Սոնա Ադամյան
Սոնա Ադամյան

««Կենաց պար». Վերադարձի չավարտվող պատմություն». ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

 

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում, ի թիվս Անտոնեն Բոդրիի, Պավել Պավլիկովսկու, Միշել Ֆրանկոյի, Վալեսկա Գրիզեբախի, Քրիստիան Մունջիուի ֆիլմերի, հանդիսատեսին ներկայացվեց նաև Արսեն Աղաջանյանի «Կենաց պար» ֆիլմը՝  նվիրված փառատոնի հիմնադիր նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70-ամյա հոբելյանին։

Ֆիլմը յուրօրինակ կինոէսսե է՝ բաղկացած 7 նովելներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունն ու տրամադրությունը։ Ռեժիսորի կյանքն ու ֆիլմերը դառնում են բանալի, որով բացվում է յուրաքանչյուր նովել և պատմություն։ 

Արսեն Աղաջանյանի ֆիլմ-ճամփորդությունը սկսվում է գնացքում, Հարություն Խաչատրյանի մանկության մասին պատմություններից, երբ 11-ամյա փոստատար տղան սկսում է ճանաչել մարդկանց ու իրեն շրջապատող աշխարհը, ճաշակել կյանքի դառնությունն ու հայրական տան կտուրին մի տեսիլով վերապրել գալիք հաղթանակների քաղցրությունը։ 

Թռիչքները երազում և արթմնի միշտ են ուղեկցում Հարություն Խաչատրյանին։ Դրվագներից մեկում նա խոսում է հենց դրա մասին՝ թե ինչպես է երազում թռչում, փորձում շրջանցել իր թռիչքը կասեցնող էլեկտրալարերը և եկեղեցու գմբեթի միջով վեր սլանում։  

Դեպի Ջավախք Հարություն Խաչատրյանի ճանապարհն անցնում է իր «Պոետի վերադարձ»-ի (Աշուղ Ջիվանու) ճանապարհով, որին հայրենի երկիրը չընդունեց, ու այդպես մնաց կես ճանապարհին՝ կիսահասկացված, կիսաընդունված։ Մեկ այլ տեսարանում գոմեշն է սահմանին՝ ձյուների մեջ թաղված։ Արջակերպ Հայկը՝ ցրտաշունչ սիբիրներում։ Նկարիչ Վահանը՝ ոգեղեն մարդն ու արտիստը: Նրանք բոլորը փնտրում, բայց չեն գտնում տունդարձի ճանապարհը։ 

Տեղի փնտրտուքը զուգահեռվում է Խաչատրյանի ու նրա հերոսների փնտրտուքի հետ։ Գուցե հենց դրանով է պայմանավորված ֆիլմում Խաչատրյանների ընտանեկան գերեզմանատան կադրերը, որտեղ իր տեղն է կնոջը մատնանշում ռեժիսորն ու փլվում կարոտից։    

«Ինձ թվում է միակ բանը, որ մարդը հիշում է՝ մանկությունն է, կինոն էլ իմ մանկությունն է եղել»,-ասում է Հարություն Խաչատրյանն ու իրեն հատուկ թեթևությամբ ու հումորով շաղախում իր կյանքի ամեն մի պատմություն, որը ռեժիսորը զուգորդում է խաչատրյանական ֆիլմերի պատկերաշարով․ ահա «Սպիտակ քաղաքը», «Կոնդը», «Վավերագրողը», «Սահմանը», «Փակուղին», «Նկարչի երեք գերեզմանները», «Պոետի վերադարձը»՝ Հարություն Խաչատրյանի ձեռագիրն ու կինոլեզուն։    

Տեսախցիկը, իսկ իրականում՝ ռեժիսորը, չի միջամտում, հարցադրումներ չի անում, այլ լուռ հետևում է Հարություն Խաչատրյանի մտքի ընթացքին, ֆիքսում նրա հույզերն ու ապրումները, լռությունն ու դադարները՝ խնամքով բացելով ու ցուցանելով  վավերագրողի ներսն ու դուրսը, խոհերն ու անհանգստությունները։    

Եռաշերտ վավերագրություն է բացվում, երբ Արսեն Աղաջանյանը ֆիլմ է բերում Ռազմիկին, ում կերպարը նույնանում է Սասունցի Դավթի կերպարի հետ, նա հենց այդպիսինն էլ կա Հարություն Խաչատրյանի 35 տարի առաջ նկարված «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմում՝ առասպելական, իր հողի վրա ամուր կանգնած, մանգաղը ձեռքին դյուցազուն, որ փորձում է իր երազանքի ավետյաց երկիրը կառուցել, բայց ինչպես Հեմինգուեյն է ասել՝ կյանքը կոտրում է անգամ ամենաուժեղներին։ Ռազմիկի ավերակված պատկերը էկրանին տեսնելով աչքերդ լցվում են, կոկորդդ սեղմվում, ճիշտ նույն կերպ ինչպես Արսեն Աղաջանյանն է հուզվում բեմից՝ ափսոսալով, որ չենք կարողանում տեր կանգնել մեր դավթանման ռազմիկներին և ինչու է այսքան ցավոտ առերսումը, երբ անցյալում են կյանքիդ լավագույն ժամերը։ 

Ռազմիկի կերպարն ու նրա ընտանիքի ճակատագիրն առանձնակի հուզել էր նաև ֆրանսիացիներին, երբ անցած տարվա հոկտեմբերին՝ Փարիզի հեղինակավոր «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, մեկ ամիս շարունակ ներկայացվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որոնց  թվում՝ «Վերադարձ ավետյաց երկիրը»։ Ֆիլմի դիտումից հետո ֆրանսիացի հանդիսատեսը ռեժիսորին բազմաթիվ հարցեր ուղղեց՝ թե ֆիլմի հերոսների, թե 90-ականների Հայաստանի մասին․ «․․․ինչպես որ դժվար տրվեց իրենց վերադարձը ավետյաց երկիր, այնպես էլ դժվարին ստացվեց նրանց կյանքը «ավետյաց երկրում», քանի որ պատերազմների, ջարդերի մասին հիշողությունները սարսափելի ձևով են անդրադառնում այն մարդկանց վրա, ովքեր տեսել, ապրել են այդ ամենը»,- ի պատասխան նկատել էր Խաչատրյանը Փարիզում։

Որպես հոգեկից բարեկամներ, Արսեն Աղաջանյանն ու Հարություն Խաչատրյանը թե ֆիլմում, թե կյանքում սրտով են նայում այս աշխարհին, որտեղ սերն ամենաամուր վահանն է ընդդեմ չարի ու տմարդիի։ Սիրո, նվիրումի թեման ամբողջությամբ բացվում է «Մարիետա» նովելում։ Կնոջ, ընկերոջ, հավատարիմ կողակցի կերպարն ասեղնագործ կտավի պես գալիս հյուսվում է Հարություն Խաչատրյանի պատմությանը։ Արսեն Աղաջանյանը մի քանի կադրով ու խոսքով ամբողջացնում է սիրող կնոջ կերպարը, ով տալիս է սիրո և նվիրումի իր բանաձևումը․ «Եթե հոգին է հոգու հետ խոսում՝ Ջիվանու երգերի նման, ուրեմն այն երբեք չի թոռոմում, միշտ երիտասարդ է մնում»: 

Վավերագրելով վավերագրողին Արսեն Աղաջանյանն իր պատումը կառուցում է Հարություն Խաչատրյանի կինոլեզվին հավատարիմ՝ ճշմարիտ ու նույնքան էլ պոետիկ։ Խաչատրյանի երգելու անկարողությունն ու պարելու կիրքը ֆիլմի պոետիկ առանցքն են, այն հուզական լիցքը, որ ամենասկզբից մինչև վերջ ուղեկցում են քեզ, հուզում, պատմում բառերից ավելին։

Պարը, որպես շարժում, ընթացք, կյանք, որ երբեք կանգ չի առել ու չի էլ առնելու, քանի դեռ ձեռքի ամեն շարժումից մի պատմություն է կերտվում, որն այնքան նուրբ ձևով զգացել ու նկարել է ռեժիսորը։ Արսեն Աղաջանյանի ֆիլմը կարծես եղբայրության ուխտ լինի՝ արված որդիական սիրով, ակնածանքով, խոնարհությամբ ու նվիրումով, որը դառնում է Հարություն Խաչատրյան կինոպոետի վերադարձի չավարտվող պատմությունը էկրանին։

 

Սոնա Ադամյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90