Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«էշից իջնելու ժամանակը…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Դարեր շարունակ կողք-կողքի ապրելով տարբեր ժողովուրդների հետ, մեր մշակույթները լուրջ փոխազդեցություններ են կրել: Բնական պրոցես է: Սակայն ուրիշները մեզնից միշտ վերցրել են լավն ու փորձել ընդօրինակել մեզ, իսկ մենք հիմնականում բավարարվել ենք ավելի ցածր արժեքների ներմուծմամբ ու ընդօրինակմամբ:

Գուցե սա էլ է բնական. կենդանականին մոտ գտնվող արժեքները, որպես օրենք, ավելի կենսունակ են: Առաջնային բնազդները գենետիկ մակարդակի վրա են աշխատում, մինչդեռ ձեռքբերովի արժեքները մշտական պայքար են ենթադրում:

Մեզ երկար ուսումնասիրելով՝ մեր դրացիները մի հետաքրքիր բան են նկատել՝ հայի ամենալավ գաղափարը միշտ վերջում է երևան գալիս: Հաճախ՝ երբ արդեն անշրջելիորեն ուշ է լինում կամ էլ հսկայական ջանքեր ու միջոցներ են պահանջվում սխալներն ուղղելու և նախնական վիճակին վերադառնալու համար:

Հանրահայտ ճշմարտություն է՝ կողքից նայողն ավելին է տեսնում:

Հենց այդպես՝ կողքից նայելով, մեր դրացիները մի շատ հետաքրքիր եզրակացության են եկել, որն առածի տեսքով այսպես է հնչում. «Գյավուրի վերջին խելքն իմ առաջինը լիներ»: Գյավուրն, իհարկե, մենք ենք՝ հայերս:

Մի պահ անուշադրության մատնենք «գյավուր» (անհավատ) բառի վիրավորական իմաստն ու փորձենք հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի մեր դրացին:

Նա, թերևս, ավելի լավ է հասկացել մեր՝ հայերիս կենսափիլիսոփայությունը և կարողացել է նման եզրահանգման գալ ու նաև՝ առաջնորդվել դրանով: Միգուցե նա սխալվո՞ւմ է, և իմաստ ունի բոլոր ճակատներով քարկոծե՞լ մեր ինքնասիրությունը վիրավորողներին:

Նայենք մեր շուրջը և փորձենք տեսնել այն, ինչը չի երևում առաջին հայացքից:

Տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի կերպ ծվարել էր Աշտարակի խճուղու վրա: Պահի թելադրանքն էր. իրական պատերազմի ու նոր կազմավորվող բանակի պայմաններում արագորեն լուծել նորաստեղծ նախարարության շենքային հարցը: Տարիներ անց, երբ հայոց բանակը պանծալի հաղթանակ տարավ արցախյան պատերազմում և էլ ավելի հզորացավ, անհրաժեշտություն առաջացավ տեղափոխել  պաշտպանության նախարարությունը ավելի ընդրաձակ տարածք: Եվ, եթե նախկինը սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա էր, ապա նորը՝ նոր Բագրևանդի բարձունքում, մոտավորապես 20 կմ է հեռու պետական սահմանից:

Հիմա հարցը՝ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի նոր նախարարությունը հիմնել խորը թիկունքում:  Նման հզոր ու հարուստ կառույցի առկայությունը, անհրաժեշտաբար, կհանգեցներ թիկունքում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ճանապարհներ, բնակելի տներ, դպրոցներ, նոր աշխատատեղեր, հանգստի և զվարճալիքի վայրեր, և այլն:

Արդյունքում՝ կունենայինք ապահովության բարձր մակարդակ, նաև՝ արագորեն զարգացող մի նոր մարզ, քաղաքներ, գյուղեր, որպեսզի Հայաստանը չդառնա մեծ գլխով և կավե ոտքերով մի հսկա:

Չգիտեմ ինչո՞վ էր պայմանավորված նախարարության նոր շենքը Երևանի մատույցներում կառուցելը: Երևի հաստափոր գեներալներին և նրանց նրբացած կանանց հարմար չէր…:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:

Երիտասարդական պալատը: Շտապ քանդել՝ հետո կտեսնենք: Քանդեցինք, տեսանք…

Այսօր չունենք ոչ հին պալատը՝ իր հարակից կառույցներով, ոչ էլ նորը՝ ճապոնական գերժամանակակից նախագծով: Որևէ մեկը պատասխան տվե՞ց, կամ կտա՞ այս հանցավոր հիմարության համար:

Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք: Ավելի ճիշտ՝ չունենք այն, ինչ չունենք:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, ցավոք, կատարյալ պատուհաս է դարձել բոլոր կառավարությունների համար:

Վերջերս կառավարության որոշմամբ այն ընդգրկվեց պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Ինքս ժամանակին բազմիցս առնչվել եմ այդ օդանավակայանին և պետք է ասեմ, որ ֆունկցիոնալ առումով այն շատ անհարմար էր: Անկեղծ ասած, երբեք չեմ հրապուրվել նաև այդ շինության ճարտարապետաշինարարական բնույթով՝ բետոնային լուծումներ, թեք՝ դեպի բնական տեղումներն ուղղված ապակիներ և այլն:

Ժամանակակից օդանավակայանի ֆունկցիոնալ և անվտանգության պահանջները բոլորովին այլ են: Բայց չեմ պարտադրում իմ կարծիքը:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կարող է և պետք է դիտարկվի լոկ իբրև խորհրդային շրջանի ճարտարապետական գլուխգործոց: Բայց, ավա՜ղ, բնական տեղումները, քամին ու անգամ միկրոերկրաշարժերն, ի վերջո, կանեն իրենց սև գործը, և մի օր այդ շենքը կհավասարվի հողին՝ հուրախություն շա՜տ-շատերի: Իսկ պահպանման ծախսերը տարեց-տարի ավելանալու են…

Գուցե այն քանդելուց կամ բնականորեն քանդման տանելուց առաջ հստակ քաղաքականության ու ներդրումային հստակ ծրագրի շնորհիվ փրկե՞նք՝ փոխելով գործունեության ոլորտը, ներսը վերածելով մեկ այլ գործունեության հարթակի:    

«Այրարատ» կինոթատրոնը, թերևս, նույն ճակատագրին է արժանանալու:

Անկեղծ ասած, ես անձամբ չեմ պատկերացնում, որ թեկուզ տարին մեկ օր միանգամից 1.300 հանդիսատես որոշի միասին այնտեղ կինոդիտում վայելել…Գուցե սխալ եմ: Գուցե հստակ մշակութային քաղաքականության առումով այն հնարավոր է:

Բայց պետք է՞ փրկել շենքը: Այո: Ուրեմն լուծում գտնենք: Լուծումը գտնենք սեփականատիրոջ հետ, իշխանություն-մասնավոր հատված քայլ առ քայլ մտածված քաղաքականության շնորհիվ: Այլապես մի օր կկորցնենք նաև «Այրարատ» կինոթատրոնը:

Վախենամ, որ շատ շուտով նաև Մարզահամերգային համալիրի հարցն է մեջտեղ գալու, երբ պահպանման ծախսերը տասնապատիկ գերազանցեն գոյացող եկամուտը: Պատահական չէ, որ այս հիրավի փառահեղ կառույցը ցայսօր իր գործարար տիրոջը չի գտել: Նման հսկա կառույցները, որպես օրենք, մնում են պետական բյուջեի վզից կախված, եթե չի լինում քաղաքականություն կամ եթե քաղաքականությունը լինում է միայն վաճառելը:

Իսկ խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած գործարաննե՞րը:

Սեփականաշնորհե՛լ և ծախե՛լ: Հետո կտեսնենք: Կամ էլ, որ ավելի հավանական է, ոչինչ էլ չենք տեսնի:

«Գույք պարտքի դիմա՞ց»: Հարյուր միլիոնի դիմաց ամեն ինչ նվիրել «ավագ եղբորը»: Նվիրենք՝ հետո կերևա: Կամ երևա՝ նվիրենք: Երևո՞ւմ է: Ժամանակին IBM-ի հետ ոտք գցող մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը չկա: «Մարս» գործարանում, որ նախատեսված էր արտադրական ռոբոտներ արտադրելու համար, հիմա ստվարաթղթե տուփեր են սարքում. «Դե, դա է շուկայի պահանջը…»:

Մեկ էլ «Կիսաբաց լուսամուտներն» են հանրային պահանջ, չէ՞:

«Զարգացնել» ՀԷԿ-երը և հանքարդյունաբերությունը: «Զարգացնել», հետո կերևա:

Իսպառ կտրե՛լ անտառները: Կտրել, հետո կերևա:

Որսա՛լ և ուտե՛լ Սևանի ամբողջ ձուկը: Ուտել, հետո կերևա:

Քանդե՛լ հին Երևանը, քարը քարին չթողնե՛լ: Հետո փորձել 300 միլիոն գտնել՝ հին Երևանը «վերականգնելու» համար: Երևի լավ կլինի…

Քամե՛լ Արարատյան դաշտի ամբողջ արտեզյան ջուրը: Քամել, հետո կերևա:

Մեկ սանտիմետր հաստությամբ ասֆալտ փռել հողի վրա: Փռել, հետո կերևա:

Երկաթուղին ու վագոննե՞րը: Աչքից հեռու՝ սրտից հեռու: Պողպատե ռելսե՞րը: Ապամոնտաժել և վաճառել: Վաճառել, հետո մի բան կանենք:

Տարեկան հազարներով իրավաբան ու տնտեսագետ արտադրել՝ առանց հաշիվ տալու, որ նորավարտ հինգ իրավաբանից չորսը և չորս տնտեսագետից երեքը, հաստատ, անգործ են մնալու: Ոչի՜նչ, հետո կերևա:

Ծառայել բանակո՞ւմ: Աստված մի՛ արասցե: Ամեն գնով ռուսական կամ ամերիկյան քաղաքացիություն ստանալ և երեխաներին ազատել հայոց բանակում ծառայելուց: Թող ուրիշների երեխաները ծառայեն: Մենք էլ կնստենք «վերականգնված» հին Երևանի սրճարաններում, հենց նոր Կոնստանդնուպոլիսը գրաված սուլթանի կեցվածքով նարգիլե կքաշենք ու խելացի մտքեր կհայտնենք, թե ինչպես երկիրը երկիր սարքել:

Եթե մի բան չստացվեց էլ՝ հոգ չէ, ընդմիշտ կգնանք ռուսաստաններ ու կապրենք:

Մեծ երկիր է՝ այնտեղ հաստատ մի բան կստացվի:

Ատոմակայա՞ն: Ատոմային տերությո՞ն: Հա՜-հա՜… Ախպեր, դուք դեռ կարտոֆիլ աճացնել սովորեք, հետո բարձր թեմաներից բարբաջեք:

Կասկա՞դը: Հանձնե՛լ ու ազատվե՛լ այդ դարդից: Հանձնել, հետո կերևա:

Նկարահանել «Խոստում» ֆիլմ 100-միլիոն բյուջեով: Նկարահանել, հետո… Չգիտեմ…

Քաղաքապե՞տ: Եկեք էս կարգին տղուն դնենք՝ հետո կերևա:

Իսկ մի բան անելուց առաջ, համենայն դեպս, միգուցե իմաստ ունի՞ մի քիչ մտածել:

Նկատի ունեմ՝ պրոֆեսիոնալներով հավաքվել ու գլուխ-գլխի տալ: Իսկ մտածելու արդյունքում, հաստատ, խելացի մտքեր կծնվեն: Դա հայերիս հատուկ է: Հետո խելացի մտքերը կդառնան ծրագիր ապագա խելացի գործողությունների համար: Ու, մեկ էլ տեսար, մի օր մեր դրացին փոխի իր առածն ու այլ կերպ ասի՝ «Գյավուրի առաջին խելքը իմը լիներ»:

Եթե «հայի վերջին խելքը» չի փրկել մեզ հազարամյակներ, գուցե «էշից իջնե՞նք»: Ճիշտ է, «Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու», բայց ամեն ինչին ժամանակ կա, այդ թվում և՝ էշից իջնելու…

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90