Արուս Սուրեն
Արուս Սուրեն

 

Ես

Արուսյակ

Սուրենի

Օհանյանն

եմ՝ մասնա-

գիտությամբ

տնտեսագետ,

կոչումով՝

բանաստեղծ:

Տնտեսա-

գիտությամբ

երբեք չեմ 

զբաղվել,

բայց միշտ

գրել եմ՝

սկսած

«Պիոներ

կանչ»-ից

մինչև

չորս

գրքերս:

Ու գրելու եմ...

«Գլուխլվա...». ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

 

Աշխարհաչափ, մեծ տաշտի մեջ պապիս գլուխն էին լվանում:

Ճերմակ մաշկն ու սև օճառը սիրուն էին ու համադրելի: Թամանյանական ձեռքերով հենվում էր տաշտին ու հրահանգում՝ նայած, թե ով էր լվանում, մորաքույրերիցս ո՞ր մեկը:

Կրծքավանդակի, թևի վրա դաջվածքներ ուներ ճերմակամորթ պապս՝ «не забуду мать родную » և «Рима»: Վերջինը տատիս անունն էր, ում սիրեց մինչև կյանքի վերջ: Դաջվածքները սովետական բանակն էր կտակել՝ երևի:

Գլուխլվան սիրուն ծես էր դառնում: Մորաքույրերիցս մեկը սահուն, լիաթոք շարժումներով էր լվանում պապիս գլուխը: Այդպես էր սիրում պապս, կարողանում էր մի քիչ հանգստանալ, մերսում էր դառնում: Մյուս մորաքույրս, որ ավելի նուրբ էր ու փոքրամարմին՝ հենց սկսում էր լվալ, պապս վրա էր բերում.

- Տո մի կարգի՛ն լվա, քուջուջ ե՞ս անում գլխիս վրա, տնաշե՛ն:

Ծիծաղում էինք բոլորով, ու թոռներով կլոր, ահռելի տաշտի շուրջը շողեր էինք դառնում:

Մեր արևն էր. օր ու գիշեր աշխատող, հազար ու մի գործունեություն ծավալող պապս:

Արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանն ապրելու տեղ չէր՝ ճողոպրում էինք գյուղ:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր հայրս այդ ծանր տարիներին Ռուսաստան էր մեկնում հաճախ, իր բնույթից հեռու՝ գործարարի ճանապարհն էր բռնել, որ կարողանա մեզ՝ չորսիս պահել: Հայաստանն անկախ էր, հայրս չէր տրտնջում, անում էր ամեն բան, որ սոված չմնանք ու երկիր դառնանք:

Միասին տաք էր գյուղում՝ վառարան կար, ջերմություն կար, պապս կար:

Փայտագործության արհեստը վաղուց վերածել էր արվեստի, բայց դրանով չէր սահմանափակվում: Կոշիկներ էր կարում՝ ամբողջությամբ հիմքից, իր ստեղծածը, մեր հորինածն ու երազածը: Ոչ ոք չէր հավատում Երևանում, որ կոշիկներս պապիս կարածն են, որ նույնից երկրորդը գտնել հնարավոր չէ:

Պատերազմի մի տարի մորս հետ որոշեցին կաշի ստեղծել:

Որոշեցին, ու հեր ու աղջիկ արեցին: Մայրս Երևանից կաշեգործության մասնագիտական գրքեր էր ճարում, ծանր ու մեծ՝ բերում գյուղ: Մութ էր, ցուրտ էր, շատ անելիք չկար: Քիմիական նյութերն էլ իրենց հերթին էին բերվում Երևանից:

Պապիս տան կովը մորթել էին: Այդ շրջանում էր, որ կովն ամեն բան դարձավ՝ բաստուրմա, ղավուրմա, մշակած, երկու սիրուն գույնի կաշի: Կերակրեց ու հագցրեց մի ողջ գերդաստան խեղճ անասունը:

Հիմա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ այդ ամենն արվել է ոչ այնքան կարիքից ելնելով, որքան մորս ու պապիս հետաքրքրասիրությունն ու հնարամտությունն իրացնելու նպատակով: Նման էին իրար երկու ստեղծարարները, այդպես էին ապրում:

Ոսկրերը սողոսկող ցուրտ ձռան վերջը չէր երևում: Հավաքվում էինք երկհարկանի մեծ տան առաջին հարկի պուճուր սենյակում, ուր տաք էր նաև հոգու համար: Եղբայրս՝ բարձրաձայն, հաստափոր ու անվերջանալի թվացող «Վարդանանքն» էր կարդում: Պապս պառկում էր ու մինչև քնելը բոլորիս կարդացածը լսում:

Մի օր երեկոյան տուն եկավ թեթև գինովցած, որ քիչ էր պատահում:

Եկավ ու եղբորս, թե՝ «Ո՛չ մի «Վարդանանք», միայն մաթեմատիկա՛, ֆիզիկա՛, քիմիա՛»:

Մենք չիմացանք այդպես էլ, թե իր դրսում այդ օրն ինչի՞ մասին էին խոսել թաղի ծերերով:

Տաս ու ավելի թոռների հետ մեծացավ պապս՝ ամեն թոռան հետ մանկանալով ու լուռ ամենքի քմահաճությունները կատարելով:

- Կոշիկ կարի, պա՛պ, ինքնագլոր սարքի, ճոճանակ կախի բակում պա՛պ,- մատների վրա պար էինք ածում մեծիս, որովհետև ոսկեձեռիկ էր, ամեն ինչ անում էր կատարյալ, փափկասիրտ էր, մերժել, «ոչ» ասել չէր կարողանում:

Պապիս գլուխն էինք լվանում, ու մինչև հիմա տաշտում տարուբերվող օճառաջրից ինձ իմ անո՜ւշ, փափո՜ւկ մանկությունն է ժպտում, մանկությանս հետ էլ կոկիկ, աշխատասեր, ճերմակ Սամսոն պապս:

 

Արուս Սուրեն

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ