Հասմիկը
բանասեր է:
Ուսումնա
սիրում է
համաշխար
հային
գրակա
նություն,
գրակա
նության
տեսու
թյուն:
Եվ՝ ոչ միայն...
«Կարդա՞լ, թե՝ ընթերցել…». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնի է, որ յուրաքանչյուր դարաշրջան, իր հետ բերելով նորամուծություններ, առաջադեմ գաղափարներ ու տեխնոլոգիաներ, բերում է նաև որոշակի խնդիրներ ու մարտահրավերներ:
Այս օրերին նորահայտ թագավարակը բոլորին անդառնալիորեն կապեց տեխնիկական միջոցներին, քանի որ այլ կերպ պարզապես անհնար դարձավ որևէ գործունեություն ծավալել:
Հեռավար կրթությունն ու դրանից բխող խնդիրներն այսօր արդեն լուրջ մարտահարավեր են դարձել սովորողների ու սովորեցնողների համար:
Ժամանակակից աշխարհում, որտեղ օրեցօր կատարելոգործվող տեխնիկայի, տեղեկատվական սարքավորումների ու էլեկտրոնային ծրագրերի միջոցով լուծելի են դարձել բազմաթիվ խնդիրներ, որտեղ ամենաթանկը տեղեկատվությունն է համարվում, և կան դրան հասնելու զանազան հեշտացված տարբերակներ, թվում է` լուսանցք է մղվել դարեր շարունակ հասարակության զարգացման գլխավոր շարժիչ ուժը համարվող գիրքը:
Եթե մինչ այս գրքի հանդեպ ուշադրության նվազումը նկատելի էր, ապա հիմա այն առավել քան ակնառու է: Եթե ժամանակին ընթերցանությունը համարվում էր անձի զարգացման, մտահորիզոնի ընդլայնման և բառապաշարի հարստացման ամենաարդյունավետ միջոցը, ապա այսօր դա շատերի կողմից ավելորդ ժամանակի կորուստ է դիտվում, մանավանդ որ ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս «քողարկել» չկարդացած գրքերի պատճառով դատարկ մնացած ներքին ինտելեկտուալ տարածությունը:
Չնայած, որ համացանցային՝ բոլորին հասանելի և մատչելի տեղեկատվության հեղեղը, ոչ միշտ է ճշտված, օգտակար կամ զարգացնող, բայց, այնուամենայնիվ, այն արդիական է ու պահանջված: Անորակ գրքեր ևս, ինչ խոսք, լինում են, սակայն այս ոլորտի վերահսկողությունն ավելի հեշտ է, քան համացանցային տիրույթինը: Ուստի գիրք-համացանց պայքարում առաջնությունը միանշանակ պետք է տրվի գրքին՝ անկախ այն բանից՝ այն թերթային, թե էլեկտրոնային տարբերակով է:
Նշենք, որ այստեղ խոսքը ոչ թե կարդալու, այլ ընթերցելու մասին է՝ շեշտելով կարդալու և ընթերցելու տարբերության փաստը:
Այսօր, բնականաբար, գրեթե բոլորն էլ օրվա ընթացքում որոշակի ծավալով տեքստ են կարդում, բայց շատ քչերն են ընթերցում այնպիսի տեքստեր, հատկապես գեղարվեստական, որոնք կբարձրացնեն նրանց գեղագիտական ճաշակը և կհարստացնեն արժեհամակարգը:
Իսկ ուսումնասիրությունները՝ մասնավորապես հայտնի գիտնական Ալեքսեյ Վորոնցովի՝ «Ընթերցանությունը որպես սոցիալական խնդիր» հետազոտությունում, ցույց են տվել, որ գիրքը համացանցով փոխարինողներից շատերը ոչ թե շարունակում են գրքեր կարդալ էլեկտրոնային տարբերակներով, այլ իրենց ժամանակը վատնում են տարատեսակ անօգուտ տեղեկությունների ընթերցումով, որոնք վերջին հաշվով նրանց ոչինչ չեն տալիս:
Ընթերցելը արվեստ է, որը ձևավորվում է վաղ տարիքում և շարունակում զարգանալ ողջ կյանքի ընթացքում:
Յուրաքանչյուր տարիքում, կախված հոգեվիճակից ու մտահորիզոնի տարածությունից, ընթերցվող նյութը տարբեր կերպ է ընկալվում և արժևորվում: Գիրքը կամուրջ է, որը դարեր է կապում իրար, իրար է կապում տարբեր մշակույթներ, մտածողություններ, սովորույթներ ու արժեքներ: Մարդն իր կյանքի ողջ ընթացքում իր ընթերցած գրքերի շնորհիվ խճանկարի նման կտոր առ կտոր հավաքում և ամբողջացնում է իր ներաշխարհի արժեհամակարգային ամբողջական պատկերը: Եվ որքան բազմաբնույթ, հարուստ ու բովանդակալից են նրա յուրացրած գրքերը, այնքան գեղեցիկ, գունեղ ու բազմաշերտ է ստացվում այդ պատկերը:
Գրքերով սնված և մեծ կենսափորձ ձեռք բերած մարդիկ, ովքեր իրենց պատասխանատու են զգում հասարակության ինտելեկտուալ մակարդակի զարգացման հարցում, շատ լավ գիտակցում են գրքի և ընթերցանության կարևորությունը, անփոխարինելիությունն ու ընթերցասիրությունը խթանող միջոցներ են փնտրում: Ընդ որում, գրքի հանդեպ ուշադրության պակասը համաշխարհային բնույթ է կրում և այնպիսի մեծ չափերի է հասնում, որ մեզ թույլ է տալիս խոսել ընթերցանության մշակույթի համաշխարհային ճգնաժամի մասին:
Իսկ ի՞նչ ենք մենք կորցնում չկարդալով, կամ ի՞նչ ենք ձեռք բերում կարդալով:
Հայտնի է, որ անձի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ ժառանգականությունը, շրջակա միջավայրը, ընտանիքը և այլն, բայց մենք այս գործոններին կավելացնենք նաև ընթերցանությունը՝ հաշվի առնելով Էմերսոնի հայտնի ասույթը. «Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է»:
Գրականությունը մշակութային, հումանիստական և առհասարակ մարդկային լավ դաստիարակության բանալին է: Այդ բանալին չունենալու դեպքում կյանքի բովանդակային մասը հասկանալու և ընկալելու հավանականությունը չնչին է դառնում:
Նշանավոր սոցիոլոգ Ս. Ն. Պլոտնիկովի կարծիքով ընթերցանությունը նպաստում է անձի սոցիալական զարգացման և հասարակության մեջ ինքնաիրացման գործընթացին:
Կարդացած մարդիկ՝
1) կարողանում են մտածել ամբողջական խնդրի շուրջ՝ բացահայտելով հակասությունների փոխկապակցվածությունը, և արագորեն գտնել անհարժեշտ լուծումները, ընդունել ճիշտ որոշումներ,
2) ունեն շատ լավ հիշողություն և ստեղծագործական երևակայություն,
3) ավելի լավ են տիրապետում գեղեցիկ խոսքի արվեստին,
4) հեշտությամբ են հաղորդակցվում և հաճելի են շրջապատի համար,
5) ունեն ներքին ազատություն. ավելի ինքնուրույն են իրենց դատողություններում, անկաշկանդ՝ գործողություններում. կրկին արձանագրում է հայտնի գիտնական Ալեքսեյ Վորոնցովի՝ «Ընթերցանությունը որպես սոցիալական խնդիր» հետազոտությունը:
Ընթերցանությունը համարվում է աճող սերնդին նախորդ սերունդների մշակութային, հոգևոր և ինտելեկտուալ պոտենցիալի փոխանցման լավագույն միջոցը: Անգրագիտության կամ թերի գրագիտության աճը հանդիսանում է սոցիալական լուրջ խնդիր. այն սպառնում է ոչ միայն երկրի կրթական համակարգի, այլ նաև պաշտպանական, տնտեսական և քաղաքական համակարգերի արդյունավետ աշխատանքին:
Գրքի հանդեպ սերը մարդու մեջ պետք է արթնացնել դեռ վաղ մանկությունից՝ նախ նրանց համար կարդալով, ապա նաև նրանց այդ արվեստը սովորեցնելով:
Հենց այս տարիքում են առաջանում աշխարհաճանաչողության և շրջակա միջավայրի մասին առաջին հարցերն ու հետաքրքրությունները, և ճիշտ ընտրված գիրքը ոչ միայն կարող է պատասխանել երեխայի տարաբնույթ հարցերին՝ ընդլայնելով նրա աշխարհայացքը, այլ նաև կարող է դառնալ նրա լավագույն ընկերը, հասունացման տարիքի ուղեկիցն ու խորհրդատուն: Հենց այս շրջանում է, որ ընթերցանության պահանջը խորը արմատներ պիտի գցի մարդու ամենօրյա սովորույթների ասպարեզում:
Ծնողն ու մանկավարժը պետք է ամենայն պատասխանատվությամբ ընտրեն այն գրքերը, որոնց հետ առաջին անգամ պետք է սկսի առնչվել երեխան, քանի որ մանկան աշխարհն ամենազգայունն է և ընկալունակը, իսկ նույնիսկ աննշան վրիպումը կարող է մեծ հիասթափություն առաջացնել և անդառնալի հետևանք ունենալ:
Ընկերանալով գրքի հետ՝ երեխան իրեն երբեք մենակ չի զգա: Գիրքն այն միակ ընկերն է, որին նա չի կորցնի, որը անդավաճան է և մնայուն, նրան չի կարող տանել ո՛չ հիվանդությունը, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ որևէ այլ հանգամանք:
Այսպիսով, գրքի հետ առաջին շփումը մարդն ունենում է մանկության տարիքում՝ ընտանեկան միջավայրում: Հաջորդ փուլը դպրոցական տարիքն է, որտեղ պետք է ընդլայնվի երեխայի և գրքի շփման սահմանը:
Աշակերտը, շփվելով գեղարվեստական ստեղծագործության հետ, հաղորդակցվում է նաև դրա հեղինակի, ինչպես նաև հերոսների հետ, երկխոսության մեջ է մտնում նրանց հետ, իսկ եթե դրան գումարվում է մանկավարժի՝ նյութի մատուցման ճիշտ մեթոդները, աշակերտը ստեղծագործության ուսուցման ավարտին կարողանում է ոչ միայն քննարկել, քննադատել, համեմատել դեմքերն ու դեպքերը, այլ նաև զուգահեռներ ստեղծել գրական ստեղծագործության և իրականության միջև՝ ձեռք բերելով կենսափորձ ու նմանօրինակ իրադրությունում արագ կողմնորոշվելու և ճիշտ գործելու կարողություն:
Աշակերտը պետք է հասկանա, որ գրականությունը վերացական հասկացողություն չէ. այն շոշափելի է, կիրառելի, գեղարվեստական ստեղծագործությունը սոսկ պատմություն չէ, այլ կյանքի որևէ իրավիճակի գեղարվեստական արտացոլումն է, որը կարող է ուղղորդել նաև իրեն՝ դառնալով լույսի փարոս:
Բացի այն, որ ընթերցանությունը մարդուց անհատ է կերտում, այն նաև նպաստում է մարդու սոցիալականացմանը: Մարդը խորությամբ կարողանում է ճանաչել դիմացինին, հասկանալ նրա հոգեբանությունը, ապրումակցել նրան, նրա հետ շփման եզրեր գտնել, տեսնել դիմացինի արարքների պատճառահետևանքային կապը և ըստ այդմ պլանավորել սեփական անելիքները, կարողանալ ազդել դիմացինի վրա, ունենալ սեփական տեսակետ և կարողանալ պաշտպանել այն…
Լավագույն գրքերը, որոնք հաղթահարել են ժամանակի փորձությունները՝ դառնալով համաշխարհային մշակույթի հիմնասյուներ, մարդկանց ինքնակատարելագործման լավագույն միջոցը կարող են դառնալ:
Չմոռանանք, որ բոլոր հանճարեղ անհատները եղել են հանճարեղ ընթերցողներ:
Շատերը նույնիսկ բարձրագույն կրթություն չեն ստացել և ընթարցանության միջոցով են լրացրել կրթության բացը՝ միաժամանակ համաշխարհային մշակույթը հարստացնելով ընթերցանության միջոցով ձեռք բերած իրենց անհատական երանգով ու նոր շնչով: Բացի այն, որ լավ գեղարվեստական ստեղծագործությունը բազմակողմանի զարգացած և ինտելեկտուալ անհատ է կերտում, այն ունի նաև այլ գործառույթներ: Այն շատ լավ մշակութային ազդակ է հանդիսանում: Հենց լավագույն գրական-գեղարվեստական ստեղծագործություններն են պատճառ դարձել, որ մենք ունենանք բազմաթիվ հաջողված և հանճարեղ ֆիլմեր, երգեր, կտավներ և այլ գեղարվեստական ստեղծագործություններ:
Ընթերցանությունն արվեստ է: Այդ արվեստը դեպի վեր թռչող թռչուն է, որն ունի երկու թև՝ գիրքը և ընթերցողը: Միայն լավ ընթերցողի շնորհիվ է նյութը՝ գիրքը, վերածվում գեղարվեստական արժեքի:
Ընթերցանությունը բավականին բարդ գործընթաց է: Ժամանակակից մանկավարժության և հոգեբանության մեջ կարդալու, ընթերցելու կարողությունը ստորաբաժանվում է մի քանի փոխկապակցված աստիճանների: Առաջին, ամենատարրական աստիճանն այն է, երբ մարդը տառաճանաչ է դառնում, դրանք միավորում, բառեր է կազմում, երկրորդ՝ մարդն սկսում է կարդալ բարձրաձայն, երրորդ՝ կարդում է մտքում (լուռ ընթերցանություն), իսկ ամենաբարձր աստիճանը կարդացածի վերարտադրումն է, դրա վերաբերյալ ինքնուրույն դատողություններն են, քննադատական վերաբերմունքն է, վերլուծելու, մեկնաբանելու, տեսակետ հայտնելու, կարդացած գրքի մասին ունեցած կարծիքի, մեկնաբանության վերաբերյալ բանավիճելու կարողությունն է:
Դեռ Հենրի Շոուն է ասել. «Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ»:
Որո՞նք են ընթերցանության անկման պատճառները:
Ընթերցանության անկման հիմնական պատճառը ընթերցանության պահանջի բացակայությունն է: Անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել ընթերցանության կայուն պահանջ, անհրաժեշտություն. նշում է մեկ այլ նշանավոր գիտնական Մանսուր Մուհամեդ Թահերն իր «Գիրք կարդալը ժամանակակից աշխարհում» հետազոտության մեջ: Այն ձևավորվում է դեռ դպրոցում:
Ընթերցանության անկման պատճառների հետազոտության արդյունքների վերլուծության մեջ, ի թիվս այլ խնդիրների, իրավացիորեն առաջ է քաշված նաև դպրոցի խնդիրը: Չէ՞ որ երեխան իր տարիների և պոտենցիալի լավագույն մասն այստեղ է թողնում:
Կարդացող, ընթերցող ձևավորելու հիմնական վայրը դպրոցն է:
Հանրակրթական դպրոցում այս խնդրի հիմնական «պատասխանատուն», իհարկե, «Գրականություն» ուսումնական առարկան է, որն էապես առանձնանում է հանրակրթական մյուս առարկաներից միայն իրեն բնորոշ գծերով ու հնարավորություններով: Գրականության արդյունավետ ուսուցումը հնարավորություն է ընձեռում լուծելու մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ մշակել գրական-գեղարվեստական ստեղծագործությունը կարդալու, ընկալելու, վերարտադրելու, վերլուծելու, բարձր արժեքները գնահատելու և արժևորելու կարողություններ, զարգացնել սովորողի գեղագիտական ճաշակը, երևակայությունը, համադրելու և հակադրելու կարողությունը և այլն:
Գրականությունը խոսքի արվեստ է, իսկ գեղեցիկ խոսքը հաջողության հասնելու կարևոր նախապայման է: Գիտության զարգացմանը զուգընթաց մշակվել են բազմաթիվ ժամանակակից մեթոդներ, որոնք միտված են դյուրացնելու գրականության ուսուցման գործընթացը, սակայն դեռևս արդիական է սովորողների մեջ գրականության և ընթերցանության հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու խնդիրը:
Դպրոցական ծրագրերը հագեցած են ընթերցանության համար նախատեսված բազմաբնույթ բնագրերով, որոնցից շատերը վանում են դպրոցահասակ սովորողին իրենց խրթինությամբ կամ ծավալով, և աշակերտը բավարարվում է բնագրի փոխարեն դրա վերլուծության ընթերցումով:
Արդյունքում նա նյութի վերաբերյալ ունենում է մոտավորապես, մակերեսային պատկերացում՝ առանց գեղարվեստական ընկալման: Այդպիսով գրականությունն ու գեղարվեստական ստեղծագործությունը կորցնում են իրենց կախարդող և գերող ազդեցությունը, նեղանում է դրանց գործառույթների տարածքը և գրականությունը չի կարողանում լուծել իր առջև դրված հիմնական խնդիրները:
Սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դպրոցում ուսումնառության փուլում մենք կորցնում ենք մի ամբողջ ընթերցող սերունդ:
Սա պարադոքս է, քանի որ հենց դպրոցի վրա է դրված ընթերցանության հիմնական կարողությունների մշակման խնդիրը: Երեխան ընթերցանության առաջին փորձը ձեռք է բերում դպրոցում և այստեղ ձևավորված կարողություններն ու հմտությունները նրան ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում: Այստեղ խնդիրն առաջին հերթին ընթերցվող նյութի հանդեպ նրա հետաքրքրության շարժն է, որպեսզի ընթերցանությունը չդառնա ձանձրալի: Դրա համար նախ աշակերտին պետք է մոտիվացնել, ներգրավել ընթերցվող նյութի շուրջ: Ավանդական՝ դասարանում բնագիրը շարունակաբար կարդալ հարցնելը չի լուծում աշակերտի ուշադրության կենտրոնացման խնդիրը, քանի որ նա ընկերոջ ընթերցանության ընթացքում կարող է զբաղվել կողմնակի բաներով, իսկ երբ ուսուցիչն իրեն շարունակել հարցնի, կամ կողքից կհուշեն, կամ էլ ամոթանք կստանա (որի հանդեպ շուտով իմունիտետ ձեռք կբերի), և ընթերցումը կշարունակի մեկ ուրիշը:
Ընթերցվող նյութի ամբողջականությունը աշակերտների մոտ կխախտվի, և նրանք բովանդակային մասը կյուրացնեն մասնակիորեն, կամ չեն յուրացնի առհասարակ:
Այս ոճն աստիճանաբար կդառնա ուսուցման գործընթացում դոմինանտ՝ երեխայի մեջ սպանելով ընթերցանության հանդեպ դեռ չծնված սերն ու հետաքրքրությունը: Այս պատկերը չունենալու համար ուսուցիչը պետք է դիմի այլ մեթոդների:
Ընթերցանության սկզբում կարելի է որևէ առեղծվածային հանելուկ-հարց տալ դասարանին՝ լսելով նրանց պատասխանները: Շատ կարևոր է, որ ուսուցիչն աշակերտին թույլ տա զգալ սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու կարևորությունը: Ապա առաջարկել ընթերցել նյութը՝ ասելով. «Հետաքրքիր է՝ հեղինա՛կն այդ հարցին ինչպիսի՞ պատասխան կտար, կամ՝ այդ խնդրին ինչպիսի՞ լուծում կառաջարկեր: Տեսնենք՝ նա՛ ի՞նչ է մտածում այդ հարցի շուրջ, կամ՝ որքանո՞վ են նման կամ տարբեր ձեր կարծիքները»:
Եվ որքան շատ աշակերտ է մասնակցել հարցմանը, այնքան շատ կլինի հետաքրքրասեր ունկնդիրների և ընթերցողների քանակը դասարանում: Ընթերցանությունը սկսելուց առաջ կարելի է նաև հանձնարարել նախապես թուղթ ու գրիչ պատրաստել, որպեսզի որոշակի հատվածի ընթերցման դադարից հետո նրանք ինքնուրույն շարունակություն հորինեն, որն էլ հետո կհամեմատեն հեղինակի մտքի շարադրանքի հետ՝ համադրելով իրենց տեսակետներն ու կարծիքները:
Այսպիսով՝ աշակերտը ոչ միայն ուշադիր կհետևի ընթերցանության ընթացքին, այլ նաև զուգահեռ մտավոր աշխատանք կկատարի՝ կանխագուշակելու պատմության շարունակությունը՝ զարգացնելով ստեղծագործելու և համադրելու կարողությունները:
Բացի այդ, սովորողի մոտ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ կարդալ, ի՞նչ կտա տվյալ ստեղծագործության ընթերցումն իրեն: Ուսուցչից մեծ վարպետություն և «խորամանկություն» է պահանջվում, որ «համոզի» աշակերտին տվյալ ստեղծագործության ընթերցանության կարևորությունը և հիմնավորի իր խոսքերը փաստերով: Աշակերտը պետք է հստակ գիտակցի, թե տվյալ ստեղծագործությունը կարդալուց և ընկալելուց հետո ինչպիսի կարողություններ ձեռք կբերի, ինչ նոր բան կսովորի կամ կկարողանա անել:
Ուսուցիչը հենց աշակերտի անձնային աճի, մտահորիզոնի ընդլայնման հիման վրա պետք է ապացուցի նույն աշակերտին, որ յուրաքանչյուր գեղարվեստական ստեղծագործություն ընկալելուց հետո նրա արժեհամակարգում և աշխարհայացքում ինչ-որ բան է փոխվում, նա սկսում է իրերին և երևույթներին այլ կերպ նայել:
Ծրագրային որևէ նյութ անցնելուն ընդառաջ ուսուցիչը կարող է կազմակերպել որևէ քննարկում՝ կապված անցնելիք թեմայի հետ, իսկ հետո առաջարկել այդ նույն թեման քննարկել գեղարվեստական ստեղծագործության յուրացումից հետո, ապա համեմատել աշակերտների տեսակետները՝ արձանագրելով տեսակետների փոփոխությունները:
Ժամանակակից սերունդն ավելի ընկալունակ է իրեն հետաքրքրող, մոտիվացնող և պետքական երևույթների նկատմամբ: Ուստի կարևոր է, որ ուսուցանվող նյութը, անկախ այն բանից, թե որ ժամանակաշրջանի ստեղծագործություն է, կապվի ժամանակակից կյանքի իրադարձությունների հետ: Միշտ էլ գեղարվեստական ստեղծագործություններում կգտնվեն արդիական թեմաներ. հենց դրանում է կայանում նրանց հավերժականության և համամարդկայնության գաղտնիքը:
Երբ աշակերտը նկատի անցյալի և ներկայի կապը, գեղարվեստի և իրականության շաղկապվածությունը, նա ավելի խորությամբ և հետաքրքրությամբ կներգրավվի դրա մեջ՝ փորձելով գտնել իրենը: Դժվար է նրանց պարտադրաբար որևէ գործողության մղելը: Առավել ևս, որ այսօր ժամանակը կարծես ավազի նման սահում է մեր մատների արանքով, իսկ աշակերտներին շատ ավելի գրավող և հետաքրքիր ժամանցային միջոցներ կան, ինչպիսին համակարգչային խաղերն ու այլ զվարճալի զբաղմունքներն են, որոնք խլում են նրա ժամանակի մեծ մասը՝ միաժամանակ չտալով նրան ոչինչ:
Եվ որքա՜ն մեծ հետաքրքրություն է պահանջվում աշակերտի մոտ առաջացնել գրքի հանդեպ՝ ընթերցանությունը ամենօրյա ժամանցային զբաղմունք դարձնելու և համակարգչային խաղերը գրքով փոխարինելու համար:
Շատ կարևոր է նաև ուսուցման գործընթացում հաշվի առնել աշակերտի տարիքային առանձնահատկությունները և կարողանալ առանձնացնել ընթերցանության դասի նպատակներն ու խնդիրները կրտսեր, միջին և ավագ դպրոցներում: Կրտսեր և միջին դպրոցում աշակերտի մեջ ընթերցելու ցանկություն, կարողություն ու հմտություն մշակելու և ապա զարգացնելու դեպքում մենք հեշտությամբ կկարողանանք նրան նախապատրաստել ավագ դպրոցի ծրագրային նյութերի վերլուծությանն ու ընկալմանը՝ ապահովելով գրականության ուսուցման բնագավառում լուրջ հաջողություններ և հեռանկարներ: Չի կարելի աշակերտին պարտադրել սովորել մի բան, որի նկատմամբ նրա ուղեղն անընկալունակ է:
Ընթեցանության հանդեպ սեր առաջացնելու անհրաժեշտությանը տուրք տալով՝ չպետք է կորցնել զգոնությունը և սթափ դատողությունը: Ընթերցանությանը պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ: Մանկավարժն ու ծնողը ոչ միայն պետք է խնամքով ընտրեն և առաջարկեն համապատասխան գրականություն, այլ նաև ընթերցողի մեջ սերմանեն դրան ադեկվատ արձագանքելու կարողություն, քանի որ ընթերցողը կարող է նաև հեռանալ իրականությունից և հայտնվել գրքի աշխարհում, ինչն ավելի վտանգավոր է, քան համակարգչային խաղերից կախվածությունը:
Հիշենք Դոն Քիշոտին կամ Մադամ Բովարիին, ովքեր ասպետական գրականության ազդեցության տակ կործանեցին իրենց կյանքը: Բացի այդ, կան ընթերցողներ, ովքեր ընթերցում և հիշում են ընթերցածը մեխանիկորեն, բայց ոչ մի օգտակար հետևություն կամ խորհուրդ չեն քաղում դրանից: Որոշներն էլ կարդում են՝ միայն կարդալու և կարդացած մարդու տպավորություն ստեղծելու համար: Նրանց կարդացածը ոչ մի ազդեցություն չի ունենում նրանց ներքին աշխարհի և արժեհամակարգի վրա:
Այսինքն՝ գիտելիքը դեռ առաքինություն չէ, և ինչպես ժամանակին ասել է Սոկրատը. «Մարդը կարող է իմանալ, թե ինչ է քաջությունը, սակայն քաջ չլինել»:
Հետևություն. գրականությունն ու դրա ուսուցումը պետք է ունենա գործնական, տրամաբանական, բարոյական բնույթ. այն պետք է ծառայեցնել բարձր արժեհամակարգ ունեցող, հումանիստ անհատի կերտմանը:
Իհարկե ընթերցասիրության անկման մեջ միայն դպրոցին մեղադրելը սխալ է:
Գրքի հանդեպ հետաքրքրության առաջացման կարևոր ուղիներից մեկը գրքի պրոպագանդան է, ճիշտ կազմակերպված գովազդը: Գրքի հանդեպ հետաքրքրություն և սեր սերմանելու գործում մեծ է նաև պետական կառույցների դերը: Ընթերցանությունը պետք է զարգացնել պետականորեն մշակված որոշակի ծրագրերով և մեթոդներով:
Պատկան մարմինները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն նաև գրին ու գրականությանը նվիրված անհատներին, որպեսզի նրանց մեջ էլ գրելու, ստեղծագործելու կայծը չմարի, այլապես տեղի կունենա լճացում:
Վերջերս մեր երկրում այս առումով դրական և ողջունելի տեղաշարժեր կան: Այդ մասին են վկայում գրախանութների հերթերը, գրքի արդյունավետ գովազդումը, հրատարակիչների իրազեկման արշավները, բազմաթիվ նոր գրքերի շնորհանդեսները, գրքի կարևորությունն ընդգծող տարաբնույթ միջոցառումները, որոնց ընթացքում հանդիպում են գրողն ու ընթերցողը:
Գեղարվեստական գրականության հանդեպ նմանօրինակ հետաքրքրությունը մեզ նոր, ավելի թարմ ու հետաքրքիր գրական անուններ և գեղարվեստական ստեղծագործություններ են խոստանում:
Հատկանշական է, որ այս գործում մեծ դեր ունի հենց գրքի մրցակից համարվող համացանցը. ընթերցանության «քարոզչությունը» տարվում է համացանցի միջոցով:
Հասմիկ Հակոբյան