Հասմիկը
բանասեր է:
Ուսումնա
սիրում է
համաշխար
հային
գրակա
նություն,
գրակա
նության
տեսու
թյուն:
Եվ՝ ոչ միայն...
«․․․ԿԵՆԱՑ ՊԱՐ․ վավերագրություն վավերագրողի մասին․․․»․ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի հունվարի 9-ին՝ հայ կինոյի նշանավոր վավերագրող և ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը, կայացավ Արսեն Աղաջանյանի հեղինակած «Կենաց պար» վավերագրական ֆիլմի առաջնադիտումը։ Խորհրդանշական է, որ ֆիլմը, որն ամբողջությամբ նվիրված է Հարություն Խաչատրյանի ստեղծագործական և մարդկային դիմանկարին, առաջին անգամ ներկայացվել է հենց նրա ծննդյան օրը՝ վերածվելով ոչ միայն հեղինակին ուղղված հարգանքի տուրքի, այլև նրա անցած ճանապարհի յուրատեսակ կինեմատոգրաֆիական ամփոփման։
Վերջերս այն ցուցադրվեց նաև «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հաստատելով իր տեղը ժամանակակից հայկական վավերագրական կինոյի կարևոր իրադարձությունների շարքում։
Առաջին հայացքից «Կենաց պար»-ը կարող է ընկալվել որպես կենսագրական ֆիլմ, որը ներկայացնում է անվանի կինոռեժիսորի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Սակայն Արսեն Աղաջանյանը հրաժարվում է կենսագրական վավերագրության ավանդական սկզբունքներից։ Նա չի կառուցում պատմությունը հարցազրույցների, ժամանակագրական փաստերի կամ արտաքին մեկնաբանությունների միջոցով։ Փոխարենը ֆիլմի հեղինակը դիմում է միանգամայն այլ կինեմատոգրաֆիական լուծման․ Հարություն Խաչատրյանի կյանքը պատմվում է հենց նրա ստեղծած կինոյի լեզվով՝ նրա մեկնաբանությամբ։ Ֆիլմի հյուսվածքի անբաժանելի մասը դառնում են Խաչատրյանի տարբեր տարիների ֆիլմերից ընտրված կադրերը, որոնք նոր համատեքստում ձեռք են բերում լրիվ այլ գործառույթ և իմաստային ծանրաբեռնվածություն։

Այս առումով «Կենաց պար»-ը դուրս է գալիս սովորական կենսագրական վավերագրության սահմաններից՝ վերածվելով կինեմատոգրաֆիական միջտեքստայնության և հեղինակային ինքնամեկնաբանության ինքնատիպ օրինակի։ Ֆիլմը դառնում է վավերագրություն վավերագրողի մասին, որտեղ կյանքի պատմությունը ներկայացվում է ոչ միայն հիշողությունների, ճանապարհորդության և զրույցների միջոցով, այլև այն պատկերներով, որոնցով հերոսը տասնամյակներ շարունակ վավերագրել է ուրիշների կյանքը։
Արդյունքում ձևավորվում է յուրօրինակ կինեմատոգրաֆիական երկխոսություն. նախկինում Հարություն Խաչատրյանն էր տեսախցիկով հետևում իր հերոսներին, իսկ այժմ տեսախցիկը հետևում է հենց նրան՝ օգտագործելով նրա իսկ ստեղծած պատկերային աշխարհը։
Ֆիլմը կառուցված է նովելների ներհյուսմամբ՝ ապահովելով անցյալ - ներկա երկխոսությունը։ Ռոբերտ Սթամի կինեմատոգրաֆիական միջտեքստայնության տեսության համաձայն՝ կինոն երկխոսում է ոչ միայն պատմություններով, այլև պատկերներով։ Առանձին դրվագները սյուժետային առումով կարող են ինքնուրույն թվալ, սակայն բոլորը միասին ձևավորում են մեկ ամբողջական կենսապատում՝ վավերագրելով ոչ միայն արվեստագետի կյանքը, այլև նրան շրջապատող իրականությունը, մշակույթի։ Յուրաքանչյուր նովել ներկայացնում է ոչ այնքան հերոսի կյանքի հերթական փուլը, որքան նրա բնավորության, մտածողության կամ աշխարհընկալման հերթական շերտը։

Այս կառուցվածքային լուծումը կարևոր է, քանի որ Հարություն Խաչատրյանի կինոյում նույնպես առանձին մարդկանց պատմությունները հաճախ վերաճում են ամբողջ ժողովրդի կամ ժամանակի դիմանկարի։ Արսեն Աղաջանյանը նույն սկզբունքը կիրառում է արդեն հենց Հարություն Խաչատրյանի կյանքի նկատմամբ։ Վերջինս այլևս միայն ֆիլմի հերոս չէ. նրա կյանքը դառնում է ինքնուրույն կինեմատոգրաֆիական տեքստ, որը կազմված է նաև ժողովրդի ու ժամանակի դիմանկարի մասին բազմաթիվ ինքնուրույն, բայց փոխկապակցված պատմություններից։
Ֆիլմում ճանապարհը վերածվում է հիշողության տարածության. կենսագրությունը դառնում է հիշողության աշխարհագրություն, որտեղ ֆիզիկական տեղաշարժը համընկնում է ներքին վերադարձին:
Ջեյմի Բարոնի «արխիվային էֆեկտի» տեսանկյունից հին կադրերը նոր ֆիլմում միաժամանակ ներկայանում են որպես անցյալի վկայություն և ներկայի մեկնաբանություն։ Այդպիսի մեկնաբանություն է ֆիլմի ամենահուզիչ նովելներից մեկը՝ Հարություն Խաչատրյանի՝ տարիներ առաջ նկարահանած հերոսներից մեկի՝ Ռազմիկի հետ հանդիպումը։ Տարիները փոխել են նրա արտաքին տեսքը: Նա ծերացել է, կորցրել երիտասարդական ուժը, սակայն Հարություն Խաչատրյանի հիշողության մեջ շարունակում է ապրել այն նույն առնական երիտասարդը, որը խոտ էր հնձում Սասունցի Դավթի պես։ Այստեղ հնչում է Արսեն Աղաջանյանի կարևոր դիտարկումը.
«Ռազմիկը հիմա էլ է Սասունցի Դավիթ։ Մենք ենք անշնորհք, որ չենք կարողացել նկատել և պահել նրան այդպիսին»։

Այս արտահայտությունը ֆիլմի գաղափարական առանցքներից է։ Այն մի կողմից՝ ներկայացնում է մարդու կյանքի վրա ժամանակի ունեցած ազդեցությունը, մյուս կողմից՝ փոխում է հերոսականության ավանդական ընկալումը։ Հերոսություն է նաև ժամանակին դիմակայելը, արժանապատվորեն ծերանալը, սեփական կյանքը շարունակելը։ Միևնույն ժամանակ այս նովելը ցույց է տալիս, որ վավերագրական ֆիլմի հերոսները երբեք չեն ավարտվում ֆիլմի ավարտով։ Նրանք շարունակում են ապրել, փոխվել, ծերանալ։ «Կենաց պար»-ը վերադառնում է այդ մարդկանց մոտ՝ ապացուցելով, որ իրական վավերագրությունը ժամանակի հետ չի ավարտվում։
Ֆիլմը արվեստագետի և արվեստի անցած ուղու վավերագրությանը զուգահեռ վավերագրում է նաև ժամանակակից հայ գյուղացու կյանքը, մտածողությունն ու աշխարհայացքը՝ հերոս դարձնելով պատահական մարդու, որը նկարահանող անձնակազմին էր մոտեցել առանց որևէ կանխամտածվածության: Այսպիսով՝ իրականությունը հաճախ ինքն է առաջարկում իր հերոսներին, և վավերագրողի խնդիրն է այդ պահին ճանաչել ու չկորցնել նրանց։

Ուշագրավ է նաև ֆիլմի ավարտը, որը կառուցված է օղակաձև կոմպոզիցիայի սկզբունքով։ Այն, ինչ հերոսը ֆիլմի սկզբում մերժում է, քանի որ իր մոտ չի ստացվել ժամանակին (երգելը և պարելը), ֆիլմի վերջում անում է (և՛ երգում է, և՛ պարում): Պարը դառնում է կյանքի, ազատագրման, ինքնահաղթահարման և ստեղծագործական ճանապարհի խորհրդանիշ։ Այդ կադրերը մոնտաժվում են Հարություն Խաչատրյանի տարբեր տարիներին ստացած միջազգային մրցանակների պատկերների հետ։ Ստացվում է յուրահատուկ երկշերտ պատկեր։ Մի կողմից՝ մարդկային, ներքին ազատագրումը, մյուս կողմից՝ ստեղծագործական ճանապարհի հանրային ճանաչումը։

Ֆիլմն ավարտվում է ոչ թե կենսագրության եզրափակմամբ, այլ կյանքի շարունակականության զգացողությամբ։ Կյանքը, ինչպես պարը, չի ավարտվում վերջին շարժումով։

Հասմիկ Հակոբյան



Partly cloudy