«Յասոնը եղել է Հայաստանում». պնդում է ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆԸ
Հույները հավատում են իրենց առասպելներին, հրեաներն՝ իրենց, հնդկացիներն էլ՝ իրենց: Էլ չեմ խոսում հնդիկների և մյուսների մասին: Ամբողջ աշխարհն է խարխափում իրականության և լեգենդների սահմանագծի բավիղներում: Շատ դժվար է նկատել, թե որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը:
Բայց բնական հարց է երևան գալիս. ինչո՞ւ հունական կամ հրեական առասպելներն ընկալվում են գրեթե իբրև իրականություն, իսկ մերը՝ հայկականը, զուտ մտացածին:
Միգուցե փորձենք վերականգնե՞լ պատմական արդարությունը:
Համենայն դեպս, Տրոյան դեռ հայտնագործված չէ, և չկա որևէ ապացույց, որ Հենրիխ Շլիմանը հենց Տրոյայի ավերակներն ու Պրիամոսի գանձերն է գտել: Շատ կասկածելի են փաստարկները: Ավելի շուտ մենք գործ ունենք ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու փորձի հետ: Բայց դա չի խանգարում, որ այդ թեմայով ամեն տարի մենագրություններ գրվեն, իսկ Թուրքիան, որի այժմյան տարածքում է այդ մտացածին Տրոյան, տարեկան հարյուր հազարավոր տուրիստներ ընդունի, զարմացնի փայտաշեն ձիու սնամեջ արձանով և միլիոնավոր դոլարներ շահի՝ պարզապես օդ վաճառելով:
Մենք՝ հայերս, այս առումով մի քիչ շփացած ենք: Պատմական և մշակութային արժեքներն այնքան շատ են, որ սկսել ենք գրեթե արհամարհանքով վերաբերվել դրանց:
Անգլիացիները 20-րդ դարում կարողացան բետոնից Քարահունջ (Stonehenge) պատրաստել և դրա օգնությամբ պատմություն ու միլիոններ սարքել: Մենք ինքներս մեր հնամենի Քարահունջը (Զորաց քարեր) նսեմացնում և արժեզրկում ենք՝ ասես մի անհայտ հրահանգով:
Ինչո՞ւ պիտի մեր Հայկի ու Բելի պատմությունը, կամ էլ Արամ Մեծի կամ Արտաշեսի մասին գրավոր ասքերը զուտ իբրև առասպել ներկայացվեն... Չգիտեմ ուրիշների համար ինչպես, բայց գոնե ինձ համար դրանք բացարձակ ճշմարտություններ են: Արամը, որի անունով մեր երկիրը բոլորը Արմենիա են անվանում, հանկարծ ինչ-որ մեկի թեթև ձեռքով դառնում է առասպելական հերոս: «Հայկը հսկա՞ էր և հսկաների սերնդի՞ց: Հիմարություն, նման բան չի կարող լինել, քանի որ նման բան ընդհանրապես չի կարող լինել»:
Իսկ Տորք Անգեղի (Angel) պատմությունը հսկաների տոհմի մասի՞ն: Ինչո՞ւ Տիբեթում կամ որևէ այլ տեղ գրի առնված զրույցներն ընդունվում են որպես իրականություն, իսկ մեր հայկականը ծաղրի և արհամարհանքի է արժանանում անգամ մեր՝ հայերիս կողմից: Չմոռանանք, որ Խորենացու ամենաանողոք քննադատներն առաջին հերթին հենց հայազգի վայ-գիտնականներն են եղել, որոնք, ինչպես Ստեփան Մալխասյանցն է գրում, մի տեսակ մրցավազքի մեջ էին ընկել՝ փորձելով առավելագույնս փնովել Քերթողահորը և նրա «Պատմությունը»:
Ինչևէ, փորձենք մի փոքրիկ օրինակի հիման վրա վերականգնել պատմական փաստերը, եթե դրանք անգամ այս կամ այն չափով տատանվում են իրականության և առասպելի նուրբ եզրագծի վրա:
Ա.
Երբ աչքի եմ անցկացնում Պատմական Հայաստանի քարտեզները, միշտ տարակուսանքն է պատում ինձ՝ ինչո՞ւ են Հայոց արքաները Մեծ Հայքի այաստանի Հայաստանի Հհյուսիսային սահմանները սահմանափակել Արևելապոնտական լեռներով: Չէ՞ որ երկրի ապահովության տեսակետից ավելի տրամաբանական կլիներ, եթե հյուսիսային սահմանն անցներ Սև ծովով (Եվքսինյան Պոնտոս):
Հետագայում ռուս երկրաբանների ուսումնասիրությունների մեջ հետաքրքիր մի բան կարդացի. այժմյան արևմտյան Վրաստանի այն հատվածը, որը կոչվում է Կոլխիդայի դաշտավայր և որով հոսում է Ռիոն գետը, ոչ հեռավոր անցյալում ջրածածկ տարածք է եղել: Դրա մասին են վկայում այդտեղ հայտնբերված (և ցայսօր հայտնաբերվող) ծովային ապարները, աղային կուտակումները և կենդանիների մնացորդները): Ընդ որում այդ տարածքը ջրից բացվել է համեմատաբար վերջերս՝ 2-3 հազար տարի առաջ, ու մինչ այսօր էլ ճահճային գոտի է: Սև ծովի մակարդակն այդ ժամանակ անհամեմատ բարձր է եղել՝ ընդհուպ մինչև Պոնտական լեռներ և այժմյան Քութայիսից արևելք:
Բ.
Հաջորդ անհասկանալի պահը Մեծ Հայքի արևելյան սահմաններին է վերաբերում:
Ինչո՞ւ է Թորգոմի և Հայկի տիրույթների տարածումը վերջանում Սիսակով և վերջինիս տուն Սյունիքով: (Արցախը, Ուտիքը և Փայտակարանն ավելի ուշ են երևան գալիս): Իսկ ընթերցողն արդյոք տեղյա՞կ է, որ Վրկանից (Կասպից) ծովը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է 27 մետրով: Եթե ինչ-որ մի բնական աղետի պատճառով Կասպից ծովի մակարդակը բարձրանա ընդամենը 6 մետրով, ապա Արցախը կդառնա ծովափնյա երկիր, իսկ Քուր-Արաքսյան ամբողջ իջվածքը (այսպես կոչված Մուղանի դաշտավայրը) կհայտնվի ջրի տակ: Ի դեպ, հենց այսպես է եղել մոտ 3.5 հազար տարի առաջ: Սրա մասին են վկայում երկրաբանների ուսումնասիրությունները, որոնց համաձայն վերջին երեք հազար տարվա ընթացքում այս հսկա լճի մակարդակն իջել է մոտ 15 մետրով և շարունակում է տատանվել:
Ուստի պատահական չէ, որ թե՛ ադրբեջանական, թե՛ վրացական ժամանակակից քաղաքագետներն ամեն կերպ մերժում են այդ փաստերը, քանի որ դրանք հակասում են պետական նորաթուխ պատմագիտության դրույթներին:
Ուշադրություն դարձրեք ժամանակակից քարտեզագրությանը և դրա՝ արդեն դասական և անգամ ընդունելի դարձած սխալներից մեկին: Մասնագետները վերցնում են տեղանքի ժամանակակից ֆիզիկական քարտեզը և դրա վրա նկարում մի քանի հազար տարվա վաղեմության սահմաններ: Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ երկրի լանդշաֆտը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Սրա մասին առավել հանգամանորեն կխոսենք ստորև:
Մեկ այլ հարց էլ աշխարհագրական տեղանունների անվանումների հարցն է:
Օրինակ՝ արհեստականորեն և միտումնավոր ներմուծված «Արևելյան Անատոլիա» (բառացիորեն՝ Արևելյան Արևելք) կեղծ եզրույթը, որով խաչ է քաշվում Հայկական լեռնաշխարհ արտահայտության վրա:
Ցավալին այն է, որ անգամ շատ հայ պատմաբաններ և աշխարհագրագետներ ընդունում և օգտագործում են այս հնարովի և հայադավ բառակապակցությունը: Ուստի թող զարմանք չառաջացնի, որ Բրիտանական թանգարանում Անահիտ աստվածուհու կիսանդրին երբեմնի ներկայացվում էր իբրև հին թուրքական արվեստի գործ: Այսպես է խաբեությունը սպրդում պատմության մեջ ու նախ դանդաղ, ապա ավելի վստահաբար տարածում իր թունավոր շոշափուկները:
Ի հավելումն վերը նշվածի, բերենք Խորենացու պատումը Առաջին գրքի ԺԲ գլխից՝ «Իսկ Գեղամը տարիներ անցնելուց հետո Արմավիրում ծնավ Հարմային (Արամ Ա Մեծի հայրը – Դ.Խ.). նա Հարմային թողեց Արմավիրում բնակվելու իր որդիների հետ, իսկ ինքը գնաց արևելյան հյուսիսում եղած մյուս լեռան հետևի կողմը, մի ծովակի ափ: Նա շենացնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ և իր անունով լեռը կոչում է Գեղ, իսկ շեները՝ Գեղարքունի, ինչպես կոչվում է նաև ծովը: Այստեղ նա ծնավ իր Սիսակ որդուն, որ մի սեգ ու թիկնավետ, վայելչակազմ, կորովախոս գեղեցիկ աղեղնավոր էր: Նրան է տալիս իր ստացվածքի մեծ մասը և բազմաթիվ մարդիկ՝ իբրև ծառա, և նրա ժառանգության սահման է կտրում ծովից դեպի արևելք մինչև մի դաշտ, որտեղ Երասխը, սեպացած լեռները ճեղքելով, երկար ու նեղ ձորերով անցնելով, ահագին շառաչյունով թափվում է դաշտը: Սիսակն այստեղ բնակվելով իր բնակության սահմանները լցնում է շինություններով և աշխարհը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական»:
Ուշադրություն դարձնենք, սա մոտավորապես Ք.Ա. 19 կամ 18-րդ դարն էր:
Այսինքն, այդ ժամանակ Արաքսը (Երասխը) լցվում էր ոչ թե Քուրի (Երասխ-Արաքսի քույր գետի) մեջ, այլ ուղղակի «դաշտը»: Տրամաբանական է եզրակացնել, որ Քուրն էլ, իր հերթին, Արաքսից առանձին լցվում էր նույն դաշտը և ապա Կասպից ծովը: Այսինքն՝ մոտավորապես 3.5 հազար տարի առաջ Վրկանից ծովից արևմուտք ընկած ողջ ցածրավայրը ծովի ջրերի տակ էր: Ուստի Մեծ Սյունիքը տրամաբանորեն դառնում էր Հայոց արևելյան սահմանը՝ սահմանազատված ծովով:
Ստրաբոնն էլ է հաստատում այս միտքն իր «Աշխարհագրության» 33-րդ գլխում՝ գրելով, թե «Վրկանից Աշխարհից սկսած՝ Կասպից ծովը ընդարձակվում է՝ մինչև հասնում է Մարաստանի և Հայաստանի լեռները: Սրանք ներքևում ունեն մահկաձև կերպարանք և վերջավորվում են ծովի մոտ՝ ձևացնելով ծովի խորքը»:
Ստրաբոնի և այլ պատմիչների տեղեկությունների համաձայն, հանրահայտ հայկական նժույգներն էլ հենց Կասպից ծովի ափերին ու կղզիներում էին բուծվում:
Եվս մեկ մեջբերում Ստրաբոնից (44.13)՝ «Ասում են, թե հնապես Արաքսն էլ Հայաստանում լեռներից իջնելով փռվում և ծովանում էր ստորադիր դաշտերում, որովհետև ելք չուներ: Յասոնը, նմանությամբ Տեմպեի, շինել է մի բացվածք, որով այժմ ջուրը հոսում է Կասպից ծով: Սրանով մերկացավ Արաքսենի դաշտավայրը, որով հոսելով՝ գետը հասնում է ջրվեժին»:
Մեկ այլ մեջբերում (30) ՝ «Ասում են, թե Յասոնը Թեսալացի Արմենոսի հետ դեպի Կողքիս (հունարեն՝ Κόλχους) նավարկության ժամանակ առաջացել է և՛ մինչև Կասպից ծով, և՛ անցել է Վրաստանը, Աղվանքը, և՛ Հայաստանի ու Վրաստանի շատ մասը, ինչպես վկայում են Յասոնականքը և շատ բազմաթիվ հիշատակարաններ»:
Այսինքն՝ Յասոնը եղել է Հայաստանում և ավելին՝ բացել է այժմյան Արարատյան դաշտի սահմաններում լճացող Արաքսի ջրերի դիմացը, և ջուրը հոսելով հասել է Կասպից ծով: Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք Յասոնի ճամփորդությունը նկարագրող ժամանակակից քարտեզները, այնտեղ որևէ նշում չկա, որ Յասոնն ու իր հերոսները հասել են բուն Հայքի ամենակենտրոնին՝ Այրարատին և հավանաբար Արմավիրին: Նման կարգի հերոսները պիտի որ ամենաբարձր հյուրընկալությանն արժանանային: Փաստորեն, գործ ունենք տարրական պատմական զեղծարարության հետ:
Իրեն ընկերակցելու համար Յասոնն ընտրել էր մոտավորապես հիսուն հերոս Հունաստանի տարբեր քաղաքներից: (Տարբեր աղբյուրներում այդ թիվը հասնում է հարյուրի): Դրանց մեջ էր, մասնավորապես, Տրոյայի հերոս Հերակլեսը: Այսինքն՝ Արգոնավորդների ճամփորդությունը կայացել է մոտավորապես Ք.Ա. 13-12 դդ. սահմանագծին՝ անմիջապես Տրոյայի անկումից հետո:
Յասոնի ընկերների մեջ էր նաև Թեսալացի Արմենոսը: Ամենայն հավանականությամբ Յասոնն Արմենոսին առաջարկեց մասնակցել արշավանքին որպես թարգման և տեղանքին քաջատեղյակ մեկը:
Ինչպե՞ս կարող էր Արմենոսը հայտնվել Թեսալիայում:
Ամենայն հավանականությամբ՝ Տրոյական պատերազմից հետո: Այս պատերազմին հայերի մասնակցության մասին Խորենացին հիշատակում է իր «Պատմության» մեջ: Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայր նահապետը մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ: «Զարմայր. սա Տևտամոսից օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից»,- հայտնում է պատմահայրը և ավելացնում. «... և մեր Զարմայրը, որ ասորեստանցիներին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից»:
Բացառված չէ, որ այս պատերազմին հայերը մասնակցած լինեին նաև Ագամեմնոնի կողմից:
Ի՞նչը կարող էր լինել դեպի հյուսիս-արևելք Յասոնի ճամփորդության բուն պատմական-քաղաքական նպատակը:
Պարզ է, որ Ոսկե գեղմը զուտ առասպելական պատկեր է, թեև հաստատ ինչ-որ կապ ունի ոսկու հետ: Ըստ նույն Ստրաբոնի՝ հին ժամանակներում խոյի մորթին փռում էին արագահոս լեռնային ոսկեբեր գետակների մեջ և կապում, որ ջուրը չտանի: Որոշ ժամանակ անց ջրի հետ եկող ոսկին մնում էր բրդի փնջերի մեջ, և գեղմը դառնում էր ոսկեպատ: Այս ձևով էին լեռնային վտակներից հավաքում ոսկին: Ոսկի հավաքած գեղմը բանաստեղծորեն կոչվում էր ոսկեգեղմ, որը հետագայում դարձավ հատուկ անուն:
Արգոնավորդների ճամփորդության բուն նպատակը ոսկին էր: Իշխանության կհասներ ոչ միայն կամքով հզոր, այլև ոսկով ու արծաթով հարուստ հերոսը: Հունաստանում ոսկի գրեթե չկար:
Հիմա փորձենք հասկանալ, թե որտեղ է ոսկին մեր տարածաշրջանում՝ ըստ ավանդական տեղեկությունների: Դիմենք Հին Կտակարանին (Ծննդոց, Բ)՝ «Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց, և իր շինած մարդը դրավ այնտեղ: Եվ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի և ուտելու քաղցր, և պարտեզի մեջտեղը՝ կենաց ծառը, և բարին ու չարը գիտենալու ծառը: Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում և չորս գլուխ էր դառնում:
Մեկի անունը Փիսոն է, սա պտտում է Եվիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է. և այն երկրի ոսկին ազնիվ է. այնտեղ է սուտակը և գահանակը: Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է (Երասխ = Արաքս). սա պատում է Քուշի բոլոր երկիրը: Եվ երրորդ երկրի անունը Տիգրիս է. սա գնում է Ասորեստանի առաջովը: Եվ չորրորդ գետը Եփրատն է»:
Այս Փիսոնը նույն Փասիսն է կամ բուն հայերեն՝ Ճորոխ գետը (ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս), որը սկիզբ է առնում Ճորոխի լեռներից և թափվում է Սև ծովը: Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Երևան, 1986 թ.) հնում երբեմն Ճորոխ գետի ստորին հոսանքը անվանվել է Դռակոն (հունարեն Δράκων = Վիշապ): Մեր կարծիքով սա շատ կարևորը հանգամանք է:
Պարզվում է՝ այնքան էլ հեշտ չէ որոշել, թե ո՞րն է Փասիս գետը: Ըստ որոշ աղբյուրների՝ դա նույն Ճորոխն է կամ Ապսարուսը, մինչդեռ հատկապես ժամանակակից քարտեզագրության մեջ դա Ռիոն գետն է: Նման մոտեցումը քննադատության չի դիմանում, քանի որ ծովի տակով գետ չէր կարող հոսել: Ուրեմն, Փասիսը նույն Ճորոխն է, որը հոսում է Ճորոխի լեռներից հայկական Կողքիս երկրամասով և թափվում Եվքսինյան ծովը՝ մոտավորապես այսօրվա Բաթումից արևմուտք:
Փորձենք ստուգաբանել Ճորոխ անվանումը: Հայարենում բառավերջի Խ-ն կամ Ք-ն հոգնակիակերտ մասնիկներ են: Ջ-Ճ-Չ տառադարձությամբ և հաշվի առնելով Համշենի բարբառի առանձնահատկությունները կարելի է նաև գրել այսպես՝ ՃոՐ = ՉոՐ = ՉաՐ: Հոգնակիակերտ Ք-ի հետ միասին կստացվի ՉաՐՔ: Ականատեսները հենց այդպես էլ նկարագրում են Ճորոխը՝ որպես Չարքերի գետ: Հիշենք նաև, որ գետն իր ստորին հոսանքներում կոչվում է «Վիշապ գետ»: Հիշու՞մ եք՝ ով էր հսկում հսկա սրբազան ծառից կախված Ոսկեգեղմը: Այո՛, Վիշապը, որին Հիպնոսի օգնությամբ քնեցրեց և վնասազերծեց կախարդուհի Մեդեան (ի դեպ, Մեդեա անունն ամենայն հավանականությամբ կապված է մեդացիների կամ նույն մարերի հետ, որոնք Մարաստանի էթնիկ բնակիչներն էին: Ըստ Հերոդոտոսի՝ Մարաստանի ցեղերից մեկի անունը «մոգ» էր: Իսկ մոգերը զբաղվում էին, մասնավորապես, կախարդություններով և գուշակություններով):
Նաև փորձենք ստուգաբանել Կոլխիդա հատուկ անունը:
ԻԴԱ-ն հունարենից եկող վերջնածանց է, որը բառացիորեն նշանակում է երկիր կամ հող: Հունարեն Կոլխ կամ հայերեն տառադարձությամբ՝ Քոլխ: Խ-ն հոգնակիակերտ մասնիկն է: ՔՈԼ անունով հայերենի որոշ բարբառներում անվանում են անտառները: Այսինքն ստացվում է՝ Անտառների երկիր: Հիմա նայենք բուսաբանական քարտեզին: Հենց Ճորոխ գետի ավազանն է անտառածածկ: Հետևություն՝ Յասոնն ու արգոնավորդները եկել են Կողքիս-Հայաստան: Վիրքի կամ Վրաստանի հետ դա որևէ կապ բնավ չունի:
Երբևէ պատմական հիշատակություն չկա (համենայն դեպս՝ չի պահպանվել) Կոլխիդա կոչվող թագավորության կամ անգամ իշխանության մասին: Եղել է Կողքիս կոչվող երկրամասը, որը ճորոխ գետով և անտառային զանգվածներով պատմական Մեծ Հայքի մասն է կազմել:
Հույները ծովային ճամփորդներ էին: Նրանց համար անտանելի դժվար կլիներ հասնել ոսկու երկիրը ցամաքային ճանապարհով, ուստի նրանք ընտրել էին ամենահարմար ուղին՝ Միջրերկրական ծովով, ապա երկու նեղուցներով մտել են Սև ծով, հարավային ափի երկայնքով հասել մինչև Ճորոխի գետաբերանը, Արգոյով բարձրացել են գետն ի վեր, սակայն շուտով հանդիպել են առաջին ջրվեժին և հասկացել, որ ավելի հեշտ է ճանապարհը շարունակել ցամաքով: Նախ Կողքիսից անցել են Աղվանք, ապա Հայաստան և Մարաստան: Այնուհետև, ամենայն հավանականությամբ ոչ թե Իստրոսով (Դանուբ) են վերադարձել, այլ Մարաստանից մտել են Միջերկրական ծով և նավով հասել Յոլքոս:
Ամեն դեպքում, մենք պետք է շնորհակալ լինենք վրացիներին:
Առաջինը նրա համար, որ նրանց հին աղբյուրներում պահպանվել է հայ էթնոսի կազմավորման գրեթե ամբողջ պատմությունը: Իսկ երկրորդ հիմնական պատճառն այն է, որ վրացիները միակ ազգն են, որ մեզ Արամի անունով չեն կոչում, այլ անվանում են «սոմխ»: Խ-ն (կամ Ք-ն) հոգնակիակերտ մասնիկ է, ուստի հիմնական արմատն է՝ «սոմ»: Համենայն դեպս, սա միակ կապն է, որը խոսում է հայերի և շումերների կապի մասին: Սա, իհարկե, առանձին և շատ լուրջ ուսումնասիրության նյութ է:
Եզրակացություն:
Յասոնն իր հերոսների հետ Արգո նավով ժամանել է Հայաստան՝ ոսկու հետևից: Հայաստանում նա նաև մեծ գործեր է արել: Եթե չեք հավատում՝ ընդունեք իբրև առասպել: Իսկ առասպելից մինչև իրականություն մեկ քայլ է: Շատ լավ կլիներ, եթե մեր զբոսաշրջային դեսպանները՝ զբոսավարներն ու այլոք, որոնք շատ հաճախ նաև Վրաստանից ժամանող խմբերի են սպասարկում, կարողանային ադեկվատ տեղեկություններ տրամադրել և փաստագրական զենք ունենային ամենաանսպասելի հարցերին պատասխանելու համար:
Եկեք չմոռանանք, որ մեր երկիրն էլ Արգո նավի պես է: Եվ, եթե պատմական պահը պահանջում է, մենք պետք է այն մեր ուսերին տանենք մինչև հասնենք մեծ ծովի ջրերին:
Դավիթ Խաչիյան