«Հայ թատրոնը հենվում է դերասանական ուժի վրա». ԱՆԴՐԵՅ ՄՈՍԿՎԻՆ
Հերթական անգամ Երևանում էր Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, հումանիտար գիտությունների դոկտոր, բելառուսագիտության ամբիոնի վարիչ, թատերական քննադատ ԱՆԴՐԵՅ ՄՈՍԿՎԻՆԸ:
Նա Հայաստանում էր Վիշեգրադյան հիմնադրամի դրամաշնորհային նախագծով՝ տևական ժամանակով ուսումնասիրելու համար Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ու հայ դասական դրամատուրգիան:
Անդրեյ Մոսկվինը նաև Վարշավայի համալսարանի «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական լաբորատորիայի» ղեկավարն է և «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy Środkowo-Wschodniej») գիտական հանդեսի հիմնադիր-խմբագիրը:
Հայ դասական և ժամանակակից դրամատուրգիայի, արդի հայ թատրոնի ներկայիս վիճակի և հիմնախնդիրների մասին Անդրեյ Մոսկվինի հետ խոսել է արվեստագիտության թեկնածու, դոցենտ, թատերագետ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԸ։
Պրոֆեսորի հետ զրույցի մի շատ կարևոր մաս էլ հրապարակվել է «Արտ կոլաժ» կայքում:
Եվ այսպես՝ արդի հայ թատրոնի ներկայիս վիճակի և հիմնախնդիրների մասին:
- Պարոն Մոսկվին, այս հինգ ամիսների ընթացքում եղել եք երևանյան գրեթե բոլոր թատրոններում, դիտել եք ներկայացումներ նաև մարզային թատրոններում: Ի՞նչ կասեք այսօրվա հայ թատրոնի մասին:
- Հիմնականում դերասանական ուժի վրա է հենված հայ թատրոնը, քիչ են վառ ռեժիսորական անհատները, նրանցից կնշեի Արմեն Էլբակյանին, Նարինե Գրիգորյանին, Ռուբեն Բաբայանին… այս պահին նրանք մտքիս եկան: Մյուս դեպքերում հիմնականում դերասանն է առաջին տեղում, իսկ դերասանների մոտ գերիշխում է դասական, ավանդական խաղաոճը: Եվ եթե դերասանի առջև չդնես բարդ խնդիրներ, նա կլճանա: Դերասանը խաղում է այնպես, ինչպես սովոր է, դա է պատճառը, որ ներկայացումից ներկայացում թվում է, թե նույն դերն է կատարում:
Ցավոք, այդպիսի տպավորություն ստացա: Այստեղ հաճախ լսել եմ՝ իննսունականներին այնպիսի՜ վառ դերասաններ կային, հիմա նման վառ անհատականություններ գրեթե չտեսա: Գուցե առանձնացնեմ Տիգրան Ներսիսյանին, դերասան, որն իր մեջ միավորում է թե՛ հոգեբանական դպրոցը, թե՛ եվրոպական զուսպ, մինիմալ զգացմունքայնությամբ, տեղ-տեղ օտարված խաղը:
Կան թատրոններ, որոնք ունեն ռեժիսորական հատուկ էսթետիկա, դա Ազգային ակադեմիական թատրոնն է, «Բաբելոն» թատրոնը, Տիկնիկային թատրոնի մեծահասակների համար նախատեսված բեմը: Հետաքրքիր բազմազանություն կա նաև Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնում:
- Իսկ տպավորիչ երևույթների հանդիպեցի՞ք:
- Տպավորված եմ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասաններով, նրանք ուժեղ են բեմական փոխհարաբերություններում, լավ են հասկանում հայացք, ժեստ, բառ, միմիկա, ուրիշ թատրոններում դա ասես լրիվ մոռացվել է: Վեց ներկայացում դիտեցի այստեղ, նրբին, ճաշակով: Օ՛Հենրիի նովելների հիման վրա արված «Եվ նորից գարուն»-ը՝ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ, տաք, մարդկային ներկայացում էր. լավ աշխատող դերասաններ, մշակված դետալներ, մտածված էր ամեն մանրուք՝ խոսքի մաներան, մարմնի թեքվելը, գլխի շարժումը: Զարմանում ես, որ նման բան հնարավոր է:
Եվրոպական թատրոնն այլ է, զուսպ է, սառն է: Այստեղ կա հավատարմություն ավանդույթին: Կա մարմնականություն, ինտիմություն, հետաքրքիր է, բայց այստեղ դերասանները շատ են դիպչում իրար, որը հիմա Եվրոպական թատրոնում իսպառ բացակայում է: Մարդիկ շփվում են չհպվելով, խաղում են չհպվելով:
Շատ հետաքրքիր էր Պարույր Սևակի պոեզիայի բեմադրությունը, ինչպե՞ս էր բեմադրիչը կարողացել պոեզիան նման կոմպոզիցիոն կառուցվածքի մեջ դնել:
Տպավորված եմ Համազգայինի թատերականացված ընթերցումներով, հանդիսատեսը լիովին ներգրավվում էր պիեսի իրականության մեջ, վերապրում, այնտեղ ամեն երեկո երևույթ է կայանում:
Հիշեցի նաև 2012-ին Երիտասարդական առաջին ֆորումին Մոգիլյովում ձեր հեղինակած «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրության պրեմիերան: Այս փառատոնի քննարկումների ժամանակ միշտ մասնագիտական կարծիքները կիսվում են, «Թռիչքի» դեպքում միաբերան հավանել էին թե՛ պիեսը, թե՛ Նարինեի խաղը և ռեժիսուրան: Նարինե Գրիգորյանի թատրոնի այս բազմազանությունը զարմացնում է:
- Շատ հաճելի է լսել: Ի դեպ, ներկայացումը Տիկնիկային թատրոնի բեմում մնաց 10 տարի՝ 2010-2020-ը: Նարինեն իսկապես չի դադարում զարմացնել:
Հայ թատրոնում վերջին տարիներին նաև անկախ թատրոններ են ձևավորվում, դուք եղել եք թե՛ պետական, թե՛ անկախ թատրոններում, ձեր հայացքով՝ որտե՞ղ են դրսևորվում էական տարբերությունները:
- Ինձ զարմացրեց «Թատրոն տանիքում»-ը, ֆորման հոյակապ է գտնված: Այնտեղ ևս մի քանի ներկայացում դիտեցի, հավանեցի Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրան»: Բեմադրիչին հաջողվել է միացնել հոգեբանական, ավանդական թատրոնը և ժամանակակից պոստդրամատիկական թատրոնը: Այստեղ շատ կարևոր է տարածությունը, ձայնը, վիդեո ինստալյացիան, հղումը հին եգիպտական աշխարհին և վերջապես լույսը, որը Հայաստանի թատրոններում հիմնականում կաղում է:
Արժե ուշադրություն դարձնել այս թատրոնին, շատ բան կա ասելու…
Խաղում են բաց տարածության մեջ՝ առանց միկրոֆոն, կա քամի, քաղաքի և բնության երևույթներն ու ձայները խառնվում են հանդիսատեսի ընկալմանը, այլ խոսքով՝ կենդանի թատրոն է: Ցավոք, ոչ բոլոր ներկայացումներն էին համաչափ:
- Փորձենք ընդհանրացնել՝ ինչպիսի՞ դիմագիծ ունի հայ թատրոնն այսօր: Ի՞նչն է պակասում:
- Տպավորություն է, որ հայ թատրոնում միշտ կա անկանխատեսելիություն, դու գնում ես թատրոն ու երբեք չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Կան տարբեր մակարդակներ, կա բազմազանություն, մեկ հայտնվում ես 20-ականների կեսերին, մեկ գերժամանակակից, ակտուալ թատրոնում ես: Ինչ-որ առումով հետաքրքիր է, սակայն բարդ է ընկալել ժամանակակից թատրոնի տեսանկյունից: Եթե դու եվրոպական թատրոնին ես սովոր, չես ուզում վերադառնալ հետ՝ ականատես լինել հին, թույլ ռեժիսուրայի, առանց խնդրի, անգործ դերասանի բեմում, դրանից բխող՝ չհիմնավորված ժեստ ու միմիկայի: Ռեժիսորը պետք է բարդ խնդիրներ դնի դերասանի առջև, որպեսզի նա զարգանա:
- Մեր գիտական երկխոսությունը շարունակվում է, վստահաբար դեռ շատ անգամներ վերադառնալու եք գրքերի շնորհանդեսների, գիտաժողովների մասնակցելու: Սակայն ի՞նչ կարգավիճակով կուզեիք այս անգամ վերադառնալ Հայաստան:
- Ինձ այստեղ լավ էր, հաճելի էր, բայց ինչպես մի տաքսիստ ասաց, Հայաստանում դժվար է ապրել, այստեղ պետք է միայն հանգստանալ:
- Բայց դուք շատ աշխատեցիք:
- Այո, փորձեցի աշխատանքս համատեղել հանգստի հետ: Ես այստեղ ապրեցի որպես տեղացի, շատ աշխատեցի, շատ ճամփորդեցի: Ու հիմա, եթե անգամ որպես տուրիստ վերադառնամ, չեմ կարողանա այդ աչքերով նայել Հայաստանին, քանի որ տեսել եմ թե՛ դրականը, թե՛ բացասականը, և բարդությունները:
Տպավորված եմ հայկական արվեստով: Եղել եմ տարբեր համերգասրահներում, թանգարաններում, ցուցասրահներում, թատրոններում ու գրադարաններում, հիացել եմ ձեր բազմադարյա մշակույթի կոթողներով ու այսօրվա արտիստների ստեղծած մշակութային բարձր արժեքներով:
Բայց անհարմարությունները ևս շատ են:
Օրինակ, գրադարաններում չկան լավ ուղեցույցներ, բիբլիոգրաֆիկ քարտերը կանոնավորված չեն: Գրադարաններում շատ մարդիկ են աշխատում, բայց, միևնույն է, համակարգչային բազան չի համապատասխանում քարտայինին, ոչ բոլոր քարտերն են ներմուծված համակարգչային ծրագիր: Մեզ մոտ նման բաները շատ վաղուց են համակարգված:
- Եկաք այստեղ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնն ու հայ դրամատուրգիան հետազոտելու, սակայն արդյունքում չորս ժողովածուի նախագիծ…
- Մեր համատեղ աշխատանքի արդյունքում տարիների ընթացքում շատ նյութ էր կուտակվել, որն արժանի է ուշադրության, սիստեմավորելու ու հասցնելու ընթերցողին:
Լեհաստանը Եվրոպայի տարանցիկ երկիրն է հանդիսանում, եթե այստեղ ինչ-որ բան ուշադրության է արժանանում, տարածվում է Եվրոպայով մեկ:
Մեզ մոտ հրավիրվում են ռեժիսորներ, դրամատուրգներ, որոնք հետագայում ճանաչման են հասնում Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր:
Քաղաքական իրադարձությունների պատճառով այդ կարգավիճակը հիմա փոքր ինչ կորցրել ենք, սակայն մեզ համար միշտ է կարևոր այս դերը պահպանելը: Ուստի լեհ ընթերցողի ծանոթությունը հայ թատրոնի հետ անհրաժեշտություն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել հետխորհրդային հսկա տարածքը, բացառիկ հնարավորություն է հասկանալ, թե Խորհրդային միության փլուզումից հետո ինչպես է թատրոնը հաղթահարում այդ բարդությունները և ի՞նչ տրանսֆորմացիաներ է ապրում:
Իմ գիրքը ձեր Ազգային ակադեմիական թատրոնի մասին հենց այս խնդիրներն է շոշափում, թե նա ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել այս տարիների ընթացքում. գեղարվեստական ղեկավարների փոփոխություններ, դրամատուրգիայի ընտրության չափանիշների, դերասանական սերունդների, մտածողության, աշխարհայացքի, հայեցակարգի փոփոխություններ: Թատրոնին զուգահեռ՝ ի՞նչ զարգացումներ է ունեցել հայ հասարակությունը:
Երկորրդը՝ որքանո՞վ է թատրոնն ընդունում այն փուլը, որում հիմա գտնվում է Հայաստանը:
Տպավորություն կա, որ թատրոնը մնացել է հնում, դուք մտել եք 21-րդ դար: Ձեր թատրոնը մասամբ է արտացոլում Հայաստանի ներկայիս կյանքը, չի երկխոսում ձեր հանդիսատեսի հետ: Սպասում էի մի շարք ներկայացումներ տեսնել պատերազմի մասին: Հասկանում եմ, վերքը դեռ բաց է: Բայց Եվրոպայում թատրոնը միանգամից է արձագանքում քաղաքական իրադարձություններին:
- Չեմ կարող չհամաձայնել, ուշանում ենք: Իսկ ինչպե՞ս համընթաց քայլել:
- Լեհաստանում վավերագրական դրամայի միջոցով են վերհանվում խնդիրները: Փոքրիկ մարզային թատրոններում, օրինակ, բարձացվում են տվյալ մարզում առկա խնդիրները՝ կլինեն էկոլոգիական, սոցիալական, թե ուրիշ, մեծ քաղաքում խնդիրներն այլ են: Թատրոնը պետք է լոկալ հանդիսատեսի հետ փոխհարաբերության մեջ լինի, օգնի մարդկանց, որպեսզի հասարակությունն էլ ավելի ակտիվանա:
Ինձ ձեր բեմադրիչներից մեկն ասաց՝ հանդիսատեսը չի պահանջում, նա բարի ու գեղեցիկ բաներ է ուզում թատրոնում տեսնել: Ես այստեղ հաճախ եմ լսել տարբեր խնդիրների վերաբերյալ՝ իմ գործը չէ, թող իշխանությունները զբաղվեն դրանով:
Հասարակությունը ներգրավված չէ երկրի խնդիրների մեջ, մարդիկ երևի հասկացել են, որ իրենց հետ հաշվի նստող չկա, հնարավորություն չունեն ազդելու պառլամենտի կամ իշխանությունների վրա, ուստի հուսահատվել են ու անտարբեր դարձել:
Թատրոնը կարող է բարձրացնել մարդկանց ոգին: Կարևորը հասարակական կյանքին արձագանքելն է:
Ափոփելով զրույցը նշենք, որ Վարշավայի համալսարանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությամբ առաջիկայում հրատարակության կհանձնվեն չորս ժողովածուներ՝ հայկական դրամատուրգիան Ազգային ակադեմիական թատրոնում թեմայով մենագրությունը (աշխատության հեղինակ Անդրեյ Մոսկվին), արդի հայ արվեստաբանների հայկական թատրոնը ներկայացնող հոդվածների անգլերեն ժողովածուն (կազմողներ Անդրեյ Մոսկվին, Անուշ Ասլիբեկյան), անցյալի և ներկայիս հայ թատրոնը և դրամատուրգիան ներկայացնող արվեստաբանական հոդվածների եռալեզու՝ լեհերեն, անգլերեն, ռուսերեն ծողովածուն (կազմողներ Անդրեյ Մոսկվին, Անուշ Ասլիբեկյան), և «Արդի հայ դրամա» անթոլոգիայի 2-րդ հատորը լեհերեն (կազմողներ՝ Անդրեյ Մոսկվին, Անուշ Ասլիբեկյան):
Անուշ Ասլիբեկյան Արծրունի