Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան

 

Տնտեսագիտական

կրթությունս

ստացել եմ

Երևանի

պետական

տնտեսագիտական

համալսարանում:

 

Իրավաբանական

կրթություն 

եմ ստացել

Հայաստանի

Ամերիկյան

համալսարանում:

 

Տնտեսագիտության

ոլորտը 

շարունակում եմ

նաև

գիտականորեն:

 

Ապահովագրության

ոլորտում

փորձառությունս

սկսել եմ 2011

թվականից:

 

Այս պահին

աշխատում եմ

«Ինգո Արմենիա»

ապահովագրական

ընկերությունում:  

Ինչո՞ւ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ գյուղատնտեսությունը

 

Փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունն այդ ոլորտը բնական աղետներից պաշտպանելու լավագույն մեխանիզմն է, իսկ Հայաստանը գրեթե ամեն տարի կանգնում է նման խնդրի առջև: Բնական աղետները զգալի վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը, գյուղին, գյուղացուն: 

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ընդամենը երեք տարի առաջ, 2013 թ.  մայիսին անկանխատեսելի ավերիչ կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության տնկիները և ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ տուժեց 46 համայնք։

Ըստ պաշտոնական տվյալների՝տուժած 46 համայնքները ներառում են 12,800 տնային տնտեսություններ, ավելի քան 5,000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։  Կառավարության հաշվետվությունների համաձայն՝ընդհանուր վնասի չափը գնահատվել է ավելի քան 25 մլրդ ՀՀ դրամ կամ 60 միլիոն ԱՄՆդոլար։

Գյուղացիները ժամերի ընթացքում հայտնվեցին անելանելի իրավիճակում։ Գյուղացու եկամտի միակ աղբյուրը հողից ստացված բերքն է։ Կորցնելով այն՝գյուղացին կորցնում է ամեն ինչ։ Հետևանքում առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյուղացիները ստիպված էին ինչ-որ կերպ գումար հայթայթել՝ վճարելու համար ոչ միայն կոմունալ ծախսերը,  առօրյա հոգսերի դիմաց, օրվա հացի դիմաց, այլև ամենասարսափելին՝վճարել բանկերից վերցրած վարկերը։

Ո՞Վ ԷՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՕԳՆԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Ըստ էության՝ ոչ-ոք: Միակ էական օգնությունը տրամադրեց կառավարությունը՝ վարկերի ժամանակավորապես սառեցման տեսքով։ Սա էր ի վիճակի: Պետությունը չկարողացավ հատուցել գյուղացիների կրած իրական վնասները։ 60 միլիոն դոլարն ուղղակի «անհաղթահարելի» շեմ էր ներկայիս բյուջետավորման պայմաններում։ 2013 թվականի տարեկան բյուջեի պլանավորման մեջ նման մասշտաբի աղետ չէր կանխատեսվել։

Այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում գտնել և ներդնել բնական աղետների հետևանքով կրած վնասների հատուցման արդյունավետ մեխանիզմներ։ Իսկ այդպիսիք կան:

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ գյուղատնտեսության բնագավառում առկա են ռիսկերի կառավարման հետևյալ մեթոդները.

Գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների կողմից ոչ գյուղատնտեսական ապրանքների վաճառքից ստացված այլ եկամուտների աղբյուրների ստեղծում:

Գյուղատնտեսական արտադրանքի դիվերսիֆիկացում:

Ֆինանսական հավելյալ միջոցների ձևավորում:

Շուկայավարման քաղաքականության մշակում և իրականացում:

Ֆորվարդային գնանշում, ֆյուչերսային կամ օպցիոն պայմանագրերի կնքում:

Լիզինգային պայմանագրերի կնքում:

Ագրոապահովագրության իրականացում, որը ներառում է գյուղացիական տնտեսությունների բերքի, համապատասխանաբար՝ նաև եկամուտների չստացման ապահովագրությունը, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև շենքերի և շինությունների ապահովագրությունը:

Գյուղատնտեսության բնագավառում առկա ռիսկերի կառավարման մեթոդների շարքում զարգացած տնտեսություն ունեցող երկրներում թերևս հաջողությամբ կիրառվում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը կամ ագրոապահովագրությունը: Ընդ որում` այն իրականացվում է ինչպես պարտադիր, այնպես էլ՝ կամավոր եղանակներով, այդ թվում նաև պետական մասնակցությամբ կամ աջակցությամբ: Քանի որ գյուղատնտեսական հատվածին հատուկ ռիսկերի կառավարման ընդհանուր մոտեցում գոյություն չունի, այս ոլորտին հատուկ ռիսկերը տարբերվում են ըստ երկրների և հանդիսանում տնտեսության ամենախոցելի հատվածը:

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԸ

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ ապահոավգրության այլ ձևերի ու տեսակների համեմատ ագրո-ապահովագրությունն առավել շատ պետական աջակցության ու պետության կողմից անհրաժեշտ ուշադրության կարիք ունի:

Այդ պայմաններում է միայն տեղի ունենում հիշյալ ապահովագրության ձևի արդյունավետ զարգացումը: Ընդ որում, այն երկրներում, որտեղ կառավարությունն ագրոապահովագրությանը բավարար ուշադրություն չի դարձնում՝զարգացումը տեղի է ունենում դանդաղ և համակարգային բնույթ չի կրում: 

Պետական աջակցությունն իրականացվում է գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվողներին սուբսիդիաներ կամ այլ ֆինանսական օժանդակություն տրամադրելու տեսքով, որի ընտրությունը պայմանավորված է պետության որդեգրած ռազմավարությամբ, ֆինանսական հնարավորություններով, քաղաքական կամարտահայտությամբ և այլն:

Գործնականում աշխարհում կիրառվում են ագրոապահովագրության աջակցության հետևյալ սուբսիդավորման ֆինանսավորումները.

Ապահովագրավճարների սուբսիդավորում. սովորաբար պետությունը փոխհատուցում է ապահովագրավճարի  30- 65%-ը:

Ապահովագրական հատուցումների սուբսիդավորում. հանդիպում է հազվադեպ և սովորաբար հետագայում փոխարինվում է ապահովագրավճարների սուբսիդավորման ձևի:

Ագրոապահովագրություն իրականացնող ապահովագրողների գործավարման (վարչական) ծախսերի փոխհատուցում:

Ապահովագրական ծառայությունների (պրոդուկտների) ֆինանսավորում:

Գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվողների համար կատարվող կրթական և տեղեկատվական միջոցառումների ֆինանսավորում:

Վնաս կարգավորող փորձագետների որակավորման, կրթման գործընթացների, մատուցած ծառայությունների ֆինանսավորում:

Գիտահետազոտական աշխատանքներիֆինանսավորում:

Պետության կողմից ագրոապահովագրության ամբողջ ռիսկերը (կամ դրա մի մասը) ստանձնելու նպատակով վերաապահովագրության ֆինանսավորում կամ Stop-Loss մեխանիզմի միջոցով վերաապահովագրության աջակցության տրամադրում:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԸ

Հաշվի առնելով ագրոապահովագրության ծրագրերի սուբսիդավորման գործընթացի բարդությունը՝ երկրների մեծ մասում ստեղծվում են ծրագրի ադմինիստրատորի գործառույթներ իրականացնող հատուկ մարմիններ կամ համակարգեր, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ագրոապահովագրության նպատակով նախատեսված պետական միջոցների օգտագործման վերահսկողությամբ:

Վերջիններս նաև որոշում են ագրոապահովագրության սուբսիդավորման սկզբունքները, մշակում ապահովագրական ծառայությունները (պրոդուկտները), հաշվարկում սակագները, իրականացնում մարքեթինգ, վնասների գնահատում ու կարգավորում, կատարում ծրագրի տվյալների շարունակական վերլուծություն, աջակցում գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների համար կազմակերպված կրթական ու տեղեկատվական միջոցառումներին, որոշում ռիսկերի վերաապահովագրության (դրա սուբսիդավորման) կարգը, տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, ապահովագրողի և կառավարության միջև տարեկան արդյունքներով անդերռայթինգային շահույթի բաշխման եղանակը և այլն:

Ագրոապահովագրության պետական-մասնավոր գործընկերային ծրագիրը պետության և մասնավոր հատվածի միջև համապատասխան գործառույթների և պարտականությունների բաշխման եղանակ է, որը կիրառում են ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Չինաստանը, Բրազիլիան, Սուդանը, Մալավին և այլն:

Այս ծրագրում կողմերի իրավունքների ու պարտականությունների բաշխումը պայմանավորված է յուրաքանչյուր երկրի պետական կառուցվածքի և օրենսդրության առանձնահատկություններով, ապահովագրական համակարգի զարգացման մակարդակով և սուբսիդավորման սկզբունքներով:

Հիմնական տարբերությունը մասնավոր ապահովագրողների կողմից սեփական պահմանը թողնված ռիսկերի չափերի մեջ է: Ռիսկերի մի մասն ինքնուրույն ստանձնելու (մասնավոր վերաապահովագրողների կամ պետական վերաապահովագրական ֆոնդերում ռիսկերը տեղաբաշխելու հնարավորություն) հանգամանքը որոշ երկրներում (ԱՄՆ, Իտալիա) ծրագրի մասնակցության պայման է հանդիսանում:

Նշվածի այլընտրանքն Իսպանիայում և Թուրքիայում ներդրված համակարգն է, որտեղ մասնավոր ապահովագրողներն, ըստ էության, ապահովագրության պայմանագրերի վաճառք իրականացնող գործակալներ են և կնքված պայմանագրերով պատասխանատվություն (այդ թվում հատուցման) չեն կրում: Դա դրված է հատուկ ստեղծված կազմակերպությունների՝ Իսպանիայում Agroseguro-ի, Թուրքիայում՝ TARSIM-ի վրա:

Ծրագրի կանոնակարգումն ԱՄՆ-ում իրականացնում է մշակաբույսերի ապահովագրության նահանգային կոորպորացիան՝ FCIC-ը, որը մասնակից ապահովագրողների հետ կնքում է վերաապահովագրության ստանդարտ պայմանագրեր, իսկ Իտալիայում ծրագիրը համակարգում է  2007թվականից սոլիդար վերաապահովագրական փուլի (Co-Reinsurance pool) վերակազմավորված գյուղատնտեսական ապրանքների շուկայի զարգացման ինստիտուտը (ISMEA):

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում բացակայում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգը: Ապահովագրական ընկերությունները խուսափում են իրենց վրա վերցնել այսպիսի ռիսկայնությամբ ոլորտ, քանի որ առկա են հետևյալ խոչընդոտները.

ԱՌԱՋԻՆ

Պետությունը չի աջակցում ապահովագրական ընկերություններին՝ մշակել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության պրոդուկտներ, իրականացնել հաշվառում և ռիսկերի գնահատում: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել առանձին պետական մարմին, որն էլ հենց կզբաղվի ագրոապահովագրության ներդրմանբ և իրականացմամբ:

ԵՐԿՐՈՐԴ

Վերաապահովագրական ընկերությունների համար Հայաստանի ապահովագրական շուկան ամենահետաքրքիրներից չէ, քանի որ ծավալային առումով շատ փոքր է, իսկ ագրոռիսկերի առումով՝ ռիսկային:

ԵՐՐՈՐԴ

Գյուղացիների մոտ բացակայում է ապահովագրական մշակույթը և գիտակցումը:

Քանի որ 2011 թվականին Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրումը ցույց տվեց, որ այս ոլորտում առաջարկն է բացահայտում պահանջարկը, այլ ոչ թե հակառակը, և ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ աճեց մարդկանց վստահությունը ապահովագրության նկատմամբ, գիտակցական մոտեցումը սկսեց գերակայել, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը նույնպես անհրաժեշտ է իրականացնել պետական մակարդակով և մասշտաբային:

Եթե նույնիսկ այս պահին պետությունը չունի դրա անմիջական կիրառման հնարավորությունը, գոնե անհրաժեշտ է, որ կառավարությունը սկսի սկզբունքային խոսակցությունը, քննարկումը, մոդելների ճշգրտումը, ասել է թե՝ բազային աշխատանքը: Բնական աղետները չունեն կանխատեսելիություն, կարկտային կայաններն էլ չեն կարող փրկության դուռ լինել, իսկ գյուղացին հող ունի մշակելու:

 

Լևոն Քոչարյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ