Արամ Մկրտչյան
Արամ Մկրտչյան

Ի՞նչ բացահայտեց Գերմանիայից եկած պատմությունը...

Օրեր առաջ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակին անդամակցեց մշակութաբան Արամ Մկրտչյանը, որ բնակվում է Գերմանիայի Մայնց քաղաքում:

Եվ ահա հեռակա զրույցի ընթացքում պարզվեց, որ Արամ Մկրտչյանն իր կենսագրությունում «թաքցնում է» մի փաստ, որն ուղղակիորեն կապված է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին օրերի հետ:

«ՀԱՅԵՐ»-ի դրդմամբ Արամ Մկրտչյանը բացահատում է այն՝ գողտրիկ մի պատմությամբ:

«Հայկական ընտանեկան ավանդույթների մի կարևոր մասը տոհմի լավագույն ներայացուցիչներին նվիրված  պատմություններն են։

Մեր տոհմն էլ իր արժանավորներն ունի, որոնք իրենց գործունեությամբ ոչ միայն տոհմի լավագույնն են ներկայացնում, այլ նաև վերջին հարյուր տարվա մեր քաղաքական անց ու դարձի անբաժան մասն են։ Մեր տոհմն այն տոհմերի թվին է պատկանում, որոնք վերջին  հարյուր տարվա ընթացքում ոչ միայն  մասնակից են եղել պետականակերտման գործընթացներին, այլև անընդհատ իրենց վրա որոշակի պատասխանատվություն են վերցրել։

Իմ տոհմական ազգանունը Սարգսյան է: Արմատներով Ալաշկերտից ենք: Ըստ որոշ զրույցների, մեր տոհմադիր նախնին Ալաշկերտ է տեղափոխվել Անիից՝ 1319 թվականի  երկրաշարժից հետո և տոհմական պատմությունների մեջ մնացել է Վանական անունով։

1828 թվականից հետո տոհմի մի մասն Ալաշկերտից տեղափոխվել է  Երևանի նահանգ, ապա բնակություն հաստատել ներկայիս Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Ինքս ինձ Գեղաշենցի եմ համարում։

Ըստ ավանդույթի, գյուղի եկեղեցու հիմնադիրը  Մուղդուսին է՝ պապուս պապը: Մուղդուսին  ծնվել է 1830 թվականին մոտ: Ասում են, որ նա ուխտ է արել և գնացել է Երուսաղեմ: Ճանապարհորդությունը տևել է մեկ տարի։ Մի սովորություն է եղել. նա ով պիտի մեկներ Երուսաղեմ, պարտավոր էր կտակ գրել: Համարվում էր, որ ճանապարհորդությունը շատ վտանգավոր է և մարդը կարող է չվերադառնալ։ Սակայն Մուղդուսին  բարեհաջող վերադառնում է և կառուցում է գյուղի ս․Գևորգ եկեղեցին:

Այդ ժամանակներից մինչև հիմա մեր տոհմի այդ ճյուղը ներկայանում է որպես Մուխսոնց: Մեր Գեղաշեն գյուղի պատմությանը նվիրված գրքի մեջ գրված է հենց այդպես՝ Մուխսոնց տոհմ։

Բայց սա ամենահետաքրքիրը չէ: Շատ հետաքրքիր պատմություններ կան կապված մեր տոհմի այլ ներկայացուցիչների հետ՝ Մուխսոնց Սարգսի, Մանասերի: Բայց ամենահետաքրքիրը, թերևս իմ պապու եղբոր՝ Երվանդի պատմությունն է, որին նաև Եփրեմ էին ասում։ Երվանդը կնունքով անունն էր, Եփրեմը՝ դաշնակցական: Այդ ժամանակներում դաշնակցականների մոտ ընդունված էր երկու անվան կիրառությունը:

Եփրեմի  մասին  քիչ թե շատ ամբողջական տեղեկություն կարողացա ունենալ 1987-88 թվականներին, պետական արխիվի հասանելիությունից հետո։ Եփրեմի մասին մեր մեծերը միշտ շշուկով էին խոսում: Մենք՝ երեխաներս այդ խորհրդավորությունից հասկանում էինք, որ ինչ-որ գաղտնիք կա։ Իսկ այդ գաղտնիքի հետ ես առնչվեցի մանկական տարիքում։

Հայրս գյուղի  միջնակարգ դպրոցի ուսմասվարն էր և մեր տանը հյուրեր հաճախ էին լինում ու դա մեզ համար սովորական էր։ Մի երեկո մեր տուն երկու տղամարդ հյուր եկան և երկար զրուցեցին հորս հետ։ Այդ երկու տղամարդիկ հեռացան առանց հյուրասիրվելու, որն ինձ համար շատ զարմանալի էր: Ես գիտեի, որ մեր տուն մտնողը պիտի հյուրասիրվի, նոր գնա։ Նրանց գնալուց հետո հայրս մտավ սենյակ: Նրա դեմքի արտահայտությունը շատ խորհրդավոր էր, իսկ ձեռքին մի  ծրար կար: Նայեց մորս և ասաց՝ Ամերիկայից նամակ ենք ստացել։ Նամակ ուղարկողը պապիս եղբայրն էր՝ Եփրեմը: 

Եվ ո՞վ էր Եփրեմը:

Եփրեմ Սարգսյանը առաջին հանրապետության կայացնողներից մեկն էր։ Թե իր ժամանակի, թե այսօրվա չափանիշներով փայլուն կրթություն էր ստացել։ Սովորել էր Երևանի թեմական դպրոցում, ապա՝ Գևորգյան Ճեմարանում, այնուհետև Դորպատի համալսարանում և 1916 թվականին վերադարձել էր Հայաստան:

Եփրեմ Սարգսյանն անդամագրվում է Հայ Հեղփոխական Դաշնակցությանը, զբաղվում է ակտիվ քաղաքական, հասարակական գործունեությամբ։ Ընտրվում է  առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, որոշակի պաշտոններ է զբաղեցնում, ընտրվում է Պարենի և հողային հանձնաժողովի քարտուղար։ Որպես կամավոր մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին։

Դառնում է Սիմոն Վրացյանի կողմից հռչակված Հայրենիքի փրկության կոմիտեի   նախաձեռնող անդամներից մեկը:

Ըստ պատմությունների՝ որոշ ժամանակ ապստամբության շտաբը եղել է մեր գյուղում՝Գեղաշենում, ապա տեղափոխվել է Գառնի։ Հորաքույր Արփոն (պապուս քույրը) երբեմն կցկտուր պատմություններ էր պատմում, հետն էլ ասում էր․«Չմեռնեմ՝ Երվանդիս տեսնեմ», ու շարունակում էր կրկնելով միշտ նույն պատմությունը. «առավոտ շուտ Երվանդս ձիով մտավ բակ, ձիուց իջավ, ինձ գրկեց, համբուրեց, նստեց դռան մոտ ու ասաց. եկել եմ մնաս բարով ասեմ, գնում եմ Պարսկաստան, ու գնաց...»:  Դա եղել է 1921 թվականի մայիսի վերջերին:

Տեղափոխվելով Իրան, ապա Ռումինիա, նա Ռումինիայում դասավանդում է հայոց լեզու: Այդ տարիներին նրա մոտ սովորում է նաև Վազգեն Պալճյանը՝ ապագա Ամենայն Հայոց Վեհափառը՝ Վազգեն Կաթողիկոսը: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա՝ Շտուդգարտ, ապա  տեղափոխվում է  Լոս Անջելես, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն։

Եփրեմի մասին  տեղեկություններ կան տարբեր գործիչների հիշողություններում: Գարեգին Նժդեհն էլ հիշատակություններ ունի Եփրեմի մասին։ Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոսը նույնպես հիշատակում է Եփրեմին: Ջոն Կիրակոսյանն իր գրքում բերում է մի փաստաթուղթ՝ Եփրեմ Սարգսյանի ստորագրությամբ և այլն:

Ինձ  համար նրա կերպարն ու գործունեությունն ամբողջովին բացահայտվեց Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո միայն։ Երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, մենք լիահույս էինք, որ վերջապես Հայաստանի Հանրապետությունը կկարողանա հանդես գալ մեր լիակատար իրավունքներով, որին մենք հաճախ անվանում ենք Վիլսոնյան Հայաստան։

1992 ից մենք ընտանիքով վերջնականապես բնակվեցինք Մոսկվայում՝ ուշի-ուշով հետևելով պետականաշինության գործընթացին: 1998-ին արդեն պարզ դարձավ, որ մենք ազգովի նորից շեղվեցինք բուն խնդրից, և չենք կարողանում հանդես գալ պահանջատիրությամբ՝ միջազգային իրավունքի չափանիշներով ներկայացնելով մեր բուն խնդիրը։ 1999-ին Մոսկվայում որոշակի խմորումներ էին գնում և նախապատրաստվում էինք  հռչակել Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, սակայն վերջին պահին ստեղծվեց Համաշխարհային Հայկական Կոնգրես։ Բնական է, գալիս է մի պահ, երբ պարտավոր ես վերցնել քո բաժին պատասխանատվությունը: Դեպքերի նման ընթացքն ինձ ստիպեց որոշում կայացնել և ես՝ 2000 թվականից սկսած, օգտագործելով այս վերջին հարյուր տարվա մեջ պետականաշինությանը մասնակից լինելու մեր տոհմական փորձը, ինձ վրա վերցրեցի որոշակի պարտավորություն և նախաձեռնեցի ստեղծել Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը։ 

2011 թվականի փետրվարի  4-ին՝ ի լուր աշխարհի հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման գործընթացի սկիզբը։ Մեր միակ նպատակն է հանդես գալ պահանջատիրությամբ․ «այն մասով, որ մասով հանդես չի գալիս Հայաստանի Հանրապետությունը, և պարտավորվում ենք վերանայել մեր լիազորություններն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա  պահանջատիրությամբ»»։

 

Գերմանիա,Մայնց

Արամ Մկրտչյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ