«Կինը...». ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն:
Բայց կարծես շուտ է, դեռ ժամանակը չէ: Ի՜նչ անհեթեթություն. այդ ե՞րբ է մահը նախօրոք տեղեկացրել իր գալստյան մասին: Թերևս պետք է տեղյակ պահել աղջկան: Չէ՝. նա նոր է գնացել հանգստանալու, պետք չէ անհանգստացնել: Ինչ լինելու է, միևնույն է, պիտի լինի…
Վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Ցավը նորից շամփրեց սիրտը, այս անգամ այնքան սաստիկ, որ չկարողացավ քայլ գցել առաջ: Մնաց իր տեղում` ձեռքով սիրտն ամուր բռնած ու խոնարհված`սրտին: Չէ՝, սա հաստատ վերջն է: Մահը եկել է իր ետևից: Մի՞թե այսպես պիտի լիներ իր վերջը, և, որ ամենասարսափելին է, միայնության մեջ... Պետք է պայքարել, ինչ-որ բան անել:
Դե՛ղը: Անհրաժեշտ է հասնել խոհանոց ու պահարանից վերցնել դեղը: Ի վիճակի չէ, և հետո, թե պիտի մեռնի, էլ ինչի՞ն է պետք դեղը: Միայն թե՝ ամենակարևորը. պետք է տեղյակ պահել, որ ինքը մեռել է, որպեսզի մարմինն անշնչացած վիճակում փակ սենյակում չմնա երկար…Օ՜հ, ինչ սարասփելի է, պետք է մի բան անել…
Ամենաճիշտը շտապ օգնություն կանչելն է, ինչպե՞ս ավելի շուտ չէր գլխի ընկել:
Ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը, որն իր կողքին էր, հանկարծ հայացքն ուղիղ ընկավ իր մեկնած ձեռքին. եղունգներից թափվել էր մանիկյուրը՝ անհավասար, անխնամ, քանի օր է` ուշադրություն չէր դարձրել իրեն. իսկական փնթի կնոջ ձեռքեր: Հիշեց մորը, որը, չնայած իր տարիքին, միշտ ունի կոկիկ ու խնամված եղունգներ և ասում է, որ կնոջ ձեռքերը միշտ պետք է լինեն մաքուր ու խնամված: Ակամա պատկերացրեց, որ կգան ու իրեն այդպես կտեսնեն նախ բժիշկները, հետո հարազատները, ապա` ուրիշներ, ի՜նչ խայտառակություն: Ու իր մասին կմտածեն, թե փնթիի մեկն է…
Կինը չզգաց, թե ինչպես վեր կացավ տեղից, սահեց ննջարան, հայելու առջևի դարակից հանեց եղունգների ներկը, մաքրող հեղուկ ու բամբակ: Նախ մաքրեց քսածի հին մնացորդները, հետո հավասար ու սահուն քսեց նորը: Տարբեր կողմերից նայեց մատներին, հիացավ իր աշխատանքով, ապա, մինչ կչորանային նոր քսված եղունգները, նայեց իրեն հայելու մեջ: Ի՜նչ տհաճ տեսքունի, մի՞թե սա այն բարետես կինն է:
Վերցրեց հայելու առջև դրված խոզանակը, թեթևակի հարդարեց մազերը: Ահա այսպես փոքր-ինչ այլ է: Այս ի՞նչ դժգույն դեմք է, ուղղակի վախենալ կարելի է:
«Կինը ցանկացած պարագայում պետք է գեղեցիկ լինի»,- մտածեց ու թեթևակի շրթներկ քսեց գունատ շուրթերին: Իսկ մա՞շկը, սա՞ ինչ է, իսկը՝ հիվանդի վանող մաշկ… Ասես քննադատելով ուրիշին ու զայրանալով այդ ուրիշի անփութության վրա` դեմքի համար հատուկ հեղուկով լվաց մաշկը: Հետո նուրբ մատնահարվածներով մերսեց երեսը սնուցող քսուքով ու թեթևակի դիմափոշի արեց: Աչքերի տակ մթամած փոսեր էին գոյացել, ուր սովորաբար սիրում է երկարատև խարիսխ գցել հիվանդ տխրությունը:
Դա ամենևին դուր չեկավ նրան: Սիրալիր հոգածությամբ ինչ-որ բան քսեց`ջանալով քողարկել դրանք: Բայց դա չբավարարեց: Դարձյալ նայեց հայելու մեջ ու ժպտաց ինքն իրեն այն հեղափոխական ժպիտով, որով միայն կինը կարող է ժպտալ, և այդ ժպիտի մեջ սուզվեցին աչքերի տակ գոյացած փոսերը:
«Ա՛յ, սա բոլորովին այլ է, թե չէ ի՞նչ էր այն անփույթի դեմքը: Կնոջ դեմքից կարելի է որոշել` կոկի՞կ է նա, թե՞ ոչ,- դեռ շարունակում էր քննադատել այն մյուս կնոջը,- նույնիսկ շատ մեծ տարիքում կինը միշտ պետք է կին մնա»,- սահմանեց մտքում:
Հետո որոշեց, որ հագուստն այնքան էլ թարմ չէ, չէր խանգարի` փոխել այն: Մտավ լոգարան, արագ փոխեց շորերը, հագավ ուրիշ, թեև տնային, բայց մաքուր հագուստներ: Նորից դարձավ դեպի այն կարևորագույն առարկան, որ հայելի անունն ունի, ըստ սովորության, թեթևակի ուղղեց մազերը, որն ավելի շուտ շոյելու էր նման, հետո ժպտաց, այս անգամ գոհունակության ժպիտով:
Ապա, պատրաստ լինելու զգացումից ոգևորված, թեթևաքայլ մոտեցավ հեռախոսին. ինչ-որ տեղ պիտի զանգահարեր: Մոտեցավ, մեքանայորեն վերցրեց խոսափողը, բայց զանգահարելու պատրաստ գեղեցիկ մատներն անորոշ մնացին օդում. ո՞ւմ պետք է զանգահարեր, չէր հիշում…
Արմենուհի Սիսյան