Էս ա մեր
հայրենիքը:
Ու եթե
շարունակենք
հարմարվել
ու ոչինչ
չձեռնարկենք,
էս էլ կմնա:
Էնպես որ՝
հայի բախտից
դժգոհելուց
առաջ արժե,
կարծում եմ,
նայենք
ինքներս մեզ.
ինչ ենք արել,
որ էս
հող-քար-ծառը
Հայրենիք
դառնա:
Չէ՞ որ մենք
էլ ենք ուզում
իմաստավորված
հպարտանալ
մեր հայրենքով:
Ոչ թե՝ զզվել...
Անիմաստ:
«Գիշերահավասար կամ Աֆղանստանն ինչպես տեսա…». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ
Այս օրերին, երբ Աֆղանստանը կրկին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է, thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը նախատեսում է դեռևս 1989-ին «Ավանգարդ» թերթում հրապարակված՝ այդ ժամանակ «Ավանգարդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, հետագայում` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադր գլխավոր խմբագիր ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻ՝ «Գիշերահավասար կամ Աֆղանստանն ինչպես տեսա…» էսսեի շարունակական հրապարակումը:
Բացի այն, որ Այդին Մորիկյանի գրչին պատկանող այս գործը մեծարժեք ժուռնալիստական ստեղծագործություն է, բացառիկ ուղեգրություն, որը նկարագրում է պատերազմական Աֆղանստանն այնպես, ինչպես կա ու եզակի տվյալներ է փոխանցում Աֆղանստանի մասին, Այդին Մորիկյանը՝ լինելով ժուռնալիստական կոչմանը և ստորագրության պատվին հավատարիմ մարդ, կարողացել է իր խորքային, ազնիվ ու շիտակ դիտարկումներով նկարագրել նաև այն իրավիճակը, որում հայտնվում է երկիրը, որի իշխողները գաղափարական ու գաղափարախոսական փաթեթավորումներով զոհում են ամեն ինչ հանուն իշխանության, և երկիրը դարձնում այլ պետությունների, հզոր գերտերությունների շահերի բախման վայր:
Այդ գերտերությունները, մեկը մյուսին փոխարինելով, սեփական դրածոների ձեռամբ՝ իբր հանուն խաղաղության ու արժանապատիվ կյանքի, իրականում վերացնում ու սպանում են պետությունն ու ժողովրդին որպես սուբյեկտ՝ նրա հաշվին վճարելով շարունակական պատերազմի ու չընկալված խաղաղության գինը:
Ի դեպ, Այդին Մորիկյանն այն եզակի հայ ժուռնալիստն է, ով լինում է Աֆղանստանում դեռևս 1987-ի դեկտեմբերին, երբ երկիրը հերթական քաղաքացիական պատերազմի ճիրաններում էր, իսկ խորհրդային զորքի դուրսբերումը Աֆղանստանից դեռ մշուշում:
Հայտնի է, որ 1979 թվականին Խորհրդային զորքը՝ «սահմանափակ կոնտիգենտով», ներխուժեց Աֆղանստան՝ «պայքարելու» համար մոջահեդների (դուշմանների) դեմ, որոնք քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ունեին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Չինաստանի, Իսլամական մի շարք պետությունների կողմից, և այդ երկիրը լքեց միայն 1988-ին, թեպետ դեռ 1975-ին Աֆղանստանը խաղաղ կյանք ուներ ու մարդիկ ապրում էին սովորական կյանքով:
Հատկանշական է նաև, որ Այդին Մորիկյանն իր էսսեն չի հրապարակում հենց 1987-ին: Լինելով անգամ «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, Այդին Մորիկյանը վստահ էր, որ չի կարողանալու իրեն հատուկ խորքով, համարձակությամբ ու սկզբունքայնությամբ խոսել աֆղանական պատերազմի ու նրա դաժան հետևանքների, աֆղան ժողովրդի տառապանքների, քաղաքականության ու այն իրագործողների նպատակների մասին:
1987-ին Հայաստանը դեռ գորբաչովյան բացախոսության դաշտում ընդգրկված չէր ամբողջովին: Եվ միայն 1989-ին, հայաստանյան ազգային զարթոնքից հետո է Այդին Մորիկյանը հրապարակում իր էսսեն՝ նույնիսկ այդ ժամանակ «ունենալով» դեռևս Խորհրդային Հայաստանի «Ավանգարդ»-ի կաշկանդումը:
Այդին Մորիկյանի այս էսսեն հրապարակվել է «Մնացյալ կյանքի առաջին օրը» սքանչելի գրքում, որը նրա հրապարակախոսական, թարգմանչական, գրական ժառանգության լավագույն նմուշ է:
thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը շնորհակալություն է հայտնում հայտնի մտավորական գործիչ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսորՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ Այդին Մորիկյանի այս ստեղծագործության հրապարակմանն աջակցելու համար:
Նոթեր` գրի առնված զրահագնացների վրա, այնուհետև` նրանց հսկողությամբ
Աֆղանական նոթատետրից բերվող գրառումներն ամբողջացել են օրերի, ամիսների`ավելի քան մեկ տարվա ընթացքում, շատ բան վերաիմաստավորվել է, բազմաթիվ դեպքեր և երևույթներ`վերարժևորվել:
…1987թ. դեկտեմբեր:
Մեր այցն Աֆղանստան թեև կարճատև էր, սակայն խիստ հագեցած տպավորություններով, հանդիպումներով, ծանոթություններով, հուզումներով…
Մենք տեսանք և զգացինք երկիրն այդ ու նրա մարդկանց, հասկացանք, որ աֆղանացուն ևս խաղաղություն ու անդորր է հարկավոր, գոյատևման երաշխիք ու ապագա, քանզի ամենայն ինչ ծնվում ու ստեղծվում է միայն այն պահերին, երբ չես երկյուղում ու տագնապում քո վաղվա օրվա համար, ու գիշերդ հանգստաբեր է, այլ ոչ թե մղձավանջային:
Մենք`մի խումբ երիտասարդ լրագրողներ, քայլում էինք աֆղանական հողով:
1987 թ. դեկտեմբերն էր:
Ինչու այնժա՞մ չգրեցի:
Տեսածս, ապրածս ու զգացածս չէին տեղավորվի ընդունված շրջանակներում: Բոլոր բարձրաստիճան զինվորականները, որոնց հետ ինձ բախտ վիճակվեց զրուցել, ի հակադրություն այս օրերի, պնդում էին Աֆղանստանում իրենց մնալու խիստ անհրաժեշտությունը, դրանում բնավ էլ այլընտրանք չտեսնելով: Նույն կերպ էին խոսում և գրում գրեթե բոլորը: Մինչդեռ ինձ բոլորովին այլ հարցեր էին տանջում. ի՞նչ գործ ունենք այստեղ, ի՞նչ ենք ուզում, ո՞ւմ համար…
Եվ միայն ամիսներ անց` 1988-ի վերջերին, մենք ընդամենը (չգիտես ինչու) 50 000 օրինակ տպաքանակով հրատարակված «Այլ բան չէ տրված» վերտառությամբ գրքում կկարդանք ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հոդվածն, ուր «ինտերնացիոնալ պարտքը» վերջապես կկոչվի իր իսկական անունով` «Աֆղանական ավանտյուրա»: Ու թվերն ինքնին կխոսեն իրենց մասին. «ղշլաղների պատերազմի» հետևանքով զոհված աֆղանների թիվն անցնում է 600 000-ից, երկրի բնակչության շուրջ մեկ քառորդը` ավելի քան չորս միլիոն մարդ` փախստական:
… Ասում են, որ հավերժի ճամփի առաջին պահերին ամեն մի ադամորդու աչքերի առջևով առանձնահատուկ պայծառությամբ (ասում են նաև`գլխապտույտ արագությամբ) դիպաշարի պես անցնում են նրա երկրային կյանքի ամենատպավորիչ և հիշարժան դեպքերն ու դեմքերը:
Չգիտեմ, ասում են…
Ու քանզի գիտակներն են ասում` բժիշկները, հոգեբանները, այլ լրջմիտ մասնագետներ, հավատում եմ դրան:
Չգիտես ինչու, այժմ արդեն չեմ հավատում միայն դրանց գլխապտույտ արագությանը: Ու գուցե առաջին (կամ էլ` …րորդ)` առ այսօր չհայտնաբերված (բայց համոզված եմ`անպայման իրական ու շատ ավելի դյուրազգաց) անանուն մի զգայարանով զգում եմ, որ իմ Վահագն որդու և Աֆղանստանից հանուն իմ վերադարձի աղոթող մորս դեմքերը գեթ մի պահ կկասեցնեն այդ դիպաշարի խենթ վազքն ու անպայման կկրկնվեն-կերկրորդվեն անվերջ մինչև այդ պահի ավարտը` տարաբնույթ ձևեր ու գույներ առած, ընդմիջելով առօրեականն ու «աստղայինը»՝ անցյալիս բոլոր վերուվարումները…
Հիմա ես չգիտեմ, թե ինչից կհյուսվի իմ այդ «վերուվարումների» շղթան, գուցեև իմ այսօրվա պատկերացրած «աստղայինն» ու «առօրեականը» կփոխատեղվեն, կխառնվեն միմյանց, ու երկրորդը կաճի, կուռճանա առաջինի հաշվին, բայց դարձյալ այդ նույն անանուն ու գուցեև անիրական զգայարանս ինձ հուշում է, որ իմ աչքերի առջևով անպայման կանցնեն Աֆղանստանի տոթ, արևակեզ ու փոշոտ ճամփաները, դրանցով սլացող զրահագնացների վրա նստած մանկամիտ, սակայն արդեն խստահայաց պատանյակները, համարյա բոլոր ճամփեզրերին հեռվից հազիվ նշմարվող հուշագերեզմանները, անշնչացած ու անգամ օրեր առաջ դեռևս, ցավոք անշնչացող զրահամեքենաները…
Հետո մեր պատանյակների դեմքերը կանցնեն իմ աչքերի առջևով, նրանց, ովքեր դեռ չեն զգացել վառոդի հոտը, ում համար «պատերազմը» դեռ խաղ է, և նրանց, ովքեր վիրաբույժին խնդրում էին իրենց ջահել մարմիններից դուրս կորզած փամփուշտները որպես հիշատակ թողնել իրենց… Օլեգի դեմքը կտեսնեմ նաև` բելառուս 18-ամյա այդ պատանյակի, որը հոսպիտալում արդեն երկու ամիս էր`չէր կարողանում քնել, քանզի հենց աչքերը փակում էր, իր զոհվող ընկերներին, իրենց պայթող զրահագնացն էր տեսնում ու սարսափած կրկին բացում էր դրանք: Իգորի դեմքը կտեսնեմ, որ բարձր ջերմության մեջ բուժքրոջը նամակ էր թելադրում, ու կլսեմ նրա թելադրածը, որ ամեն ինչ լավ է, որ ինքը ծառայում է… Միության տարածքում, որ…
Ու թեև ոչ մի մարտական գործողության չեմ մասնակցել ու չեմ եղել անգամ ականատեսը, կռիվներ կտեսնեմ, զոհվող ու վիրավորվող մարտիկներ, քանզի դրանք իմ մղձավանջային երազներն են դարձել ահա արդեն որքա~ ն ժամանակ…
Քաբուլ
Դա մեր ամենակարճ գիշերն էր: Թռչում ենք արևին ընդառաջ: Քաբուլն ինքնաթիռներն ընդունում է առանձնահատուկ հոգածությամբ: Յուրաքանչյուր ինքնաթիռ վայրէջքի են ուղեկցում երկու-երեք ուղղաթիռներ, որոնք իրենց արձակած հրթիռներով ջերմային կեղծ օջախներ են ստեղծում` ապակողմնորոշելով «երկիր-օդ» հրթիռները, որոնց համար լավագույն թիրախը թռչող ինքնաթիռի շարժիչներն են աշխատելու պահին` իրենց բարձր ջերմությամբ:
Քաբուլն այդպես է դիմավորում և ճանապարհում բոլոր ինքնաթիռները:
Մեզ դիմավորում են Մերոնք: Զինվորականներ, կոմերիտական աշխատողներ, ովքեր որպես խորհրդականներ են աշխատում այստեղ: Ողջագուրվում ենք, թեև դա մեր առաջին հանդիպումն է: Կարևոր չէ: Մենք էլ արդեն «աֆղանցի» ենք:
Երկու զրահագնացներ մեր ավտոբուսն ուղեկցում են դեպի հյուրանոց:
Հավաստիացնում են, որ հյուրանոցի տարածքում, որը պարսպապատ է և հսկվում է ավտոմատավոր զինվորների կողմից, անվտանգ է:
Իսկ պարսպից այն կո~ ղմ…
Քաղաքում պարետային ժամ է: Մեզ չի կարելի միայնակ դուրս գալ հյուրանոցից: Դուրս ենք գալիս կամ զրահագնացների, կամ էլ, «վատագույն դեպքում», ավտոմատավորների ուղեկցությամբ: Ջուր չի կարելի խմել (միայն եռացնելուց հետո), ոչ մի այլ տեղ, բացի հյուրանոցից և մեր զորամասերից, չի կարելի սնվել, փողոցում ընկած ոչ մի բան չի կարելի վերցնել. անգամ Ղուրանը պայթուցիկ է: Միակ և համապարփակ մաղթանքը մարտական երջանկությունն է:
…Հանդիպում ենք Աֆղանստանի երիտասարդության դեմոկրատական կազմակերպության կենտկոմի առաջին քարտուղար Ֆարիդ Մազդակի, կենտկոմի քարտուղարների, երիտասարդական պարբերականների ղեկավարների հետ: Խնդիրներն ընդհանուր են` անգրագիտության վերացում, համընդհանուր խաղաղության հաստատում, դպրոցների կառուցում, կոնկրետ աշխատանք երիտասարդության շրջանում:
Կոնկրետ աշխատանք ո՞ւմ հետ, երբ հայտնի չեն ոչ միայն երիտասարդության կոնկրետ տրամադրություններն ու դավանանքը, այլև… քանակը: Երկրում դեռևս երբեք համընդհանուր մարդահամար չի անցկացվել: Հայտնի չէ հողային պոտենցիալը: Աֆղանստանում սահմաններն էլ խիստ հարաբերական են և անկայուն:
Քոչվորներն այսօր այստեղ են ապրում, վաղն`այնտեղ: Սահմանագլխին տներ կան, որոնց մի մուտքը, ինչպես մեզ էին պատմում, դուրս է գալիս աֆղանական, մյուսը` Պակիստանի հողի վրա: Եթե տանն արու զավակ է ծնվում, հայրն առաջին իսկ օրը նրան զենք է նվիրում, մինչդեռ անվանակոչում է միայն տասներկուերորդ օրը: Դպրոցները, նրանցում սովորողների թիվը տարիներ տևող պատերազմի ընթացքում զգալիորեն կրճատվել են:
Ավելի քան 2000 դպրոցներ են քանդվել ու ավերվել: Կարգապահությունը աֆղանական բանակում, իրենց իսկ` աֆղան զինվորականների խոստովանությամբ, խիստ ցածր է: Զինվորը կարող է «զզվել» «թքել ամեն բանի վրա» և… տուն գնալ, գնալ իր ղշլաղը` հետը տանելով նաև իր զենքը, և ոչինչ չես կարող անել:
Դրանում մենք համոզվեցինք ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների (թե զինվորական, թե քաղաքացիական) խոսքի շնորհիվ, որոնք պնդում էին մեր զորքերի անհրաժեշտությունը, այլև ներկա լինելով աֆղանական սահմանապահ գնդի ուսումնական վարժանքներին:
Հակասությունների քաղաք է Քաբուլը. «Մերսեդեսների», ճապոնական գերժամանակակից ավտոմեքենաների ճանապարհը կտրում են… ավանակները: Երկիրն ամբողջությամբ գրեթե միջնադարում է (մուսուլմանական թվարկությամբ 14-րդ դարն է, որը երևի թե ավելի է համապատասխանում առկա նիստուկացին, քան իրական` 1987 թվականը): Երկրում, ուր պատերազմի պատճառով խիստ նվազել է արդյունաբերական արտադրանքը, գնվում և վաճառվում է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ` հրազենից սկսած:
Ամեն քայլափոխի` արհեստանոցներ ու «դուքաններ»` լի ամեն ինչով:
Անգամ մայրաքաղաքում` Քաբուլում, դպրոցներ է հաճախում երեխաների մոտ 20 տոկոսը միայն:
Չհայտարարված պատերազմի 8-րդ «տարեդարձն» էր:
Պատերազմ, որի արդյունքները սովահար, բոկոտն երեխաներն էին, որբերը, ավերակված ու դատարկ ղշլաղները, միլիոնավոր փախստակաները, հարյուրհազարավոր զոհերը, հազարավոր շիրիմները Սովետական Միության ամեն ծայրում, որոնց վրայի տապանաքարերին նշված է միայն` 1980, 81, 82…
Աֆղանստանը լաբիրինթոս էր մեզ համար: Խճճվում էինք այս կամ այն երևույթին տրվող մեր գնահատականներում իսկ: Դուշմանները «դարձան» հակահեղափոխականներ, հետո` զինված օպոզիցիա, ապա` հրոսակախումբ («զարգացումը»` նախկին, այսպես կոչված), ապա` խռովարարներ, հետո… (հնարավոր է ժամանակային առումով «զարգացումն» ինչ-որ թերություն ունենա, սակայն դրանից, ըստ իս, էությունը չի փոխվում):
Աֆղանական կողմը ևս որոշակիորեն հրաժարվեց իր սկզբունքներից. դեմոկրատական հանրապետության առաջին բաղադրիչը ավելորդ համարվեց` դրանից բխող իր հետևանքներով:
«Ազգային համերաշխությունը», որը նախկինում գրեթե դավաճանություն էր համարվում, այսօր արդեն ընդունվում է որպես ժամանակի հրամայական:
Այսօր: Իսկ վա՞ղը…
Սովետական զորաբանակի շտաբում ենք: Մեզ ծանոթացնում են իրադրությանը, տարբեր փաստեր, թվեր նշում:
Գարդեզ-Խոստ 30 կմ ճանապարհին ավելի քան 500 ականներ են վնասազերծվել:
Այն հարցին` դադարե՞լ են, արդյոք, վախենալ, սովետական 1000 զինվորների դեռևս 15-20 տոկոսը բացասական պատասխան է տալիս (ամիսներ, անգամ մեկ տարի անց):
Արիության, այլասիրության, խիզախության բազմաթիվ օրինակներ են բերվում:
Նախորդ օրը Բահրամ թռչող ինքնաթիռը խփվել է:
Օրեր առաջ` Շինդանդ թռչող ԱՆ- 26-ը վայր է բերել հերթական «ստինգերը»:
Խորհուրդ են տալիս անպայման գրել այն զինվորականների մասին, որոնք տեղերում (մենք Շինդանդ պետք է թռչենք) մեզ են պահպանելու:
Գնդապետներից մեկը բերում է իր օրինակը: Դեսանտային է, սակայն երբ ինքնաթիռ նստելիս Աֆղանստանում առաջարկել են պարաշյուտ հագնել… ափերը թրջվել են…
Հետո պատմում են քսանհինգամյա լեյտենանտ Օնիշչուկի ջոկատի մարտիկների մասին, ովքեր մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ ընկել են հերոսի մահով…
Այսօր էլ հիշում եմ նրանց աճյունների նկարները, որոնք կցված էին պարգևատրման թերթիկներին: Հնարավոր չէր անգամ որոշել դիրքը, որով պառկած էին նրանք: Վերջին անգամ:
... Այդ մղձավանջը ինձ հետապնդում է նաև այսօր՝ ցանկացած լուսանկար ձեռքս վերցնելիս...
Այդին Մորիկյան