«Ես հավատում եմ Լիվինգստոն անունով ճային...». ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Այն պահից (1990 թ.), երբ ինքս հայտնաբերեցի Լիվինգսթոն Ճային, աշակերտներիս ներշնչել եմ առաջնորդվել այդ կերպարով։
«Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, թեթևամիտ, սիրող, ձգտող: Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքները»:
Ռիչարդ Բախի այս խոսքերին կավելացնեմ. իսկ աշակերտը, այսինքն ապագա ՔԱՂԱՔԱՑԻՆ ճիշտ ընտրության համար գիտելիք, կարողություն ու հմտություն պետք է ստանա դպրոցում, և այդ գիտելիքի, կարողության ու հմտության հիմքում կրթությունը պետք է երեխայի ողնաշարին ամրացնի այն բարոյական արժեքները, որոնք նրան ՄԱՐԴ կձևավորեն։ Սրանով է արժևորվում կրթությունը։
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի քննարկմանն եմ ներկայացնում դպրոցներում աշակերտական խորհուրդների ստեղծման իմ փորձը, որը ներդրել եմ Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թ. 27 միջնակարգ դպրոցում 1999 թ. սեպտեմբերի 1-ից։
Այդ տարիներին ուսումնական պլանում ընտրովի առարկաներն էին՝ 8-րդ դասարանում «Մարդու իրավունք», 9-րդում՝ «Քաղաքացիական կրթություն» և 10-րդում՝ «Պետություն և իրավունք»։
Մենք ընտրեցինք այդ առարկաները, համապատասխան ուսուցչին ուղարկեցինք վերապարաստման «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության վերապատրաստման դասընթացին, և որոշեցինք, որ այդ առարկաների դասերին աշակերտների ստացած գիտելիքները կիրառելու հնարավորություն պետք է ստեղծել նրանց համար։
Իմ համոզմամբ, ամենաճիշտն այն էր, որ աշակերտները ստեղծեին իրենց «պետությունը», որոշեին անունը, գրեին հիմնը, զինանշանը, դրոշն ու Սահմանադրությունը և այն, ինչ կսովորեին վերոնշյալ դասընթացների ընթացքում, կարողանային կիրառել իրենց ստեղծած պետության մեջ։
Այս քննարկումները աշակերտների հետ սկսվեցին 1999-ի սեպտեմբերի հենց առաջին օրվանից: Դպրոցի միջանցքներից մեկում դրվեց տուփ, որի մեջ հավաքվեցին դպրոցի 4 -10-րդ դասարանների աշակերտ-քաղաքացիների առաջարկությունները պետության անվան, դրոշի, զինանշանի, հիմնի վերաբերյալ։
Աշակերտական պետության անունն ընտրվեց ՏԻՐ, ընտրվեց ՏԻՐ աշակերտական հանրապետության դրոշի, զինանշանի, օրհներգի տարբերակները, գրվեց առաջին Սահմանադրությունը, ու սեպտեմբերի առաջին 15 օրվա ընթացքում տեղի ունեցան ՏԻՐ աշակերտական հանրապետության աշակերտական ժողովի ընտրությունները: Բոլոր պաշտոնները՝ սկսած նախագահից, վարչապետից, նախարարներից, ընտրովի էին։
Իհարկե, առաջին տարում դպրոցում այս ամենին լուրջ չէին վերաբերվում, առավել ևս այս ամենին լուրջ չէին վերաբերվում մանկավարժները:
Նրանց կարծիքով այն շատ ավելի խաղ էր երեխաների համար։ Սակայն տարեցտարի, երբ վերոնշյալ առարկաների հրաշալի ուսուցչուհու հետ միասին այս գործընթացին երեխաների մասնակցությունը սկսեցինք շատ կարևորել, նրանք սկսեցին մասնակցել մանկավարժական խորհրդի այն նիստերին, որտեղ հենց իրենց վերաբերող հարց կար, նրանք իրենց աշակերտական ժողովում սկսեցին իրենց վարքի ու կարգապահության մասին օրենքներ գրել և ընդունել, սովորեցին ծրագիր գրել ու որևէ պաշտոնում մեկին ընտրելիս նրա ներկայացրած ծրագիրն ընտրել, փոխվեց դպրոցի մթնոլորտը։
Սկսեցին խոսել ու կարևորել կրթության մեջ հաջողություն ունենալու խթանմանն ուղղված քայլերը։ Մանկավարժներն էլ սկսեցին ավելի հարգանքով մոտենալ այս ամենին, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները ավելի հարգալից դարձան, որովհետև սկսեցին հարգել միմյանց իրավունքներն ու երկուստեք բարձրացավ պատասխանատվության աստիճանը։
2-3 տարի հետո աշակերտները փոխեցին ՏԻՐ աշակերտական հանրապետության Սահմանադրությունն ու կառավարումը դարձավ խորհրդարանական։ Ունեին աշակերտական խորհրդի նախագահ, վարչապետ, ոլորտային նախարարներ, աշակերտների իրավունքների պաշտպան։ Գործում էր «Խաղաղության սեղան»-ը, որի շուրջ հավաքվում էինք, երբ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում ծագում էր ցանկացած խնդիր։
Դպրոցի առօրյան եռում էր: Երեխաների մասնակցությունն ապահովվում էր տարբեր միջոցառումների միջոցով, ծնողները նույնպես ունեին լուրջ գործառույթներ «Ծնողական հիմնադրամ»-ի շրջանակում, նրանց կողմից վերահսկվում էր այդ հիմնադրամի յուրաքանչյուր լումայի շարժը։
Այսպիսով, առաջարկությունս հետևյալն է՝ հիմնական և ավագ դպրոցներում առաջարկել աշակերտական խորհուրդները ձևավորվեն աշակերտական «պետություն» ձևաչափում, որովհետև թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում ուսումնական պլաններում ներառված է «Հասարակագիտություն» առարկան, որի խնդիրն է՝
8-9 դասարաններում սովորողներին ծանոթացնել մարդուն և հասարակությանը վերաբերող հիմնական հասկացություններին, հիմնախնդիրներին, գաղափար տալ միջանձնային հարաբերությունների մասին, զարգացնել հաղորդակցվելու հմտություններ, ներկայացնել որոշ հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են՝ ազատությունը, պատասխանատվությունը, արդարությունը, հանդուրժողականությունը և այլն:
Ծանոթացնել մարդու իրավունքների գաղափարին, ներկայացնել իրավունքների տեսակները, գաղափար տալ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության և երաշխիքների մասին, ծանոթացնել իշխանության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության գաղափարներին, ներկայացնել դրանց փոխադարձ կապը, համակարգված պատկերացում ձևավորել քաղաքացիական հասարակության մասին, ներկայացնել համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագծեր և այլն:
Ավագ դպրոցում «Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկան իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և փիլիսոփայություն:
Ավագ դպրոցում հասարակագիտական կրթությունն առաջին հերթին ուղղված է հայրենասիրության, քաղաքացիական արժեքների դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ժողովրդավարության հաստատման գործընթացում անհատի ու հանրության դերի բարձրացմանը, ազգային և համամարդկային մշակութային արժեքների գնահատմանն ու պահպանմանը:
Դասավանդման գործընթացում նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է տեսական դրույթները զուգադրել սովորողների գործնական հմտությունների զարգացման հետ:
Ուսուցման գործընթացում`կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի և սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից ու այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները`
ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ, զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության վերլուծություն, արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, գեղարվեստական երկերի ընթերցում և քննարկում, հիմնախնդիրների հետազոտում, դերային խաղեր, համացանցի միջոցով շփում այլ մշակույթի ներկայացուցիչ հասակակիցների հետ, հանդիպումներ հյուր դասախոսների հետ, խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում, բանավեճեր, արդիական հիմնախնդիրների բաց քննարկում, նախագծերի իրականացում, հանրօգուտ աշխատանքների ծրագրերի իրականացում, համայնքային հիմնախնդիրների հետազոտում:
Ինչպես տեսնում եք, 8-9 դասարաններում Դասավանդման գործընթացում նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ տեսական դրույթները զուգադրել սովորողների գործնական հմտությունների զարգացման հետ չի պահանջվում, այնինչ 10-12-րդ դասարաններում դա համարվում է անհրաժեշտ։
Կարծում եմ, որ աշակերտական խորհուրդների այս մոդելն ապահովելու է թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում աշակերտների ստացած տեսական դրույթները կիրառել գործնականում և օգնելու է նրանց ձեռք բերել ՀՀ ապագա քաղաքացուն անհրաժեշտ հմտությունները։
Նշված դերային խաղերի մեջ կարող է ներառվել այս առաջարկությունս։
Ցավում եմ, որ այս առարկայի հեղինակները հասարակագիտության համար խնդիր չեն դրել երեխաներին ընտրություն կատարելու հմտություն տալը, որը ենթադրում է կյանքում ցանկացած քայլ ընտրելիս սովորել նախ գիտելիք ունենալ, ապա ծրագրել, պլանավորել և քայլ առ քայլ գնալ այդ նպատակին հասնելու ուղղությամբ։
Ես սկզբից միայնակ եմ եղել իմ այս համոզմունքների մեջ, մանկավարժական կոլեկտիվի մեծամասնությունը չի ընդունել աշակերտական ինքնավարությունն ընդհանրապես, սակայն, երբ տեսան, թե ինչպես է փոխվում աշակերտների տրամադրությունը, որքան սիրով են սկսել դպրոց գալ, որքան նախաձեռնող ու ստեղծագործ են նրանք դառնում, բացի դաս- դասարանային միջավայրից մանկավարժները սկսեցին երեխաներին տեսնել այլ հարաբերություններում և այլ հարթակներում։
Նրանք հաճախ սկսեցին ասել, թե կարծես այս տղային կամ աղջկան չեն ճանաչել, որովհետև աշակերտներին չէր տրվել ինքնադրսևորման հնարավորություն, նրանք սկսեցին ցույց տալ իրենց տաղանդները։ Փոխվեց մանկավարժների վերաբերմունքը աշակերտների նկատմամբ, դարձավ ավելի հարգալից, տարեցտարի դպրոցում բարձրացավ ուսման որակը, բոլոր միջոցառումները՝ մեկը մեկից խելացի, նախաձեռնում և իրականացնում էին աշակերտները: Մեզ մնում էր ուղղորդել և ապահովել նրանց այն ամենով, ինչ պահանջվում էր։
Մանկավարժներից շատերը դարձան իմ համախոհները, իսկ աշակերտներն այս մոտեցումն ընդունեցին 100%-ով, առանց բացառության։ Հիշեցնեմ, որ այդ տարիներին ընդհանրապես օրենսդրական նման պահանջ չկար։
Աշակերտական խորհուրդների և դպրոցական մյուս խորհուրդների գործունեությունը հստակեցվել է 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2011 թ. նոր հաստատվել է նաեւ «ՀՀ Հանրակրթական Ուսումնական Հաստատություն» ՊՈԱԿ-ի Աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը։
Օրենքն ասում է, որ Աշակերտական խորհուրդները նույնիսկ կարող են ստեղծել իրենց սեփական Օրինակելի կանոնադրությունը՝ առանց հակասելու Օրինակելիին։
Այն ՏԻՐ աշակերտական պետության մեջ կոչվում էր «Սահմանադրություն» և գրվում էր աշակերտների կողմից, որն ընդունվում էր աշակերտական ժողովում։ Միայն տեսնել էր պետք աշակերտական ժողովում նրանց քննարկումները։ ՏԻՐ աշակերտական պետության մեջ ես տնօրեն չէի, իմ պաշտոնը աշակերտական ժողովի խորհրդականն էր:
Այդ պատրանքը հնարավորինս ստեղծում էի իրենց համար, որ իրենք, իսկապես, հավատան իրենց ուժերին, մտքերին, հավատան անգամ իրենց անհավանական գաղափարներին ու իրենք հավատում էին, բայց, իհարկե, նրանց ամեն քայլը զգոււշորեն ուղղորդվում էր իմ և այն փոխտնօրենի կողմից, որը լիարժեք իմ համախոհն էր։
Ես ամբողջ էությամբս հավատում եմ Ռիչարդ Բախի «Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործության հերոսին, որը քննադատական մտածողության հրաշալի կերպարի մարմնացում է, սովորեցնում է աշակերտներին չվախենալ երամին հակառակ քայլեր անելիս։
Արդեն 10 տարուց ավել դպրոցում չեմ, սակայն մինչ օրս դպրոցում գործում է ՏԻՐ աշակերտական հանրապետությունն, ու ես շատ ուրախ եմ։
Անահիտ Բախշյան