«Ինչո՞ւ եք պարտվում չարին, Նորին Սրբություն...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Գուցե այսպես, գուցե՝ պարզապես բաց նամակ Ֆրանցիսկոս պապին…
Սրբազան Քահանայապետ,
Ես իտալերեն գրեթե չգիտեմ, բայց պաշտում եմ Ապենինյան թերակղզու երգեցիկ լեզուն՝ օպերա կամ սովորական խոսակցություն կամ աղոթք լսելիս: Ընդհանրապես, այնքա՜ն բաներ են կապում իտալացիներին մեզ՝ հայերիս: Երևի թե միայն Սուրբ Ղազարի միաբանությունը կամ Վատիկանում Գրիգոր Լուսավորչի արձանի առկայությունը բավական պիտի լինի: Եվ, իհարկե, Ձեր կիրակնօրյա աղոթք-ուղերձները՝ ուղղված աշխարհի գրեթե մեկ միլիարդ կաթոլիկներին և ոչ միայն նրանց:
Ես հիշում եմ Ձեր այցելությունը Հայաստան 2016 թվականին՝ Արցախի քառօրյա պատերազմից հետո: Երբեք չեմ մոռանա այդ հոգեպարար ամառային երեկոն և Ձեր նույնքան հոգեպարար ձայնը Երևանի Հանրապետության հրապարակում: Հաջորդ առավոտյան Դուք խաղողի որթ տնկեցիք և խաղաղության աղավնի բաց թողեցիք Նոյ նահապետի օրհնած հողում, որից հետո վերադարձաք Վատիկան՝ մեզ թողնելով Ձեր օրհնանքը և Բարու ու Ճշմարիտի հույսը: Ես ինքս այնքա՜ն երջանիկ էի, իսկ իմ ականջներում Ձեր ձայնն էր՝ խաղաղության շարականի պես մաքուր և անդորրաբեր:
2023-ին՝ յոթ տարի անց, ես կրկին լսեցի Ձեր կիրակնօրյա ուղերձը:
Ինչե՜րի միջով անցավ հայ ազգը այդ յոթ տարվա ընթացքում՝ պատերազմներ, զոհեր, չկայացած ընտանիքներ, խեղված մարդիկ ու ճակատագրեր, շրջափակում, սով, երեխաների լաց և թերսնումից պտուղը կորցնող երիտասարդ կանայք, գաղթ և, ի վերջո, Արցախ կոչվող հայրենի հողի կորուստ:
Մենք սա կհիշենք, ինչպես հիշում ենք Արևելյան Հռոմեական կայսրություն կամ Բյուզանդիա կոչվող գերտերությունը, որը Հայաստանի հարևանն էր և որն այսօր չկա:
Երբ կարդում ես Բյուզանդիայի պատմությունը՝ այնպիսի տպավորություն է առաջանում, թե այդ հզորագույն կայսրությունը միայն մի պատմական նպատակ ուներ՝ կործանել Հայաստան աշխարհը: Հայաստանը շատ տուժեց, բայց չկործանվեց, իսկ 1453-ին ընկավ Կոնստանդնուպոլիսը: Թուրքերի առաջին գործը Սուրբ Սոֆիայի տաճարի զանգը վար նետելն էր: Այդ գուժաբեր ղողանջը շատ երկար էր արձագանքում Եվրոպայում: Վստահ եմ, որ այս պատմությունը Դուք լավ գիտեք: Հատկապես, որ եղել եք Հայաստանում և շատ եք շփվել հայերի հետ:
Դրանից 570 տարի անց՝ 2023 թ. սեպտեմբերին, Հայաստան աշխարհի Արցախ նահանգում թուրքերը կործանեցին հայերի կանգնեցրած հիսուն մետրանոց խաչը, որը պարզապես խաչ չէր, այլ քրիստոնյա աշխարհի սահմանագիծը: Սահմանն այլևս բաց է: Հիմա մնաց մի փոքրիկ Զանգեզուր: Եթե այսօր կամ վաղը քրիստոնյա աշխարհի անտարբեր հայացքի ներքո նա էլ ընկնի, ապա շատ արագ կկործանվի Հայաստանը և «առաջավոր» Եվրոպան կկանգնի Մեծ Թուրանին դեմ հանդիման:
Բայց սա արդեն Եվրոպայի խնդիրը կլինի, քանի որ ինձ բացարձակ հետաքրքիր չէ այն աշխարհը, որտեղ չկա Հայաստանը:
Քանի դեռ Արցախը հայկական էր, Երևանում մենք մեզ ապահով էինք զգում, քանի որ թուրքը հեռու էր: Բայց մի՞թե Դուք չեք վախենում, որ մի քանի տարի անց թուրքերը դարձյալ կփորձեն մտնել Հռոմ ու Վիեննա: Վախենամ, որ այս անգամ նրանց դեմ կռվող չի լինելու, քանի որ ոչ թե պարզապես ասպետները չկան, այլ, ընդհանրապես, ասպետականությունն է վերացել միջին եվրոպացու միջից: Վերացել է ոչ միայն երկաթե զրահներով ու սրերով զինվորականությունը, այլ ոգու և խղճի ասպետությունը:
Այսօր ամեն ինչ վաճառվում է, անգամ՝ խիղճն ու վեհությունը:
Մի՞թե Դուք չլսեցիք Արցախում հառնող հիսուն մետրանոց խաչի փլուզումը:
Մի՞թե փակ են Ձեր ականջները: Թե՞ հարմար է չլսելը:
Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչից է ամենաշատը սարսափում հայ մարդը:
Անարդարությունից:
Անարդարությունը սպանում է հային: Մի՞թե Դուք ցանկանում եք մաս կազմել այսօր հայի դեմ իրականացող համատարած անարդարությանը: Մի՞թե մոռացել եք, որ մեր Աստվածը նախ և առաջ Արդարության Աստվածն է: Իսկ այսօր հայը մենակ է մնացել արդարության դեմ մղվող պատերազմում:
Պողոսն ասում է՝ Մի՛ պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր նրան: Նորին Սրբություն, ինչու՞ եք Դուք ամեն օր պարտվում չարին:
Ինչու՞ Ձեր վերջին կիրակնօրյա ուղերձի ժամանակ Դուք այնքան համարձակություն չունեցաք, որ նայեք ձեր սիրելի հոտի աչքերին և ճշմարտությունն ասեք աշխարհին:
Այդ ի՞նչ խաղաղության և բանակցելու կոչ եք անում գայլերին և գառներին: Ախր մենք՝ հայերս այնքա՜ն ենք սիրում Ձեզ և այնքա՜ն ենք սիրում Իտալիան: Այն Իտալիան, որն այսօր ադրբեջանական գազի ամենամեծ գնորդն է և պայմանագիր է ստորագրել հայերին սպանող Ադրբեջանին իտալական արտադրության ռազմական օդանավեր վաճառելու մասին:
Ինչի՞ համար և ինչի՞ մասին են այսօր Ձեր խաղաղության կոչերը, Սրբազան Քահանայապետ:
Որ թուրք մարդասպաններն ավելի՞ համարձակ լինեն Արցախի հայ քրիստոնյաներին մորթելու գործում: Որ առավել համարձակորե՞ն պայթեցնեն մեր խաչերը, խաչքարերը, նահատակների գերեզմաններն ու եկեղեցինե՞րը:
Ինչի՞ համար են Ձեր լղոզված բառերը, որից անտեղյակ մարդը ոչինչ չի հասկանա, իսկ տեղյակը միայն կտարակուսի: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թուրքերն աչքիդ առաջ մորթում են զավակներիդ, հղի կնոջդ ու ծնողներիդ: Իսկ դու չես կարող անգամ պաշտպանել նրանց, քանի որ քեզ մինչ այդ են գնդակահարել:
Ասե՛ք ինձ, Սրբազան Քահանայապետ, մի խորհուրդ տվեք՝ ես ինչպես այցելեմ պապերիս՝ Ստեփանակերտում մնացած գերեզմաններին: Ես ինչպես գնամ Հադրութում գտնվող Դրախտիկ անունով այն գյուղը, որտեղ իմ հայրն է ծնվել ու ապրել: Ես ի՞նչ անեմ Բաքվի բանտերում տառապող իմ եղբայրների համար…
Ասեք ինձ, խնդրում եմ: Իմ իմաստությունը չի հերիքում:
Ի՞նչ կլիներ աշխարհի կարգը, եթե Հիսուսն էլ իր քարոզն ու առակները կիսատ-պռատ ու լղոզված բառերով մատուցեր: Ի՞նչ կլիներ, եթե նա վախենար խաչվելուց ու ծվարեր Մարիամ Մագդաղենացու փեշի տակ: Ես գիտեմ ինչ կլիներ՝ Քրիստոսի հետևից ոչ ոք չէր գնա: Եվ այսօր ո՛չ քրիստոնեական դավանանքը կլիներ, ո՛չ Վատիկանը, ո՛չ Սուրբ Պետրոսի տաճարը և ո՛չ էլ այն պատշգամբը, որից Դուք կիրակի օրերը դիմում եք աշխարհի մեկ միլիարդ քրիստոնյաներին:
Ինչո՞ւ եք պարտվում չարին, Նորին Սրբություն: Այո՛, ճշմարտության փոխարեն հնչող կեղծ ու լղոզված բառերը կամ կիսաճշմարտությունը ևս պարտություն են: Մինչդեռ կարող էիք կիրակի առավոտյան ամբողջ աշխարհին ասել, որ Հայաստանում թուրքերը հայ քրիստոնյաներին են սպանում, բռնաբարում կանանց ու աղջիկների ու գնդակահարում անգամ մանկահասակ երեխաների, իսկ հետո դաշույններով տնետուն ընկած հայեր փնտրում, որ մորթազերծ անեն:
Չէ՞ ոչ Դուք գիտեք խոսքի ուժը: «Սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր: Եվ Բանը Աստված էր…»: Այսօր, հենց այսօր պետք է ազնիվ ու շիտակ խոսք ասել, որ այդ խոսքը հասնի Աստծուն և հասնի մարդկանց ականջներին ու սրտերին: Սրտով ու հոգով Ձեզ լսող մարդիկ դրան են սպասում, Նորին Սրբություն: Մարդիկ կարոտ են շիտակ ու մաքուր խոսքի, որ հետո շիտակ ու մաքուր գործ կդառնա: Ի՞նչ գործ պիտի դառնա լղոզված ու անհասկանալի խոսքը…
Մի՞թե չեք մտածել, որ հիմա, երբ երկնքում ևս ահավոր ճակատամարտ է բարու և չարի միջև, Հիսուսն էլ Ձե՛ր կարիքն ունի: Եվ այս բախտորոշ պահին, երբ պետք է մի ազնիվ ու անկեղծ խոսքով կանգնել Հիսուսի կողքին, Դուք Պետրոսի պես ուրացաք նրան: Ուրացաք հանուն կեղծիքի, հանուն այս աշխարհի իշխանի:
Հույս ունեմ, որ ոչ հանուն խավիարի ու տաք ձմեռվա:
Ուրեմն, ինչո՞վ եք Դուք տարբեր ՄԱԿ-ի պատվիրակության երկերեսանի անդամներից, որոնք դատարկ Ստեփանակերտում «ոչ մի բռնության հետք չտեսան»: Ինչո՞վ եք Դուք տարբերվում դատարկված մայրաքաղաքում ուրվականներին ալյուր բաժանող կեղծ խաղաղապահներից:
Մեծն Դանթեն ասում էր, որ դժոխքի ամենադժնի պարունակները նրանց համար են, ովքեր մեծ ցնցումների ժամանակ չեզոքություն են պահպանել: Չէ՞ որ մի օր Դուք ևս կանգնելու եք երկնային դատաստանի առջև, ու Երկնային հայրը Ձեզնից պատասխան է պահանջելու ստի կամ կիսաճշմարտության համար:
Եվ ի՞նչ եք ասելու նրան այդ պահին: Երևի՝ «Այդպիսին էր քաղաքական նպատակահարմարությունը, Տեր…»:
Ես կուզեի տեսնել Երկնային հոր հայացքը Ձեր այդ պատասխանի ժամանակ: Այդ պահին նրա կողքին արցախցի ութնամյա և տասնամյա եղբայրներն են լինելու կանգնած, որոնց օրեր առաջ մեռցրին թուրքերը միայն այն բանի համար, որ հայ էին և հայի զավակ: Պատրաստվեք նրանց աչքերին ևս նայելու, Սրբազան Քահանայապետ:
Գիտեք, որ «դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև քո խոսքերով պիտի դատեն քեզ»: Այդ ժամանակ էլ կասեք՝ Քաղաքական անկողմնապահության թելադրանքն էր այդպիսին: Հիրավի՜, Հերովդեսին հարիր բառեր: Ապրե՛ք դրանով: Աստված Ձեզ դատավոր, Նորին Սրբություն:
Ես հասկանում եմ, որ այս աշխարհը կառավարող քաղաքական այրերը փողոցային պոռնիկից ավելին չեն: Դա մենք գիտենք: Բայց Դու՜ք… Չէ՞ որ ամեն կիրակի առավոտյան Ձեր կարդացած քարոզ-ուղերձը մեկ միլիարդ մարդ է լսում և նայում, և Ձեր քարոզը Հիսուսի «Լեռան քարոզի» փոքրիկ տարբերակը պետք է լինի, այլ ոչ թե արյունարբու դահիճների և նրանց զոհերի միջև խաղաղության և բանակցությունների մասին կաղապարային բառերի անհասկանալի մի շարան:
Օգոստոս Երանելիի բառերով ասեմ՝ «Մի՞թե կարծում եք, թե Աստված մեզ վերևից է տեսնում: Ո՛չ, Աստված մեզ մեր ներսից է տեսնում»: Ի՞նչ կա Ձեր ներսում, Նորին Սրբություն…
Հ.Գ. Ես գրեցի այս նամակն ու հետո հասկացա՝ բայց ես ինչո՞ւ եմ դիմում կաթոլիկների քահանայապետին և ոչ իմ՝ Հայ Առաքելական եկեղեցու (նույնիսկ՝ եկեղեցիների) Նորին Սրբություններին: Ես ինչո՞ւ եմ պահանջում կաթոլիկների Հոտի առաջնորդից, երբ իմ Հոտի առաջնորդից նախևառաջ պետք է պահանջի: Երևի նրանց պետք է հարցնեի՝ բացվեցի՞ն Հայոց Վեհարանի դռները Արցախից գաղթականների շարանների առաջ, թե՞ չկար Ամենայն Հայոց Բանաստեղծը, որ հանդիմաներ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես հարյուր տարի առաջ: Բացվեցի՞ն հայոց եկեղեցու (նույնիսկ՝ եկեղեցիների) գանձարանները հայ գաղթականների համար: Բացվեցի՞ն տաք ապուրի սեղաններ հայ որբերի ու անտունների համար: Իջա՞վ իմ Եկեղեցու հոգատար ձեռքը նրանց գլխին: Խոսե՞ց իմ Եկեղեցին աշխարհի Եկեղեցիների հետ այն աղետի մասին, որ 21-րդ դարում ապրեց հայ ժողովուրդը: Հրավիրե՞ց իմ Եկեղեցին աշխարհի եկեղեցիներին Հայաստան ու Արցախ՝ կանխելու վերահաս աղետը: Գնացի՞ն իմ Եկեղեցու (նույնիսկ՝ եկեղեցիների) Նորին Սրբությունները Արցախ, երբ աղետը մոտ, շատ մոտ էր, թե բավարարվեցին ռազմակոչերով՝ խաղաղության որոնումների փոխարեն:
Թե՞ իմ Եկեղեցունը միայն աղոթքն էր ու քաղաքականությունը ու հենց դրա համար ես միամտաբար նամակս ուղղեցի ուրիշի Հոտի առաջնորդին:
Սիրով և խաղաղությամբ՝
Հոկտեմբերի 2023 թ.
Արդեն մտովի՝ Հադրութ – Ստեփանակերտից՝ Երևան...
Դավիթ Խաչիյան