«Գյումրեցի եղբայրների Twinz-ը, կամ հայկական հայացք…». ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ձեռագործ («Հենդմեյդ») ապրանքների արտադրությունը և կիրառումը վերջերս լայն տարածում են գտել: Խոսքը հատկապես աքսեսուարների մասին է՝ մանավանդ փայտից պատրաստված:
Փայտե իրերի հանդեպ անտարբեր չէին նաև գյումրեցի եղբայրներ Բաբկենը և Դավիթը, որոնք վաղուց էին մտածում կյանքի կոչել հայկական արտադրության ձեռագործ փայտե աքսեսուարների արտադրությունը:
Այսպես շուտով ստեղծվում է Twinz Eyewear բրենդը, որը զբաղվում է փայտե ակնոցների մոդելավորմամբ և ձեռագործ արտադրությամբ:
Արմատներ ձգելով հայրենիքում...
Բաբկենը, մասնագիտությամբ ոսկերչական ժամացույցների դիզայներ լինելով, իսկ Դավիթը՝ ոսկերիչ, եղբայրներով տարիներ շարունակ մտածել են սեփական բիզնեսը սկսելու մասին, կատարել են շուկայի ուսումնասիրություններ, գծագրել սկզբնական մոդելներ, գնահատել պահանջարկը, և միայն 2014 թ. հիմնել բրենդը: Ի սկզբանե, Twinz-ը նախատեսված է եղել Հայաստանից արտահանման համար, սակայն, ի վերջո, հիմնադիրները եկել են այն համոզման, որ ցանկացած բան պետք է առաջին հերթին սկսել հայրենիքում արմատներ ձգելուց ու հայրենիքում հաստատվելուց:
Այժմ Twinz ապրանքանիշը մեծամասամբ գործունեություն է ծավալում հայաստանյան շուկայում:
Բրենդի հիմնադիր Բաբկեն Խաչատրյանը պատմում է, որ սկզբից փայտով փորձարկումներ էին անում՝ ստանալու համար տարբեր աքսեսուարներ և ոչ միայն ակնոց: Մի քանի փորձարկումից հետո հասկացան, որ փայտե ակնոցի գաղափարը լավն է, և իմաստ ունի դրանով լուրջ զբաղվել: Բաբկենը շուրջ 10 տարի աշխատելով ոսկյա շքեղ ժամացույցների բիզնեսում, իր առջև դրել էր մեկ նպատակ՝ ոչնչով չզիջել շվեցարական շքեղ ապրանքանիշերի որակին և հայկական շուկայում մատուցել նմանը չունեցող աքսեսուարներ.
«Մենք կարող ենք ստանալ որակ, որն ամբողջ աշխարհում շատ բարձր կգնահատվի: Ինչո՞ւ չգործել»,- ասում է Բաբկենը:
Twinz անունը կապվում է երկվորյակ բառի հետ՝ թեպետ հիմնադիր եղբայրները երկվորյակ չեն: Այս անունը խորհրդանշական է, քանի որ ակնոցն ինքն իրենով երկվորյակության խորհրդանիշն է կրում. մի կողմը չի կարող առանց մյուսի և միայն երկու միանման կողմերը միասին կարող են դառնալ ակնոց: Անունն արտացոլում է հենց ապրանքանիշի ներդաշնակությունը:
Բնությանը վերադարձնելով այն, ինչ վերցնում ես...
Twinz բրենդը բոլորովին վերջերս Armenia Tree Project-ի հետ կազմակերպել էր էկո-ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվում էին ակնոցների նոր՝ գարուն-ամառ հավաքածուն, ինչպես նաև շուրջ 100-ից ավել տարբեր տեսակի ծառեր ու տնկիներ, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո տնկվեցին Երևանում և Գյումրիում:
Այս միջոցառմամբ Twinz- ը զարկ տվեց իր նոր գաղափարին՝ մեկական ծառ յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց.
«Մենք հասկանում ենք, որ բնափայտ օգտագործողներ ենք և որ անհրաժեշտ է բնությանը վերադարձնել այն, ինչ վերցնում ենք: Յուրաքանչյուր վաճառված ակնոցի փոխարեն տնկելով մեկական ծառ՝ մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մայր բնությանը՝ մեզ հումքով ապահովելու համար»:
80-ից ավել ծառեր են տնկվել Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնում՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ և 20-ից ավել ծառեր տնկվել են Երևանի Մաշտոցի ու Խաչքարերի պուրակներում:
Twinz թիմը ժամանակ առ ժամանակ այցելում և խնամում է ծառերը, որոնք տնկվել են: Ընկերությունը նախատեսում է ծառատունկի միջոցառումը դարձնել ամենամյա՝ գարնանատունկի և աշնանատունկի ժամանակ:
Ֆինանսական ռեսուրսը երկրորդական է…
Ըստ Բաբկենի՝ հայկական շուկա մտնելու միակ բարդությունը շուկայի փոքրությունն է: Շատերը համարում են, որ այստեղ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ բարձրարժեք ապրանքներ, սակայն Բաբկենը հակառակն է պնդում.
«Հայերը սիրում են շքեղ ու որակյալ ապրամքմեր՝ հատկապես, որ հայկական արտադրության են լինում: Ես սիրում եմ կրկնել, որ պետք է արմատները գցել սեփական հողի վրա, ինչպես ծառերը: Հենց այս փոքր շուկայով էլ պետք է զարգանալ»:
Ի սկզբանե չունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ, Twinz թիմը մարդկային ռեսուրսներով է կարողացել հասնել նրան, ինչ այսօր ունի և ստեղծել գաղափար, որակ, դիզայն, որը յուրահատուկ է և եզակի: Բաբկենը համոզված է, որ բիզնես սկսելու համար ոչ թե ֆինասական ռեսուրս ունենալն է առաջնային, այլ՝ մարդկային, որին կարելի է անվերապահորեն վստահել:
Հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ մեծ գաղափարի շուրջ հավաքվեն էնտուզիազմով լի մարդիկ, որոնք իրենց էներգիան տրամադրում ու կենտրոնացնում են դրա վրա.
«Ինչպես մոլորակի կողքը կարող են արբանյակներ պտտվել, այդպես էլ կարող են գաղափարի շուրջ պտտվել մարդիկ: Այդ ձգողական ուժը վերածվում, դառնում է մի հսկայական թիմ: Մեր թիմը՝ բաղկացած վարպետներից, դիզայներներից, մարքեթինգի մասնագետներից, այս աշխատանքին ընտանիքի պես է վերաբերվում, իսկ նպատակին հասնելու ճանապարհին էնտուզիազմով լցված է: Մեզ թվում է, որ կարելի է հասնել ցանկացած երազանքի ու նպատակի, եթե ճանապարհը շիտակ է»:
Twinz թիմի անդամները, և հիմնականում պատրաստող վարպետները, որոնք ստեղծում են ակնոցները, ընտանիքի անդամներ են: Բաբկենը համարում է, որ սա է պատճառը, որ ակնոցները պատրաստվում են շատ ավելի սրտացավորեն, քան ցանկացած որևէ մեկը կպատրաստեր անգամ, եթե վճարվեր շատ բարձր աշխատավարձ.
«Ակնոցը ձեռքում պահելով կարելի է միանգամից զգալ սրտացավությունը և «Պատրաստված է սիրով» գաղափարը»:
Պատրաստված է ձեռքով…
Twinz թիմի համար կարևոր է «Հենդմեյդ» գաղափարը, քանի որ, ի սկզբանե, ակնոցները պատրաստվել են ձեռքով և մեծ սեր ու եռանդ է ներդրվել յուրաքանչյուր ակնոցի պատրաստման մեջ: Մեկ ակնոցի պատրաստումը տևում է շուրջ 60 ժամից ավել, և սա միայն արտադրական գործընթացը: Իսկ ամենասկզբից կատարվում են մոդելավորման աշխատանքներ: Ավարտին հասցնելով մեկ կոնցեպտ՝ դիզայներներն աշխատում են հաջորդի վրա և նոր նախատիպեր ստեղծում.
«Ցանկացած նոր հավաքածուի ստեղծումից առաջ մենք նախ և առաջ կատարում ենք շուկայի ուսումասիրություն՝ հասկանալու համար նոր տենդենցները և պահանջմունքը: Մենք փորձում ենք մշակել մոդելներ, որոնք հայկական շուկայում նորություն կլինեն և չեն կրկնվի: Օրինակ՝ ունենք ամբողջությամբ ջինսե մոդելներ, որոնք այստեղ մեծ ոգևորությամբ ընդունվեցին որպես նորություն, սակայն աշխարհում վաղուց տարածված են»:
Ակնոցների որակի յուրահատկությունն այն է, որ շրջանակները իտալական բարձրորակ փայտի 8 շերտից են, որոնք մշակվում են հատուկ արևապաշտպան և ջրակայուն նյութերով: Բացի այդ, կարբոնային շերտերը ակնոցին հաղորդում են էլաստիկություն ու ամրություն: Բաբկենը պարծանքով է նշում, որ համագործակցում են Carl Zeiss Vision ընկերության հետ և Twinz ակնոցները պատրաստում գերմանական ոսպնյակներով, որոնք ունեն 3 պաշտպանիչ շերտեր՝ խազերի և արևի ճառագայթների դեմ, ինչպես նաև հակաբրիկային:
Նման տեխնոլոգիայով պատրաստված ակնոցները երկարակյաց են, դիմացկուն արևի ուղիղ ճառագայթների, խոնավության, ջրի հանդեպ: Պատրաստման ամենավերջին փուլը ակնոցը հատուկ յուղերով մշակելն է, որի շնորհիվ վերջիններս էկոլոգիապես շատ մաքուր են, հիպերալերգիկ և անվնաս՝ անգամ սնունդի համար:
Twinz դիզայներները սիրում են անընդհատ էքսպերիմենտներ անել և ստեղծել մոդելներ, որոնք նորություն կլինեն ակնոցի սիրահարների համար:
Ծառատեսակները, որոնցից ստանում են հումքի փայտը, բազմազան են, տարբեր գույների ու երանգների՝ սկսած աֆրիկյան էբոնիից, էվկալիպտից մինչև կոտտո տեսակի փայտեր, որոնք աճում են աշխարհի տարբեր ծայրերում՝ Հնդկաստանում, Աֆրիկայում, Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպական երկրներում և այլուր:
Բացի այն, որ փայտը տարբեր տեսակների է, կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր փայտն ունի մշակման տարբեր ձևեր: Վարպետները նախ և առաջ ծանոթանում են տվյալ փայտի հետ աշխատելու տեխնիկային, այնուհետ անցնում գործի.
«Մեր նոր հավաքածուում արդեն կան ամառային տարբեր գույների փայտեր՝ կարմիր, կապույտ, կանաչ: Այս գույները ստանալը շատ բարդ տեխնոլոգիայի միջոցով է արվում և բավական ժամանակատար է»:
Բաբկենը նախատեսում է, որ հետագայում Twinz բրենդը զբաղվի նաև փայտե այլ աքսեսուարների մոդելավորմամբ և արտադրմամբ: Հիմա արդեն մշակում է կանանց պայուսակների կոնցեպտ, որը, հավանաբար, այս ամառ արդեն պատրաստ կլինի:
Աննա Խաչատրյան