Հասմիկը
բանասեր է:
Ուսումնա
սիրում է
համաշխար
հային
գրակա
նություն,
գրակա
նության
տեսու
թյուն:
Եվ՝ ոչ միայն...
«Կինը պարտավո՞ր է ուժեղ լինել...». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հասարակությանը ցնցած հերթական կնասպանության դեպքը Գյումրիում կանանց միամսյակի նախաշեմին մտորումների և վերլուծությունների ևս մի առիթ է տալիս:
Հասարակությունը իրարամերժ մեկնաբանություններ հնչեցրեց. ոմանք մեղադրեցին, ոմանք փորձեցին արդարացնել շրջապատի լուռ համաձայնության պայմաններում տեղի ունեցած դժբախտությունը: Հարևանները լրագրողներին պատմել են, որ ընտանիքը մինչ կնոջ ամուսնու մահը շատ օրինակելի է եղել, ամուսինն էլ «խելոք, խոպան գնացող-եկող, աշխատող» մարդ է եղել: Իսկ սիրող, հոգատար, ուշադիր ամուսնու մասին հասարակությունը (տվյալ դեպքում հարևանները) չի խոսում, ասել է թե՝ չի կարևորում:
Ամուսնու մահից հետո կնոջ կյանքում հայտնված երիտասարդ զուգընկերը պատճառ է դարձել, որ նա մեկուսանա հարևաններից և հարաբերությունները խզի նախկին ամուսնու հարազատների հետ: Կնոջ և նրա դեռահաս դստեր դեմքին պարբերաբար հայտնվող կապտուկներին հարևանները կարևորություն չեն տվել, քանզի կինն իրենց օգնության խնդրանքով երբևէ չի դիմել: «Անկարևոր» կապտուկների անտեսումն ի վերջո ցավալի, բայց ոչ այնքան զարմանալի հանգուցալուծում է ունեցել:
Իսկ ինչպիսի՞ն է եղել շրջապատի արձագանքը այս ցավալի ողբերգությանը: «Ավանդապաշտ» գյումրեցի հարազատները չեն մասնակցել դժբախտ կնոջ հուղարկավորությանը. կնոջը հողին է հանձնել պետությունը:
Տարիների հետ, թվում է, քաղաքակրթությունը զարգացնում է մարդկային մտածողությունը, ընդարձակում մտահորիզոնը, բայց դեռ շարունակում է իշխել հայտնի «ճշմարտությունը»՝ Համայնքը զորավոր է…
Քանի դեռ կա անհատին դատապարտելու, քննադատելու, նրա կենսագրական համապատկերն ըստ հանգամանքների անհրաժեշտության հավաքելու և մանրազնին վերլուծության ենթարկելու «կարիք», համայնքը զորավոր է: Իսկ մինչ այդ՝ դու կարող ես վայելել բարեգութ և իր ներսում բարոյականություն ու մարդկային բարձր արժանիքներ սերմանող, անկոտրում դաստիարակի ջիղ ունեցող ուշադիրների անտարբերությունն ու անհոգությունը անձիդ նկատմամբ:
Դու կարող ես հանգիստ ու աննկատ տառապել, քո ողջ էությամբ ըմբոշխնել միայնության և դժբախտության «քաղցրությունը»:
Կարող ես օրերով մարդկանց տեսնելու ցանկություն կամ հնարավորություն չունենալ, և ընդհանրապես, ոչ մի բանի հավես կամ հնարավորություն չունենալ, ուղղակի մաշել օրերդ՝ մեղանչելով կյանքի կարճ ուղին հետաքրքիր անցնել ցանկացող ներքին եսիդ դեմ, ով դեմ է չգոյությանդ, ով ուզում է ապրել լիաթոք, ով չի հասկանում, թե քեզ ինչ անդառնալի կործանման է մղում՝ քեզնից իսկապես ապրել պահանջելով:
Քանի դեռ դու շարունակում ես չգոյությունդ՝ երազներդ խանձարուրում խեղդելով, հարմարվելով «կեցության բնական ձևերին», դու ապահով ես. դո՛ւ ես զորավոր: Բայց եթե համարձակվես կորցնել պատասխանատվությունդ ինչ-որ անծանոթ ու անհասկանալի ուշադիրների հանդեպ, եթե «միամիտ» խախտես այն սահմանագիծը, որն առանց նույնիսկ քո՛ իմացության գծվել, սահմանվել է չգիտես էլ ում կողմից…
Հասարակ մահկանացուներին մոռացության գետը նետած մշտարթուն համայնքը քեզ միանգամի՛ց կհիշի: Բավական է ստանդարտից մի աննշան շեղում, և նույնիսկ ամենաանհայտ անհատը կարող է դառնալ հասարակության լայն զանգվածների՝ «արդարության ձայնի» ներկայացուցիչների քարկոծման և խարազանման օբյեկտը՝ միաժամանակ արժանանալով ծանոթ և անծանոթ մարդկանց բացասական, ագրեսիվ վերաբերմունքին:
Այդպիսով չգոյությունդ փոխարինվում է գոյության անտանելիությամբ… Իսկ մահդ կարող է ստեղծված վիճակից միակ ելքը լինել:
Մարդկության զարգացման հնագույն ժամանակներից ի վեր յուրաքանչյուր հասարակարգ ունեցել է կանանց և տղամարդկանց դերի և տեղի իր մոտեցումներն ու պատկերացումները, որոնք ժամանակի ընթացքում տարբեր հանգամանքների բերումով որոշակի փոփոխությունների են ենթարկվել ու ենթարկվում:
Վերջին տարիներին գենդերային հիմնահարցերն առավել քան երբևէ դարձել են սոցիալական գիտությունների ուսումնասիրության առարկա: Համաշխարհային բնույթ ունեցող սոցիալական փոխակերպումների հետևանքով սեռային տարանջատման և գենդերային նույնականացման հետ կապված հարցերը սկսեցին նորովի մեկնաբանվել:
Ինչպիսի մեկնաբանություններ էլ հնչեն, սակայն, անվիճելի է այն փաստը, որ հասարակության մշակութային և հոգևոր զարգացվածության չափանիշներից է կնոջ գրաված դիրքն այդ նույն հասարակության մեջ, քանի որ հենց կինն է ծնում, սնում, կրթում և դաստիարակում սերունդներ:
Գենդերային հաղորդակցությունների ոլորտում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ և տղամարդու սոցիալական կարգավիճակներն ու դերերը մեծապես պայմանավորված են ինչպես պետության սոցիալական քաղաքականությամբ, կնոջ ու տղամարդու քաղաքական և տնտեսական մասնակցությամբ, այնպես էլ տվյալ հասարակության սոցիալ մշակութային առանձնահատկություններով` արժեքներով, նորմերով, ավանդույթներով:
Ներկայումս գենդերային ինքնորոշման հարցը առավելապես դարձել է հասարակական դիրքորոշման խնդիր:
Մեր հասարակության մեջ կնոջ գնահատման խնդիրը երկակի բնույթ ունի. մի կողմում գենդերային ինքնորոշման, սեռական խտրականության բացառման գաղափարական պայքարն է և դրա գրանցած որոշակի արդյունքը, մյուս կողմում՝ տիրող իրականությունը, որը՝ որքան անհատական, այնքան էլ ընդհանրական բնույթ ունի:
Անվիճելի է, որ մեր պատմության մեջ մեծ է եղել կանանց դերն ու նշանակությունը, ինչն էլ առիթ է հանդիսացել բազմաթիվ գեղարվեստական և փաստագրական գործերի արարման:
Լավագույն օրինակներից է մեր էպոսը, որտեղ ի դեմս տարբեր կանանց նկարագրված է ոչ միայն հայ կնոջ հավատարմությունն ու նվիրվածությունն առ ընտանիք, այլև կարևորվում է նրա ազգապահպան առաքելությունը. Սանասարի մահից հետո հայրենի սահմանը Քուռկիկ Ջալալուն հեծած հսկում է Քառսուն-Ճյուղ-Ծամ Դեղձունը, քանի որ երկրում եղածներից ոչ ոք ի վիճակի չէր դա անել:
Որքան էլ հայ իրականության մեջ գեղարվեստական տիրույթում բազմակողմանիորեն գնահատված է կինն իր ազգային ու հոգեբանական առանձնահատկություններով, այնուամենայնիվ փաստ է, որ 21-րդ դարի հասարակությունը դարձյալ դժվարանում է կնոջը դիտել որպես հասարակության իրավահավասար անդամ, պայմաններ ստեղծել նրա ընդունակությունների լիարժեք դրսևորման, առավել զարգացման ու ծավալման համար։
Մինչ վիճակագրական կազմակերպությունները, ՀԿ-ներն ու այլ կառույցներ ժամանակ ու ռեսուրսներ են ծախսում պարզելու համար կնոջ ներգրավվածությունը հասարակական տարբեր ոլորտներում, գտնելու և բարձրաձայնելու հնարավոր գենդերային խտրականության դեպքերը, ֆեմինիստական հիմնահարցեր, պայքարելու արատավոր երևույթների դեմ, շատ ընտանիքներում կինը շարունակում է անտեսված կամ լուսանցքում մնալ:
Նա ակամա իր ուսերին է տանում ոչ միայն կնոջ, այլև տղամարդկային ուժ պահանջող որոշակի պարտականություններ: Չմոռանանք նաև «քաղաքակրթության զարգացմանը» զուգընթաց ավելացող կնասպանությունների դաժան դեպքերը, որոնց իրավիճակային քննություններն ի վերջո հանգում են նաև կնոջ մեղավորության չափաբաժին սահմանելուն:
Մի կողմ թողնելով ընտանեկան և առհասարակ բռնության դեպքերի քննությունն ու քննադատությունը (քանզի դրա մասին ներկայումս շատ է խոսվում) այստեղ փորձենք մի փոքրիկ անդրադարձ կատարել ժամանակակից հայ կնոջ խնդիրներին՝ ծանրության կենտրոն ընտրելով գյուղական միջավայրը, իր հոգսերի հետ մենակ մնացած և ինչ-որ տեղ մոռացված կնոջը:
Ըստ պետական վիճակագրության՝ ավելացել է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը: Ուրեմն ավելացել է նաև դրա արդյունքում մի որոշ ժամանակ առանց ամուսին մնացող կանանց թիվը:
Արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը մեծ է հատկապես գյուղերում:
Գուցե պետությունը հոգու խորքում գոհ է այս իրողությունից, քանի որ իր քաղաքացին որոշակի ժամանակահատված հեռանում է իրենից՝ իրեն և ընտանիքը ֆինանսավորելու հեռանկարով: Այդպիսով նա կկարողանա հասնել որոշակի ֆինանսական կայունության: Պետության թաքուն գոհունակությունը չի կիսում, սակայն, արտագնա աշխատանքի մեկնողի կինը:
Փաստ է, որ գյուղերում քիչ կանանց է բախտ վիճակվում մշտապես գտնվել իրենց ամուսինների կողքին և առավել ևս միասին զբաղվել այնպիսի պարտականություններով, ինչպիսին՝ տան տնտեսության, մաքրության վարումն է, երեխաների դաստիարակությունն ու ժամանցի կազմակերպումը:
Տրամաբանորեն այս ամենը կնոջ հետ պետք է կիսեր նաև կողակիցը՝ ամուսինը, բայց քանի որ գյուղում մեծացած տղամարդկանց փոխանցվել է դարերի խորքից եկած շատ կարծր ավանդույթ, ըստ որի տղամարդը պետք է զբաղվի ավելի «լուրջ» գործերով, ինչպես փող աշխատել, տունը պահելն է, նա, որպես կանոն, ժամանակ ու հավես չի ունենում զբաղվել «մանր-մունր» կենցաղային գործերով. բա կին ինչի՞ համար է «առել»:
Նրա խորին համոզմամբ կինը հենց դրա համար է ստեղծվել:
Մշտական աշխատանքի բացակայությամբ պայմանավորված և գրեթե սովորության ուժ ձեռք բերած արտագնա աշխատանքը գյուղի կնոջից խլում է ամուսնուն գյուղական գործի ամենաեռուն շրջանում՝ փոխարենը նրա ուսերին դնելով տղամարդկային որոշակի պարտավորություններ, որոնք ստիպված է միայնակ կամ երեխաների օգնությամբ հաղթահարել:
Այս դեպքում երեխան կնոջ հիմնական վահանն է հանդիսանում. նախ նա ստիպված չի լինում մենակ դաշտ գնալ՝ տարատեսակ խոսակցությունների առիթ տալով, հետո էլ, ինչպես իրենք են հաճախ ասում, «մկան շեռն էլ ջաղցին օգուտ է»:
Այսպես նա մի կերպ գլուխ է հանում հողագործության, անասնապահության, խոտհունձի դժվարություններից, որոնք այդքան էլ սարսափելի չէին լինի, եթե արվեին տղամարդկային ուժի օժանդակությամբ:
Բնականաբար, քաղաքակրթության առաջընթացը գյուղի ականջին էլ է ինչ-որ բան փսփսացել, ինչի շնորհիվ գյուղում ապրող և ամուսնուն մշտապես կարոտող կնոջն իրավունք է վերապահվում գնալ քաղաքային բանկ, ստանալ ամուսնու ուղարկած փողերը, հիանալ քաղաքի խանութների պատուհաններից այնկողմ գտնվող, աչք շոյող պարագաներով, որոշակի գնումներ անել՝ չմոռանալով մի քիչ փող հետ գցել, որ ամուսնու գալուց տանը փող լինի:
Քանի որ քաղաքակրթությունը զարգանում է, որոշ հաջողակ «խոպանչիների» կանայք կարողանում են վայելել ժամանակակից տեխնիկա ունենալու և դրանով հարևանների մոտ պարծենալու հաճույքը՝ փոխհատուցելով սեփական էգոյին մենակ մնալու և ամուսնու բացակայության ժամանակ կրած զրկանքների համար:
Այսպիսի խիտ ու հագեցած առօրյայի պարագայում կինը ժամանակ չի ունենում ձանձրանալ կենցաղային միապաղաղությունից, որովետև նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նրան թույլ չի տալիս հոգնածությունից բացի ուրիշ ոչինչ զգալ: Նա մոռանում է նույնիսկ կանացի լինելու մասին, չնայած հոգու խորքում միշտ էլ պահում է գունավոր էկրանից այն կողմ պարբերաբար տարբեր սերիալների տեսքով երևացող գեղեցիկ կյանքի հեքիաթը:
Այս հանգամանքներով էլ պայմանավորվում է գյուղում հարսի ընտրության շատ նուրբ գործընթացը: Ապագա հարսի ընտրության սաղմնային փուլում կարևորվում են ոչ այնքան աղջկա մարդկային հատկանիշները, որքան նրա ֆիզիկական կարողությունները և բնավորության որոշակի գծեր, ինչպես՝ խելոքությունը, համեստությունը, ամաչկոտությունը, դժվարություններին դիմանալու նախնական փորձը, որը պետք է ձեռք բերած լինի հայրական տանը: Թե չէ «նա էդ ջանով մեր արևին չի դիմանա»:
Գործընթացի հիմնական փուլում կարևորվում է աղջկա հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, արագաշարժությունը, ինչու չէ՝ նաև օժիտի պարունակությունը: Եթե ամեն ինչ հարթ է ընթանում, ապա շուտով հարսին «ղոչաղ» կոչումն է շնորհվում: Այն աղջիկները, որոնք չեն կարողանում «համապատասխանել» այս պահանջներին, գամվում են անողոք քննադատության պատին:
Այսպես շարունակվում է լռության ներքո պտտվել նորմատիվի ուժ ստացած կարծր շրջանակը՝ արհամարհելով կանանց մի հոծ հատվածի անձնային, հոգեբանական, բարոյական պահանջմունքները. կինը պարտավո՛ր է ուժեղ լինել:
Հասմիկ Հակոբյան