«Հիմա ինքնավստահ մարդկանց ժամանակն է». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԴԱՁԵ
Երբ Ալեքսանդր Մինդաձեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մոտեցավ ստանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը, որն օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում շնորհվում է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչությանը ծառայած և համաշխարհային կինոարվեստում մեծ ներդրում ունեցող նվիրյալներին, քիչ է ասել, որ Ալեքսանդր Մինդաձեն հուզված էր:
Այս մրցանակը, որ շնորհվել է նաև Քշիշտոֆ Զանուսիին, Ալեքսանդր Սոկուրովին, Արտավազդ Փելեշյանին, Ռոման Բալայանին, Տիգրան Մանսուրյանին և այլոց, չէր կարող չհուզել մի մարդու, որի արվեստում Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունենալու համոզմունքն է, և այն անվիճելի ճշմարտությունը, որ բոլորն են արժանի կյանք ունենալու պարգևին:
«Ես ուղղափառ մարդ եմ և ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը, որը կոչված է մարդուն ավելի լավը դարձնելուն: Այն արվեստի խնդիրն է և հենց այդ պատճառով է մրցանակն ինձ համար թանկ: Ես այն եմ, ինչով զբաղվում եմ և հենց դրանում է իմ արվեստը»,- ասաց հանուն լույսի ու մարդու արվեստ ստեղծող անհատը:
«Ոսկե Ծիրանի» օրերին ինչպես շատ այլ հեղինակություններ, այնպես էլ Ալեքսանդր Մինդաձեն ազատ ու անկաշկանդ շրջում էր երևանյան արևի տակ, վայելում հայկական ծիրանն ու հյուրասիրությունը, զրուցում մարդկանց հետ, սուրճ խմում երևանյան սրճարաններում, հանդիպում լրագրողների, երիտասարդների, իր արվեստով հետաքրքրվածների հետ: Եվ այս հանդիպումների ընթացքում էր, որ Աննա Բախշյանը որսաց այն մտածումներն ու մտորումները, որ Ալեքսանդր Մինդաձեն ասում էր բարձրաձայն մտածելիս:
Եվ ահա Աննան դրանք փորձել է մեզ առավել հասանելի դարձնել…
Կինոյի այսօրն ու վաղը…
«... Այն զարգանում է, բայց գնում է դեպի մասսայական արվեստ: Սա է մեյնսթրիմը (mainstream): Շատ են նաև հեղինակային ֆիլմերը, որոնք նույնպես ձգտում են դեպի մասսայական կինո: Փոխվել են նաև միջազգային կինոփառատոնների՝ Կաննի, Վենետիկի պահանջները։ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը՝ Կաննում հաղթած «Պորտաբույծը, նույնպես այդպիսի ֆիլմ էր: Այսինքն հեղինակային ֆիլմ, որն ավելի շատ ձգտում է դեպի մասսայական կինո։ Այն նկարված էր այդ սկզբունքով, ինչպես և այսօր Սորենտինոյի ֆիլմերը։
Մասսայակությունը՝ մասսայականություն, բայց, իմ կարծիքով, հեղինակային կինոն միշտ կլինի…»:
Պրոդյուսերների ազդեցությունը…
«... Այսօր պրոդյուսերական դիկտատի ժամանակաշրջան է։ Բայց իմ բախտը բերել է, ես չգիտեմ, թե ինչ է պահանջարկ հասկացությունը։ Իմ սցենարների վրա պրոդյուսերներն ազդել չեն կարող, անհնարին է։
Ես չեմ փոխվել անգամ սովետական շրջանում։ Մենք Վադիմ Աբդրաշիդովի հետ առավելություն ունեինք այդ առումով: Կային ֆիլմեր, որոնք դժվար էին ընդունվում, օրինակ «Աղվեսների որսը», «Մոլորակների շքերթը»։ Ճնշումներ լինում էին, իհարկե, բայց պետք է ասել, որ խմբագրակազմն այն ժամանակ այնքան դաժան չէր, որովհետև նրանք փող չէին ստանում մասնավոր անձից՝ իրենց տեր ու տիրական համարող պրոդյուսերներից։ Փողը պետական էր, և դա շատ հարմարավետ էր արվեստագետի գործունեության համար։
Իսկ այսօր, այդ տեսակետից շատ դժվար է։ Երբ դու գրում ես սցենար, պետք է ներկայացնես պրոդյուսերին, հետո որևէ ալիքի խմբագրություն՝ շատ հաճախ ստանալու համար ոչ պրոֆեսիոնալ գնահատական։ Այդ պատճառով երիտասարդների համար շատ դժվար է ճանապարհ հարթել։
Իմ դեպքում այլ է։ Շատերը հասկանում են, որ այս մարդուն այդքան էլ հեշտ չէ կոտրելը, և չեն ուզում հետս գործ ունենալ։ Ունեմ լավ պրոդյուսեր՝ Լիզա Անտոնովան, ես ինքս էլ երբեմն փորձում եմ գումարներ հայթայթել։ Ռուսաստանում պրոդյուսերությունը դեռ կայացման շրջանում է:
Սցենարիստը ֆիլմի գլխավոր ուղեղային կենտրոնն է, և այս մտայնությունը, հուսով եմ, շուտով գերիշխող կդառնա…»։
Գրական-գեղարվեստական սցենար, թե՞ վիզուալ արձակ…
«…Բաղադրատոմսեր չկան: Կար ռուսական սցենարների ավանդույթ, որ գրվում էր գեղարվեստական արձակով։ Մեծ տեղ էր տրվում ռեմարկին (նշագրմանը), ինչը շատ կարևոր էր։ Օրինակ, հանրահայտ Օլեգ Բորիսովն ասում էր. «Հանկարծ չմտածես կրճատել ռեմարկները, ես այդպես ավելի լավ եմ զգում նյութը»: Ես հիմա էլ սցենարը գրում եմ որպես գրական երկ։ Այդ ռեմարկային, ազատ գրառումերը, որտեղ կան դրամատուրգիական երկաթյա կառուցվածքներ, շատ կարևոր են։
Պետք է անել այն, ինչը քեզ հետաքրքրիր է և կարող է հետաքրքրել նաև ուրիշներին։
Եթե ես դասավանդեի, կասեի՝ դիտեք Ֆելինիի «Սատիրիկոն» ֆիլմը, հետո թղթին հանձնեք ֆիլմի նկարագրությունն ըստ կադրերի, և դուք կտեսնեք, որ ստացվեց արձակ գործ…»:
Անցում սցենարիստից ռեժիսորի
«… Ֆիլմ նկարահանելու համար ռեժիսորը պետք է վերապրի, զգա, յուրացնի նյութը։ Այդ պատճառով հեղինակի և ռեժիսորի հետ աշխատանքը խնդրահարույց է։ Ինչ-որ պահ ինձ և Վադիմ Աբդրաշիդովին հաջողվում էր փոխհամագործակցել, համաձայնության գալ։
Սցենարիստից ռեժիսոր դառնալը անհրաժեշտ էր իմ ստեղծագործական աշխատանքի համար։ Իմ սցենարները դարձան ավելի պայմանական, առանձնահատուկ, ինչ-որ իմաստով՝ նաև անձնական և ուրիշ մարդու համար կարդալը, «գաղտնազերծելը» դժվարացավ։ Ես որոշեցի ինքս նկարահանել իմ ֆիլմերը …»։
Ժամանակակից սերիալներ…
«... Արևմուտքում նկարահանվում են շատ հաջողված սերիալներ, որտեղ սցենարիստը ամենագլխավոր և առանցքային անձն է: Արևմտյան կինոյում դա ակնհայտ է, այնտեղ կա բարձրակարգ, արվեստով արված արտադրանք։ Ավելին, կան հայտնի սցենարիստներ, որոնց համար վարձվում են ռեժիսորներ և պրոդյուսերներ։
Ռուսաստանում դեռ չկա այդ ամենը, որովհետև այնտեղ ճաշակ թելադրում են հեռուստատեսային ալիքները, այսինքն, նրանք փող են տալիս և սահմանում այն կանոնները, ինչը հարմար է իրենց։ Տալիս են հանձնարարություն, և սցենարիստը զրկվում է ստեղծագործական ազատությունից։
Եվ խոսքը միայն ցենզուրայի մասին չէ, այլ այն, որ քեզ ուղենշում են միջանցքներ, որոնցով դու պիտի անցնես։ Այդ խեղճ սցենարիստները, որոնց փոխում են ձեռնոցների պես, հաճախ ստիպված են լինում կատարել այդ պատվերները: Այդ պատճառով էլ աշխատանքն այնքան էլ որակով չի լինում, թեպետ լինում են բացառություններ…»:
Սցենար գրելու ուղեցույց սկսնակների համար…
«... Այս հարցում ես վատ խորհրդատու եմ, կարող եմ ձեզ ուղուց շեղել։ Այդ բոլոր ձեռնարկները, դասագրքերը կարելի է գցել աղբարկղը։ Ամերիկացի հայտնի սցենարիստ Կաուֆմանն ասում էր. «Այն, ինչ գրել եմ, հակառակ դրանց եմ գրել»։
Օրինակ, ես շատ երկար ժամանակ որոնումների փուլում եմ լինում՝ մտահղացման, գաղափարի, ու մինչ այդ ամենն իմն եմ դարձնում և որոշում եմ գրել, շատ երկար ժամանակ է անցնում։
Հետո ինձ համար ամենատանջալից պահը սյուժեի մշակումն է։ Այդ ամենը հաղթահարելուց հետո շատ արագ եմ գրում։
«Ինչպես սցենար գրել» թեմայով վարժանքներին բացասական եմ վերաբերվում։ Այդ ողջ դասընթացը դու ես և այն, ինչ կա քո մեջ…»։
Նախընտրած ռեժիսորներ և ֆիլմեր…
«…Սիրում եմ Բունյուելի, Անտոնիոնիի, Բերտոլուչիի, Վիսկոնտիի ֆիմերը։ Օրինակ՝ «Վերջին տանգոն Փարիզում», կամ «Բուրժուազիայի համեստ հմայքը», «Աստվածների վախճանը»… Այս հարցում կարծես այնքան էլ օրիգինալ չեմ…
Հայկական ժամանակակից կինոն չգիտեմ, ինչպես նաև՝ ռուսական կինոն։ Ես ընդհանրապես կինոման չեմ, շատ բաներ չեմ հասցնում դիտել։ Ես աշխատում եմ, իսկ այդ ժամանակահատվածում փորձում եմ չնայել շատ բան՝ ազդեցության տակ չընկնելու համար։ Ճանաչել եմ միայն Արթուր Փելեշյանին։
Ես կասկածամիտ մարդ եմ։ Ամեն անգամ գործ ձեռնարկելիս՝ ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եմ արդյոք ես։ Եվ դա միշտ է այդպես, ամեն անգամ դպրոցականի պես եմ զգում ինձ …
Հիմա ինքնավստահ մարդկանց ժամանակն է։ Ինչպես ասում էր Պաստեռնակը՝«Ազնիվ չէ հանրահայտ լինելը, դա չէ, որ բարձրացնում է մարդուն»։ Հայտնի լինելը փող է բերում և, ցավոք, սա է կյանքի օրենքը։
Վրացական ազգանունով ռուս կինոգործիչ Ալեքսանդր Մինդաձեն ստացել է խորհրդային ու հետխորհրդային բոլոր հնարավոր կինոմրցանակները՝ Լենինյան կոմերիտմիության դափնեկրի, ԽՍՀՄ պետական մրցանակներից մինչև Սոչիի,Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակներ, մինչև ռուսաստանյան «Նիկա», «Ոսկե արծիվ» և այլն:
Ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես սցենարիստ՝ ռեժիսոր Վադիմ Աբդրաշիդովի համագործակցությամբ։ Առավել հայտնի գործերից են՝«Մոլորակների շքերթ», «Պլյումբում կամ վտանգավոր խաղեր», «Պաշտպանական խոսք», «Մամուկա» և այլ ֆիլմերը։
2007-ից որպես ռեժիսոր նկարահանել է «Պոկում», «Շաբաթ օրը», «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր» ֆիլմերը, որոնք նույնպես արժանացել են բարձր պարգևների։
Հետարտադրական փուլում է «Պարահարթակ» ֆիլմը՝ տանգոյի, 50-անց պարընկերների վերամիավորման, անցյալի հուշերի, պատրանքների մասին…
Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր։
Աննա Բախշյան