օրը ժառանգատուի ունեցած պարտականությունները, ապա պետք է փաստել, որ պարտքային հարաբերություններից բխող պարտավորությունները չեն դադարում, իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ պարտավորությունների ապահովում հանդիսացող երաշխավորության հետ:

Այս հարցին պետք է պատասխանել՝ ելնելով նախ այն հանգամանքից, թե երբ է դադարում երաշխավորությունը: Այսպես՝ համաձայն Օրենսգրքի 382-րդ հոդվածի՝ ի թիվս այլ հիմքերի, երաշխավորությունը դադարում է`

1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.

2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.:

Առանձին-առանձին վելուծելով երաշխավորության դադարման յուրաքանչյուր հիմք՝ հանգում եմ հետևյալին.

1. Օրենքի ուժով (ժառանգություն) պարտավորության մեջ անձի փոփոխության դեպքում (ինչը պարտավորության փոփոխում է, քանի որ կողմը գործարքի էական պայման է), բնականաբար, երաշխավորի համաձայնությունը ստանալ հնարավոր չէ կամ գուցե հնարավոր է ժառանգության ընդունման փուլում՝ ընդունելուց առաջ ունենալով երաշխավորի համաձայնությունը (նման պարտադիր պահանջ օրենսդրությամբ սահմանված չէ): Եթե ենթադրենք, որ երաշխավորությունը շարունակում է գոյություն ունենալ հիմնական պարտավորության պարտապանի մահից հետո, ուստի ժառանգության ընդունման դեպքում հարց կարող է առաջանալ՝ որքանով է երաշխավորի համաձայնության բացակայության պայմաններում այդ ձևով փոփոխված պարտավորությունը նրա համար անբարենպաստ հետևանքներ առաջացրել: Այս հարցերը կարգավորված չեն ներկայիս օրենսդրությամբ:

2. Օրենքի ուժով (ժառանգություն) պարտքն այլ անձի փոխանցումը, եթե երաշխավորը նախապես պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար, նույնպես երաշխավորության դադարման հիմք է, քանի որ օրենքը որևէ բացառություն չի արել, թե որ հիմքով պարտքն այլ անձին փոխանցելուն է վերաբերում սույն կարգավորումը, ընդ որում՝ ժառանգության ուժով փոխանցվելու հետ կապված հարաբերություններում երաշխավորն ընդհանրապես որևէ դերակատարում չունի, և նրա իրավունքները որևէ կերպ պաշտպանված չեն: Օրինակ, եթե ժառանգություն ընդունում են մեկից ավել ժառանգներ, և նրանք են որոշում, թե կոնկրետ պարտավորությունն ով է ստանձնելու, ի՞նչ իրավունք ունի երաշխավորը, արդյո՞ք նա կարող է հրաժարվել իր երաշխավորությունից, քանի որ չի վստահում այդ անձին, թե նա պատշաճ կշարունակի կատարել պարտավորությունները:

Այստեղ կարելի է բարձրացնել ևս մի քանի հարց, ինչպիսիք են՝

ա) ի՞նչ է տեղի ունենում, եթե պարտատերը չի դիմում նոտարին իր հանդեպ առկա պարտավորությունը ժառանգական գույքի կազմի մեջ ներառելու համար՝ դադարում է արդյո՞ք երաշխավորությունը, նման պայմաններում որքա՞ն ժամանակ է շարունակում գործել երաշխավորությունը,

բ) ի՞նչ է տեղի ունենում, եթե ժառանգություն չի ընդունվում ընդհանրապես, իսկ նման պայմաններում որքա՞ն ժամանակ է շարունակում գործել երաշխավորությունը,

գ) կասեցվու՞մ է արդյոք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքը անձի մահով, և որքա՞ն ժամանակով՝ 6 (վեց) ամսո՞վ (ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետ), թե՞ որևէ այլ ժամկետով, քանի որ չի բացառվում, որ ինչ որ պահի կհայտնվի ժառանգ և կդիմի իր կողմից ժառանգության ընդունման ժամկետի բաց թողումը հարգելի համարելու պահանջով,

դ) մինչև ժառանգության ընդունումը կարող է արդյո՞ք պարտապանը պահանջ ներկայացնել երաշխավորին, և այլն, և այլն:

Առաջ քաշված հարցերի կարգավորված չլինելու կամ որոշ դեպքերում քաղաքացիական իրավունքի այլ ինստիտուտների միջոցով օրենքի կամ իրավունքի անալոգիայի միջոցով հնարավոր լուծումներ գտնելու պարագայում, ես հանգում եմ այն կանխավարկածին, որ օրենսդիրը չի անդրադարձել նման հարցերի կարգավորմանը, քանի որ ի սկզբան է երաշխավորությունը գնահատվել է որպես կոնկրետ անձի կոնկրետ պարտավորության չկատարման դեպքում պատասխանատվություն, այսինքն՝ երաշխավորի համար ռիսկը սահմանափակված է կոնկրետ անձով, որի նկատմամբ էլ նա՝ Օրենսգրքի 380-րդ հոդվածի ուժով, ձեռք կբերի հետադարձ պահանջի իրավունք, այլ ոչ թե տարածվում է նաև իր համար անհայտ, թեկուզ և հիմնական պարտապանի ժառանգներ հանդիսացող անձանց կողմից պարտավորության կատարման նկատմամբ:

Անդրադառնալով քաղաքացիական իրավահարաբերությունների սկզբունքների տեսանկյունից Օրենսգրքի 375-րդ հոդվածի մեկնաբանմանը՝ պետք է նշել, որ Քաղաքացիական օրենսդրությունը՝ ի թիվս այլ սկզբունքների, հիմնվում է նաև իրավահարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության սկզբունքների վրա, ուստի պետք է հստակ պարզել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրական կամքը, իսկ քանի որ հնարավոր է նույն դրույթի կիրառման հարցում տարբեր կողմերի կամքը ուղղված լինի տարբեր շահերի պաշտպանությանը, ապա կարևոր է իրավահարաբերության էության բացահայտումը, ինչը քննարկվող դեպքում նախ և առաջ բխում է երաշխավորի կամքից, թե նա ինչ է նկատի ունեցել, երբ ստանձնել է տվյալ պարտավորությունը, և ինչ գործողություններ է կատարել պարտատերը նրա կամքը բացահայտելու համար, որպեսզի ապահովվի իրավահարաբերությունների մասնակիցների հավասարության սկզբունքը:

Այսպիսով՝ իմ եզրահանգումն այն է, որ օրենսդիրը առկա կարգավորումներով նախանշել է պարտավորությունների այն սահմաները և անձանց շրջանակը, որոնց առնչվում է երաշխավորությունը, սակայն սա չի նշանակում, որ կողմերը սահմանափակված են դրանցով, նրանք կարող են պայմանագրով կարգավորել իրենց հարաբերությունները՝ հստակ սահմանելով իրենց կամքը և դրա տարածման սահմանները:

Գտնում եմ, որ կողմերի իրավունքների հավասարակշռման տեսանկյունից, բարձրացված հարցերը կարող են լուծվել, եթե ի սկզբան է ճիշտ ձևավորվեն պարտապան, երաշխավոր իրավահարաբերությունները՝ Երաշխավորության պայմանագրով հստակ նախանշվեն պարտավորությունների այն ծավալները և այն անձանց շրջանակը ում փոխանցվելու դեպքում երաշխավորը կշարունակի կրել պատասխանատվություն և կարգավորվեն այլ հարցեր, որոնք բարձրացվել են սույն վերլուծության մեջ:

Հարցի նման լուծումը նման տարբերակով կարող է իրականացվել՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանագրային ազատության սկզբունքի հիման վրա, այն է՝ «Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:», տվյալ դեքպում այդ պայմանների սահմանում է որևէ ձևով չի հակասում օրենսդրությանը և հետևաբար հնարավոր է կարգավորել՝ հետագա բարդություններից և փոխադարձ մեղադրանքներից խուսելու համար:

Միաժամանակ, ելնելով երաշխավորի, որպես քաղաքացիական տվյալ իրավահարաբերությունում առավել խոցելի սուբյեկտի, կամքի գիտակցված արտահայտման անհրաժեշտությունից, կարծում եմ լավագույն տարբերակը կլիներ նրա հնարավոր ռիսկերը ներկայացնելը և ինչպես ներկայումս վարկային պարտավորությունների երաշխավորություն ստանձնելուց են ձեռագիր գրում իրենց կողմից գիտակցված գործողության մասին և ստանում անհատական թերթիկ նաև դրանում հստակեցվեին այն ծավալներն ու առնվազն այն անձանց շրջանակը ում փոխանցվելու դեպքում երաշխավորը կշարունակի կրել պատասխանատվություն, ինչպես նաև բացատրվի հետադարձ պահանջի շրջանակը: 

Երաշխավորությամբ ապահավված պարտավորությունների չկատարման դեպքում երաշխավորի պատասխանատվության, երաշխավորի իրավունքների, համապարտությանը, ինչպես նաև հետադարձ պահանջի հարցերին կանդրադառնամ մյուս մասերում:

(շարունակելի)

 

Արթուր Մելիքյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ