Կինոռեժիսոր է:
Վավերագրող:
Լրագրող:
Քաղաքագետ:
Սովորել է
Բեյրութում,
Փարիզում:
Նախնական
կրթությամբ
լրագրող է:
Ստոկհոլմի
վավերա-
գրական
կինոյի
դպրոցի
սան է:
նաև
Թավթսի
համալ-
սարանի
միջազգային
իրավունքի և
դիվանա-
գիտության
Ֆլետչերի
դպրոցի
մագիստրոս է:
«Հանդուրժվող ատելության խոսքը ազատության մահն է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ
Շվեդահայ հայտնի կինոռեժիսոր, վավերագրող Սյուզան Խարդալյանն անդրադարձել է «ատելության խոսքի» խնդրին:
Սյուզան Խարդալյանը ոչ միայն հայտնի կինոռեժիսոր է, Ստոկհոլմի վավերագրական կինոյի դպրոցի սան, այլև՝ լրագրող, մեդիա մասնագետ, քաղաքագետ, Թավթսի համալսարանի միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի մագիստրոս:
Եվ այն հրաշալի տեքստը, որ Սյուզան Խարդալյանը հատուկ տրամադրել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին, «ատելության խոսքը» քննում է լրագրողի, քաղաքագետի, կինովավերագրողի սուր հայացքով:
«Որևէ ընտրության քարոզարշավի ընթացքում հանդուրժվող ատելության խոսքը ազատության մահն է:
Իմ փորձը, որ խոսքը կարող է սպանել, ընտանեկան պատմության պատճառների բերումով ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանզի խոսքը եղել է Ցեղասպանության գործիք, խոսքը եղել է դատապարտելու, նվաստացնելու, հալածելու, ի վերջո՝ ոչնչացնելու հրաշալի գործիք:
Հետևաբար, խոսքն ինձ համար միայն բառ չէ, միայն բառեր չեն: Խոսքը նաև գործողություն է՝ երբեմն դաժան գործողություն, որը կարող է կոտրել մարդուն, նույնիսկ՝ սպանել: Նվազագույնը՝ առհավետ վիրավորել:
Այդ պատճառով է, որ երբեք չեմ հասկացել բառերի զորությունը նվաստացնող մարդկանց: Չեմ հասկացել մարդկանց, որոնք ասում են, որ խոսքի ազատությունը, սկզբունքորեն, անսահմանափակ է՝ կարծես խոսքը լոկ բառերի կույտ է և խոսքին կարելի է միշտ խոսքով դիմակայել:
Բայց երբ բառերին տանք այն լրջությունը, որին նրանք արժանի են, կհասկանանք, որ խոսքը կարող է ֆիզիկական, հոգեկան և մտավոր ազդեցություն ունենալ, և որ աշխարհում ոչ մի բառ չի կարող վերացնել այդ վնասները:
Եթե սա հասկանանք, կգիտակցենք նաև, որ խոսքի ազատությունն իր սահմանները պետք է ունենա: Ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ պաշտոնական խոսքն ազատության իր սահմանները պետք է ունենա:
Այնպես, ինչպես որսորդության արտոնագիրը կարող է վերածվել սպանելու կամ վիրավորելու արտոնագրի, խոսքի ազատությունն էլ կարող է հեշտությամբ վերածվել վիրավորելու, կոտրելու, սպանելու սանձարձակ ազատ թույլտվության:
Այն մարդիկ, որոնք պայքարում են խոսքի ազատությունը որպես ատելության խոսք օգտագործելու իրավունքի համար, ինչ-որ իմաստով համեմատվում են այն մարդկանց հետ, որոնք պայքարում են հրազեն ձեռք բերելու իրավունքի համար:
Ես ուզում եմ հասկանալ. ինչպե՞ս կարող է խոսքը, որը կարող է սպանել կամ վիրավորել՝ ազատ խոսք է: Ուզում եմ հասկանալ. ինչպե՞ս խոսքի ազատության այս ծայրահեղ ընկալումը դարձավ ազատական դիրքորոշում: Եվ չեմ կարող հասկանալ. ինչո՞ւ չենք տեսնում, թե խոսքն ինչպիսի փորձության կարող է մատնել ինչպես ազատությունը, այնպես էլ՝ ժողովրդավարությունը:
Իհարկե, հասկանում եմ, որ այստեղ սահմանագծի խնդիր կա՝ դեռ չհիշատակելով այն հարցը, թե ո՞վ է որոշելու՝ որտեղ պետք է գծել սահմանը, ի՞նչ միջոցներով և այլն: Բայց ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ձեռքի թեթև շարժումով արհամարում են խոսքի սպանելու կարողությունը:
Այն, որ խոսքը դժվար է կարգավորել, որ խոսքի ազատությունը ենթադրում է ինքնակարգավորման մեծ չափորոշիչ, չի նշանակում, թե մենք կարող ենք չտեսնել, ինչպես Սուրբ գիրքն է ասում, թույնով լի լեզուների մահացու հետևանքները:
Հատկապես այնպիսի մի ժամանակ, երբ մահացու թույնը կարող է արտադրվել և տարածվել այնպիսի արագությամբ, ծավալով ու տևողությամբ, որ Հակոբի նամակի հեղինակը իր ամենասարսափելի դժոխքի երևակայության մեջ անգամ չէր կարող պատկերացնել:
Այո, մենք ևս չէինք պատկերացնում մինչև վերջերս:
Սոցիալական մեդիան, իսկ ես նախընտրում եմ ասել՝ ապա-սոցիալական մեդիան, մարդկային հաղորդակցության ոլորտում ամենամեծ հեղափոխությունն իրականացրեց, որը, սակայն, ավանդական թունատարածումը վերածեց մանկական խաղի:
Մնալով աստվածաշնչյան մետաֆորներում, ասեմ, որ սոցիալական մեդիան թունավոր լեզուների կատարյալ գործիք է: Այստեղ ցանկացած մարդ՝ անանունությամբ կամ կեղծ ինքնությամբ պաշտպանված, կարող է թունավոր խոսք տարածել որևէ մեկի, կամ որևէ մի բանի վերաբերյալ, և թիրախը պաշտպանվելու կամ իրավունքները վերականգնելու ոչ մի հնար չունի: Քանզի թույնը անխափանորեն երկար ժամանակ կարող է շարունակել իր գործը համացանցի որոնողական համակարգերում և սոցիալական էջերում:
Խնդիրն այսօր շատ ավելի է բարդացել, քանզի զանգվածային լրատվամիջոցները՝ հաղորդակցության ոլորտի հեղափոխությանը հարմարվելու իրենց ձգտման մեջ ոչ միայն իրենց լրագրությունն են հարմարեցնում սոցիալական մեդիաներին, twitter-յան փոթորիկներին և հեշթագային հոսքերին, այլև, կարծես թե, հրաժարվել են իրենց հրապարակախոսային պատասխանատվությունից:
Այն, ինչ կարելի է ասել սոցիալական միջոցներով, այն, ինչ կարող են ստեղծել twitter-յան փոթորիկներն ու սնել հեշթագները, հակված են ազդելու հրապարակախոսական լրատվամիջոցների վրա:
Սա ինձ համար անընդունելի է:
Այն, ինչ գրեթե լրիվ ազատ ասվում է սոցիալական էջերում, նաև խոսք է, որը կարող է վնասել և նույնիսկ՝ սպանել: Այդ խոսքը, ատելության խոսքը, իմ համոզմամբ, խոսք է, որը խախտում է նույնիսկ ազատության հիմքը:
Կարծում եմ ժամանակն է, որ լուրջ վերաբերվենք ատելության խոսքին:
Սյուզան Խարդալյան