«Հակոբ Հովնաթանյանից առաջ ոչ միայն նկարիչների չորս սերունդ է եղել, նաև առ այսօր շարունակվում է...». ՄԱՌԱ ՄԱՐՏԻՆ
Օրեր առաջ, աշնանային Երևանի լուսավոր ու պայծառ օրվա մեջ, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում փնտրում էի Հովնաթանյանների գլուխգործոցները, սրահում ուշադրությունս պատահականորեն գրավեց լավ խնամված, արտասովոր հանգիստ ու ժպտացող մի կին:
Եվ արի ու տես, որ Հովնաթանյանների գործերի իմ անզուսպ որոնման ընթացքում հանդիպեցի Հովնաթանյան տոհմի հայտնի ներկայացուցիչ, իր պապի պապ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻ ժառանգության ուսումնասիրող տիկին Մառա Մարտինին: Ու իմ «պատմական» ու պատահական հանդիպումը այդ բարեհամբույր կնոջ հետ վերածվեց բազում բացահայտումներով հետաքրքրական մի զրույցի երևելի Հովնաթանյանների, նրանց գերդաստանի, շառավիղների, անցած ճանապարհի, դեգերումների ու ապրածի շուրջ, որը բազմաթիվ հարցեր է ծնում ու բազմաթիվ երևակումներ անում:
Նախ ծանոթությունս էր Մառա Մարտինի կյանքի մանրամասներին:
Մառա (Սեթխանյան) Մարտինը ծնվել է 1945-ին, Թեհրանում: 19-րդ դարի հայտնի նկարիչ, նոր շրջանի հայ դիմանկարչության հիմնադիր Հակոբ Հովնաթանյանը նրա մեծ պապի մեծ պապն է: Մառան կրթությունը ստանում է Պարսկաստանում և Անգլիայում, որպես տեքստիլի art դիզայներ: Վերադառնալով Թեհրան, 1971-ին ամուսնանում է: Ամուսին է ընտրում ջուղայեցի Վիկտոր Մարտինին, որը սերում է հայտնի վաճառականների՝ Տեր-Մարտիրոսյանների ընտանիքից: 1978-ին նրանք տեղափոխվում են Անգլիա, իսկ 4 տարի անց՝ հաստատվում ԱՄՆ-ում:
Հայրենիք տիկին Մառան առաջին անգամ այցելում է 1997-ին: Այնուհետ այցելությունները դառնում են կարոտագին ու անհետաձգելի, իսկ 2008-ին Սուրբ Հռիփսիմե վանքում մկրտում են իրենց թոռնուհուն՝ Սևանային:
Մարտինների ընտանքը երկու զավակ ունի՝ Արմենը և Կարինեն ու երեք թոռ:
Նրանք բոլորն էլ նաև հայկական կրթություն են ստացել ու լիարժեք տիրապետում են մայրենի լեզվին:
Ջերմ բարեկամության վերածված մեր պատահական հանդիպումը թույլ տվեց մեզ մի քանի օր միասին վայելել աշնանային Երևանը, ու ես նրան խնդրեցի պատմել իր պապի պապ Հակոբ Հովնաթանյանի մինչ այս անհայտ պատմությունը... Մինչև 1985 թվականանը տիկին Մառան գրեթե ոչինչ չի իմացել իր նախնյաց մասին: Պապի մահից հետո ընտանեկան մասունքները տեղափոխելու առիթով՝ մեկնել է Պարսկաստան ու...
«... Երբ գնացի պապական մեր տունն ու սկսեցի ուսումնասիրել եղած լուսանկարները, պատահաբար ու բարեբախտաբար հայտնաբերեցի մի ծրար, որի մեջ խնամքով պահված էին մի քանի տասնյակ մատիտանկարներ՝ էսքիզներ: Ծրարի վրա գրված էր, որ աշխատանքները պատկանում են Հակոբին:
Մի օր Լոս Անջելեսում, Հովհաննես Այվազովսկու մասին դասախոսություն է վարում Երևանի պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատչյանը, որը սկսում է դասախոսությունը Հակոբ Հովնաթանյանի մասին պատմությամբ: Իմ ընկերներից մեկը Շահեն Խաչատչյանին տեղեկացնում է, որ կան Հակոբ Հովնաթանյանի շուրջ 120 մատիտանակարներ՝ էսքիզներ: Անմիջապես հաջորդ օրը շատ հետաքրքրված Շահենը եկավ մեր տուն: Աշխատանքները փռեցի սեղանին և Շահենին ասացի, որ բոլոր աշխատանքները նվիրաբերելու եմ թանգարաններին, քանի որ Հովնաթանյանը բոլորինն է:
Շահենի հետ 12 աշխատանք ուղարկեցի Հայաստան, որոնք այսօր պահվում են Ազգային Պատկերասրահում: Դա մեծ նորություն էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի համար, քանի որ առ այսօր Հովնաթանյաններից մատիտանկարներ հայտնի չէին...»:
- Թիֆլիսում ծնված Հակոբ Հովնաթանյանն ինչպե՞ս հայտվեց Պարսկաստանում,- հարցնում եմ ու տիկին Մառան ժպտում է:
- 1800-ականների կեսերին Հակոբ Հովնաթանյանը մեծ ճանաչում և համբավ ուներ, որպես դիմանակարիչ: Նրա պատվիրատուններն էին հայտնի քաղաքական գործիչներ, վաճառականներ, մեծահարուստներ: Սակայն, երբ Թիֆլիսի սալոններում հայտնվեց լուսանակարչական սարքը՝ Հովնաթանյանն իբրև դիմանակարիչ հայտնվեց բարդ իրավիճակում: Եվ նա որոշում կայացրեց մեկնել Թավրիզ, դստեր՝ Նունեի մոտ:
- Իսկ ո՞րն էր Պարսկաստանում Հովնաթանյանի հաջողության գաղտնիքը:
- Հակոբ Հովնաթանյանի պարսկական շրջանի հաջողության պատմությունը սկսվում է մի մարգարեական գիշերից, երբ նրան երազում հայտնվում է մահմեդական սուրբը՝ Իմամ Ալին, որը հրահանգում է նկարել իր դիմանկարը: Հակոբը զարթնում է կեսգիշերին: Իրականության և երազի խառնաշփոթում վերցնում է վրձիններն ու փութով, մեկ գիշերում ստեղծում Ալիի դիմանակարը: Պատմության կարևորությունն այն է, որ նախկինում ոչ ոք չէր նկարել Իմամ Ալիին: Ըստ էության, այդ դարաշրջանում մեծ մեղք է համարվել մարգարեին պատկերելը:
Մոհամեդից հետո շիա մահմեդականները Ալիին են համարել ամենակարևոր մարգարեն:
Կարծում եմ, որ Հակոբը մեծ ռիսկի է դիմում Իմամ Ալիին նկարելու համար: Սակայն նա արդարացրեց դա՝ բոլորին ասելով, որ Իմամը հենց ինքն է հրամայել Հակոբին նկարել իրեն: Բացի այդ, Հակոբը մահմեդական չէր, թերևս ավելի ծանր մեղք կհամարվեր նկարելով մահմեդական սրբին:
Նկարը ավարտելուց հետո մահմեդական մոլլաները գալիս են զննում այն, և հաստատում, որ իսկապես նկարում պատկերված է Իմամ Ալին, քանի որ նրանց երազում նույն կերպարով է Ալին գալիս: Նրանք առաջարկում են Հակոբին կրոնափոխ լինել՝ ընդունել Իսլամը: Հնարամիտ Հակոբը գեղեցիկ պատասխան է գտնում, որ «Իմամը միայն ինձ խնդրեց նկարել իրեն, բայց չասաց, որ ես կրոնափոխ լինեմ, այնպես որ, ես արժանի չեմ այդպիսի պատվի»:
Այդ ճանապարհով Հովնաթանյանը մնում է և Շահի սիրելի նկարիչը և մոլլաների մեծ հարգանքին է արժանանում, և միևնույն ժամանակ պահպանում է իր հավատքը:
Աշխատանքը տեսնելով Նասեր-Էդ-դին Շահը բարձր է գնահատում դիմանկարը և ամենաբարձր պարգևն է տալիս Հակոբին: Սա էր սկիզբը հաջողության:
Հետո արդեն այս նկարով Հովնաթանյանը մեծ ճանաչում է վայելում Թեհրանում: Նույն ժամանակում, պատահականության բերումով, մահանում է Շահի անձնական նկարիչը, ում փոխարինող ընտրում են Հակոբ Հովնաթանյանին: Այսպիսով պապիս պապը դառնում է պալատի գլխավոր նկարիչը:
- Ինչո՞վ է այսօր զբաղվում Հովնաթանյանների ժառանգ Մառա Մարթինը:
- Հովնաթանյանների ժառանգության պահպանման, տարածման և հանրայնացման գործը դարձել է իմ կյանքի նպատակը: Ծանոթանում եմ բոլոր այն գրքերին, հոդվածներին ու հեղինակներին, որոնք հիշատակում են Հովնաթանյաններին: Ի դեպ, Հովնաթանյանների իրանյան շրջանի մասին տեղեկություններ գրեթե չկան:Միայն Մանյա Ղազարյանի գրքում կան որոշ տեղեկութուններ իրանյան շրջանից: Այդ գիրքն ամենամեծ գանձ էր ինձ համար՝ որպես տեղեկության աղբյուր: Փորձում եմ պարսկական շրջանի գործերը գտնել:
Շահեն Խաչատյանի հետ մտերմությունս շատ օգնեց՝ ավելի մոտից ու խորը ծանոթանալու նախնիներիս: Մեծագույն նպատակս է աշխարհին ծանոթացնել Հովնաթանյանի մատիտանկարներին՝ որտեղ նկարել է առօրյա կյանքը, մարդկանց անցուդարձը: Ասես պատուհանագոգին նստել է ու աննկատ նկարել: Առաջիկայում կատալոգ կստեղծվի և հետագայում մատիտանկարները կնվիրեմ աշխարհի մի քանի հայտնի թանգարանների՝ պահաջով, որ անպայման ցուցադրվեն:
Այդ աշխատանքները պարզապես նկարներ չեն, այնտեղ ցայտուն ներկայացված է կյանքը 150 և ավելի տարիներ առաջ: Մատիտանկարների ջրաներկով արված տարբերակները կան Իրանում:
Մեր զրույցի ընթացքում տիկին Մառան մի բացահայտում ևս է անում՝ խոսում է հայ հանրությանը քիչ հայտնի արվեստաբան Իրինա Դյուցովայի մասին, ում ամուսինը հայ է եղել: Նա գիտությունների թեկնածու է և մոտ 40 տարի եղել է Թիֆլիսում թանգարանի տնօրեն: Ունի բազմաթիվ հոդվածներ և մենագրություններ:
- Այս տիկինը,- ասում է տիկին Մառան,- շատ երկար տարիներ ուսումնասիրել է Հակոբ Հովնաթանյանի ստեղծագորությունները, կյանքը և այլ կարևոր մանրամասներ: Իրինան գտավ նաև ինձ ու արդեն քանի տարի է մենք համագործակցում ենք: Մեր գերնպատակն է Հովնաթանյանների մասին շատ տեղեկություններ հավաքելը: Իմ ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցել եմ նրան: Իրինան գիրք է գրում պապիս պապի՝ Հակոբ Հովնաթանյանի մասին, որը շուտով պատրաստ կլինի: Գիրքը ռուսերենով է գրվում, սակայն հույս ունեմ, որ անպայման կթարգմանվի տարբեր լեզուներով:
- Իսկ որտե՞ղ են ցուցադրվում իրանյան շրջանի գործերն այսօր:
- Ցավոք չեն ցուցադրում, այդ նկարները անհատական հավաքածուներում են:
- Հովնաթանյաննների տոհմի ներկայացուցիչներն այսօր աշխարհի տարբեր վայրերում են, դուք կապ ունե՞ք միմյանց հետ:
- Շատ քչերին եմ գտել: Ոչ բոլորն են, որ ակտիվ հետաքրքրված են իրենց շառավիղներով, որքան ես: Չնայած հայրս՝ Ասլանը, լինելով ճարտարապետ, նույնպես նկարել է և տաղանդ ուներ: Ես նույնպես նկարել եմ: Քույրս՝ Ալետտա Տեր-Հովհաննիսյանը՝ մասնագիտությամբ կրթական հոգեբան, նույնպես մեդիա նկարիչ և քանդակագործ է և երկար տարիներ եղել է Գլենդելի արվեստի և մշակույթի հանձնակատար: Այսպիսով, Հակոբ Հովնաթանյանից առաջ ոչ միայն նկարիչների 4 սերունդ է եղել, նաև առ այսօր շարունակվում է:
Հավատացեք, սփյուռքում շատ հայեր են զբաղվում հայապահպանության գործով: Զբաղվում են ով ինչպես պատկերացնում և կարողանում է: Միգուցե երիտասարդ սերնդին հետաքրքիր չեն որոշ մանրամասներ, բաց վստահ եմ, եթե ծնողները փոխանցեն արժեքավոր գիտելիքներ՝ երեխաները կշարունակեն, ինչպես մեր ընտանիքում էր: Հայ մնալն ամենկարևոր պատգամն է՛ր և է՛ այսօր:
Իհարկե, մեր զրույցն այսքանով չավարտվեց: Հուսամ, մեր բարեկամությունը նաև գործնականում արդյունավետ կլինի: Ի դեպ, տիկին Մառան հիացած էր այն փաստով, որ Հայաստանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով բարձր որակով թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» հրաշալի ֆիլմը, և այն ցուցադրվում է աշխարհի տարբեր հարթակներում՝ փարաջանովյան լեզվով խոսելով Հովնաթանյանի ու հայ արվեստի մասին:
Մենք հնարավորություն ունեցանք Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահում» հատուկ ցուցադրության շնորհիվ տիկին Մառա Մարտինի հետ դիտել Փարաջանովի ֆիլմը ու զրուցել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի հետ ու մտածել նոր գաղափարների, նոր ծրագրերի շուրջ:
Կարծում եմ դեռ խոսելու ենք Հովնաթանյանների մասին ու առավել մեծ հնչողությամբ:
Օվսաննա Քարամյան