ԼՅԱԼԻԿ. Երազանքի տիկնիկին փնտրելիս...
Արտերկրից ժամանած մեր հյուրերին ամուսինս առաջին հերթին հրավիրում է Փարաջանովի տուն-թանգարան, ապա նրանց շոկային հրճվանքը երկարաձգելու համար ուղեկցում է Լյալիկի տուն՝ տիկնիկներ դիտելու: Տան ու այնտեղ հանգրվանած շուրջ 200 տիկնիկների տիրուհին Լյալիկն է, նույն ինքը՝ ճարտարապետ Հայկուհի Ամյանը, որն իր բնակարանը վերածել է թանգարանի, ուր առանց տոմսի մուտք ունի տիկնիկներով հետաքրքրված յուրաքանչյուր ոք: Տիկնիկներն ամենուր են՝ սենյակներում, միջանցքում, խոհանոցում, ընդարձակ բացօթյա պատշգամբում, որն ավելին է, քան սովորական պատշգամբը... Իսկ հին կահույքից մնացած միակ մահճակալին առավոտվա ժամը վեցին իրենց տեղն են զբաղեցնում տիկնիկներից մի քանիսը:
Ճիշտ այդ ժամին է տարվա բոլոր եղանակներին սկսվում Լյալիկի օրը՝ իբրեւ զինվորական հոր դաստիարակության արդյունք: Տիկնիկներին բարեւելուց հետո սկսում է զրուցել նրանց հետ, կարգի բերելով յուրաքանչյուրին՝ բացառելով փոշու մի հատիկն անգամ տիկնիկների վրա: Այնուհետ նա մի երկու ժամ քայլում է իր սիրելի քաղաքի փողոցներով, քաղաք, որն ի հեճուկս բազմաթիվ հրավերների, չի համաձայնվում լքել թեկուզ մի շաբաթով:
Ու նորից վերադառնում է տիկնիկների մոտ:
«Մանկուց միշտ սիրել եմ տիկնիկ. տիկնիկների մեծ հավաքածու ունեի. այն ժամանակ տիկնիկ գտնելը դժվար խնդիր էր: Իմ հավաքածուի համար պատրաստ էի ամեն զոհողության. հիշում եմ, մի փոքրիկ սեւամորթ տիկնիկը փոխանակեցի ֆրանսիական թանկարժեք կոշիկների հետ: Արտասահմանից ով գալիս էր իմ ընկերներից, հարազատներից, ինձ տիկնիկ էր բերում: Զարմուհիս ինձ Մերձբալթիկայից մի տիկնիկ բերեց: Հենց այդ տիկնիկն էլ ճակատագրական դարձավ ինձ համար: Սիրեցի, մազերը հյուսեցի, տնտղեցի ու մտածեցի, որ ես էլ կարող եմ նման տիկնիկ պատրաստել: Նյութեր հայթայթեցի եւ դրա նմանակը պատրաստեցի, նույնիսկ ավելի լավն ստացվեց: Սա խթան հանդիսացավ ու սկսեցի տիկնիկներ պատրաստել»:
Այդպես, 15 տարի առաջ սկսվեց Լյալիկի տիկնիկաշինությունը, որի ականատեսն եմ եղել. մեկի հագին մի գունեղ բլուզ տեսներ, մի վառվռուն գույն, անմիջապես մերկացնում էր: Ով ինչ ուներ, նվիրում էր, գործվածքի կտորներ, չմանված գունավոր թելեր՝ մազերի համար, հին ու նոր հագուստներ, բամբակ՝ մարմինը լցոնելու համար: Առաջին իսկ տիկնիկները աչքի ընկան իրենց օրիգինալությամբ, Սոսին ու Մոսին, գնչուների ընտանիքը, սեւամորթ կանայք իրենց արդուզարդով, չարաճճի տղեկներն ու զվարճալի աղջիկները հաջորդում էին իրար ու թիզ առ թիզ գրավում բնակարանը: Վառ երեւակայությունն ու տաղանդը առաջ մղեցին Լյալիկին ստեղծել հետաքրքիր, արտառոց կերպարներ:
«Մի ատրիբուտ տեսնեմ, մի բանդանա, մի ժապավեն, մի սիլուետ ինձ գրավի փողոցում, անմիջապես տիկնիկ եմ պատկերացնում, ոգեշնչվում եմ ու անցնում գործի: Առաջ եթե զգացմունքներն էին խթան տալիս, հիմա տիկնիկներն են ինձ կյանք ու էներգիա տալիս: Հոգեպես խաղաղ վիճակում ամենից քիչ եմ ստեղծագործում. կամ պետք է լավ զայրացած լինեմ, կամ շատ ոգեշնչված, որ անցնեմ գործի: Տիկնիկները կվանեն ճնշող տրամադրությունդ, կյանք կտան, իսկ ոգեշնչման ժամանակ ուզում ես ձգտել ավելի լավին, կատարյալին:
Ես ստեղծել եմ իմ աշխարհը, որը կապ չունի այս իրականության հետ, արտաքին աշխարհի հետ, ոչ մեկի հետ:
Ես ապրում եմ այդ աշխարհով. իմ տիկնիկները պաշտպանում են ինձ՝ նոր խթան տալիս ապրելու եւ արարելու: Տիկնիկների շրջապատում ես չեմ զգում իմ տարիքը: Երբ հոգնում եմ տիկնիկ սարքելուց, թղթից ծաղիկներ եմ սարքում, հիմնականում երիցուկներ, որոնցով մի քանի ինտերիեր եմ ձեւավորել ընկերներիս համար: Ծաղիկները, թեկուզ արհեստական, գարուն են բերում իրենց հետ»:
Լյալիկի տիկնիկները մի երկրորդ իրականություն են, ուր կյանքն ու երազանքը հարեւանում են իրար: Դրանք բոլորը նրա վառ երեւակայության ծնունդն են, մեկը մյուսից յուրօրինակ ու արտառոց, մեկը մյուսին նման ու խիստ տարբեր: Այստեղ չես գտնի ազգային տարազներով, տարածում ունեցող տիկնիկներ:
Հավաքածուն մարդկային տարբեր, իրարամերժ կերպարների մի մեծ ընտանիք է՝ նորածնից մինչեւ զառամյալ ծերով, կամ արեւածաղկի սերմ վաճառող, ինչպես Լյալիկն է ասում՝ Ադեն, հսկայամարմին մայրը՝ իր երեխաների հետ, ճապոնուհիներ եւ ֆիլիպինուհիներ հիշեցնող շեղաչք գեղեցկուհիներ՝ իրենց յուրակերպ հագուստով ու արդուզարդով, նաեւ այլմոլորակայիններ հիշեցնող տիկնիկներ՝ արտառոց գլուխներով եւ մարմիններով:
Այն հարցին, թե ովքեր են քո հերոսները՝ Լյալիկը պատասխանում է.
«Տիկնիկներ են եւ վերջ: Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Խնդիր չունեմ՝ ազգային տարազով տիկնիկներ ստեղծելու: Շատերն ասում են՝ Ֆելինիի հերոսներին են հիշեցնում, ոմանք Բոտերոյի քանդակներին են նմանեցնում: Ինձ համար կարեւորը այն է, որ շաբլոն չլինեն, յուրահատուկ լինեն»:
Վերջին շրջանի գործերը առավել շքեղ են ու էքստրավագանտ: Լյալիկի կանանց շարքերում, որոնք մեծ մասամբ կիսամերկ են, չեք գտնի համաչափ, կատարյալ մարմիններ: Այստեղ բարբիներ մի փնտրեք: Արտառոց է փափկասուն, հաստլիկ կանանց շարքը: Սրանց մեջ կան նաեւ հսկայամարմին կանայք: Ինչպես ինքն է ասում, շեշտը դնում է մեծ կրծքերի վրա, չթաքցնելով անգամ ցելյուլիտը նրանց գիրուկ ազդրերին: Բարի հաստլիկների մի շքահանդես է ներկայացնում Լյալիկը, իբրեւ բնության ու կյանքի մի մասնիկ, սիրով առլեցուն, որոնցից երջանկություն է հորդում: Տիկնիկների մի շարք էլ, ի հակադրություն խոշորամարմին կանանց, բարալիկ, գրեթե թափանցիկ պարմանուհիներ են, երկար ոտքերով եւ թեւերով (ամենաբարձրահասակ տիկնիկները 2 մետրից ավելի հասակ ունեն), իսկ նրանց եթերային, ասեղնահյուս շղարշե զգեստները տիկնիկներին անձեռնմխելի ու օդեղեն են դարձնում:
Բարձրահասակ լինեն թե գիրուկ, զվարճալի ու հումորով լեցուն, Լյալիկը՝ հավատարիմ իր սկզբունքին՝ նրանց ոչ վաճառում է, ոչ էլ նվիրում: Չնայած «երկրպագուները» քիչ չեն, բայց ձեռնունայն են հեռանում:
«Ես տիկնիկներիս չեմ վաճառում, ոչ էլ նվիրում եմ: Բոլորը գիտեն: Լավագույնները չեն վաճառվում, իսկ նրանք, որոնք սրտովս չեն, չեմ ուզում նվիրել: Մեկն է տիկնիկը, չեմ ուզում բաժանվեմ, չեմ կարող նույնը կրկնել, արդյունքը եթե տեսել եմ, ի՞նչ իմաստ ունի նույնը ստեղծել: Պիտի շատ սիրես տիկնիկ, որ կարողանաս ստեղծել, աշխատատար ու բարդ գործ է, նաեւ թանկ հաճույք, պիտի հոգի, մարմին տաս, հետո հագցնես այդ տիկնիկին նորաձեւ, պիտի կոշիկ կարես, արդուզարդ հորինես: Ինձ թվում է, թե շատ լավ գործեր եմ ստեղծել, մեկ էլ թե՝ գործ է, արել եմ էլի:
Ես տիկնիկ չեմ վաճառում նաեւ այն պատճառով, որ մտածում եմ, կհայտնվեմ շատ փող ունեցողների շարքում, կփոխվեմ, որպես կանոն նրանք շատ ժլատ են դառնում: Կուզենայի փոխել վերաբերմունքս փողի հանդեպ, բայց շատ փողը ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքիր մարդու տեսակն է հետաքրքրում, որը գնալով վերանում է, արարող, ստեղծագործ, ոչ մեկի չնմանվող մարդն է հետաքրքրում»:
Տասնհինգ տարվա ընթացքում, հակառակվելով իր սկզբունքին, Լյալիկը ընդամենը մի տիկնիկ է վաճառել: Մի կին զբոսաշրջիկ է այցելել թանգարան, իսրայելցի, տիկնիկները վայելելուց հետո պատմել է, որ երազել է աղջիկ ունենալ, բայց միայն արու զավակներ են իրեն բաժին հասել: Ինքն էլ տիկնիկների հավաքածու ունի ու շատ կուզենար մի տիկնիկ գներ: «Այնքան խնդրեց, համոզեց, որ չկարողացա մերժել: Առաջարկեց իմ ընտրությամբ մի տիկնիկ վաճառեմ: Չկարողացա մերժել: Մի փոքրիկ աղջկա համար 300 եվրո վճարեց: Գինն էլ ինքը որոշեց»:
Սիրում է, երբ գալիս են տիկնիկների հետ ծանոթանալու: Գալիս են ընկեր, բարեկամ, իրենց հետ բերելով արտասահմանցի բազմաթիվ հյուրերի: Տիկնիկներ վայելելու ընդմիջումներին տանտիրուհին հյուրերին ուղեկցում է բացօթյա, ընդարձակ պատշգամբ, որը մի յուրահատուկ սրճարանի է վերածել: Այստեղ սուրճ ու գինի, անուշահամ պտուղներ ու պաղպաղակ է հյուրասիրում բոլորին, եւ այստեղ ոչ մեկին հաշիվ չեն ներկայացնում:
Պատշգամբի պատերին վաղամեռիկ, տաղանդավոր գեղանկարիչ Այվազ Ավոյանի անավարտ, վերացական որմնանկարներն են: Այվազը այն արել է ի նշան ջերմ բարեկամության եւ Լյալիկ արվեստագետի ու մարդու հանդեպ ունեցած մեծ համակրանքի: Այս յուրահատուկ կահավորված պատշգամբում էլ մի քանի զվարճալի տիկնիկներ կան, եւ Լյալիկի ձեռքով պատրաստված տարաշխարհիկ ծաղիկներով ծառեր:
Օրերից մի օր հյուրերի թվում ռեժիսոր Արա Ճաղարյանն էր՝ Պետերբուրգից եկած իր հյուրերով: Եկավ, զարմացավ ու որոշեց, որ ֆիլմ պետք է նկարի Լյալիկի ու իր տիկնիկների մասին: 2013 թվականի «Ոսկե Ծիրանին» ներկայացվեց եւ մի քանի օր ցուցադրվեց «Լյալիկ» վավերագրական ուշագրավ ժապավենը (օպերատոր` Գուրգեն Ջանիբեկյան): Ֆիլմը սիրով ընդունվեց հանդիսատեսի կողմից, ու բազմապատկվեցին տիկնիկների երկրպագուները: Եթե չլիներ Լյալիկի համառությունը, ապա նա արդեն մի քանի ցուցահանդես ունեցած կլիներ Հայաստանում եւ արտերկրում:
«Իմ բնավորությունը ինձ թույլ չի տալիս ցուցահանդես ունենալ: Չեմ սիրում մարդկանց բազմություն, իրարանցում: Սիրում եմ քիչ, բայց «որակյալ», հետաքրքիր մարդկանցով շրջապատված լինել»:
Լյալիկի տուն-թանգարանը սիրելի վայր է դարձել բազմաթիվ նորվեգացիների համար: Նրա քրոջ դուստրը՝ Էմման, ով նաեւ տիկնիկների ֆինանսական աջակիցն է, նորվեգացի ամուսին ունի: Այս երիտասարդ ընտանիքը տարին մի քանի անգամ այցելում է Հայաստան՝ իրենց հետ բերելով մեծաթիվ զբոսաշրջիկների, որոնք սիրելի հյուր են նաեւ այս թանգարանում:
«Լյալիկի տիկնիկների մեջ շնչող անմիջականություն կա, մեծ քանակությամբ հումոր, հմուտ ճշգրտություն: Նրանք նեղ ազգային չեն: Նայում ես, կարծես ամեն մեկը իմ ու քո հարեւանը կարող է լինել»,- Էդել Ռուդչար, արվեստի մասնագետ:
«Ամեն անգամ, երբ տիկնիկն ավարտում եմ, մի քանի գիշեր անքուն լուսացնելով, ինձ թվում է, թե ամենալավն եմ ստեղծել: Բայց նորից անցնում եմ գործի, ձգտում կատարյալին: Ես իմ երազանքի տիկնիկն եմ փնտրում»:
Անահիտ Ադամյան